Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022
Ճառագայթաբան Հարութ Շաբուրյանի հետ խոսել ենք կրծքագեղձի բիոպսիայի և դրան վերաբերվող այլ հարցերի շուրջ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում կրծքագեղձի բիոպսիան։
Կրծքագեղձի բիոպսիան կրծքագեղձի քաղցկեղի հետազոտման մեթոդ է։ Այն հանդիսանում է կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշելու միակ ճշգրիտ և վերջնական միջոցը։
Ո՞ր դեպքերում է ցուցված կատարել կրծքագեղձի բիոպսիա։
Կրծքագեղձի բիոպսիան անհրաժեշտ է լինում բոլոր այն դեպքերում, երբ կա կրծքագեղձի քաղցկեղի կասկած` ելնելով կրծքագեղձի ախտանշաններից կամ հետազոտության արդյունքներից (օրինակ՝ մամոգրաֆիա) ։
Ի՞նչպես է կատարվում կրծքագեղձի բիոպսիան։
Բիոպսիայի ժամանակ բժիշկը կասկածելի հատվածից վերցնում է կրծքագեղձի հյուսվածքի փոքր նմուշ, որը լաբորատոր հետազոտվում է` պարզելու, արդյո՞ք դրանք պարունակում են քաղցկեղային բջիջներ:
Կրծքագեղձի բիոպսիայի ի՞նչպիսի ձևեր կան։
Կան կրծքագեղձի բիոպսիայի տարբեր ձևեր:
Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (պունկցիոն բիոպսիա կամ FNA), որի համար օգտագործվում է շատ բարակ ասեղ և կասկածելի հատվածից փոքր քանակությամբ հյուսվածք կամ հեղուկ է վերցվում(ասպիրացիա):
Այս ձևը օգտագործվում է հիմնականում կրծքագեղձի հեղուկ պարունակող գոյացությունների ախտորոշման և բուժման նպատակով(կրծքագեղձի բորբոքային կիստաների, մաստիտների դեպքում)։
Հաջորդը հաստ֊ասեղային(տրեպան) բիոպսիան է(Core needle biopsy): Այս ձևի դեպքում օգտագործվում է հաստ ասեղ փոփոխված կրծքագեղձը հետազոտելու համար, որը հայտնաբերվել է կրծքագեղձի սոնոգրաֆիկ, մամոգրաֆիկ կամ ՄՌՏ հետազոտության ժամանակ։ Տրեպան֊բիոպսիան համարվում է ամենանախընտրելի տարբերակը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման համար։
Այս ձևը հնարավորություն է տալիս ավելի մեծ հյուսվածք վերցնել հետազոտման համար, քան բարակ֊ասեղային պունկցիոն բիոպսիայի դեպքում և այն չի պահանջում վիրահատական միջամտություն։ Կատարվում է տեղային ցավազրկումով` ՈւՁՀ, երբեմն նաև մամոգրաֆիկ հսկողության տակ։
Վակուում֊բիոպսիան ևս հաստ ասեղի միջոցով է կատարվում, բայց իրականացվում է զոնդի միջոցով վակուումի կիրառմամբ։
Հաստ֊ասեղային բիոպսիան կարող է իրականացվել մամոգրաֆիայի, ՈւՁՀ կամ ՄՌՏ հետազոտության հսկողության տակ։ Սա օգնում է, որպեսզի ասեղը ճիշտ ուղղորդվի։
Օրինակ, ստերեոտակտիկ բիոպսիան կատարվում է մամոգրաֆիայի հսկողության տակ։ Այս տեսակը կիրառվում է այն դեպքում, երբ առկա են կասկածելի միկրոկալցինատներ(կալցիումի փոքր կուտակումներ) ։
ՄՌՏ հսկողության տակ բիոպսիան կատարվում է այն դեպքերում, երբ կրծքագեղձի ՄՌՏ հետազոտության արդյունքում հայտնաբերվում է փոփոխություն, որը չի երևում սոնոգրաֆիկ կամ մամմոգրամմայի վրա։
Ի՞նչպես նախապատրաստվել բիոպսիայի անցկացմանը։
Եթե կրծքագեղձի բիոպսիան կատարվում է տեղային անզգայացմամբ, ապա հատուկ նախապատրաստության կարիք չկա։ Ընդհանուր անզգայացմամբ հետազոտության դեպքում նախապես պետք է խորհրդակցել բժշկի հետ։
Շատ կարևոր է իմանալ, որ կրծքագեղձի բիոպսիա անելը չի նշանակում, որ Դուք ունեք քաղցկեղ: Բիոպսիան միակ միջոցն է հաստատելու քաղցկեղի առկայությունը:
Նյութը պատրաստեց Մարագրիտա Մարտիրոսյանը: