Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022
Գաղտնիք չէ, որ ավանդական դարձած համեղ ուտելիքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների մասն են կազմում։ Քաղցկեղ ունեցող մարդիկ հատկապես ուշադիր պետք է ընտրեն այս օրերի իրենց սննդակարգը, քանի որ երբեմն դժվար է լինում դիմակայել հայկական հյուրասիրությանը։ Ստորև կնշենք որոշ խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել քաղցկեղի բուժում ստացող անձանց համար․
• Խուսափեք ալկոհոլից՝
1. եթե գտնվում եք ակտիվ բուժման փուլում (քիմիաթերապիա, իմունաթերապիա, ճառագայթային թերապիա, վիրահատություն);
2. եթե վերջին երկու շաբաթվա ընթացում ստացել եք քիմիաթերապևտիկ բուժում;
3. եթե ունեք լյարդի և մարսողական այլ օրգանների խնդիրներ։
• Խուսափեք անհայտ ծագման մսամթերքից։ Հյուրասիրվելիս խուսափեք աղացած մսով պատրաստված ուտեստներից։
• Խուսափեք հեշտ փչացող մթերք օգտագործելուց, այդ թվում՝ մայոնեզ և թթվասեր պարունակող աղցաններից։
• Խուսափեք թուրինջից կամ թուրինջի հյութից, եթե Ձեր վերջին քիմիաթերապևտիկ կուրսից չի անցել առնվազն երկու շաբաթ։
• Խուսափեք կծու, թթու, յուղոտ մթերքից։
• Սնվեք տանից դուրս գալուց առաջ։ Այդպես կիջեցնեք դրսում կասկածելի սնունդ օգտագործելու հավանականությունը։
Սրտխառնոցի դեպքում
• Խուսափեք կծու, յուղոտ մթերքից;
• Խուսափեք շատ քաղցր մթերքից;
• Խուսափեք սննդի մեծ չափաբաժիններից;
• Խուսափեք ճաշի ընթացքում քաղցր հեղուկներ խմելուց;
• Մի ընդունեք հորիզոնական դիրք սնվելուց հետո առնվազն երեք ժամվա ընթացքում։
Փորկապության դեպքում
• Օգտագործեք բուսական բջջանքով հարուստ մթերք (թարմ մրգեր, բանջարեղեն և այլն);
• Խմեք մեծ քանակությամբ հեղուկներ;
Փորլուծության դեպքում
• Խուսափեք յուղոտ կամ տապակած սննդամթերքից;
• Խուսափեք կաթնամթերքից;
• Խուսափեք կոֆեին պարունակող հեղուկներից;
• Խմեք մեծ քանակությամբ ջուր և էլեկտրոլիտներ պարունակող հեղուկներ;
• Սննդակարգից հանեք բջջանքով հարուստ մթերքը կամ օգտագործեք լավ լուծվող բջջանք պարունակող մթերք (բանան, բրինձ, սպիտակ հաց, խնձորի խյուս):
Համի փոփոխությունների դեպքում
• Պահպանեք բերանի խոռոչի հիգիենան;
• Կատարեք բերանի խոռոչի ողողողումներ (կերակրի սոդա, երիցուկի թուրմ և այլն);
• Սննդում ավելացրեք բուսական համեմունքներ;
• Օգտագործեք թարմ մրգեր։
Ամանորը նաև հին սովորություններին հրաժեշտ տալու հիանալի առիթ է։ Փորձեք սահմանել նոր, առողջարար սննդակարգ Ձեզ համար։