Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022
Երբ հասնում է նեղ մասնագիտություն ընտրելու պահը, ուզում ես ընտրել այնպիսի ոլորտ, որտեղ կարծում ես կկարողանաս ավել բան անել, որը դեռ չկա: Իսկ օնկոլոգիան, կարծում եմ, ամենազարգացող և ամենաբաց ոլորտն է, չբացահայտված հարցերը շատ-շատ են: Լինել բժիշկ, առավել ևս ուռուցքաբան, շատ ծանր և պատասխանատու գործ է, քանի որ ավելի հաճախ ես տեսնում ճակատագրեր և հիվանդների հետ ավելի երկար ես ապրում, հաճախ հաղթող ես դուրս գալիս, բայց երբեմն էլ հակառակը: Պետք չի առանձնացնել քաղցկեղ բուժող բժիշկներին մնացած բժիշկկներից, որովհետև բժիշկը Աստծո գործիքն է աշխարհում, նրա նպատակը մեկն է:
Կպատմե՞ք Ձեր հիվանդների հետ կապված ամենադրական հիշողություններիմասին:
Երբ առավոտյան գալիս ես աշխատանքի և քեզ դիմավորում է մարդ, ում տարիներով չես տեսել, բայց քո բուժած հիվանդն է, եկել է այլ հարցով կամ այլ հիվանդի հարցով, դա ամենադրական ու ամենաուժեղ մոտիվացիան է աշխատանքի մեջ:
Ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում ամեն հաջողությունից հետո:
Միշտ լինում են հիասթափության պահեր, առաջանում են հարցեր, արդյո՞ք ճիշտ եմ ընտրել մասնագիտությունս, արդյո՞ք պիտի շարունակեմ իմ գործը, այդ պահերին հաջորդում է հաջողություն, որը ուժ է տալիս, մոտիվացնում է շարունակելու նույն ճանապարը:
Որքա՞ն կարևոր է աշխատանքային միջավայրը, թիմային աշխատանքը, բժիշկների, բուժքույրերի կամ հոգեբանների հետ համագործակցությունը:
Ցանկացած աշխատանքի մեջ միջավայրը հիմնական որակ ստեղծող հանգամանքն է: Կոլեկտիվը, որտեղ աշխատում եմ, ես չեմ հիմնել: Հիմնել է մի մարդ, ում ավանդը Հայաստանում ուռուցքաբանության զարգացման մեջ պարզապես անգնահատեի է, հատկապես մանկական ուռուցքաբանության զարգացման գործում: Նա մեր՝ բոլորիս ուսուցիչ Սամվել Դանիելյանն է: Երբ 90-ականների սկզբում լեյկոզից մահացությունը կազմում էր գրեթե 100%, Սամվել Հովհաննեսովիչը մեկնեց Գերմանիա և այնտեղից բերեց ու ներդրեց գերմանական բուժման ուղեցույցները և մեծ դեղորայքային օգնություն Գերմանիայի դաշնությունից, որի հաշվին արդեն մոտ 70% հիվանդները առողջանում են, սա անգնահատելի մի գործ է: Ես դարձել եմ կոլեկտիվի մաս, և հանգամանքների բերումով ղեկավարում եմ այս պահին մի կոլեկտիվ, որտեղ բոլորը իմ ընկերներն են, և ի ուրախություն ինձ դա չի խանգարում աշխատանքին: Երբեմն լինում են գործնական տարաձայնություններ, ինչի հանգուցալուծումը միշտ ճիշտ է լինում: Կարծում եմ՝ ամուր, իրար հասկացող, հարգող, իրար կարիքն ու բացակայությունը զգացող կոլետիվում եմ աշխատում: Սա է հիմնական որակ ստեղծողը գործի մեջ, որի առկայությունը մեր կոլետիվում կարող եմ փաստել, որ հաստատ կա:
