Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022
Հաճախ ստամոքսի մասնահատումը կամ ամբողջական հեռացումը կազմում են ստամոքսի քաղցկեղի բուժման մի մասը։ Հետվիրահատական շրջանի սննդակարգի և մի շարք այլ հարցերի շուրջ խոսել ենք բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ։
Ինչպե՞ս է իրականացվում պացիենտի սնուցումը գաստրէկտոմիայից անմիջապես հետո։
-Գաստրէկտոմիայից հետո՝ մոտ 48 ժամ կարող է տեղադրված լինել նազոգաստրալ խողովակ: Սա բարակ խողովակ է, որն անցնում է քթի միջով և իջնում ստամոքսի կամ փոքր աղիքի մեջ: Դա թույլ է տալիս պարբերաբար հեռացնել ստամոքսի արտադրած հեղուկները՝ ինքնազգացողության վատացումը կանխարգելելու նպատակով: Քանի դեռ պացիենտը չի կարողանում նորմալ ուտել և խմել, սնունդը կտրամադրվի ներերակային, կամ որովայնում տեղադրված խողովակի միջոցով: Մարդկանց մեծամասնությունը կարող է սկսել թեթև սննդակարգ՝ գաստրէկտոմիայից մոտ մեկ շաբաթ անց:
Գաստրէկտոմիայից 1-2 շաբաթ անց պացիենտն, ամենայն հավանականությամբ, կկարողանա վերադառնալ տուն։
Սննդակարգի ինչպիսի՞ փոփոխություններ են ցուցված գաստրէկտոմիայից հետո։
-Ինչպիսի գաստրէկտոմիայի ձև էլ լինի՝ միևնույն է հարկավոր կլինի փոփոխություններ կատարել սննդակարգում: Կարող են ամիսներ անցնել մինչ նորմալ սննդակարգի վերադառնալը: Դիետոլոգի օգնությամբ պետք է կարգավորել սննդակարգը:
Այն կերակուրը կամ ըմպելիքը, որոնք նախկինում նախընտրելի էին, վիրահատությունից հետո կարող են հանգեցնել ստամոքսի խանգարման: Սննդի օրագրի վարումը կարող է օգտակար լինել՝ մարսողության վրա որոշակի սննդամթերքի ազդեցությունն արձանագրելու համար։
Գաստրէկտոմիայից հետո նախընտրելի է սննդի հաճախակի ընդունումը (5-7անգամ) փոքր բաժիններով, օրական 3 անգամ ու մեծ բաժինների փոխարեն։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ստամոքսը և բարակ աղիքները ձգվելու են, և աստիճանաբար հնարավոր կլինի ավելի մեծ բաժիններով և քիչ հաճախականությամբ սնվելը:
Գաստրէկտոմիայից անմիջապես հետո՝ անհրաժեշտ է խուսափել բջջանյութով հարուստ սննդից, քանի որ դրանից հետո հնարավոր է անհարմարավետության զգացողություն առաջանա: Բջջանյութով հարուստ սնունդն իր մեջ ներառում է՝ ամբողջահատիկից հաց, բրինձ և մակարոնեղեն, ամբողջահատիկներ, ոլոռ, լոբի, ոսպ, վարսակ, որն առկա է որոշ նախաճաշի շիլաներում։
Աստիճանաբար հնարավոր կլինի բարձրացնել բջջանյութերի քանակը սննդակարգում:
Ի՞նչ կասեք ստամոքսի մասնահատումից կամ ամբողջական հեռացումից հետո օրգանիզմում վիտամինների և հանքանյութերի անհրաժեշտ քանակության ապահովման մասին։
-Սննդից վիտամինների կլանումը, մասնավորապես՝ B12, C և D վիտամինների, հանդիսանում է ստամոքսի գործառույթներից մեկը։
Ստամոքսի մասնահատումից հետո մեծ քանակությամբ սննդանյութեր, մասնավորապես ՝ երկաթ, կալցիում և C, D վիտամիններով հարուստ սննդամթերք ուտելով հնարավոր է ստանալ բավարար քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր։
Եթե ամբողջ ստամոքսը հեռացվել է, հնարավոր չէ սննդակարգից ստանալ բոլոր վիտամինները: Սա կարող է առաջացնել անեմիա, վարակների նկատմամբ խոցելիության բարձրացում, փխրուն ոսկրեր (օստեոպորոզ) և թույլ մկաններ: Այս դեպքում, սովորաբար, այդ միկրոնուտրիենտների հավելումների ընդունման կարիք է լինում։
Սննդակարգի ճիշտ փոփոխությունը, ինչպես նաև վիտամինային հավելումների ընդունումը, կօգնեն խուսափել նման խնդիրներից:
