Փորլուծություն

| Կողմնակի ազդեցություններ


Mobirise Website Builder

Փորլուծությունը կամ դիարեան իրենից ներկայացնում է հաճախակի ջրային կղանքի առկայություն կամ աղիների ոչ կանոնավոր դատարկում: Աղիների դատարկումն այլ կերպ կոչվում է կղազատում:

Փորլուծության ժամանակ աղիները սովորականից ավելի հաճախ են գործում: Ձեզ համար նորմալ է համարվում կղազատման այն քանակությունը, որը Դուք սովորաբար ունենում եք օրվա ընթացքում:

Եթե Դուք քաղցկեղի բուժման ընթացքում ունենում եք փորլուծություն, հարցրեք Ձեր բուժանձնակազմին, թե ինչպես պայքարել դրա դեմ: Կողմնակի ազդեցություններից ձերբազատումը քաղցկեղի բուժման կարևոր մասն է կազմում: Այն կոչվում է պալիատիվ կամ աջակցող խնամք:

Փորլուծության առաջացման պատճառները

Քաղցկեղի և դրա բուժման հետ կապված փորլուծության առաջացման պատճառներ․

• Քիմիաթերապիա;

• Իմունաթերապիա;

• Քաղցկեղ, որն ախտահարում է ենթաստամոքսային գեղձը;

• Ճառագայթային թերապիա;

• Աղիքի մի մասի հեռացում;

• Ոսկրածուծի փոխպատվաստման կողմնակի ազդեցություն հանդիսացող «տրանսպլանտանտն ընդդեմ տիրոջ» ռեակցիա։

Պատճառներ, որոնք կապված չեն քաղցկեղի հետ, բայց կարող են առաջացնել փորլուծություն․

• Գրգռված աղու համախտանիշ կամ աղիների բորբոքային հիվանդություններ;

• Վիրուսային վարակներ;

• Որոշակի սննդամթերք մարսելու անկարողություն;

• Փորլուծություն առաջացնող Clostridium difficile վարակ;

• Հակամանրէային դեղորայք։

Փորլուծության առաջացման պատճառը պարզելու համար Ձեր բուժանձնակազմը կարող է անցկացնել որոշակի հետազոտություններ: 

Փորլուծության աստիճանները

Բժիշկները փորլուծության ուժգնությունը նկարագրելու համար օգտագործում են Քաղցկեղի Ազգային ինստիտուտի կողմից հաստատված աստիճանները՝

1-ին աստիճան (Grade 1). Սովորականից 4-ով ավել կղազատում;

2-րդ աստիճան (Grade 2). Սովորականից 4-6 կղազատում ավելի;

3-րդ աստիճան (Grade 3). Այս դեպքում կարող է պահանջվել բուժում հիվանդանոցային պայմաններում։ Այն բնորոշվում է մի քանի գործոններով․

• Օրական 7 և ավել կղազատում;

• Կղազատման ֆունկցիան վերահսկելու անկարողություն, որը հայտնի է որպես անկղապահություն;

• Առանց որևէ միջամտության ամենօրյա պահանջներն իրականացնելու անկարողություն ;

4-րդ աստիճան (Grade 4). Սա կյանքին սպառնացող իրավիճակ է, որն անմիջապես պահանջում է ինտենսիվ բուժում։

Փորլուծության ռիսկերը

Չնայած պատճառած անհարմարություններին` թույլ փորլուծությունը սովորաբար չի առաջացնում լուրջ խնդիրներ: Սակայն, արտահայտված փորլուծությունը կարող է ջրազրկման, էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարման պատճառ հանդիսանալ, որը տեղի է ունենում օրգանիզմի մեծ քանակությամբ հեղուկներ կորցնելու դեպքում: Այն կարող է նաև առողջական այլ խնդիրների պատճառ դառնալ: Այդպիսի խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է կանխարգելել փորլուծությունը կամ քայլեր ձեռնարկել այն ժամանակին բուժելու համար:

Փորլուծության կանխարգելումը և բուժումը

Փորլուծության կանխարգելումը և բուժումը կախված է Ձեր ախտանիշներից և փորլուծության աստիճանից:

Հարցրեք Ձեր բուժանձնակազմին փորլուծության բուժմանն ուղղված դեղամիջոցների մասին: Դրանցից են՝ Լոպերամիդը (Imodium), ինչպես նաև, Դիֆենոքսիլատի և Ատրոպինի կոմբինացիան (Lomotil): Ձեզ կարող են նշանակել այս դեղորայքը քիմիաթերապիայից առաջացած փորլուծության ժամանակ: 

Հաշվի առեք հետևյալ խորհուրդները թույլ փորլուծության դեպքում․

• Խուսափեք  կոֆեինից, ալկոհոլից, կաթնամթերքից, ճարպից, մանրաթելերից, նարնջի ու սալորի հյութից, կծու ուտելիքներից:

• Խուսափեք աղիների աշխատանքը խթանող, կղանքը փափկեցնող դեղորայքից, ինչպես նաև Metoclopramid-ից, որը հաճախ նշանակվում է քիմիաթերապիայի հետևանքով առաջացած սրտխառնոցի և փսխումների կանխարգելման համար։

• Քիչ, բայց հաճախակի սնվեք և ընտրեք դյուրամարս սննդամթերք, այդ թվում բանան, բրինձ, խնձորի խյուս և կարմրեցրած հաց (տոստ): Եթե փորլուծությունն առաջացել է քիմիաթերապիայի հետևանքով Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ցածր մանրաթելերով դիետա:

• Մեծ քանակությամբ ջուր և այլ հեղուկներ օգտագործեք ջրազրկումից խուսափելու համար: Սուր ջրազրկում ունեցող մարդիկ ներերակային ճանապարհով հեղուկներ ստանալու կարիք կարող են ունենալ: 

Եթե ունեք արտահայտված փորլուծություն և վիճակը չի բարելավվում վերոնշյալ տարբերակները փորձելուց հետո, կապ հաստատեք Ձեր բուժանձնակազմի հետ: Ելնելով Ձեր ախտանիշներից՝ բժիշկը կարող է 

• Փոխել փորլուծության դեմ Ձեր կողմից կիրառվող դեղորայքը;

• Ստուգել Ձեր էլեկտրոլիտների մակարդակը և/կամ տալ Ձեզ ներերակային հեղուկներ;

• Ստուգել՝ արդյո՞ք փորլուծության պատճառը ինֆեկցիան չէ;

• Փոխել քիմիաթերապիայի դեղաչափը կամ հաճախականությունը։

Երբեմն փորլուծություն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարման պատճառով, ինչը կարող է դիտվել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դպքում: Այս պարագայում կիրառվում են ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների փոխարինիչներ:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Լիլիթ Սահակյանի կողմից



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։