Համի փոփոխություններ

| Կողմնակի ազդեցություններ


Mobirise Website Builder

Քաղցկեղ ունեցող որոշ մարդիկ ունենում են համի փոփոխություններ բուժման ընթացքում կամ դրանից հետո։ Ստորև նշված են հաճախ հանդիպող համի փոփոխությունները․

 • Կերակուրի համը կարող է տարբերվել ունեցած նախկին համից։ Սա հատկապես բնորոշ է կծու, քաղցր կամ աղի կերակուրներին;

• Որոշ կերակուրներ կարող են անհամ թվալ;

• Բոլոր կերակուրները կարող են նույն համն ունենալ;

• Կարող եք ունենալ մետաղական կամ քիմիական տհաճ համ բերանում, հատկապես միս կամ այլ պրոտեիններով հարուստ սննդամթերք ուտելիս։

Համի փոփոխությունները կարող են հանգեցնել ախորժակի կորստի և քաշի անկման։ Տեղյակ պահեք Ձեր բժշկին, եթե ունենում եք համի այնպիսի փոփոխություններ, որոնք խանգարում են Ձեզ ուտել։ 

Համի փոփոխությունների պատճառները

Ստորև ներկայացված են համի փոփոխություններ առաջացնող քաղցկեղի և դրա բուժման ամենահաճախ հանդիպող պատճառները․

Քիմիաթերապիա․ Համի փոփոխությունները քիմիաթերապիայի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններ են հանդիսանում։ Քիմիաթերապիա ստացող մարդկանց մոտավորապես կեսն ունենում է համի փոփոխություններ։ Սակայն, այս փոփոխությունները վերանում են բուժումն ավարտելուց 3-4 շաբաթ հետո։ 

Հետևյալ քիմիապրեպարատները հաճախ են առաջացնում համի զգացողության փոփոխություններ․

  • Cisplatin 
  • Cyclophosphamide
  • Doxorubicin
  • Fluorouracil (5-FU)
  • Paclitaxel
  • Vincristine

Այլ դեղորայք․ Որոշ այլ դեղեր նույնպես կարող են առաջացնել համի զգացողության փոփոխություններ․

  • Որոշ օփիոիդներ, որոնք կիրառվում են ցավերի դեպքում, օրինակ՝ մորֆինը;
  • Հակաբիոտիկներ, որոնք կիրառվում են վարակները բուժելու համար։

• Ճառագայթային թերապիա․ Գլխի և պարանոցի շրջանում կատարվող ճառագայթային բուժումը կարող է վնասել համի զգայարանները և թքագեղձերը՝ հանգեցնելով համի փոփոխությունների։ Այն կարող է նաև փոփոխել հոտառությունը։ Հոտառության փոփոխությունները նույնպես կարող են ազդեցություն ունենալ սննդի համը զգալու վրա։

Ճառագայթման հետևանքով առաջացած համի փոփոխությունները, սովորաբար, բուժումն ավարտելուց հետո 3 շաբաթից մինչև 2 ամիս անց վերականգնվում են։ Թքագեղձերի վնասման դեպքում համի զգացողությունը ամբողջությամբ չի վերականգնվում։

Այլ պատճառներ․ 

  • Ըմպանի, քթի, բերանի խոռոչի վիրահատություններ;
  • Կենսաբանական բուժումներ, ինչպիսին են ինտերլեյկին-2-ով (Proleukin) բուժումը;
  • Բերանի չորությունը;
  • Համի զգացողության մեջ ներառված նյարդերի վնասումը;
  • Բերանի խոռոչի վարակները;
  • Ատամների կամ լնդերի խնդիրները;
  • Սրտխառնոցը և փսխումը։

Համի զգացողության խնդիրների վերահսկումը

Սովորաբար, չկան հատուկ բուժումներ համի խանգարումների դեպքում։ Սակայն, համի փոփոխությունների հիմքում ընկած պատճառի բուժումը կարող է օգնել։ Օրինակ, բերանի խոռոչի վարակների, լնդերի և ատամների հիվանդությունների բուժումը կարող է բարելավել համի զգացողությունը։

Համի փոփոխությունները կարող են դժվարեցնել առողջարար սննդամթերքի կիրառումն ու քաշի պահպանումը։ Այս դեպքում անհրաժեշտ է սննդաբանի խորհրդատվություն։ 

Ստորև նշված են որոշ խորհուրդներ, որոնք կարող են օգնել հաղթահարել համի փոփոխությունները․

• Ընտրեք լավ հոտ և համ ունեցող մթերքներ, անգամ եթե դրանք Ձեզ անծանոթ են;

• Ազատվեք սնունդ պատրաստելու հոտերից խոհանոցային հատուկ պարագաների, սնունդը դրսում խորովելու կամ պատրաստի սնունդ գնելու միջոցով։ Սառը կամ սենյակային ջերմաստիճանի սնունդը պակաս հոտավետ է։

• Կիրառեք սառը սննդամթերք, որոնք ավելի լավ համ են ունենում քան տաք վիճակում։ Սակայն, խուսափեք սառը մթերքներից, եթե ստանում եք Oxaliplatin քիմիապրեպարատը։

• Կիրառեք պլաստիկ կամ ապակե խոհանոցային սպասք մետաղական համը նվազեցնելու համար։

• Փորձեք շաքար չպարունակող մաստակներ կամ կոնֆետներ անանուխի, լիմոնի կամ նարնջի համով։ Դրանք կարող են նվազեցնել բերանում մետաղական համի զգացողությունը։

• Եթե համի փոփոխության պատճառով չեք կարողանում ուտել կարմիր միս, ապա փորձեք գտնել սպիտակուցի այլ աղբյուրներ (թռչնամիս, ձկնեղեն, գետնանուշ, լոբազգիներ, կաթնամթերք):

• Միսը մարինացրեք մրգահյութերով, քաղցր գինիներով կամ այլ սոուսներով։

• Լավ համեմեք կերակուրը խոտաբույսերով, շաքարով, լիմոնով, սոուսներով կամ այլ համեմունքներով։

• Քիմիաթերապիա ստանալուց 1-2 ժամ առաջ և մինչև 3 ժամ հետո խուսափեք ուտելուց։ 

• Ողողեք բերանի խոռոչը աղի և սոդայի լուծույթով ճաշելուց առաջ։ Խառնեք կես թեյի գդալ կերակրի աղը նույնքան սոդայի հետ մեկ բաժակ տաք ջրում։ Այն կանցկացնի բերանի տհաճ համը։

• Մաքուր պահեք բերանի խոռոչը և ատամնաշարը։

• Որոշ մարդկանց համի փոփոխությունների դեպքում օգնում են ցինկի սուլֆատի հավելումները։ Սակայն, անպայման խոսեք Ձեր բժշկի հետ որևէ հավելում կիրառելուց առաջ, հատկապես, ակտիվ բուժման շրջանում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

 Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։