Բուժման ավարտի առաջին ամիսը

| Երեխաների համար


Mobirise Website Builder

Բոլոր ծնողները անհամբեր սպասում են իրենց երեխայի բուժման ավարտին, սակայն, երբ օրը մոտենում է, նրանք ունենում են խառը, ամբիվալենտ զգացողություններ: Բուժման ավարտը կարող է տագնապեցնող լինել, և Դուք կարող եք անակնկալի գալ, երբ զգաք Ձեզ այնքան երջանիկ, ինչքան կարծում էիք, որ կզգայիք: Անհանգստությունը և տագնապը բնականոն են, երբ կյանքը փրկող քիմիաթերապիան ավարտվում է: Բուժումը նշանակում է, որ քայլեր են ձեռնարկվել քաղցկեղի դեմ, իսկ բուժման ավարտը կարող է առաջ բերել վախեր քաղցկեղի վերադառնալու մասին: Բուժման ավարտ նաև նշանակում է կյանքի բնականոն մաս դարձած առօրյայի ավարտ, բժշկական անձնակազմին մշտական հասանելիություն ունենալու ավարտ և խնամքի նոր, անորոշ փուլի սկիզբ:

Այս ժամանակ, կարևոր է իմանալ, որ մանկական քաղցկեղի տեսակների մեծ մասը այլևս չեն կրկնվում: Մենք կարծում ենք, որ այս իմացությունը մեծ ուժ է, և հուսով ենք, որ հաճախ տրվող հարցերի պատասխանները ապահովելով, Ձեզ կօգնենք ավելի հարմարավետ զգալ քաղցկեղի խնամքի հաջորդ փուլ անցնելիս:

Բուժման ավարտի առաջին ամիսը

Ձեր երեխայի բուժման ավարտի օրվանից հետո կարող է տարօրինակ լինել երեխային քաղցկեղի դեմ պայքարող դեղեր տալ դադարելը: Կարող է նաև տարօրինակ լինել վերահսկող հանդիպումների հաճախականության քչացումը:

• Արդյո՞ք երեխան պետք է ընդունի Բակտրիմ Սեպտրա

Այո, եթե Ձեր երեխան ընդունում էր Բակարիմ Սեպարա, այս դեղամիջողը շարունակվում է շաբաթական 2-ից 3 օր կտրվածքով բուժման ավարտից մի քանի ամիս շարունակ:

• Ի՞նչ պետք է անել, եթե երեխան հիվանդանա կամ ունենա ջերմության բարձրացում

Բուժման ավարտի առաջին մի քանի շաբաթնեը Ձեր երեխան կարող է ունենալ արյան ցուցանիշների ցածր մակարդակ: Այս ընթացքում Դուք պետք է կապ հաստատեք հիվանդանոցի թիմի հետ, եթե Ձեր երեխան ունենա ջերմություն, և հնարավոր է կարիք լինի գնալ հիվանդանոց՝ հակաբորբոքային թերապիայի համար: Խնդրում ենք, խոսել Ձեր բժշկի հետ այն մասին թե ինչ է պետք անել, եթե երեխան ունենա ջերմության բարձրացում:

• Ի՞նչ անել, եթե երեխան շփվել է ջրծաղիկով հիվանդ անձի հետ

Կապ հաստատեք հիվանդանոցի թիմի հետ, եթե Ձեր երեխան շփվել է մեկի հետ, ով հիվանդ է ջրծաղիկով: Հնարավոր է՝ Ձեր երեխան ունենա կարիք դեղամիջոցի ընդունման՝ վարակի կանխարգելման նպատակով:

• Ինչու՞ է իմ երեխան դեռ հոգնած զգում իրեն

Երբ բուժումը ավարտվում է, հաճախ հոգնածության զգացումը բնականոն է: ժամանակ է պահանջվում ուժի և ռեսուրսների վերակառուցման համար: Դա կարող է ամիսներ պահանջել:

