Բիոպսիան՝ որպես ախտորոշման մեթոդ

Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022


Mobirise Website Builder

<<Հիստոջեն>> պաթոլոգիայի կենտրոնի ախտաբան Ոսկեհատ Մկրտումյանը պատասխանել է բիոպսիայի վերաբերյալ cancer.am - ի հարցերին :

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում բիոպսիան :

Բիոպսիան օրգանից փոքրիկ հյուսվածքային նմուշի կամ բջջային զանգվածի ստացման գործընթացն է: Ստացված նմուշն անվանվում է բիոպտատ: Գոյություն ունեն բիոպսիաների տարբեր տեսակներ` կախված օրգանից, որից ստացվում է բիոպտատը (օր.` ասեղային բիոպսիա կրծքագեղձի դեպքում, դակիչ` punch բիոպսիա մաշկի դեպքում, էնդոսկոպիկ բիոպսիա ստամոքսի դեպքում, ասպիրացիոն pipelle բիոպսիա էնդոմետրիումի դեպքում, էքսցիզիոն բիոպսիա ավշահանգույցի դեպքում և այլն):

2. Ի՞նչ նպատակով է կատարվում բիոպսիան:

Պացիենտին բիոպսիոն միջամտության սովորաբար ուղղորդում է բուժող բժիշկը` պարզելու` տվյալ օրգանում առկա ախտաբանության բնույթը, առավել հաճախ` ուռուցքային կամ ոչ ուռուցքային բնույթը որոշելու նպատակով, ոչ հազվադեպ նաև ոչ ուռուցքային փոփոխությունների հայտնաբերման նպատակով (օրինակ` բորբոքային, աուտոիմուն, և այլն): 
Հաճախ բիոպսիան կատարվում է ուլտրաձայնային հետազոտության կամ համակարգչային շերտագրման հսկողության ներքո: Իսկ բիոպսիայի արդյունքում ստացված հյուսվածքային նմուշը կամ բջջային զանգվածը ուսումնասիրվում է մանրադիտակային քննությամբ բժիշկ-ախտաբանի կողմից, ով և դնում է վերջնական ախտորոշումը: 

3. Ո՞րն է բիոպսիայի դերը քաղցկեղի ախտորոշման մեջ:

Մեծ է բիոպսիայի դերը հատկապես քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման մեջ: Ուռուցքային հիվանդությունների դեպքում ոչ հազվադեպ մեկ հետազոտությունը բավարար չի լինում ստացված բիոպտատում ուռուցքի լիարժեք գնահատման համար, և հյուսվածաբանական կամ բջջաբանական հետազոտությունից բացի անհրաժեշտություն է ծագում կատարելու լրացուցիչ` իմունոհիստոքիմիական հետազոտություն, որի արդյունքում հաստատվում է ուռուցքային ախտահարման առկայությունը, որոշվում է ուռուցքի ենթատիպը, ուռուցքային բջիջների հատկությունները, որոնցից հաճախ կախված է նաև ուռուցքի բուժման տակտիկան, օրինակ` նախավիրահատական քիմիաթերապիայի, որոշ ուռուցքային հիվանդությունների դեպքում նաև հորմոնաթերապիայի անհրաժեշտությունը: Որոշ քաղցկեղային հիվանդությունների դեպքում, օրինակ` թոքի քաղցկեղի, ստացված բիոպտատի հյուսվածաբանական հետազոտությունից բացի կատարվում է մոլեկուլային հետազոտություն, ինչը հնարավորություն է տալիս որոշելու ուռուցքային բջիջներում առկա գենետիկ փոփոխությունները և կիրառել թիրախային բուժում: 
Վերջում կարևոր եմ համարում նշել, որ բժիշկ-ախտաբանի կողմից լիարժեք պատասխան ստանալու և կրկնակի բիոպսիայից խուսափելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ստացված բիոպտատը լինի բավարար, և հյուսվածքային նմուշի դեպքում այն պահվի հատուկ հեղուկի` 10%-անոց բուֆերացված ֆորմալինի մեջ: 

Նյութը պատրաստեց Մարագրիտա Մարտիրոսյանը:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։