Մանկական ուռուցքաբանություն

Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022


Mobirise Website Builder

Պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Լիլիթ Սարգսյանը պատասխանել է cancer.am-ի հարցերին:

ՀՀ-ում միակ մանկական քաղցկեղի բաժանմունքն է,որտեղ
բուժվում են Հայաստանի տարբեր մարզերից քաղցկեղ ախտորոշմամբ երեխաներ:

1. Ի՞նչ մեթոդներ եք կիրառում՝ հանգստացնելու երեխային կամ ուշադրությունը շեղելու, ով բուժման ընթացքում գանգատվում է ցավերից:

Լինել մանկաբույժ շատ դժվար է, իսկ լինել մանկական ուռուցքաբան՝առավել ևս։
Նախ և առաջ պիտի կարողանաս արժանանալ երեխայի վստահությանը և հավատ ու ուժ տաս նրան այս դժվարին ճանապարհը հաղթահարելու համար։Շատ մեծ նշանակություն ունի հոգեբանի աշխատանքը երեխայի հետ, որը տարբեր հնարքներ է սովորեցնում երեխային ցավից չվախենալու համար։
Իսկ բժիշկը պետք է մանրամասն բացատրի ցավոտ պրոցեդուրայի ընթացքը և կարևորի դրա նշանակությունը , որպիսի երեխան մոբիլիզացվի հոգեպես և ֆիզիկապես։
Բարեբախտաբար ներկայումս բոլոր ցավոտ միջամտությունները կատարվում են ընդհանուր անզգայացմամբ և դա շատ է հեշտացնում թե երեխայի բուժումը , թե բժշկի և բուժքրոջ աշխատանքը:

2. Ի՞նչ մեթոդներ եք օգտագործում քաղցկեղ ախտորոշելու համար:

Մանկական ուռուցքները համարվում են հազվադեպ հիվանդություններ և այդ պատճառով աշխարհում ձևավորվել են տարբեր միություններ(POEM, EVRADO ect),որոնք միահամուռ ուժերով հետազուտում են մանկական ուռուցքները և մշակում ստանդարտ բուժական սխեմաներ։Հայ բժիշկները նույնպես անդամակցում են այդ խմբերի հետ և դա հնարավորություն է տալիս հայ երեխաներին բուժել միջազգային ստանդարտ պրոտոկոլներով և գրանցել շատ լավ արդյունքներ։Մանկական քաղցկեղը պահանջում է մուլտիդիսցիպլինար մոտեցում(քիմիոթերապևտ, վիրաբույժ, ճառագայթային թերապևտ, պաթոլոգ, ռադիոլոգ և այլն։)Շատ կարևոր է գրագետ դիագնոստիկան և հիվանդության փուլավորումը, որից կախված է ճշգրիտ սխեմայի ընտրությունը։ 
Շատ կարևորում եմ թիմային աշխատանքը, որը թույլ է տալիս խուսափել մարդկային գործոնով պայմանավորված հնարավոր սխալներից։

3. Ի՞նչ խորհուրդ կտաք ընտանիքին իրենց երեխայի հիվանդության և դրա ախտանիշների հետ առնչվելու հարցում:

Համարում եմ , որ երեխան և ընտանիքը մեր և հոգեբանի մատուցմամբ պետք է լիարժեք իրազեկված լինեն հիվանդության մասին, իհարկե չմոռանալով այդ ինֆորմացիան դոզավորվաց հրամցնելու մասին։Երեխան անպայման պիտի հավատա, որ պետք է բուժվի, նա պետք է կարողանա համագործակցել բժշկի հետ իր հիվանդության դեմ պայքարի հարցում։Որոշ ուռուցքների ժամանակ անհրաժեշտ են լինում վերջութների անդամահատումներ,որը շատ բարդ է լինում բացատրել երեխային , բայց մենք դրանից չենք կարող խուսափել, ցավոք, և երբեմն այդ խոսակցությունը վարում ենք շաբաթներ շարունակ։Ինչպես կռահում եք, այստեղ նույնպես կարևոր է հոգեբանի աշխատանքը:

4. Ինչպե՞ս եք որոշում հիվանդի բուժման լավագույն ծրագիրը:

Գոյություն չունի բուժման լավագույն ծրագիր։Կա ճիշտ ընտրված ծրագիր տվյալ իրավիճակի համար։ Փորձում ենք հնարավորինս հավատարիմ մնալ միջազգային սխեմաներին, որպիսի ստանանք լավագույն արդյունքը, որքան էլ դա դժվար լինի:

5. Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե ձեր բուժման թիմի գործընկերը չհամաձայնվեր ձեր ախտորոշման կամ բուժման ծրագրի հետ:

Պատահում են անհամաձայնություններ կոլեգաների միջև։Դա համարում եմ նորմալ, ասեմ ավելին՝ դա պրոդուկտիվ աշխատանքի հիմքն է։Ճշմարտությունը ծնվում է քննարկման ընթացքում։Մեծ նշանակություն եմ տալիս երիտասարդ մասնագետների կարծիքին, քանի որ նրանք ավելի շատ են կարդում և դեռևս չունեն ձևավորված ստերեոտիպներ։ 
Եվ ինչպես արդեն ասեցի , թիմային աշխատանքը համարում եմ ոսկե ստանդարտ մանկական ուռուցքաբանության ոլորտում:

Նյութը պատրաստեց Մարագրիտա Մարտիրոսյանը:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։