Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022
Ուիգմոր Քլինիքի Իմունիզացիայի ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի/Lilit Melik-Karamyan հետ խոսել ենք,թե ի՞նչ է իրենից ներկայացնում Հեպատիտ Բ-ն և արդյո՞ք հնարավոր է կանխարգելել քաղցկեղը պատվաստումների միջոցով:
Հեպատիտ Բ-ի վիրուսը առաջացնում է լյարդի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են
•հեպատիտը (լյարդի բորբոքում)
•ցիրոզը
•լյարդի չարորակ ուռուցքը (հեպատոցելյուլար կարցինոմա):
Վիրուսը փոխանցվում է արյան և մարմնի որոշ հեղուկների միջոցով , մորից նորածնին , ինչպես նաև սեռական ճանապարհով:
Հեպատիտ Բ-ի վիրուսը 100 անգամ ավելի վարակիչ է քան ՄԻԱՎ-ը և կարող է պահպանել վարակելիությունը արտաքին միջավայրում մինչև 7 օր։
Հեպատիտ Բ-ի վիրուսը հեշտությամբ կարող է փոխանցվել կենցաղում, մասնավորապես, երեխայի սնունդը համտեսելիս, նույն անձնական օգտագործման միջոցները (ատամի խոզանակ, ածելի, մատնահարդարման պարագաներ և այլն) օգտագործելիս և այլն։
Աշխարհում մոտ 2 միլիարդ մարդ վարակված են այս վիրուսով և նրանցից 350 միլիոնը ունի լյարդի քրոնիկ հիվանդություն։
Այս վարակը առավել վտանգավոր է համարվում մինչև 1 տարեկան երեխաների շրջանում, քանզի այս տարիքում վարակը 90% դեպքերում հանգեցնում է լյարդի քրոնիկ հիվանդությանը և վերը նշված բարդությունների, և երեխան մնում է վարակիչ ամբողջ կյանքի ընթացքում։
Հեպատիտ Բ-ի պատվաստանյութը համարվում է առաջին «հակաքաղցկեղային» պատվաստանյութը, քանի որ այն կանխում է հեպատիտ Բ-ի վարակները՝ դրանով իսկ կանխելով հեպատիտ Բ վիրուսի հետևանքով առաջացած լյարդի քաղցկեղը:
Այս պատվաստումը կարող է ստանալ յուրաքանչյուր անձ ցանկացած տարիքում, սակայն հատկապես կարևոր է ռիսկի խմբերում գտնվող անձանց ժամանակին պատվաստվելը։
Ռիսկի խմբերն են՝
* բուժաշխատողները,ովքեր մասնագիտական գործունեության հետ կապված, շփվում են արյան, դրա բաղադրամասերի և կենսաբանական հեղուկների հետ
*դոնորական և ընկերքային արյունից ստացված իմունակենսաբանական պատրաստուկների արտադրությամբ զբաղվող անձինք, արյան ծառայության կազմակերպությունների անձնակազմ
* հասարակական անվտանգության աշխատակիցները (ոստիկաններ, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ և այլն)
* լյարդի հիվանդություններով անձինք (ցիրոզ, հեպատիտ C վարակ, լյարդի ճարպային հիվանդություն, լյարդի ալկոհոլային հիվանդություն, աուտոիմուն հեպատիտ)
* Հեպատիտ Բ վարակված անձանց ընտանիքի անդամները
* շաքարային դիաբետով հիվանդները
* երիկամների խնդիրներով, դիալիզ ստացող հիվանդները,
* ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձինք
*նույնասեռականները
* ներերակային թմրամիջոցներ օգտագործողները
* գեղեցկության սրահներ՝ վարսահարդար, մատնահարդար, կոսմետիկ միջամտություն իրականացնողներ
Նորածինները Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստման առաջին դեղաչափը պետք է անպայման ստանան ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Շատ կարևոր են նաև հաջորդ դեղաչափերի կատարումը, որոնք երեխան ստանում է վեցավալենտ պատվաստանյութի կազմում։
Քանի որ Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութը ՀՀ-ում սկսել են կիրառել 1999 թվականից, մինչև 1999թ ծնվածները կարող են ստանալ այն անկախ տարիքից:
Նյութը պատրաստեց Մարագրիտա Մարտիրոսյանը: