| Կանխարգելում
ՄՊՎ-ի որոշ տեսակներ կարող են առաջացնել գորտնուկներ մարմնի տարբեր հատվածներում։ ՄՊՎ-ի այլ տեսակներ կարող են քաղցկեղի կամ նախաքաղցկեղային վիճակների պատճառ հանդիսանալ։
ՄՊՎ-ի տեսակները և տարածման ուղիները
ՄՊՎ-ի շատ տեսակեր կարող են առաջացնել հասարակ գորտնուկներ ձեռքերին, ոտքերին կամ մարմնի այլ մասերում։ Սակայն, ավելի քան 40 ՄՊՎ վիրուսներ հայտնի են որպես «սեռական տեսակներ»։ Սրանք փոխանցվում են սեռական ճանապարհով՝ վագինալ, անալ կամ օրալ հարաբերության ժամանակ։
Սեռական ՄՊՎ-ն կարող է ախտահարել և՛ կանանց, և՛ տղամարդկանց սեռական օրգանները։ Այն կարող է ախտահարել նաև հետանցքի շրջանը և բերանի ու ըմպանի օրգանները։ Սեռական ՄՊՎ-ն նույնպես կարող է առաջացնել գորտնուկներ, որոնք տարբերվում են ձևով, չափերով և քանակով, և հազվադեպ են վերածվում քաղցկեղի։ Դրանք կոչվում են ցածր ռիսկի ՄՊՎ և ներառում են ՄՊՎ-6 և ՄՊՎ-11 շտամները։
ՄՊՎ-կապակցված քաղցկեղներ
Բարձր ռիսկի ՄՊՎ-ն առավել հաճախ է առաջացնում քաղցկեղ։ Շատ մարդկանց մոտ իմուն համակարգը կարողանում է ազատվել վարակից։ Սակայն, շատերի մոտ առաջանում է երկրարատև վարակ, որը տարիների ընթացքում առողջ բջիջները վերափոխում է նախաքաղցկեղային կամ քաղցկեղային բջիջների։ Քաղցկեղի հետևյալ տեսակները կապված են ՄՊՎ-ի հետ․
• Արգանդի վզիկի քաղցկեղ․ Տվյալ տեսակի քաղցկեղի համարյա բոլոր դեպքերն առաջանում են ՄՊՎ վարակի պատճառով։ Դրանց 70%-ը պայմանավորված է ՄՊՎ-16 կամ ՄՊՎ-18 տեսակներով։ ՄՊՎ ունեցող կանանց մոտ ծխելը մեծացնում է քաղցկեղի ռիսկը։ Չնայած նրան, որ արգանդի վզիկի քաղցկեղի համարյա բոլոր դեպքերը կապված են ՄՊՎ-ի հետ, այնուամենայնիվ, ոչ բոլոր սեռական ՄՊՎ վարակներն են առաջացնում քաղցկեղ։
• Բերանի քաղցկեղ․ ՄՊՎ-ն կարող է առաջացնել բերանի, ըմպանի և լեզվի քաղցկեղ։ Նկատվում են այս օրգանների ՄՊՎ-կապակցված քաղցկեղների աճի միտում։ Սրան նպաստում են սեռական վարքագծի փոփոխությունները, ներառյալ օրալ սեռական հարաբերությունը։
• Այլ քաղցկեղներ․ ՄՊՎ-ն կարող է առաջացնել նաև քաղցկեղի այլ տեսակներ, ներառյալ հետանցքի, հեշտոցի և առնանդամի քաղցկեղ։
ՄՊՎ-ի առաջացրած առողջական խնդիրների կառավարում
ՄՊՎ-ն չունի լիարժեք բուժում, սակայն կարելի է բուժել դրա առաջացրած գորտնուկներն ու նախաքաղցկեղային ախտահարումները․
• Էլեկրավիրաբուժական էքսցիզիա․ անառողջ հյուսվածքի հեռացման համար օգտագործվում է էլեկտրական հոսանք;
• Սառեցնող միջամտություններ;
• Վիրահատություն;
• Սեռական գորտնուկների համար նախատեսված դեղորայքային քսուքներ։
Սեռական գորտնուկների հեռացումը չի նշանակում, որ տվյալ անձն այլևս չունի ՄՊՎ։ Գորտնուկները կարող են կրկնվել այլ բջիջներում պահպանված վիրուսի պատճառով։ Գորտնուկներ չունեցող ՄՊՎ վարակակիր անձը նույնպես կարող է վարակել սեռական զուգընկերոջը։
Ոչ ակտիվ վարակը կարող է ակտիվանալ իմուն համակարգի թուլացման կամ դեղորայքային ճնշման հետևանքով։ Սեռական հարաբերության ժամանակ պահպանակի կիրառումը իջեցնում է վարակի փոխանցման հավանականությունը։
Պատվաստումներ
ՄՊՎ պատվաստանյութն իջեցնում է վարակման հավանականությունը, սակայն չի բուժում արդեն իսկ առկա վարակը։
Պատվաստման նպատակը
Պատվաստման նպատակը ՄՊՎ վիրուսի ազդեցությանը ենթարկվելուց հետո մարդու մոտ երկարատև ինֆեկցիայի կանխարգելումն է։ Գարդասիլ-9 պատվաստանյութը կանխարգելում է ՄՊՎ-16, ՄՊՎ-18 և 5 այլ տեսակների հետևանքով քաղցկեղի առաջացումը։ Պատվաստանյութը նաև պաշտպանում է 2 ցածր ռիսկ ունեցող ՄՊՎ տեսակներից, որոնք առաջացնում են սեռական գորտնուկներ։ Քառավալենտ պատվաստանյութը՝ Գարդասիլ-4-ը, պաշտպանում է ՄՊՎ 6, 11, 16, 18 տեսակներից։
Գարդասիլն ունի հաստատված արդյունավետություն 9-ից 26 տարեկան աղջիկների և կանանց մոտ արգանդի վզիկի, հեշտոցի և վուլվայի քաղցկեղի կանխարգելման համար։ Այն նաև հաստատված է կանանց և տղամարդկանց մոտ անալ քաղցկեղի, սեռական գորտնուկների կանխարգելման համար։
Պատվաստանյութի արդյունավետությունը և ապահովությունը
Հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստումն ապահով է և ունի բարձր արդյունավետություն երկարատև վարակի կանխարգելման համար։ Այն նվազեցնում է նաև նախաքաղցկեղային ախտահարումների առաջացումը։
Կանխարգելման այլ միջոցներ
30 և բարձր տարիքի կանանց համար կիրառվում է ՄՊՎ թեստը, որի ժամանակ բուժաշխատողը կնոջ արգանդի վզիկից վերցնում է նմուշ, որը հետազտվում է քաղցկեղ առաջացնող հայտնի շտամների առկայությունը որոշելու նպատակով։ ՄՊՎ թեստը կարող է կատարվել պապ-քսուքի հետ զուգակցված։ Վերջինիս դեպքում վզիկից վերցվում է բջիջների նմուշ այնտեղ ոչ նորմալ փոփոխություններ հայտնաբերելու նպատակով։ Հաճախ միևնույն նմուշը կարող է կիրառվել 2 հետազոտությունների իրականացման համար։ ՄՊՎ թեստը կարող է կատարվել նաև հեշտոցային քսուքի միջոցով, որը կինը ինքը կարող է վերցնել։
Տղամարդկանց համար ՄՊՎ թեստ չի կիրառվում։
Ռիսկի իջեցման մեկ այլ տարբերակ է սեռական զուգընկերների քանակի նվազեցումը։ Պահպանակի կիրառումը ամբողջապես չի պաշտպանում վարակի փոխանցումից։
Հարցեր բուժանձնակազմին ուղղելու համար
• Որքա՞ն է ՄՊՎ ունենալու ռիսկը ինձ մոտ;
• Ինչպե՞ս կարող եմ նվազեցնել ռիսկը;
• Կարո՞ղ եմ ունենալ սեռական ՄՊՎ առանց սեռական հարաբություն ունենալու;
• Որո՞նք են ՄՊՎ-ի ախտանիշները;
• Կարիք կա՞ արդյոք ՄՊՎ թեստ անցնելու;
• Եթե թեստը ցույց տա ինձ մոտ ՄՊՎ առկայություն, ի՞նչ պետք է անել հաջորդիվ;
• Կարիք կա՞ արդյոք պատվաստվելու։ Ինչու՞ կամ ինչու՞ ոչ;
• Ապահո՞վ են արդյոք ՄՊՎ պատվաստանյութերը։ Որո՞նք են կողմնակի ազդեցությունները;
• Ինչպե՞ս է տրվում ՄՊՎ պատվաստանյութը։ Կա՞ արդյոք կարիք մեկից ավել ներարկումների;
• Որքա՞ն է ՄՊՎ պատվաստանյութի ազդեցության տևողությունը;
• Կատարվու՞մ է արդյոք պատվաստում հղիության առկայության դեպքում։
Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:
Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: