Մանկական քաղցկեղը Հայաստանում

Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022


Mobirise Website Builder

Պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում գործող Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը միակն է Հայաստանում, որտեղ բուժում են ստանում քաղցկեղ ախտորոշմամբ տասնյակ երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից։ Կենտրոնի մանկական քաղցկեղի և լիմֆոմաների բաժանմունքի ղեկավար Լիլիթ Սարգսյանը սիրով պատասխանեց Cancer.am-ի հարցերին։

Ինչպե՞ս ստեղծվեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը։

- Մանկական ուռուցքաբանության բաժանմունքը դեռ վաղուց գոյություն ուներ Մուրացան համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի կազմում։ Պարզապես որոշվեց միավորել մանկական օնկոլոգիան և հեմատոլոգիան մի հարկի տակ, այնպես ինչպես ամբողջ աշխարհում է։ Այսպիսով միավորեցինք բոլոր ուժերը, որպեսզի երեխաները բուժվեն մի կենտրոնում, որը հագեցած է անհրաժեշտ միջոցներով, շատ լավ վերանորոգված է, որտեղ երեխաներին երեք անգամ սնունդ է տրվում և այլն։ Սա ճիշտ որոշում էր․ միավորել ուժերը մանկական քաղցկեղի դեմ պայքարն ավելի էֆեկտիվ դարձնելու համար։

Քանի՞ հիվանդ է բուժում ստանում նորաբաց բաժանմունքում։

- Բաժանմունքը նախատեսում է 17 մահճակալ շուրջօրյա ստացիոնարի և ևս 10 մահճակալ ցերեկային ստացիոնարի համար։ Այն երեխաները, ովքեր անընդհատ հիվանդնոցում գտնվելու կարիք չունեն, իրենց անհրաժեշտ դեղորայքը, տրանսֆուզիաները ստանում են ցերեկային ստացիոնարի պայմաններում և գնում են տուն։ Մյուսները, ովքեր ավելի ծանր վիճակում են, կարիք ունեն ավելի ինտենսիվ բուժման, շուրջօրյա քիմիաթերապիայի, ինֆուզիաների, տրանսֆուզիաների և այլն, գտնվում են շուրջօրյա ստացիոնարում։ Քանի որ տարեկան ունենում ենք մանկական քաղցկեղի մոտ 100 դեպք, որոնց ուղիղ կեսը բաժին է հասնում լեյկեմիաներին և լիմֆոմաներին, կարծում եմ, որ մեր այս պայմաններում տարածքային առումով խնդիրներ չենք ունենալու։ Իհարկե, շատ կուզեինք ընդլայնվել, կուզեինք, որ ամեն երեխա ունենա իր հիվանդասենյակը և չկիսի այն մեկ այլ երեխայի հետ։ Այդ ուղղությամբ մենք, իհարկե, մտածում ենք և ճանապարհներ ենք փնտրում ավելի լավ պայմաններ ունենալու համար․ կարծում եմ՝ մոտ ապագայում կստացվի։

Ինչպիսի՞ն են մանկական քաղցկեղի ապրելիության ցուցանիշները Հայաստանում։

- Բարեբախտաբար, Հայաստանում մանկական քաղցկեղի ապրելիության ցուցանիշները շատ չեն տարբերվում մի շարք զարգացած երկրների ցուցանիշներից։ Իհարկե, կան որոշ տարբերություններ, բայց համեմատած շատ զարգացող երկրների հետ, մեր ցուցանիշները բավականին լավն են։ Մենք գրանցում ենք մանկական քաղցկեղի 70% դեպքերի առողջացում։ Այսինքն, եթե միայն թվերի լեզվով խոսենք, 10 երեխայից 7-ը առողջանում են։ Եվ խոսքը գնում է լիարժեք առողջացման մասին՝ առողջանում են, ամուսնանում են, երեխաներ են ունենում, մասնագիտություն են ձեռք բերում, դառնում են սոցիումի լիարժեք անդամ։ Բայց մյուս 30% տոկոսը միայն տոկոսներ չեն։ Դրանք մանկական կյանքեր են։ Եվ մեր բոլոր ջանքերն ուղղված են այդ 30%-ը կրճատելուն։ Թիվը պայմանավորված է հիվանդությունների ռեցիդիվներով, կայուն ձևերով, սեպսիսներով, արյունահոսություններով կամ այլ լուրջ բարդություններով, որոնք հնարավոր չի լինում կանխարգելել և բուժել։ Մենք ձգտում ենք հասնել Ամերիկայի և Եվրոպայի որոշ զարգացած երկրների տվյալներին, որտեղ առողջացումը կազմում է 85% ։ Դա հեշտ չի ստացվի, բայց փորձում ենք մոտենալ այդ ցուցանիշներին և կրճատել տարբերությունը։ 

Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված այդ տարբերությունը։

- Կարծում եմ, առաջին հերթին պայմանավորված է ուշ ախտորոշմամբ։ Մեզ դիմում են հիմնականում հիվանդության ուշ ստադիաներում, քանի որ ունենք ինֆրաստրուկտուրաների հետ խնդիրներ։ Հեռավոր մարզերում երեխաները երկար ժամանակ հետազոտվում են տարբեր հիվանդությունների կասկածներով և ուռուցքաբանի մոտ հասնում են ավելի ուշ։ Ինչքան ավելի ուշ է հայտնաբերվում քաղցկեղը, այնքան ավելի քիչ են առողջացման սպասելիքները։ Որոշակի նշանակություն ունի նաև անհրաժեշտ դեղորայքի մի մասի հանրապետությունում գրանցված չլինելը։ Սակայն, մենք համապատասխան հիմնադրամների հետ ամեն ինչ անում ենք անհրաժեշտ բուժում անցկացնելու համար։ Ոչ մի երեխա չի մնում առանց բուժման՝ անկախ ընտանիքի սոցիալական և ֆինանսական վիճակից։

Որո՞նք են մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակները Հայաստանում։

- Ամենահաճախ հանդիպող տեսակները լեյկեմիաներն ու լիմֆոմաներն են։ Սոլիդ ուռուցքներից առավել տարածված են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքները՝ օստեոսարկոման, Յուինգի սարկոման։ Պետք է նշեմ, որ մենք Հայաստանում ներդրել ենք օստեոսարկոմայի և Յուինգի սարկոմայի բուժման ամերիկյան պրոտոկոլը, որը ծանր, բարձր դոզավորմամբ քիմիաթերապիա է, բայց շատ էֆեկտիվ է։ Մենք շատ լավ արդյունքներ ենք գրանցել այդ սխեմաներով բուժման և օրթոպեդ – վնասվածքաբանների հետ համագործակցությամբ էնդոպրոթեզավորումների շնորհիվ։

Եվ վերջում

- Պետք չէ վախենալ քաղցկեղից։ Այն ուղղակի ախտորոշում է։ Շատ հաճախ մարդիկ խուսափում են դիմել ուռուցքաբանի, ինչն էլ հանգեցնում է հիվանդության ուշ ախտորոշմանը։ Եվ, ինչպես արդեն վերևում նշեցի, քաղցկեղի լիարժեք առողջացումը կապված է հիվանդության վաղ փուլերում ախտորոշման հետ։

Նյութը պատրաստեց Մարինե Ռուշանյանը



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։