Փորկապություն

| Կողմնակի ազդեցություններ


Mobirise Website Builder

Փորկապության ժամանակ անձն ունենում է աղիների դատարկման կարիք, սակայն չի կարողանում անել դա։ Դա դիտվում է այն դեպքում, երբ աղիներով մեծանում է ջրի ներծծումը, կամ առաջանում են ազդակներ, որոնք դանդաղեցնում են աղիներով սննդի տեղաշարժը։ Փորկապությունը քաղցկեղ ունեցող անձանց մոտ հաճախ հանդիպող, սակայն կառավարելի ախտանշան է։

Փորկապության ախտանիշները

Բացի կղազատման բացակայությունից, փորկապության դեպքում կարող են դիտվել հետևյալ ախտանիշները․

• Ցավ և կծկումներ որովայնում;

• Որովայնի փքվածություն;

• Ախորժակի կորուստ;

• Սրտխառնոց և փսխում;

• Միզարձակման անկարողություն;

• Անհարմարություն։

Խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ փորկապության ախտանիշների մասին, ներառյալ՝ ցանկացած նոր ախտանշանի կամ առկա ախտանշանի փոփոխության։ Կողմնակի ազդեցությունների վերացումը քաղցկեղի բուժման կարևոր մասն է կազմում։ Այն նաև կոչվում է պալիատիվ կամ աջակցող խնամք։

Հաճախ, այդ ախտանշանները կարող են կառավարվել որոշ պարզ քայլերի հետևելով։ Սակայն, երբեմն այդ ախտանշանները կարող են լինել ավելի լուրջ խնդրի նշան, և կարող են որոշ լրացուցիչ հետազոտությունների կարիք առաջացնել։

Փորկապության պատճառները

Հաճախ հանդիպող պատճառներ․

• Սննդի և բջջանյութի ոչ բավարար քանակությամբ օգտագործումը;

• Ջրի և հեղուկների ոչ բավարար քանակությամբ օգտագործումը;

• Չմարզվելը։

Քաղցկեղ ունեցող մարդկանց դեպքում փորկապության պատճառ կարող են լինել նաև հետևյալ գործոնները․

• Դեղորայքը, ներառյալ․

  • Ցավազրկողները, որոնք կարող են դանդաղեցնել աղիների մկանային կծկումները;
  • Որոշ հակափսխումային, հակասրտխառնոցային, հակացնցումային, հակաճնշումային դեղեր, հակադեպրեսանտներ և փորլուծության դեմ դեղեր;
  • Երկաթի պրեպարատներ;
  • Քիմիապրեպարատներ։

• Աղիներում հետվիրահատական սպիական հյուսվածքը կամ դեպի աղու լուսանցք աճող ուռուցքը, որն առաջացնում է աղիքի մասնակի խցանում;

• Սպիական հյուսվածքը կամ ուռուցքը, որն ամբողջությանբ խցանում է աղիքի լուսանցքը՝ առաջացնելով աղիքային անանցանելիություն;

• Ֆիզիկապես պասիվ լինելը;

• Ողնուղեղը ճնշող ուռուցքը;

• Արյան մեջ կալցիումի նորմայից բարձր քանակությունը;

• Կալիումի նորմայից ցածր պարունակությունը;

• Վահանագեղձի հիվանդությունները;

• Շաքարային դիաբետը։

Փորկապության ախտորոշումը

Փորկապության դեպքում Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ռեկտալ հետազոտություն կամ պատկերավորող հետազոտության որևէ տեսակ։ Դա արվում է ուղիղ աղիքի կամ մարսողական տրակտի ուռուցքով խցանումը հերքելու համար։ Հետազոտություններով նաև պարզում են ուղիղ աղիքում չափազանց պինդ կղանքային զանգվածի հնարավոր առկայությունը։ 

Ձեր բուժանձնակազմը կարող է Ձեզ ուղղել հարցեր՝

• Ձեր աղիների գործունեության մասին՝ քաղցկեղից առաջ և այժմ;

• Փորկապություն առաջացնող դեղորայքի օգտագործման մասին;

• Ձեր օգտագործած սննդի և ըմպելիքների մասին;

• Այլ հիվանդությունների առկայության մասին։

Փորկապության վարումը

Շատ կարևոր է բուժել փորկապությունն ինչպես հարկն է։ Բուժման բացակայության դեպքում, փորկապությունը կարող է վնասել բարակ կամ ուղիղ աղիքը, առաջացնել ջրազրկում կամ աղիքային անանցանելիություն։ Այն կարող է նաև դանդաղեցնել բերանով ընդունած դեղորայքի աղիքային ներծծումը։ Խնդիրն առաջացնող սպիական հյուսվածքի կամ ուռուցքի առկայության դեպքում Դուք լրացուցիչ հետազոտությունների կարիք կունենաք։

Խոսեք Ձեր բուժանձնակազմի մասին փորկապության վարման լավագույն տարբերակի մասին։ Հետևյալ խորհուրդները կարող են օգտակար լինել․

• Խմեք շատ հեղուկներ;

• Խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ խնդիրն առաջացնող դեղորայքի դեղաչափի վերանայման կամ ընդունման դադարեցման մասին;

• Օգտագործեք բուսական բջջանքով հարուստ սնունդ։ Սակայն, սպիական հյուսվածքի կամ ուռուցքի առկայության դեպքում Ձեր բժիշկը կարող է նշանակել բուսական մանրաթելերի ցածր պարունակությամբ սննդակարգ, քանի որ այն կարող է խցանվել աղիքի նեղացած հատվածներում։

• Հնարավորության դեպքում՝ ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը;

• Բուժումը կարող է իրականացվել լաքսատային պրեպարատներով, հոգնայով կամ ռեկտալ մոմիկներով։ Սակայն, սրանք կարող են հակացուցված լինել որոշ պացիենտների, այնպես որ, խոսեք Ձեր բժշկի հետ բուժման հետևյալ տարբերակները կիրառելուց առաջ։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։