Քաղցկեղի սքրինինգ

| Կանխարգելում


Mobirise Website Builder

Սքրինինգային հետազոտությունները կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք ուղղված են տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերմանը՝ նախքան որևէ ախտանշանի ի հայտ գալը։ Քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների մասին մեր հարցերին պատասխանել է ուռուցքաբան – քիմիաթերապևտ Արմեն Ավագյանը։

Քաղցկեղի վաղ ախտորոշմանն ուղղված Հայաստանում հասանելի ինչպիսի՞ սքրինինգային հետազոտություններ կան։

-Հայաստանի Հանրապետությունում հասանելի է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշման սքրինինգային ՊԱՊ թեստը, որն արդեն մի քանի տարի է ինչ իրականցվում է։ Քաղցկեղի այլ սքրինինգային հետազոտություններ, որպես այդպիսին, մեր երկրում չկան։ Կրծքագեղձի քաղցկեղի կարևոր կանխարգելիչ միջոցառում է հանդիսանում ֆիզիկալ զննումը՝ կրծքագեղձերի շոշափումը, որը սակայն չի փոխարինում գործիքային հետազոտություններին։ Ըստ Առողջապահության նախարարության հանձնարարականի կրծքագեղձերի ֆիզիկալ զննումն իրականացվում է առաջնային օղակի մասնագետների կողմից (տեղամասային պոլիկլինիկայի թերապևտ, ընտանեկան բժիշկ)։ Այսինքն, մեր երկրում դեռ չի կիրառվում մասսայական գործիքային հետազոտության որևէ մեթոդ որպես կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ։ Սակայն, կան ժամանակ առ ժամանակ իրականացվող տարբեր ծրագրեր։ Օրինակ՝ վերջերս լրատվամիջոցների միջոցով տեղեկացանք, որ Հայաստան է հասել Իտալիայից բերված շարժական մամոգրաֆ, որի միջոցով մարզերում իրականացվելու են մամոգրաֆիկ հետազոտություններ՝ սքրինինգային նպատակով։ Նմանօրինակ միջոցառումներ պարբերաբար կատարվում են, սակայն մշտապես իրականացվող և հանրապետության ամբողջ պոպուլյացիան ընդգրկող սքրինինգային հետազոտություն կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար դեռևս չկա։

Քաղցկեղի ինչպիսի՞ սքրինինգային ծրագրեր կան աշխարհում, որոնք հասանելի չեն մեր երկրում։

-Այս հարցին պետք է պատասխանեմ բերելով ԱՄՆ-ի օրինակը, քանի որ այդ երկրի առողջապահական համակարգի տվյալներն առավել հասանելի են։ ԱՄՆ Առողջապահության նախարարության կողմից սահմանված և խորհուրդ տրվող սքրինինգային հետազոտություններից են կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը, արգանդի վզիկի քաղցկեղի համար՝ Պապ թեստավորումը, կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում ադենոմաների վաղաժամ հայտնաբերման նպատակով՝ կոլոնոսկոպիան, թոքի քաղցկեղի համար՝ ցածր դոզավորմամբ կոմպյուտերային տոմոգրաֆիան (low-dose CT-scan)։ Կան նաև տարբեր նահանգներում սահմանված այլ սքրինինգային հետազոտություններ՝ ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, շագանակագեղձի, տեստիկուլյար, միզապարկի և մաշկի քաղցկեղների հայտնաբերման նպատակով։ 

Ե՞րբ են իրականացվում սքրինինգները տարբեր օրգան-համակարգերի քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման համար։ Ի՞նչ հաճախականությամբ են դրանք կատարվում յուրաքանչյուր դեպքում:

-Տարբեր օրգան-համակարգերի քաղցկեղների սքրինինգային հետազոտությունները խորհուրդ են տրվում տարբեր տարիքային խմբերում։ Օրինակ՝ հաստ աղու քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը՝ կոլոնոսկոպիան, ԱՄՆ-ում խորհուրդ է տրվում իրականացնել 50տ.-ից հետո: Թոքի քաղցկեղի սքրինինգը իրականացվում է 55տ․-ից 70 տարեկանում, եթե անձը վերջին 15 տարիների ընթացքում ծխել է։ Ինչպես նշվեց, մեր երկրում քաղցկեղի սքրինինգային ծրագրերից գործում է միայն ՊԱՊ թեստավորումը, որը խորհուրդ է տրվում իրականացնել 30տ․-ից 60 տարեկանում, 3-ից 5 տարին մեկ։ ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրի բացակայության և բարձր հիվանդացության պայմաններում մենք՝ մասնագետներս, խորհուրդ ենք տալիս կանանց 40տ․-ից հետո տարեկան մեկ անգամ անցնել կրծքագեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն, 50 տարեկանից հետո նույն հաճախականությամբ իրականացնել մամոգրաֆիկ հետազոտություն։ 

Որտե՞ղ են իրականացվում սքրինինգային հետազոտությունները։

-ՊԱՊ թեստավորումն իրականացվում է առողջության առաջնային պահպանման բժշկական հիմնարկներում (պոլիկլինիկա/ամբուլատորիա)։ Ինչպես արդեն նշեցի, կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով նույնպես խորհուրդ է տրվում օգտվել առաջնային օղակի մասնագետների ծառայություններից և անցնել ֆիզիկալ զննում։

Կա՞ն արդյոք անհատական ցուցումներ քաղցկեղի այս կամ այն տեսակի սքրինինգը նախատեսվածից վաղ և/կամ հաճախ իրականացնելու համար։

-Սքրինինգային հետազոտությունները կարող են իրականացվել ավելի վաղ՝ հաշվի առնելով անձի անհատական անամնեստիկ տվյալները, ժառանգական նախատրամադրվածությունը, արդեն իսկ հայտնաբերված առկա մուտացիաները, որոնք կարող են նպաստել հիվանդության ավելի վաղ զարգացմանը։

Ընդհանրապես, սքրինինգային ծրագրերի մասին խոսելիս՝ պետք է հիշենք, որ բժշկության մեջ ավելի հեշտ է հիվանդությունների կանխարգելումը, քան բուժումը։ Առաջին հերթին՝ ավելի հեշտ է հիվանդության բուժումը վաղ փուլերում, և երկրորդային, սակայն ոչ պակաս կարևոր է նաև վաղ ախտորոշումը հետազոտությունների և բուժման ծախսատարության տեսակետից՝ և՛ պետության, և՛ պացիենտի համար։ Եթե համեմատենք սքրինինգային հետազոտություններով վաղ փուլերում ախտորոշված պացիենտների բժշկական ծախսերը ավելի ուշ ախտորոշված պացիենտների ծախսերի հետ, ապա կտեսնենք, որ սքրինինգային ծրագրերի ներդրումը որոշ չափով թեթևացնում է առողջապահական համակարգի ֆինանսական բեռը այս ոլորտում։

Եվ վերջում, ցանկանում եմ բոլոր կանանց խորհուրդ տալ օգտվել առողջության առաջնային պահպանման օղակներին Առողջապահության նախախարության կողմից տրամադրվող ուղեցույցներից, չվախենալ և համապատասխան տարիքային խմբում գտնվելու պարագայում հետազոտվել։ Ինչպես նաև, կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման նպատակով դիմել առաջնային օղակի մասնագետներին և անցնել ֆիզիկալ զննում տարին մեկ անգամ։



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։