• Որքա՞ն հաճախ երեխան կարիք կունենա հիվանդանոց այցելելու

Երբ երեխայի բուժումը ավարտվում է, երեխան դեռևս հաճախ պետք է վերադառնա հիվանդանոց: Լեյկեմիայից բուժված երեխաները ամսական այցելությունների կարիք կունենան՝ նախորդ ամսվա պրոգրեսը դիտարկելու համար։ Ամսական այցելությունները սովորաբար շարունակվում են բուժման ավարտին հաջորդող մի տարվա ընթացքում: Սոլիդ ուռուցքներ ունեցող երեխաները կարող են ունենալ առավել մեծ ինտերվալներ այցելությունների միջև: Ձեր հիվանդանոցի ռազմավարությունը կարող է բոլորովին այլ լինել:

• Ի՞նչ է տեղի ունենում հաջորդող այցելությունների ժամանակ

Հաջորդող այցելությունների նպատակը առաջին տարվա ընթացքում վստահ լինելն է, որ քաղցկեղը չի վերադարձել և սկսել «տեղափոխումը» դեպի կյանք քաղցկեղից հետո:

Երեխաները սովորաբար արյան քննություն հանձնելու կարիք կունենան՝ ոսկրածուծի առողջացման մեջ համոզվելու համար, ինչպես նաև՝ արյան հետազոտություններ այլ օրգանների, ինչպիսիք են լյարդը, երիկամները աշխատանքը ստուգելու համար: Ընդհանուր ստուգում կիրականացնի բժիշկը, ինչը կներառի նաև հարցեր երեխայի ինքնազգացողության վերաբերյալ: Սոլիդ ուռուցքներից բուժված երեխաները կարիք կունենան պարբերական ռենտգեն հետազոտության՝ համոզվելու համար, որ քաղցկեղը չի վերադարձել: Այս հետազոտությունների հաճախականությունը կախված է քաղցկեղի տեսակից և բուժման պլանից:

• Արդյո՞ք նորմալ է, որ ես ցնծության մեջ չեմ

Ծնողները և հիվանդները կարծում են, որ ընկերները և ընտանիքի անդամները հաճախ գերուրախանում են իրենց բուժման ավարտին: Ձեզ կարող են դիմավորել մեծ ժպիտով և խոսքերով այն մասին, թե ինչ լավ տեսք ունի Ձեր երեխան, և Ձեզ կարող են հարցնել, արդյոք դա հրաշալի չէ, որ Ձեր երեխան ավարտել է քիմիաթերապիան:

Շատ ծնողների համար, բայց ոչ բոլորի, բուժման ավարտը տոնելը բնականոն է ընկալվում: Ձեր երեխան և ընտանիքը նոր է անցել բուժման հսկայական փորձության միջով: Սա մեծագույն ձեռքբերում է: Տոնումը կարող է տարբեր լինել, օրինակ' գնալ այգի: Շատ ընտանիքներ ընտրում են կազմակերպել ընտանեկան տոնակատարություններ կամ դպրոցում տոներ։ Ոմանք կարծում են, որ հաճելի արձակուրդներ պլանավորելը հնարավորություն է տալիս իրենց կենտրոնանալ ինչ-որ դրական բանի վրա: Այլ ծնողներ կարծում են, որ իրենց հակազդումները մի փոքր քաոտիկ են, քանի որ իրենք անհանգստանում են ապագայի համար: Նույնիսկ, եթե կան բազմաթիվ խոչընդոտներ առջնում, Դուք և Ձեր երեխան հրաշք եք գործել' անցնելով բուժման շաբաթների, ամիսների և գուցե տարիների միջով: Ձեզ ժամանակ տվեք գիտակցելու այս փուլը: Ինչ էլ ընտրեք Դուք և Ձեր երեխան, Ձեզ համար ճիշտ կլինի:

Նյութը վերցված է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի կողմից ստեղծված «Ձեռնարկ ընտանիքի համար» գրքի երկրորդ հրատարակության հայերեն թարգմանությունից։ Ամբողջական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։