Նեյտրոպենիա

| Կողմնակի ազդեցություններ


Mobirise Website Builder

Նեյտրոպենիա է կոչվում նեյտրոֆիլների քանակի իջեցումը արյան մեջ։ Նեյտրոֆիլներն իրենցից ներկայացնում են արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) տեսակներ։ Արյան սպիտակ բջիջները օգնում են օրգանիզմին պայքարել ինֆեկցիաների դեմ։ Նեյտրոֆիլները առաջանում են ոսկրածուծում։ Ոսկրածուծը սպունգանման հյուսվածք է, որը գտնվում է խոշոր ոսկրերում ինչպիսիք են կոնքոսկրը, ողերը և կողերը։

Քիմիաթերապևտիկ բուժում ստացող մարդկանց մոտ դրսևորվում է նեյտրոպենիայի այս կամ այն աստիճանը։ Դա նաև շատ հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություն է լեյկեմիա ունեցող մարդկանց մոտ։ Եթե Ձեզ մոտ առկա է նեյտրոպենիա, ապա փորձեք բարելավել Ձեր հիգիենիկ միջոցառումները` ինֆեկցիոն ռիսկից խուսափելու համար։ Սա ներառում է ձեռքերը կանոնավոր լվանալը։ 

Նեյտրոպենիա ունեցող մարդիկ գտնվում են ինֆեկցիայի բարձր ռիսկի խմբում, քանի որ չունեն բավարար քանակությամբ նեյտրոֆիլներ ինֆեկցիաների հարուցիչներին ոչնչացնելու համար։ Հատկապես մեծ ռիսկային խումբ են կազմում երկարատև սուր նեյտրոպենիա ունեցող մարդիկ։

Նեյտրոպենիայի նշաններն ու ախտանիշները

Նեյտրոպենիան ինքնին որևէ ախտանիշ կարող է չառաջացնել։ Պացիենտները սովորաբար հայտնաբերում են, որ ունեն նեյտրոպենիա արյան հետազոտություններ անցնելիս, կամ ինֆեկցիոն հիվանդություններ ձեռք բերելիս։ Նեյտրոպենիա ունեցող որոշ մարդիկ ունենում են արտահայտված հոգնածություն։ Ձեր բժիշկը կարող է նշանակել արյան կանոնավոր հետազոտություններ նեյտրոպենիայի կամ քիմիաթերապիայի այլ կողմնակի էֆեկտների հայտնաբերման համար։

Նեյտրոպենիա ուենցող պացիենտների մոտ անգամ թեթև հարուցիչները կարող են շատ լուրջ խնդիրներ առաջացնել։ Դիմեք Ձեր բուժ անձնակազմին, եթե ունենում եք ինֆեկցիայի հետևյալ նշաններից որևէ մեկը․

• Տենդ, որը համապատասխանում է մարմնի 38̊ C-ից բարձր ջերմաստիճանին;

• Դող և քրտնարտադրություն;

• Բերանի խոռոչի, ըմպանի բորբոքային երևույթներ, ատամնացավ;

• Ցավեր որովայնում;

• Ցավեր հետանցքի շրջանում;

• Ցավ կամ այրոցի զգացողություն միզելիս, հաճախամիզություն;

• Փորլուծություն;

• Հազ, շնչարգելություն;

• Ցանկացած կարմրածություն, այտուց կամ ցավ (հատկապես կտրվածքի, վերքի կամ կաթետերի շուրջ)

• Արտասովոր արտադրություն հեշտոցից կամ քոր։

Նեյտրոպենիայի պատճառները

Նեյտրոֆիլների քանակի իջեցում կարող են առաջացնել քաղցկեղի և դրա բուժման հետ կապված հետևյալ գործոնները․

• Քիմիաթերապիայի որոշ տեսակներ;

• Ողղակիորեն ոսկրածուծն ախտահարող քաղցկեղները (լեյկեմիա, լիմֆոմա, միելոմային հիվանդություն);

• Օրգանիզմում տարածված քաղցկեղները;

• Օրգանիզմի որոշակի հատվածներում կիրառվող ճառագայթային թերապիան (կոնքոսկր, ոտքեր, կրծքավանդակ, որովայն):

Որոշ մարդկանց մոտ նեյտրոպենիա առաջանալու հավանականությունն ավելի մեծ է․

• 70 տարեկանից բարձր անձանց մոտ;

• Այլ պատճառներից ճնշված իմունային համակարգ ունեցող մարդիկ (ՄԻԱՎ, օրգանների տրանսպլանտացիա)։

Նեյտրոպենիայի կառավարումն ու բուժումը

Կողմնակի ազդեցությունների բարելավումն ու բուժումը քաղցկեղի բուժման կարևոր մասն է կազմում։ Այն կոչվում է պալիատիվ խնամք կամ օժանդակող բուժում։ Խոսե՛ք Ձեր բուժ անձնակազմի հետ Ձեր բոլոր ախտանիշների, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին։

Նեյտրոֆիլների մակարդակի իջեցման ժամանակահատվածը կախված է անցկացվող քիմիաթերապիայի տեսակից և դոզաներից։ Նեյտրոֆիլների քանակը սկսում է իջնել քիմիաթերապիայի յուրաքանչյուր շրջանի սկզբից մոտավորապես մեկ շաբաթ անց։ Այն մնում է ցածր բուժումից հետո 7-14 օրերի ընթացքում։ Դա համարվում է ծայրահեղ անկման շրջան, երբ ինֆեկցիաների զարգացման ռիսկը հասնում է առավելագույնի։ Այնուհետև նեյտրոֆիլների քանակությունը կրկին սկսում է բարձրանալ։ Դա տեղի է ունենում ոսկրածուծի սինթետիկ ֆունկցիայի վերականգնման շնորհիվ։ Սակայն կարող է 3-4 շաբաթ պահանջվել նեյտրոֆիլների թվի նորմալ մակարդակի հասնելու համար։

Երբ Ձեր նեյտրոֆիլների քանակությունը հասնում է նորմայի, Դուք պատրաստ եք քիմիաթերապիայի հաջորդ կուրսի համար։ Ձեր բժիշկը կարող է հետաձգել հաջորդ կուրսը կամ իջեցնել դեղերի դոզաները, եթե՝

• Դուք ունեք նեյտրոպենիա;

• Ձեր նեյտրոֆիլների քանակությունը դանդաղ է վերականգնվում։

Ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբակտերիալ դեղորայք երկարատև նեյտրոպենիայի շրջանում՝ ինֆեկցիաների կանխարգելման նպատակով։

Եթե քիմիաթերապիան առաջացրել է նեյտրոպենիա, որը զուգակցվում է տենդի հետ, Ձեզ կարող են տրվել լեյկոցիտների աճը խթանող գործոններ։ Այս դեղորայքն օգնում են օրգանիզմին առաջացնել ավելի մեծ քանակությամբ լեյկոցիտներ:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Մանվելի Ռուշանյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։