Ալկոհոլ

| Կանխարգելում


Mobirise Website Builder

Ծխախոտի նման` ալկոհոլը այն հաճախակի հանդիպող գործոններից է, որը կապվում է քաղցկեղի առաջացման ռիսկի հետ։ Ընդ որում, ալկոհոլի տեսակը կապ չունի (գինի, գարեջուր և այլն)։ Ալկոհոլի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի հետևյալ տեսակների ռիսկը՝

• Գլխի և պարանոցի քաղցկեղներ, մասնավորապես՝ բերանի խոռոչի, ըմպանի և կոկորդի;

• Լյարդի քաղցկեղ;

• Կերակրափողի քաղցկեղ;

• Կրծքագեղձի քաղցկեղ;

• Կոլոռեկտալ քաղցկեղ։

Այս քաղցկեղների առաջացման ռիսկը մեծանում է ալկոհոլի քանակի և օգտագործման տևողության հետ կապված։ Ռիսկը հատկապես մեծ է ըմպանի, կերակրափողի և բերանի խոռոչի քաղցկեղների զարգացման համար։ Պատճառն ալկոհոլ խմելիս՝ դրա անմիջական կոնտակտն է տվյալ հատվածների հետ։

Ալկոհոլի քաղցկեղի ռիսկը մեծացնելու պատճառները

Այս առիթով հետազոտությունները դեռ շարունակվում են։ Ստորև ներկայացվում են որոշ հավանական պատճառներ՝

• Մեծ ռիսկը կարող է կապված լինել առողջ բջիջների ԴՆԹ-ն վնասող հետևյալ քիմիական նյութերի հետ՝

  • Էթանոլ, որն ալկոհոլային ըմպելիքների հիմնական բաղադրիչն է հանդիսանում;
  • Ացետալդեհիդ, որն առաջանում է օրգանիզմում ալկոհոլի նյութափոխանակության արդյունքում;
  • Ալկոհոլը կարող է խաթարել օրգանիզմում էստրոգենի քայքայումը, որի հետևանքով արյան մեջ մեծանում է վերջինիս պարունակությունը։ Օրգանիզմում էստրոգենի նորմայից բարձր պարունակությունը հանդիսանում է կրծքագեղձի, ձվարանների և արգանդի քաղցկեղի ռիսկի գործոն։ Սա խնդիր է կանանց համար դաշտանադադարից առաջ և դաշտանադադարի ժամանակ` հորմոնային թերապիա ստանալիս։

• Ալկոհոլի օգտագործումը թուլացնում է օրգանիզմում կարևոր նուտրիենտների ներծծումն ու փոխանակությունը, ներառյալ՝

  • Վիտամին A
  • Վիտամին C
  • Վիտամին D
  • Վիտամին E
  • Ֆոլաթթու
  • Կարոտինոիդներ
  • Ալկոհոլը կարող է քաշի ավելացման պատճառ հանդիսանալ, ինչը նույնպես մեծացնում է քաղցկեղի ռիսկը։

Ալկոհոլի օգտագործման խորհուրդներ

Չկա քաղցկեղի ամբողջական կանխարգելման հաստատված միջոց։ Այնուամենայնիվ, կան քայլեր, որոնց միջոցով կարող եք իջեցնել ալկոհոլ-կապակցված ռիսկը․

• Սահմանափակեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը։ Կանանց դեպքում՝ ոչ ավել, քան 1 բաժակ օրական, տղամարդկանց դեպքում՝ 1-2 բաժակ օրական։ Տվյալ դեպքում բաժակը սահմանվում է որպես՝

  • 12 ունցիա կամ 341մլ գարեջուր;
  • 5 ունցիա կամ 142մլ գինի;
  • 1,5 ունցիա կամ 43մլ մաքուր լիկյոր։

Սա խմելու միջին քանակությունն է։

• Մի չարաշահեք խմելը և մի հարբեք։ Կանանց համար հարբել է համարվում կարճ ժամանակահատվածում 4 և ավել, տղամարդկանց համար՝ 5 և ավել բաժակը։ Հարբելը կարող է մեծացնել քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը, անգամ այն դեպքում, երբ դա հաճախակի բնույթ չի կրում։

• Կարմիր գինին բացառություն մի համարեք։ Չկա ապացույց, որ կարմիր գինին կանխարգելում է քաղցկեղը։ Նշված սահմանափակումները վերաբերվում են նաև կարմիր գինուն։

• Խուսափեք ալկոհոլի և ծխախոտի օգտագործումից։ Այս կոմբինացիան ավելի է մեծացնում որոշ քաղցկեղների (բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի) առաջացման ռիսկերը։

• Բավարար քանակությամբ ֆոլաթթվի օգտագործումը կարող է պաշտպանել ալկոհոլի հետ կապված որոշ քաղցկեղների (կրծքագեղձի քաղցկեղ) առաջացումից։ Ֆոլաթթու պարունակվում է խոտաբույսերի, կանաչ բանջարեղենի, մրգերի չորացրած լոբու և ոլոռի մեջ։

• Խոսեք Ձեր բժշկի հետ, եթե ստանում եք դաշտանադադարային հորմոնային թերապիա։ Ալկոհոլի հետ զուգակցումը կարող է մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը։

• Վերոնշյալ քաղցկեղների առաջացման ռիսկը մեծ է ալկոհոլի մեծ քանակությամբ օգտագործման դեպքում։ Բայց, անգամ թույլատրելիից քիչ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը կարող է քաղցկեղի ռիսկ հանդիսանալ։ Խոսեք Ձեր բժշկի հետ նշված քաղցկեղների համար Ձեր ռիսկի գործոնների մասին։ Բժիշկը կարող է խորհուրդ տալ ալկոհոլի սահմանափակում կամ օգտագործման դադարեցում՝ ռիսկն իջեցնելու համար։

• Եթե Դուք ստանում եք հակաքաղցկեղային բուժում, հարցրեք Ձեր բժշկին ալկոհոլից խուսափելու անհրաժեշտության մասին։ Օրինակ, ալկոհոլը կարող է գրգռել և բարդացնել բուժման հետևանքով առաջացած բերանի չորությունն ու վերքերը։ Որպես լրացում, ալկոհոլը կարող է մեծացնել կողմնակի էֆեկտների ռիսկը՝ ջրազրկման և նուտրիենտների կորստի պատճառ հանդիսանալով։

Ալկոհոլը և քաղցկեղի ռեցիդիվը

Կրծքագեղձի քաղցկեղը վերապրածների շրջանում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ալկոհոլի միջին օգտագործումը չի մեծացնում հիվանդության ռեցիդիվի (ախտադարձի) ռիսկը։ Ռեցիդիվը հիվանդության վերադարձն է։ Որպես լրացում, ալկոհոլի միջին օգտագործումը չի իջեցնում ապրելիության ցուցանիշները։

Քաղցկեղի մյուս տեսակների մասին նման ինֆորմացիան սահմանափակ է։ Այնուամենայնիվ, ավելի լավ է խուսափել մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումից՝ նաև քաղցկեղի ախտորոշումից հետո։

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ գլխի և պարանոցի քաղցկեղները վերապրած այն մարդիկ, ովքեր շարունակել են խմել, ունեն քաղցկեղի ախտադարձի բարձր ռիսկ։ Սա հատկապես վերաբերվում է միջինից մինչև ծանր խմողներին։

Եթե Դուք հաղթահարել եք քաղցկեղը, խոսեք Ձեր բժշկի հետ ալկոհոլի օգտագործման և դրա հնարավոր հետևանքների մասին։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից:

 



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։