Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան է նշանակվել Սամվել Հովհաննեսի Դանիելյանը:
Սովորել և ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի (այժմ Համալսարան) մանկաբուժության ֆակուլտետը, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա Մոսկվայի Մանկաբուժության ինստիտուտում և ասպիրանտուրա մանկական արյունաբանություն/ուռուցքաբանությունից Մանկական Արյունաբանության Ինստիտուտում (Մոսկվա, Ռուսաստան):
Աշխատել է որպես մանկաբուժության ինտերն Երևանի թիվ 1 մանկական հիվանդանոցում, այնուհետև, որպես մանկաբույժ Չարենցավանի հիվանդանոցում և մանկական արյունաբան Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնում: 1995 – 2007թթ. ղեկավարել է Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքը: 2007-2016թթ. ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի ղեկավար և 2008-2016թթ. ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի վարիչ:1994-1995թթ.վերապատրաստվել է Գերմանիայում (Ֆրանկֆուրտ), 2003թ.՝ Լեհաստանում (Կատովիցե), 2005թ.՝ Ավստրիայում (Վիեննայի Սուրբ Աննայի Մանկական Հիվանդանոց), 2009թ.՝ ԱՄՆ-ում (Բոստոն) և այլն:
2005թ.-ին Հայաստանում մանկական լեյկեմիաների բուժման կազմակերպման և զարգացման համար պարգևատրվել է «Կոչում» մրցանակով, 2013թ.-ին Հայաստանում մանկական քաղցկեղի բուժման զարգացման համար՝ Լավագույն բժիշկ Համազգային մրցանակաբաշխության կողմից «Հուսո աստղ» մրցանակով և 2016թ-ին՝ Հաննս Ֆունկի անվան մրցանակով: Մասնակցել և ելույթներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային կոնֆերանսների:
Հանդիսանում է Գերմանիայի Մանկական Արյունաբանության և Ուռուցքաբանության Միության, Եվրոպայի Լեյկեմիաների Միության, Միելոդիսպլաստիկ Սինդրոմների Միջազգային Հիմնադրամի լիիրավ անդամ, Արյունաբանության և Ուռուցքաբանության Պատվավոր նախագահ և Խորհրդի ղեկավար, Մանկական Ուռուցքաբանության Արևելյան և Միջերկրածովյան Խմբի Տնօրենների խորհրդի անդամ և Սիթի Օֆ Սմայլ Բարեգործական Հիմնադրամի Տնօրենների Խորհրդի անդամ: