Մաշկի մելանոմայի սքրինինգ

| Կանխարգելում


Mobirise Website Builder

Մելանոման հանդիսանում է հանրային առողջության համաշխարհային խնդիրներից մեկը: Գիտական գրականության տվյալների վերլուծությունից պարզվում է, որ ամբողջ աշխարհում սպիտակամաշկ բնակչության մելանոմայի առնվազն երկու երրորդը կարող է վերագրվել ուլտրամանուշակագույն (ՈԻՄ) ճառագայթման ազդեցությանը՝ ինչպես բնական, այնպես էլ արհեստական ​​աղբյուրներից:

Նման տվյալները թույլ են տալիս մտածել, որ ուլտրամանուշակագույն լույսը

համարվում է մելանոմայի ռիսկի գործոն և, հետևաբար ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նվազեցումը առաջարկվում է որպես մելանոմայով հիվանդացության մակարդակը նվազեցնելու մեթոդ:

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում  2006 - 2010 թ.թ ժամանակահատվածում դիտվել է ինվազիվ մելանոմայի դեպքերի տարեկան մոտավորապես 5 տոկոսով նվազում 15-ից 24 տարեկան և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում։ Սա կարող էր լինել արևի ճառագայթների անբարենպաստ ազդեցության մասին մեծածավալ իրազեկման արդյունք։

Արևի ազդեցությունից պաշտպանվելու համար որոշակի ուղեցույցներ են մշակվել գիտական և մասնագիտական խմբերի կողմից։ 

Ըստ այդ ուղեցույցների առաջարկվել է հիվանդության կանխարգելման հետևյալ միջոցները.

  • Խուսափել արևայրուկից, արևային լոգանքներից և արհեստական արևային լոգանքի օգտագործումից։
  • Կիրառել արևապաշտպան քսուքներ արևի ճառագայթներին հասանելի մաշկի բոլոր տեղամասերի վրա ՝ օգտագործելով առնվազն 15 SPF (Sun Protection Factor, Արևից Պաշտպանության Գործոն), որն ապահովում է լայն սպեկտրի պաշտպանություն ինչպես ՈԻՄԱ, այնպես էլ ՈՒՄԲ ճառագայթներից: առաջարկվում է օգտագործել անգամ ամպամած օրերին և ձմռանը։
  • Պաշտպանվել հագուստի միջոցով։ 
  • Հնարավորության դեպքում գտնվել ստվերի տակ, հիշելով, որ Արևի ճառագայթներն առավել ինտենսիվ են ժամը 10.00-ից մինչև 16.00-ն։
  • Վիտամին D-ի պակասը լրացնել զգուշորեն, օգտագործելով վիտամինի սննդային հավելումներ։ 

Ի՞նչ է պետք իմանալ արևապաշտպան քսուքներ ընտրելիս

  1. Լայն սպեկտրի քսուքները պաշտպանում են մաշկը ՈՒՄԱ և ՈՒՄԲ ճառագայթներից: ՈՒՄԱ ճառագայթները նպաստում են մաշկի ծերացմանը և կնճիռների առաջացմանը, իսկ ՈԻՄԲ ճառագայթները հանդիսանում են արևայրուկի հիմնական պատճառը։ Ճառագայթների երկու տեսակն էլ կարող են մաշկի քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ։  
  2. SPF-ը  (Sun Protection Factor, Արևից Պաշտպանության Գործոն) չափվում է ճառագայթման այն քանակով, որն  անհրաժեշտ  է արևապաշտպան միջոցով պաշտպանված մաշկի վրա այրվածք առաջացնելու համար՝ համեմատած չպաշտպանված մաշկի վրա այրվածք առաջացնելու համար անհրաժեշտ էներգիայի քանակի հետ։ SPF-ի արժեքի աճի հետ մեծանում է մաշկի համեմատական պաշտպանվածությունը։
  3.  Արևապաշտպան քսուքը 15 SPF-ով պաշտպանում է մաշկը ՈՒՄԲ ճառագայթների մոտավորապես 93%-ից, իսկ SPF 30-ը՝ 97%-ից։ SPF-ի արժեքի աճի և մաշկի պաշտպանվածության աճի միջև կորելյացիան դառնում է աննշան SPF 50 արժեքից հետո։  
  4. Լողալուց և քրտնելուց հետո կարևոր է միջոցի կրկնակի օգտագործումը, քանի որ այս պայմաններում քսուքը կորցնում է իր ազդեցությունը 40-ից 80 րոպեների ընթացքում։ 

Ոչ մի հիմնարար փորձաքննություն չի իրականացվել `մահվան դեպքերի նվազեցման նպատակով մելանոմայի սքրինինգի արդյունավետությունը որոշելու համար, և մահացության վրա ազդեցությունը գնահատող դիտորդական ուսումնասիրությունները խառն են:

Մելանոմայով հիվանդացության և մահացության բարձր ռիսկի խմբում են գտնվում այն պացիենտները, ովքեր ունեն հետևյալ գործոններից որևէ մեկը. 

  • Սպիտակամաշկ տղամարդ 50 և ավելի տարեկան; 
  • Մելանոմայի ընտանեկան պատմություն;
  • 25-ից բարձր նևուսների ընդհանուր քանակ;
  • Մեկ կամ մի քանի ատիպիկ նևուսներ;
  • Ռադիացիոն ճառագայթման ենթարկում մանկական տարիքում; 
  • Արևի ճառագայթների զգալի ազդեցություն մանկական տարիքում; 
  • 30-ից ցածր տարիքում առնվազն մեկ բշտիկ կամ ցավոտ արևայրուկի առաջացում, ինչպես նաև առանց համապատասխան արևապաշտպան միջոցների արևի ճառագայթների ազդեցության ենթարկվելը կամ արհեստական արևային լոգանքի սարքերից հաճախակի օգտվելը։ 
  • Իմուն անբավարարությամբ ուղեկցվող վիճակները, մասնավորապես, իմունաճնշիչ դեղամիջոցների քրոնիկ օգտագործումը։
  • Կարմիր մազերի ֆենոտիպ:

Առավել բարձր ռիսկի խմբին են դասվում հետևյալ գործոններն ունեցող մարդիկ. 

  • Մելանոմայի արտահայտված ընտանեկան պատմություն;
  • Բազմաթիվ ատիպիկ նևուսների անձնական պատմություն։

Բարձր ռիսկի խմբին դասվող մարդկանց խորհուրդ է տրվում կատարել մելանոմայի սկրինինգային հետազոտութուն։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել բարձր ռիսկային և շատ բարձր ռիսկային խմբերի անհատներին, ովքեր երբևէ չեն հետազոտվել մաշկի քաղցկեղի համար:

Սքրինինգը ներառում է ամբողջ մարմնի մաշկի զննում, որն իրականացվում է համապատասխան վերապատրաստում ունեցող բժշկի կողմից, ինչպես նաև պացիենտների իրազեկում մելանոմայի ռիսկի գործոնների և ամենամսյա ինքնազննումների մասին։ Պացիենտներին նաև պենք է խորհուրդ տալ տեղեկացնել իրենց բժշկին փոփոխվող խալերի և կասկածելի մաշկային գոյացությունների մասին։

Այնուամենայնիվ, անկախ ռիսկի խմբից բոլոր պացիենտներին խորհուրդ է տրվում մաշկաբանական կոնսուլոտացիա կասկածելի մաշկային գոյացություններ նկատելու դեպքում։ Մելանոմայի կլինիկական նշանները ճանաչելուն կարող են օգնել ABCDE և Գլազգոյի չափորոշիչները, ինչպես նաև «անճոռնի ճուտիկի» նշանը։ 

Կասկածելի գոյացություններ նկատվելու դեպքում հետագա գնահատման համար անհրաժեշտ է մաշկաբանի կոնսուլտացիա։

Բոլոր հիվանդները պետք է իրազեկվեն արևի ճառագայթներից պաշտպանվելու կարևորության մասին:

Պացիենտի ինքնազննում. Ինքնազննման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել մեջքի մաշկին, մասնավորապես տղամարդկանց մոտ, քանի որ մելանոմաների մոտավորապես կեսն առաջանում է տղամարդկանց իրանի վրա, իսկ մեկ երրորդը՝ մեջքին։

Մեջքի ինքնազննումը դժվար է, այդ պատճառով ցանկալի է դիմել հարազատների կամ ընկերների օգնությանը։ Խորհուրդ է տրվում նաև լուսանկարել առավել կասկածելի գոյացությունները՝ ամենամսյա ինքնազննումների ժամանակ։

Խորհուրդ է տրվում կատարել հետևյալ համակարգված հետազոտությունը.

  • ամբողջ մարմնի մաշկը առջևից և հետևից, 
  • մարմնի կողմնային տեղամասերը ձեռքերը բարձրացրած դիրքում, 
  • ափերը, նախաբազուկները, վերին բազուկները և անութափոսերը,
  • ոտքերի հետին մակերեսները, ոտքի մատերի միջև տեղակայված մաշկը, ներբանները։

Մելանոմայի ճանաչում. Կլինիկաները և հիվանդները կարող են օգնել որոշակի չափանիշներից մելանոմայի կլինիկական նշանները ճանաչելու և հետագա հետազոտությունները կազմակերպելու համար։

Մելանոմայի ABCDE օրենքը․ ABCDE չափանիշները արժեքավոր են պացիենտների իրազեկման և բժիշկների համար: ABCDE օրենքի յուրաքանչյուր տառ համապատասխանում է մելանոմայի հիմնական կլինիկական նշաններից մեկին: 

Այն պացիենտները, ում մոտ գոյացությունը բավարարում է E չափանիշին, ինչպես նաև A, B, C կամ D չափանիշներից առնվազն մեկին, հետագա ախտորոշման համար պետք է դիմեն մաշկաբանին:

  • Asymmetry - Ասիմետրիկություն
  • Border irregularities - Սահմանի անհավասարություն
  • Color variation - Գույնի բազմազանություն (այսինքն ՝ միևնույն տեղամասում տարբեր գույներ)
  • Diameter ≥6 mm - Տրամագիծը ≥6 մմ
  • Enlargement or evolution of color change, shape, or symptoms -   Տրամագծի, գույնի, ձևի կամ նշանների էվոլյուցիա։

Գլազգոյի չափանիշներ - 7 կետից բաղկացած ցուցակը (վերանայված), օգտագործվում է պացիենտների և բժիշկների կողմից մելանոմայի վաղ հայտնաբերման համար:

Պենք է դիմել մասնագիտական ​​խորհրդատվության, եթե նկատվում է մեկ մեծ կամ առնվազն 3 փոքր չափանիշ։ Մեծ չափանիշներ (անհրաժեշտ է հետագա հետազոտություն, եթե առկա է չափորոշիչներից առնվազն մեկը).

  • առկա  չափսի փոփոխություն կամ  նոր գոյացություն,
  • գույնի փոփոխություն,
  • ձևի փոփոխություն:

Փոքր չափանիշներ 

  • բորբոքում,
  • արյունահոսություն կամ կեղևապատում,
  • զգայական փոփոխություն,
  • գոյացության տրամագիծը ≥7 մմ:

Անճոռնի ճուտիկի նշան․ «Անճոռնի ճուտիկի» նշանը կարող է օգտակար լինել մելանոմայի հայտնաբերման համար: Նևուսներից շատերը նման են միմյանց: Այնուամենայնիվ, «Անճոռնի ճուտիկ» պիգմենտային գոյացությունը տարբերվում է շրջապատող նևուսներից և հետազոտության կարիք ունի:

Նյութը պատրաստեց Լիդա Մելիքյանը։



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։