| Կանխարգելում
Բնական դաշտանադադարի դեպքում օրգանիզմում իջնում են էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների մակարդակը։ Դրա հետևանքով առաջանում են անկանոն դաշտանային ցիկլեր, որոնք, ի վերջո, դադարում են։ Սովորաբար դաշտանադադարն առաջանում է մոտավորապես 50 տարեկանում։ Սակայն, այն կարող է նաև սկսվել ավելի վաղ կամ ուշ։
Քաղցկեղ ունեցող կանանց մոտ դաշտանադադար կարող է դիտվել ավելի վաղ։ Օրինակ, որոշ բուժման մեթոդներ խաթարում են ձվարանների ֆունկցիան։ Սա կոչվում է վաղաժամ դաշտանադադար։
Դաշտանադադարի ախտանշաններն են․
• Ջերմահորդանքներ;
• Գիշերային քրտնարտադրություն;
• Հոգնածություն;
• Հեշտոցի չորություն;
• Ցավոտ սեռական հարաբերություն;
• Սեռական ցանկության իջեցում;
• Օստեոպորոզ, որի հետևանքով ոսկրերը դառնում են ավելի փխրուն;
• Միզապարկի ֆունկցիայի հետ կապված խնդիրներ;
• Միզային համակարգի վարակներ;
• Տրամադրության փոփոխություններ և գրգռվածություն;
• Դեպրեսիա;
• Թուլություն;
• Քնի խանգարումներ;
• Անկանոն կամ ծանր դաշտաններ;
• Քաշի ավելացում;
• Մազաթափություն;
• Ուժեղ հակվածություն որոշակի տեսակի սննդի հանդեպ;
• Մոռացկոտություն։
Դաշտանադադարը և քաղցկեղի ռիսկը
Դաշտանադադարից հետո քաղցկեղի ռիսկի մեծացումը կապված է 2 հիմնական գործոնների հետ․
• Մեծ քանակությամբ հորմոնների ազդեցություն, օրինակ՝ էստրոգենի;
• Մեծ քանակությամբ ձվազատումներ։
Ձվազատում առաջանում է, երբ ձվարանն արտադրում է ձվաբջիջներ։ Երկար տարիներ դաշտան ունեցող կանայք ունենում են բազմաթիվ ձվազատումներ, ինչը մեծացնում է արգանդի, կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի ռիսկը։ Սա ներառում է այն կանանց, ում մոտ՝
• Առաջին դաշտանը դիտվել է 12 տարեկանից վաղ հասակում;
• Դաշտանադադարը սկսվել է 55 տարեկանից հետո։
Օրալ հակաբեղմնավորիչներ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրալ (ներընդունման) հակաբեղմնավորիչներն իջեցնում են ձվարանների քաղցկեղի ռիսկը։ Սա պայմանավորված է նրանով, որ դրանք ժամանակավորապես կասեցնում են ձվազատումը։ Խոսե՛ք Ձեր բժշկի հետ օրալ հակաբեղմնավորիչների առավելությունների և ռիսկերի մասին։
Կոմբինացված հորմոնային բուժում և քաղցկեղի ռիսկ
Կոմբինացված հորմոնային թերապիան կոչվում է նաև հետդաշտանադադարային կամ հորմոն-փոխարինող թերապիա։ Այն կարող է վերացնել դաշտանադադարի այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ջերմահորդանքները և օստեոպորոզը։ Այն իրենից ներկայացնում է էստրոգենի և պրոգեստինի կոմբինացիա։ Պրոգեստինն իրենից ներկայացնում է լաբորատոր պայմաներում ստացված պրոգեստերոն։
«Կանանց առողջություն նախաձեռնություն» հետազոտություն
Հետազոտությամբ պարզվել է, որ կոմբինացված հորմոնային թերապիա ստացող կանայք ունեն հետևյալ հիվանդությունների ավելի բարձր ռիսկեր․
• Կրծքագեղձի քաղցկեղ;
• Սրտամկանի ինֆարկտ;
• Ինսուլտ;
• Թրոմբոզ։
Սակայն, այս հետազոտությամբ նաև պարզվել է, որ այդ կանայք ունենում են կոլոռեկտալ քաղցկեղի և ոսկրային կոտրվածքների ավելի ցածր ռիսկեր․
Միևնույն ժամանակ, մեկ այլ հետազոտությամբ ենթադրվում է, որ կոմբինացված հորմոնային թերապիան մեծացնում է թոքի ոչ մանր բջջային քաղցկեղից մահացությունը։
Կոմբինացված հորմոնալ թերապիայի ցուցումներ
Նշված ռիսկերի պատճառով հորմոն-փոխարինող բուժումը խորհուրդ չի տրվում այն կանաց, ովքեր՝
• Ունեն կրծքագեղձի քաղցկեղի պատմություն;
• Ունեն կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ։
Երբեմն, կանայք ստանում են հորմոններ ցածր դոզաներով։ Այդ կարճատև բուժումը դաշտանադադարի ուժեղ ախտանշանները մեղմացնելու համար է։
Որոշ դեպքերում բժիշկները նշանակում են հորմոն-փոխարինող թերապիա միայն էստրոգենով։ Այս տարբերակը կիրառվում է միայն հիստերէկտոմիա տարած կանանց դեպքում։ Հիստերէկտոմիան արգանդի վիրաբուժական հեռացումն է։ Պրոգեստերոնով չբալանսավորված էստրոգենը կարող է հանգեցնել արգանդի լորձաթաղանթի աճի, ինչը մեծացնում է արգանդի քաղցկեղի ռիսկը։
Հորմոն-փոխարինող թերապիայի ազդեցությունը կանանց վրա շատ հակասական է։ Ռիսկերն ու առավելությունները կրում են անհատական բնույթ։
Հորմոն-փոխարինող թերապիա ստանալուց առաջ խոսե՛ք Ձեր բժշկի հետ։ Կիսվե՛ք Ձեր ախտանիշներով և բժշկական պատմությամբ։ Հարցրե՛ք Ձեր ախտանիշների մեղմացման տարբերակների մասին։ Կշռադատե՛ք բուժման ռիսկերն ու առավելությունները։
Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:
Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: