| Մասնագետների համար
Յուինգի սարկոմա - կոչվում է նաև ոսկրերի Յուինգի ուռուցք: Յուինգի սարկոման այս ընտանիքի ուռուցքների ամենահաճախ հանդիպող տեսակն է: Այն հաճախ զարգանում է ոտքերում, կոնքում, կողերում, բազկոսկրում կամ ողնաշարում:
Արտաոսկրային Յուինգի ուռուցք - Վերջինս զարգանում է փափուկ հյուսվածքներում՝ ոսկրերից դուրս: Արտաոսկրային Յուինգի ուռուցքը հաճախ հայտնաբերվում է ազդրում, կոնքում, ողնաշարում, կրծքավանդակում կամ ոտնաթաթում:
Պերիֆերիկ պրիմիտիվ նեյրոէկտոդերմալ ուռուցք (ՊՊՆՈՒ) - Հազվադեպ հանդիպող ուռուցք է, հանդիպում է ոսկրերում ու փափուկ հյուսվածքներում: Այն ընդգրկում է Ասկինի ուռուցքը, որը ՊՊՆՈՒ է կրծքավանդակի պատում:
1. Վիճակագրություն
ՅՍԸՈՒ-ը կազմում են մանկական քաղցկեղի բոլոր դեպքերի շուրջ 1%-ը: Հիմնականում ախտորոշվում է դեռահասների մոտ, բայց կարող են հանդիպել և՛ երեխաների և՛ մեծահասակների շրջանում՝ հատկապես 20-30 տարեկան հասակում: Արական սեռի մոտ հանդիպում են ավելի հաճախ։ ԱՄՆ-ում և Աֆրիկայում Յուինգի սարկոման ավելի հաճախ հանդիպում է սպիտակամորթների, քան սևամորթների մոտ: Յուինգի սարկոմայի դեպքեր են գրանցվել նաև Ճապոնիայում, իսկ Չինաստանում այն հազվադեպ է հանդիպում:
Հնգամյա ապրելիությունը լոկալիզացված ՅՍ պարագայում կազմում է շուրջ 70%: Եթե ախտորոշման ժամանակ առկա է մետաստատիկ հիվանդություն, ապա 5-ամյա ապրելիությունը կազմում է շուրջ 15-30%: Ապրելիությունը մի փոքր բարձր է այն երեխաների մոտ, որոնց մոտ առկա են միայն թոքային մետաստազներ, ի համեմատ այն երեխաների, որոնց մոտ առկա է ուռուցքի տարածում դեպի այլ օրգաններ:
2. Ռիսկի գործոններ
ՅՍԸՈՒ էթիոլոգիան մնում է անհայտ, սակայն կան որոշ ռիսկի գործոններ, որոնք բարձրացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Յուինգի սարկոմայի առաջացման համար, ամենայն հավանականությամբ, պատասխանատու են քրոմոսոմային փոփոխությունները: Հազվադեպ հիվանդությունը կարող է պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ
Յուինգի սարկոմայի բջիջների մեծ մասի մոտ առկա են քրոմոսոմալ տրանսլոկացիաներ: Հաճախ տրանսլոկացիան տեղի է ունենում 11-րդ ու 22-րդ քրոմոսոմների միջև, չնայած այն կարող է տեղի ունենալ նաև 21-րդ ու 22-րդ, 7-րդ ու 22-րդ, 17-րդ ու 22-րդ քրոմոսոմների միջև: Գենետիկ նյութի այսպիսի փոփոխությունները հանգեցնում են Յուինգի սարկոմայի բջիջների անկառավարելի աճին:
3. Դասակարգում
ՅՍԸՈՒ-ը տարաբաժանում ենք լոկալիզացված և տարածված ձևերի։ Լոկալիզացված է համարվում, երբ կլինիկորեն և ճառագայթային ախտորոշման մեթոդներով, չկա տարածում առաջնային օջախից դուրս, կամ էլ ռեգիոնալ լիմֆատիկ հանգույցների ախտահարում: Մետաստատիկ տեսակի դեպքում առկա են լինում հեռակա մետաստազները, որոնք հիմնականում տեղակայվում են թոքերում, ոսկրերում, ոսկրածուծում: Հազվադեպ մետաստազներ են առաջանում նաև լյարդում կամ լիմֆատիկ հանգույցներում: АJCC/ Joint Committee on Cancer/ կողմից առաջարկված TNM փուլավորման համակարգը լայն կիրառություն չի գտել։
4. Կլինիկական ախտանիշներ
Յուինգի սարկոմայով հիվանդ երեխաների ու դեռահասների մոտ կարող են զարգանալ հետևյալ կլինիկական ախտանիշները: Երբեմն Յուինգի սարկոմայով հիվանդ դեռահասների մոտ կարող է և չհայտնաբերվեն այս նշանները, կամ կարող են առաջանալ այլ՝ քաղցկեղի հետ կապ չունեցող պատճառներից:
• Կարկամություն, ցավ, այտուց ոսկրում, կամ ոսկրը շրջապատող հյուսվածքում: Յուինգի սարկոմայով հիվանդ երեխաների և դեռահասների շուրջ 85%-ի մոտ առկա է ցավ:
• Ախտահարված հատվածում մաշկը շոշափելիս տաք է և փափուկ:
• Երկարատև տենդ:
• Առանց վնասվածքի ոսկրի կոտրվածք: Ոսկրի ներսում աճող ուռուցքի պատճառով ոսկրը դառնում է փխրուն և հեշտությամբ կոտրվում է:
5. Ախտորոշում
Հիվանդության ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է մուլտիդիսցիպլինար մոտեցում։ Ախտորոշումը սկսվում է կիլինկա-անամնեստիկ տվյալների հավաքագրումով, պացիենտի ֆիզիկալ զննումով։
1․ Զննման ժամանակ իրականացվում է՝
• Ցավոտ հատվածի մանրակրկիտ զննում, շոշափում (երկար խողովակավոր ոսկրերում կարող են առաջանալ ախտաբանական կոտրվածքներ):
• Համապարփակ նյարդաբանական զննում՝ գնահատելու համար ասիմետրիկ թուլությունը, թմրածությունը, ցավը: Ոսկրերում տեղակայված ուռուցքը կարող է պատճառ հանդիսանալ նաև նեյրոպաթիների առաջացման:
• Մաշկային ծածկույթների զննում, հնարավոր պետեխիաների կամ պուրպուրաների հայտնաբերում, որը կարող է վկայել թրոմբոցիտոպենիայի մասին (ոսկրածուծային երկրորդային ախտահարման դեպքում)։
• Թոքերի աուսկուլտացիա, որը կարող է նկարագրել ասիմետրիկ շնչառական աղմուկներ, խզզոցներ ( թոքերի մետաստատատիկ ախտահարման դեպքում)
2․ Լաբորատոր հետազոտություններ․
• Արյան ընդհանուր քննություն
• Բիոքիմիական հետազոտություններ՝ լակտատդեհիդրոգենազա (ԼԴՀ), ուռուցքի քայքայման պարամետրեր, էլեկտրոլիտներ, երիկամների և լյարդի պարամետրեր
• Վանիլնշաթթվի և հոմովանիլաթթվի քանակի որոշումը մեզում՝ ժխտելու համար նեյրոբլաստոման; ԷՆԱ-ի, C-ռեակտիվ սպիտակուցի քանակի որոշում
3․ Ճառագայթային ախտորոշում․
• Առաջնային օջախի ռենտգեն քննություն` պերիօստալ ռեակցիա, «սոխի կճեպի» ֆենոմեն
• Կմախքի սցինտիգրաֆիա և ախտահարված հատվածների ռենտգեն հետազոտություն կամ մագնիսա-ռեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)
• Կրծքավանդակի համակարգչային շերտագրություն (ՀՇ)
• Պոզիտրոն էմիսիոնային շերտագրություն (ՊԷՇ)
4․ Բիոպսիա – Վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է բիոպսիա՝ հետագա հյուսվածաբանական, ԻՀՔ և ցիտոգենետիկ հետազոտություններով։
6. Բուժումը
Բուժումը ներառում է քիմիաթերապիան, ճառագայթային բուժումը և/կամ վիրահատական բուժումը։ Մոտեցումները տարբեր երկրներում տարբեր են։ ԱՄՆ-ում քիմիաթերապևտիկ սխեմաները կազմված են վինկրիստին-ցիկլոֆոսֆամիդ-դոքսոռուբիցինի և իֆոսֆամիդ-էտոպոզիդի ալտերնացվող կուրսերից, մինչդեռ եվրոպական պրոտոկոլները, սովորաբար, մեկ բուժական ցիկլում ներառում են վինկրիստին, դոքսոռուբիցին, և ալկիլացնող միջոց՝ էտոպոզիդով կամ առանց: Երկու մոտեցումների միջև համեմատություն չի իրականացվել՝ ապրելիության ցուցանիշների տարբերությունները հայտնաբերելու համար։ Քիմիաթերապիայի կողմնակի էֆեկտներն անհատական են և դեղաչափ-կախյալ, սակայն հաճախ ընդգրկում են թուլություն, ինֆեկցման մեծ վտանգ, սրտխառնոց և փսխում, մազաթափություն, ախորժակի կորուստ, փորլուծություն: Այս ախտանիշները վերանում են բուժման ավարտից հետո: Առաջնային քիմիաթերապիան սովորաբար տատանվում է 6 ամսից 1 տարվա սահմաններում:
7. Ելքը
Յուինգի սարկոմա ունեցող երեխաների հնգամյա ապրելությունը 1970-ական թվականներին կազմել էր 59%: Լոկալիզացված ՅՍ-ի բուժման համար ներկայումս օգտագործվող բուժական սխեմաները բերում են մոտ 70% առանց-հիվանդացության (EFS) և ընդհանուր (OS) 5-ամյա ապրելիության՝ հաշված ախտորոշումից: (Grier et al., 2003) (Smith et al., 2014)
Նյութը պատրաստվել է Մանկական Ոսկրամկանային Համակարգի Ուռուցքների Մուլտիդիսցիպլինար Աշխատանքային Խմբի կողմից։