Մարդկանց մեծ մասը, ովքեր ունեցել են ստամոքսի ամբողջական հեռացում (ոմանք նաև մասնակիի դեպքում) կարիք ունեն վիտամին B12-ի կանոնավոր ներարկումների, քանի որ դժվարանում է սննդից վերջինիս ներծծումը:
Գաստրէկոմիայից հետո հարկավոր է կանոնավոր արյան ստուգումներ ՝ սննդակարգում վիտամինների և հանքանյութերի ճիշտ քանակությունը պահպանելու համար: Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ ցուցված է արյան մեջ երկաթի, ֆերրիտինի, տրանսֆերինի, վիտամին B12-ի, վեց ամիսը մեկ անգամ ընդհանուր սպիտակուցի, ալբումինի, K-ի, Na-ի ստուգումներ։ Սխալ սնունդը կարող է հանգեցնել այնպիսի խնդրի, ինչպիսին է սակավարյունությունը:
Ի՞նչ խորհուրդներ կտաք վիրահատությունից հետո քաշի կորուստը նվազագույնի հասցնելու համար։
-Վիրահատությունից անմիջապես հետո նույնիսկ փոքր բաժնով կերակուր ուտելը կարող է անհարմարության զգացում առաջացնել: Սա կարող է հանգեցնել քաշի կորստի:
Գաստրէկտոմիայից հետո քաշի կորուստը կարող է ցանկալի լինել քաշի ավելցուկ ունեցող մարդկանց համար։ Սակայն դա կարող է նաև վտանգ ներկայացնել առողջությանը, օրինակ, եթե վիրահատությունը քաղցկեղի բուժման նպատակով է իրականացվել:
Հետվիրահատական շրջանում բոլոր ուտեստները պետք է լինեն խնայողական մեխանիկական և քիմիական (ամբողջը պատրաստված լինի գոլորշու վրա, առանց կարագի)։ Սննդի ընդունման հաճախականությունը պետք է լինի 6-7 անգամ, շատ քիչ չափաբաժիններով: Պետք է ավելացնել էնտերալ սնուցում (օրինակ խառնուրդներ Nutricia-ից): Խորհուրդ տրվող սննդի կալորիան հաշվվում է անհատական` հաշվի առնելով սեռը, տարիքը, քաշը, հասակը։ Ընդունվող սպիտակուցի քանակը պետք է շատ լինի:
Քաշի ճիշտ կորստի համար դիետոլոգը պետք է կազմի անհատական սննդակարգ։
Ի՞նչ կասեք Դամպինգ համախտանիշի մասին։
-Դամպինգ համախտանիշն իրենից ներկայացնում է մի շարք ախտանիշներ, որոնք կարող են առաջանալ գաստրէկտոմիայից հետո: Դրա պատճառ է դառնում, հատկապես, շաքարավազի կամ օսլայով հարուստ սննդի տեղափոխումը բարակ աղիքներ: Գաստրէկոմիայից առաջ ստամոքսը մարսում է շաքարավազի և օսլայի մեծ մասը: Իսկ վիրահատությունից հետո բարակ աղիքը ստիպված է ջուր քաշել մարմնի մնացած մասից, որպեսզի օգնի քայքայել սնունդը:
Ջրի քանակը, որը հասնում է բարակ աղիքներ, կարող է հասնել 1,5 լիտրի: Լրացուցիչ ջրի մեծ մասը վերցվում է արյունից, ինչը նշանակում է, որ կարող է դիտվել արյան ճնշման հանկարծակի անկում: Արյան ճնշման անկումը կարող է առաջացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝ տկարությունը, քրտնարտադրությունը, սրտի զարկերի հաճախացումը, պառկելու անհրաժեշտությունը:
Բարակ աղիքում լրացուցիչ ջուրը առաջացնում է այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝ փքվածությունը, սրտխառնոցը, ստամոքսի խանգարումը, փորլուծությունը:
Դամպինգ համախտանիշի դեպքում սնվելուց հետո 20-ից 45 րոպե հանգստանալը կարող է օգնել: Դամպինգ համախտանիշի ախտանիշները թեթևացնելու համար անհրաժեշտ է ՝
• դանդաղ ուտել;
• խուսափել շաքարով կերակուրներից՝ տորթերից, շոկոլադից և քաղցրավենիքից;
• կամաց-կամաց սննդակարգում ավելացնել ավելի շատ բջջանյութ;
• խուսափել ապուրներից և այլ հեղուկ սնունդներից;
• Ուտել ավելի փոքր բաժիններով և ավելի հաճախ;
• Խորհուրդակցել դիետոլոգի հետ:
Մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները ժամանակի ընթացքում բարելավվում են: