| Կողմնակի ազդեցություններ
Կլման խանգարման պատճառները
Պատճառներից մեկը բերանի խոռոչի, ըմպանի կամ կերակրափողի քաղցկեղն է։ Այս հատվածներում զարգացող ուռուցքը կարող է փոքրացնել խոռոչը/լուսանցքը։
Կլման խանգարման պատճառ կարող են լինել նաև քաղցկեղի բուժման որոշ տարբերակներ․
• Ճառագայթային բուժում;
• Վիրահատություն;
• Քիմիաթերապիա։
Բուժման կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են առաջացնել դիսֆագիա ներառում են՝
• Բերանում, ըմպանում կամ կերակրափողում զարգացող ֆիբրոզ, որն առաջացնում է սպի;
• Բերանի խոռոչի կամ կերակրափողի վարակները, որոնք կարող են առաջանալ քիմիաթերապիայից կամ ճառագայթային թերապիայից հետո;
• Ըմպանի կամ կերակրափողի այտուցը, որը կարող է առաջանալ վիրահատությունից կամ ճառագայթային բուժումից հետո;
• Բերանի, ծնոտի, ըմպանի կամ կերակրափողի վիրահատության հետևանքով առաջացած կառուցվածքային փոփոխությունները;
• Մուկոզիտը, որը դրսևորվում է բերանի խոռոչի, ըմպանի կամ կերակրափողի չորությամբ, ցավով կամ բորբոքմամբ;
• Քսերոստոմիան, որն իրենից ներկայացնում է բերանի չորություն։ Հաճախ հանդիսանում է ճառագայթային բուժման կամ քիմիաթերապիայի հետևանք։
Բուժում
Քաղցկեղի բուժման կարևոր մասն են կազմում կողմնակի ազդեցությունների մեղմումը և բուժումը։ Դա կոչվում է պալիատիվ կամ ամոքիչ խնամք։ Խոսեք բժշկի հետ Ձեր ունեցած յուրաքանչյուր ախտանիշի կամ դրա փոփոխության մասին։
Մի՛ սպասեք մինչև կլման խանգարումների ի հայտ գալը։ Շատ պացիենտներ սկսում են զբաղվել այս հարցով նախքան քաղցկեղի բուժումը սկսելը, հատկապես նրանք, ովքեր ունեն ըմպանի քաղցկեղ։
Բուժումը կարող է ներառել․
• Լոգոպեդի խորհրդատվություն․ Բժիշկը կարող է Ձեզ ուղղորդել լոգոպեդի մոտ։ Մասնագետը կարող է Ձեզ սովորեցնել կլման եղանակներ, որոնց օգնությամբ կխուսափեք խեղդվելու զգացողությունից։ Լոգոպեդը մասնագիտացած է բերանի և ըմպանի մկանների ճիշտ օգտագործման եղանակների մեջ։
• Դեղորայք․ Ձեր բժիշկը կարող է դեղորայք նշանակել, եթե Դուք ունենում եք ցավեր կլման ժամանակ։ Ցավոտ կլումը կոչվում է օդինոֆագիա: Որոշ դեղեր նվազեցնում են ցավը և բորբոքումը, և որոշները բուժում են բերանի խոռոչի և ըմպանի վարակները։ Դեղերի մի մասն օգտագործվում են ուտելուց առաջ բերանի խոռոչի ողողումների տեսքով։
• Սնուցման խողովակ․ Երբեմն, կլման խանգարումների պատճառով դժվարանում է սնուցումը։ Այս դեպքերում բժիշկները քթով կամ որովայնի խոռոչով արհեստական սնուցման խողովակ են տեղադրում ստամոքսի մեջ։ Դրա շնորհիվ հնարավոր է դառնում սննդի և հեղուկների ներմուծումը, մինչև կլման վերականգնվելը։
Խորհուրդներ կլման խանգարում ունեցող մարդկանց համար
Որոշ մոտեցումներ կարող են ավելի լավ աշխատել մարդկանց մի մասի համար։ Դա կախված է կլման խանգարման աստիճանից և պատճառներից։
Փորձե՛ք սննդի տարբեր տեսակներ և դրանք ուտելու տարբեր եղանակներ։ Գտե՛ք առավել հարմար տարբերակը։ Եվ հիշե՛ք, պետք է կիրառել սննդարար դիետա։ Ձեր ուտելիքը պետք է պարունակի բավարար քանակությամբ կալորիաներ, սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր։
Որոշ խորհուրդներ․
• Օգտագործեք փափուկ սնունդ, ինչպիսին յոգուրտն է;
• Հարեք սնունդը կամ թրջեք չոր ուտելիքը արգանակով, սոուսով, կարագով կամ կաթով;
• Փորձեք օգտագործել խտացնող հեղուկներ՝ ժելատին կամ այլ;
• Հեղուկների համար օգտագործեք ձողիկներ;
• Օգտագործեք սառը կամ սենյակային ջերմաստիճանի սնունդ՝ ցավը մեղմելու համար;
• Կերեք փոքր կտորներով՝ դանդաղ և մանրակրկիտ ծամելով;
• Սնվելիս կամ խմելիս ուղղաձիգ դիրք ընդունեք;
• Սնվեք քիչ քանակությամբ, բայց հաճախակի;
• Քաշի կորստի դեպքում օգտագործեք բարձր կալորիականությամբ և սպիտակուցներով հարուստ սնունդ;
• Խուսափեք չոր և կոշտ սննդից;
• Խուսափեք երկար ծամելու կարիք ունեցող սննդից;
• Խմեք ճաշը փոխարինող սննդային հավելումներ պարունակող ըմպելիքներ։
Կարող եք նաև խորհրդակցել սննդաբանի հետ։
Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:
Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: