Ֆիզիկական ակտիվությունը և քաղցկեղի ռիսկի իջեցումը

| Կանխարգելում


Mobirise Website Builder

Միջին և բարձր ֆիզիկական ակտիվությունը առօրյայի մաս դարձնելը նվազեցնում է քաղցկեղի և այնպիսի քրոնիկ հիվանդությունների ռիսկը, ինչպիսին են սրտային անբավարարությունը և շաքարային դիաբետը։ Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի այնպիսին, որ Դուք քրտնեք և արագանան սրտի զարկերը։ Այն ներառում է քայլքը, վազքը, լողը, հեծանվավազքը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ցանկացած տեսակի ֆիզիկական ակտիվություն, որի հետևանքով խուսափում եք շատ նստելուց, կարող է նպաստել քաղցկեղի ռիսկի իջեցմանը։

Ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել քաղցկեղի ռիսկը

Հաստ աղու քաղցկեղ․ Մարդկանց մեծ խմբեր ներառող հետազոտությունները ցույց են տվել, որ կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարող մարդիկ ունեն քաղցկեղի առաջացման ավելի ցածր ռիսկ։ Չնայած նրան, որ չենք կարող պնդել, որ մարզվելն ուղղակիորեն իջեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, այնուամենայնիվ, կանոնավոր մարզվող մարդկանց մոտ հաստ աղու քաղցկեղի հավանականությունը 40-50%-ով ցածր է այն մարդկանց համեմատ, ովքեր չեն մարզվում։ Որոշ տվյալներ խոսում են այն մասին, որ կյանքի ամբողջ ընթացքում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերող մարդիկ հանդիսանում են հաստ աղու քաղցկեղի ամենացածր ռիսկ ունեցողները։

Կրծքագեղձի քաղցկեղ․ Նմանատիպ երկարատև հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական 3 ժամից ավել միջին և բարձր ֆիզիկական ակտիվություն ցուցաբերող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը 30-40%-ով ավելի ցածր է։ Սա վերաբերվում է բոլոր կանանց՝ անկախ կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմությունից։

Արգանդի քաղցկեղ․ Կան հետազոտություններ, որոնք կապում են ֆիզիկական ակտիվությունը արգանդի քաղցկեղի ցածր ռիսկի հետ։

Թոքի քաղցկեղ․ Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն ցուցաբերող մարդկանց մոտ թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը ավելի ցածր է։

Խորհուրդներ երեխաների և դեռահասների համար

Փոքր տարիքում ձևավորած ֆիզիկական ակտիվության սովորությունները սովորաբար շարունակվում են նաև հասուն տարիքում։ Երեխաներն օրական ամենաքիչը 1 ժամ պետք է ցուցաբերեն միջին և բարձր ֆիզիկական ակտիվություն։ Երեխաները և դեռահասները շաբաթական ամենաքիչը 3 օր պետք է ցուցաբերեն բարձր ֆիզիկական ակտիվություն։ Ստորև նշված մեթոդները կօգնեն երեխաների մոտ ֆիզիկական ակտիվության հանդեպ հետաքրքրության առաջացմանը․

·         Քչացրեք հեռուստացույցին հատկացվող ժամերը;

·         Սահմանափակեք տեսախաղերին հատկացվող ժամանակը;

·         Սահմանափակեք համակարգչի և այլ սարքավորումների օգտագործումը;

·         Սպորտային միջոցառումների մասնակից դարձրեք;

·         Խրախուսեք խաղերը դպրոցում կամ բակում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։