Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022
Քաղցկեղ ախտորոշումը սթրեսային է ցանկացած տարիքում, սակայն այն հատկապես շփոթեցնող է, երբ հանդիպում է երեխաների մոտ։ Մենք որոշեցինք հակիրճ անդրադարձ կատարել ոսկրերը և փափուկ հյուսվածքներն ախտահարող Յուինգի սարկոմա հիվանդությանը, որն առավել հաճախ հանդիպում է երեխաների շրջանում։ Cancer.am-ի հարցերին պատասխանեց Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբան Ռուզաննա Պապյանը
Ի՞նչ է իրենից ներկայացնում Յուինգի սարկոման։
-Յուինգի սարկոման չարորակ հիվանդություն է որը պատկանում է Յուինգի սարկոմայի ընտանիքի ուռուցքներին և բնութագրվում է ոսկրերի կամ փափուկ հյուսվածքների ախտահարմամբ։
Ո՞ր տարիքային խմբում է այն առավել հաճախ հանդիպում։
-Այն առավել հաճախ հանդիպում է 10-15 տարեկան երեխաների մրջանում։
Ինչպիսի՞ն է հանդիպման հաճախականությունը Հայաստանում։
-Հայաստանում տարեկան գրանցվում է Յուինգի ընտանիքի ուռուցքների մոտավորապես 4-5 դեպք։
Ի՞նչ ախտանշաններ են բնորոշ այս հիվանդությանը։
-Երբեմն սկզբնական շրջանում որևէ գանգատ չի լինում։ Կլինիկական ախտանշանները կախված են տեղակայումից։ Կարող է լինել շոշափվող գոյացություն, ոչ հազվադեպ` ցավ, ախտաբանական կոտրվածքներ։ Հնարավոր է տենդ, քաշի անկում, ախորժակի նվազեցում։
Ի՞նչ հետազոտություններով է այն ախտորոշվում։
-Հիվանդության ախտորոշման համար կիրառվող հետազոտության մեթոդներն են՝ ռենտգեն հետազոտությունը, համակարգչային շերտագրությունը, մագնիսառեզոնանսային շերտագրությունը, կմախքի սցինտիգրաֆիկ հետազոտությունը, ոսկրածուծի պունկցիան և բիոպսիան։ Վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է գոյացության բիոպսիա հետագա հյուսվածքաբանական և իմունահիստոքիմիական քննությամբ։
Որո՞նք են Յուինգի սարկոմայի բուժման մեթոդները։
- Յուինգի սարկոմայի դեպքում կիրառվում են դեղորայքային, վիրահատական և/կամ ճառագայթային բուժում՝ կախված տեղակայումից, վիճակից և հիվանդության ստադիայից։