Մարգարիտա Մարտիրոսյան | 10.02.2023
Ի՞նչ է լեյկոզը, լեյկոզի ի՞նչ տեսակներ կան և ինչպե՞ս է լեյկոզն ազդում օրգանիզմի վրա:
Լեյկոզը կամ լեյկեմիան արյան չարորակ հիվանդություն է կամ, այլ կերպ ասած, արյան քաղցկեղ: Արյունը արտադրվում է ոսկրածուծում, և տարբերում են արյան բջիջների երեք հիմնական տեսակներ՝ լեյկոցիտներ կամ արյան սպիտակ բջիջներ, որոնք պայքարում են ինֆեկցիաների դեմ, էրիթրոցիտներ կամ արյան կարմիր բջիջներ, որոնք փոխադրում են թթվածինը, ու թրոմբոցիտներ, որոնք օգնում են կանգնեցնել արնահոսությունը: Լեյկեմիան արյան սպիտակ բջիջների՝ լեյկոցիտների քաղցկեղ է, և երեխաների մոտ քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տարատեսակն է: Լեյկեմիայի ժամանակ ոսկրածուծում արտադրվող լեյկոցիտները դառնում են ոչ նորմալ կամ քաղցկեղային, և տարածվում են արյան հունով ողջ օրգանիզմով: Այդ բջիջներն այլևս չեն կարողանում կատարել իրենց հիմնական ֆունկցիաները, օրինակ՝ պայքարել ինֆեկցիաների դեմ, ինչպես նաև լցվելով ոսկրածուծում, ճնշում են մյուս նորմալ բջիջների՝ լեյկոցիտների, էրիթրոցիտների և թրոմբոցիտների արտադրությունը: Լեյկեմիաները հիմնականում կարելի է բաժանել սուր և քրոնիկ տեսակների:
«Երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում է սուր լեյկեմիան, որի ժամանակ առաջանում են անհաս բջիջներ՝ բլաստներ: Այն առավել արագ է ընթանում և ագրեսիվ է, իսկ քրոնիկ լեյկեմիայի ժամանակ բջիջները հասուն կամ առավել հասուն են, և հիվանդությունը առավել դանդաղ է ընթանում»:
Քրոնիկ լեյկեմիաները շատ հազվադեպ են հանդիպում երեխաների մոտ: Սուր լեյկեմիաները իրենց հերթին լինում են լիմֆոբլաստային (մանկական լեյկեմիաների մոտ 75%-ը սուր լիմֆոբլաստային են) և միելոբլաստային, իսկ քրոնիկները լինում են միելոիդ և լիմֆոցիտար: Գոյություն ունի նաև յուվենիլ միելոմոնոցիտար տարբերակը, որը, այսպես ասած, միջանկյալ տեղ է զբաղեցնում սուր և քրոնիկ լեյկեմիաների միջև:
Որո՞նք են երեխաների մոտ լեյկոզի առաջին նախանշանները, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկի:
Շատ հաճախ լեյկեմիաները սկզբնական շրջանում ընթանում են անախտանիշ, և երբ լեյկեմիան արդեն սկսում է պրոգրեսիվել, առաջանում են ախտանիշներ: Ախտանիշներից հիմնականները ներառում են՝ ինֆեկցիաների առաջացում և տենդ, քթային և լնդային արնահոսություն, ինչպես նաև կապտուկներ ու արնազեղումներ, թուլություն և հոգնածություն, ախորժակի կորուստ, ոսկրային և հոդային ցավ, գիշերային ուժեղացած քրտնարտադրություն, ավշային գեղձերի, լյարդի և փայծաղի մեծացում, շնչարգելություն: Կարևոր է նշել, որ վերը նշված ախտանիշները կարող են առաջանալ նաև այլ հիվանդությունների դեպքում, և մեծամասամբ հենց այդպես է, սակայն նման ախտանշանների առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Լեյկոզի հայտնաբերման համար ի՞նչ հետազոտություններ են արվում:
Հետազոտություններն առաջին հերթին սկսվում են արյան ընդհանուր քննությունից: Այնուհետև, երբ կա լեյկեմիայի կասկած, կարիք է առաջանում կատարել ոսկրածուծի հետազոտություն. կոնքոսկրից կատարվում է պունկցիա, որն իրականացվում է ցավազրկմամբ, որպեսզի հնարավորինս անցավ լինի երեխայի համար: Կարիք է լինում նաև կատարել ողնուղեղից պունկցիա, որի ժամանակ վերցվում է ողնուղեղային հեղուկ՝ ստուգելու համար, թե արդյոք լեյկեմիան անցել է կենտրոնական նյարդային համակարգ: Այս ամենից զատ, հետագայում անհրաժեշտ կլինի կատարել նաև որոշ այլ հետազոտություններ՝ իմունոֆենոտիպավորում, գենետիկ և մոլեկուլյար հետազոտություններ, որոնց միջոցով որոշվում է լեյկեմիայի տարատեսակը:
Ի՞նչ բուժում է նշանակվում լեյկոզ ունեցող երեխաներին և ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունը:
Լեյկեմիաների բուժման հիմնական տարատեսակը քիմիաթերապիան է՝ դեղորայքային բուժումը: Քիմիաթերապիայի շնորհիվ երեխաների մեծամասնության շրջանում հնարավոր է լինում ստանալ գերազանց արդյունք, սակայն որոշ քիչ դեպքերում անհրաժեշտ է լինում նաև բուժման այլ տեսակների զուգակցում, որոնցից է ցողունային բջիջների տրանսպլանտացիան, թիրախային բուժումը, ճառագայթային բուժումը, իմունոթերապիան:
Ներկայում զարգացած երկրներում 100 լեյկեմիայով հիվանդ երեխաներից մոտ 85-ը հնարավորություն ունեն կատարյալ առողջանալ, իսկ Հայաստանում մոտ 70-ը, և այս արդյունքները գնալով առավել բարելավվում են:
Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ բուժման ընթացքում երեխաների մոտ:
Լեյկեմիայի բուժումը բավականին ինտենսիվ է և բարդ, այդ պատճառով բուժման ընթացքում հնարավոր է առաջանան տարատեսակ բարդություններ՝ արնահոսություններ, ինֆեկցիաներ, թուլություն, երիկամների և լյարդի ֆունկցիաների խանգարումներ և այլն: Այդ պատճառով, բացի հիմնական բուժման տեսակներից, բոլոր դեպքերում երեխաները ստանում են նաև ուղեկցող բուժում, որի նպատակն է կանխարգելել և նվազեցնել հնարավոր կողմնակի ազդեցությունները:
Աղբյուրը՝ Doctors.am
Պատրաստեց Շուշան Շատիկյանը