Համագործակցությունը բոլոր օղակներում կա, սկսած մայրապետերից մինչև բուժքույրեր, հոգեբաններ ու բժիշկներ: Բոլորի աշխատանքի պտուղն է ստեղծվում: Հիմնական գործող անձանցից են բուժքույրերը, ովքեր աշխատում են 24 ժամ, շփվում են հիվանդների հետ ավելի շատ: Հոգեբանական ծառայութունը մեզ մոտ առկա է վերջին տարիներին, բայց արդեն իսկ տվել է բավականին դրական արդյունք: Հիմա զգում ենք, որ ունեցել ենք հոգեբանական ծառայության բաց, որովհետև այն հիվանդի համար ստեղծում է մի միջավայր, որ հիվանդը իրեն չկտրի հասարակությունից, առանձնացնի մյուսներից:
Որքանո՞վ է հիվանդի տրամադրվածությունը ազդում բուժման արդյունքի վրա, կա՞ հոգեբանական գործոն:
Կարծում եմ՝ եթե հիվանդը տրամադրվում է հաղթանակի, դա ավելի հեշտ է տրվում, քան դեպրեսիվ ու ոչնչի չհավատացող հիվանդների դեպքում: Դա գործնականում էլ ենք զգում. բարդություններ հաղթահարելը ավելի հեշտանում է դրական տրամադրվածության պարագայում: Այն հիվանդը, ով ուզում է բուժվել, բուժվում է:
Որքանո՞վ եք ճիշտ համարում քաղցկեղով հիվանդին հիվանդության մասինտեղեկացնելու մասին, ո՞ր դեպքում է առավել արդյունավետ բուժումը:
Գլոբալ առումով համարում եմ, որ ցանկացած մարդ պետք է իմանա իր խնդրի մասին, որոշում կայացնելու մեջ մեծ դերը իրենը պիտի լինի, այլ ոչ միայն հարազատներինը: Կոնկրետ Հայաստանում երկարատև մոտեցում է պահանջվում: Մարդ էակը մեկն է աշխարհում, կախված՝ ի՞նչ գենային կազմ ունի, որտե՞ղ է ծնվել, մեծացել, դա էլ նշանակություն ունի՝ ձևավորելով գլոբալի մեջ անհատական խմբային մտածելակերպեր: Քաղաքակիրթ բոլոր երկրներում, հիմնականում առաջին օրը, երբ ախտորոշվում է հիվանդությունը, բժիշկները, հոգեբանները, սոցիալական աշխատողները բացատրում են ամեն ինչ՝ հիվանդության բուժման ուղղությունը, սպասվող բարդությունները և այդ ամենը համաձայնեցնում են հիվանդի հետ: Ցավոք, այստեղ այդպես չէ: Հաճախ որոշումը կայացնում են հարազատները և ուղղորդում են բժշկին, թե ոնց շփվի հիվանդի հետ: Չնայած շատ ժամանակ ստացվում է համոզել, հասկացնել, որ գոնե ինչ-որ չափով հիվանդը իմանա ինչի մասին է խոսքը և ինչ բուժում է սպասում իրեն:
Ի՞նչ կարծիք ունեք բժիշկ-հիվանդ հարաբերությունների մասին:
Դա ամենացավոտ թեման է նաև ինձ համար: Հաճախ սահմանը կորում է: Մենք շփվում ենք հիվանդի հետ շատ երկար, երբեմն ամիսներով, տարիներով, ամեն ինչ միաձուլվում և սահմանը երբեմն կորում է: Հարաբերությունները պետք է միշտ լավ լինեն, կառուցողական լինեն՝ առանց կաշկանդվելու, բայց ամեն դեպքում բժիշկը պետք է մնա իր դիրքում, հակառակ դեպքում շատ հաճախ բժշկի խոսքն այնպես չի ընկալվում, ինչպես պետք էր: Երբեմն սկսվում են շուկայական հարաբերություններ, սկսում են համոզել, փորձում ուղղությունը փոխել, ինձ մոտ էլ սահմանը երբեմն անգիտակցաբար կորում է, որը գիտակցելուն պես հետ է վերադարձվում:
Բուժման ընթացքում շփման ի՞նչ բարդություններ են առաջանում հիվանդի և նրա ընտանիքի անդամների հետ:
Բարդ փուլ չի լինում, երբ հիվանդը տեղյակ է ամեն ինչից: Բարդությունը սկսվում է այն ժամանակ, երբ հիվանդը տեղյակ չէ և հարազատները թույլ չեն տալիս տեղեկացնել հիվանդին իր խնդրի մասին: Այդ ժամանակ ամեն կերպ փորձում ես խուսափել հիվանդի հարցերից, հնարավորինս քիչ լինել այն միջավայրում, որտեղ հիվանդը քեզ կարող է տալ հարցեր, որոնց չես կարող տալ սուտ պատասխան, և որի պատասխանը կոպիտ ասած արգելված է ասել: Բարդություն առաջանում է միայն այդ դեպքում: Մնացած դեպքերում բժիշկը այն մարդն է, ով կարողանում է ամեն դեպքում, անկախ հիվանդի սոցիալական աստիճանից, կրթական մակարդակից, ճիշտ բացատրել իրավիճակն ու ընթացքը:
Ձեր կարծիքով, ուռուցքաբանության ոլորտում գիտելիքի ի՞նչ բացեր կան և ինչպե՞ս եք լրացնում այդ բացը:
Հարցազրույց քիմիաթերապևտ Արմեն Ավագյանի հետ
Վերջերս մասնակցել եք «Քաղցկեղի ախտորոշման և բուժման ներկայիսչափանիշները» թեմայով կոնֆերանսին, որքանո՞վ օգտակար եղավ գիտելիքի, փորձի ու հետագա համագործակցության համար:
Համագործակցությունը Եվրոպացի և Ամերիկացի մասնագետների հետ միշտ արդյունավետ է լինում, որովհետև նրանց փորձը և պրակտիկ գիտելիքները շատ ավելի մեծ են: Հնարավորություն է ստեղծվում կոնֆերանսներ կազմակերպել, նոր կոնտակտներ ստանալ, ընկերական հարաբերություններ հաստատել և անհրաժտության դեպքում ցանկացած հարցով դիմել, ստանալ պատասխան աշխարհահռչակ մարդկանցից և ամենակարևորը շփման մեջ անմիջական միջավայր է ձևավորվում: Հայաստանում դեռևս հին սերունդներից եկած դիստանցիա կա երիտասարդ ու ավագ մասնագետների մեջ: Արտասահմանյան մասնագետների հետ շատ ավելի հեշտ է, կոնֆերանսներն էլ օգնում են շփվել մարդկանց հետ, ովքեր ի զարմանս ինձ, միշտ շատ կոմունիկաբել են, ինչ հարցով դիմում ես, միշտ շատ կարճ ժամանակում օգնում են, կարծիք են հայտնում, որի հիման վրա ճիշտ բուժում է կազմակերպվում:
Մայիսի 11-ը մելանոմայի համաշխարհային օրն է, Հայաստանում ի՞նչտարածվածություն ունի հիվանդությունը, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվումհիվանդության մասին տեղեկատվության տարածման վերաբերյալ:
Մայիս ամիսը ընդհանրապես համարվում է մելանոմայի դեմ պայքարի ամիս, և առանձանացված օր կոնկրետ չկար: Տարբեր բժշկական ասոցիացիաներ ունեին մի քանի տարբեր առանձնացված օրեր: Մելանոմայի համաշխարհային օր հայտարարելու և տարածելու միտքը առաջարկեց մեր բժիշկներից մեկը՝ Թամամյան Գևորգը, ով մշտապես առանձնանում է իր ստեղծարար մտքերով: Տարիներ առաջ առաջացավ հենց մայիսի 11-ը ընտրելու գաղափարը, քանի որ աշխարհահռչակ երգիչ, ռեգգի ոճի հիմնադիր Բոբ Մառլին երիտասարդ հասակում մելանոմայից մահացավ հենց մայիսի 11-ին: Մեզ հաջողվեց համագործակցել շատ միջազգային ասոցիացիաների հետ և տարածել ինֆորմացիան:
Մելանոման Հայաստանում և ընդհանրապես աշխարհում տարածված ուռուցքներից չէ, պարզապես չափազանց ագրեսիվ և հաճախ ուշ հայտնաբերվող ուռուցքներից է, քանի որ այն հաճախ խառնում են խալերի հետ և բավականին ուշ են դիմում բժշկի, երբ հիվանդությունն արդեն տարածված է լինում և առողջանալու հավանականությունը ցածր է լինում: Մելանոման կարող է լինել ցանկացած տարիքում: ՀՀ-ում միջինում 40-50 դեպք է գրանցվում: Մեր նպատակն էր լուսավորչական աշխատանքներ տանել հասարակության հետ, որպեսզի մարդիկ չխուսափեն բժշկի դիմելուց, դիմեն բժշկի, երբ տեսնում են տարօրինակ գոյացություններ մաշկի վրա կամ առկա խալերի փոփոխություններ: Արդեն 5-րդ տարին է կազմակերպվում են անվճար խորհրդատվություններ, և ամեն տարի այդ աշխատանքների շնորհիվ 1-2 դեպք հայտնաբերվում է վաղ շրջանում և 1-2 փրկված կյանք է գրանցվում, որը շատ մեծ հաջողություն է:
Մարդկանց մեջ կա կարծրատիպ, որ քաղցկեղը դատավճիռ է, ինչպե՞ս փոխել այդ արմատացած կարծիքը:
Ավելի շատ այդ կարծրատիպը կա ոչ զարգացած երկրներում, քանի որ զարգացած երկրներում մարդիկ չեն խուսափում ախտորոշումից: Քաղցկեղը ոչ մի կերպ դատավճիռ չէ, շատ-շատ տեսակներ, որոնք ժամանակին հայտնաբերվում են, լիարժեք բուժվող են: Տարածված քաղցկեղի տեսակները, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղն ունի առողջացման շատ մեծ տոկոսներ: Այստեղ խնդիրը բժշկի դիմելու վախն է: Լինում են դեպքեր, երբ դիմում են մարդիկ, ովքեր գոյացությունը զգացել են բավականին երկար ժամանակ, բայց միայն անհանգստություն պատճառելուց հետո են դիմում բժշկի: Հաճախ շատ ուշացած փուլերում դիմելուց առաջանում է այն միտքը, որ հիվանդությունը դատավճիռ է: Կա նաև մեկ այլ հանգամանք, որ հաճախ մենք ընկալում ենք վատ ինֆորմացիան, այսինքն տեղեկանում ենք, որ այս կամ այն մարդը մահացել է ուռուցքից, իսկ բուժված մարդկանց մասին շատերը չեն բարձրաձայնում, միայն նրա համար, որ մարդիկ իրենց հիվանդության մասին խոսելու բարդույթներ են ունենում, և հազարավոր բուժված մարդկանց մասին տեղեկություն չի լինում: Այդպես, մարդկանց մոտ առաջանում է կարծրատիպ, որ քաղցկեղն անբուժելի է:
Հայաստանը քաղցկեղի տարածվածությամբ բավականին բարձր ցուցանիշներ ունի: Քաղցկեղի բուժումը Հայաստանում բարելավելու համար ի՞նչ նախադրյալներկան:
Չեմ համարում, որ Հայաստանը քաղցկեղի տարածվածությամբ առաջին դիրքերն է գրավում: Նախ ամբողջ աշխարհում քաղցկեղի ախտորոշման դեպքերի ավելացման միտումներ կան, որոնց պատճառները տարբեր են: Դա կարող է կապված լինել տնտեսության զարգացման հետ, ախտորոշիչ նորագույն մեթոդների հետ: Երբ նախկինում կարող էր ինչ-որ ախտորոշում բաց թողնվել, ներկայումս դա ախտորոշվում է նորագույն մեթոդներով: Եթե նայենք 30-40 տարի առաջ ինչ կար մեր առօրյաում, կտեսնենք ֆանտաստիկ տարբերություններ: Եթե սև-սպիտակ հեռուստացույցը ճոխություն էր համարվում նախկինում, ապա այսօր երթուղայիններում բոլորը հեռուստացույց նայելու հնարավորություն ունեն հեռախոսներով: Տարբեր բնույթի ճառագայթային ալիքները չեն կարող չանդրադառնալ օրգանիզմի վրա: Մենք չունենք քաղցկեղի գրանցման ռեգիստր կոչվածը, որը մեզ հստակ վիճակագրական տվյալներ կտա քաղցկեղի տարածվածության մասին: Եվ դրանից ելնելով, միջազգային որոշ կազմակերպություններ հրապարակում են այդ ցուցանիշները, որոնք, կարծում եմ, հավաստի չեն: Հաճախ քաղցկեղ ախտորոշվում է հետմահու, դիահերձումից հետո: Զարգացած երկրներում դիահերձում կատարվում է շատ քիչ դեպքերում: Բոլորը կյանքի ընթացքում ունենում են կատամնեզ ասվածը, որը իր ամբողջ կյանքի հիվանդության պատմությունն է, և երբ հիվանդը մահանում է, արդեն մահվան պատճառը հայտնի է լինում, և դիահերձման կարիք չի լինում, միայն դատական դեպքերում են դիահերձում: Մեզ մոտ հիվանդի մահվան պատճառ կարող է հանդիսանալ այլ խնդիր, սակայն դիահերձման ժամանակ, երբ հայտնաբերվում է նորագոյացություն, մահվան առաջնային պատճառը կարող է գրանցվել հենց ուռուցքը, չնայած մահը հնարավոր է գրանցվել է մեկ այլ պատճառով, և այդպես ավելանա մահացության թիվը:
Ինչպե՞ս է քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժելն անդրադառնում Ձեր առօրյայի վրա:
Առօրյայում գործնականում չես կարողանում կտրվել կլինիկայից, անկախ ժամանակից, սկսում ես մտածել այն հիվանդի մասին, ում մոտ խնդիրներ են առաջանում կամ բուժման ծանր փուլ է, անընդհատ կապի մեջ ես հերթապահ բժշկի հետ: Այդ ամենը դժվարացնում է առօրյան և ինչ-որ չափով անդրադառնում է նաև ընտանիքի վրա, որովհետև երբեմն ակամայից դառնում ես ագրեսիվ և ընտանիքդ չի հասկանում խնդրի պատճառը: Առողջության վրա այդ ամենը նաև երկրորդային ձևով է անդրադառնում՝ հանգստի բացակայություն, աշխատանքից կտրվելու անհրաժեշտություն և հաճախ, երբ երկարատև արձակուրդ ես գնում, հետ գալը շատ-շատ բարդ է լինում:
Եթե հնարավորություն ունենայիք, կփոխեի՞ք ձեր մասնագիտական ոլորտը:
Տարվա մեծ մասը կասեմ այո, փոքր մասը՝ ոչ, կատակում եմ, իհարկե: Ծանրաբեռնվածությունը և երբեմն հանդիպող վատ ելքերը երկարատև հետևանք են թողնում ինձ վրա: Բայց, ինպես նշեցի, այն հաղթանակները, որոնք մենք գրանցում ենք հիվանդության դեմ պայքարի ժամանակ, երջանկություն են պարգևում, այդ ժամանակ, եթե հարցնեք, կասեմ՝ միանշանակ ոչ, երբեք չեմ փոխի: Ընդհանուր առմամբ համարում եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել: