Կյանքը բուժումից հետո

| Պատանիների համար


Mobirise Website Builder

Բուժումն ավարտելը շատ հուզիչ է, բայց այն կարող է նոր մարտահրավերներ ստեղծել և, նույնիսկ, փոքր-ինչ վախեցնել։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Դուք հավանաբար ավելի կենտրոնացած եք եղել քաղցկեղի բուժման վրա։ Բուժումից հետո կյանքի նորմալ ռեժիմին անցնելը մեծ փոփոխություններ է ակնկալում։ Անհրաժեշտ կլինի ժամանակ և աջակցություն՝ ֆիզիկական փոփոխություններին հարմարվելու, դպրոցական ծրագրին հասնելու և ամեն ինչ կարգավորելու համար։

Պատրաստ եղեք որոշ փոփոխությունների

Դուք հավանաբար կնկատեք, որ հիմա այնպիսին չեք, ինչպիսին քաղցկեղից առաջ էիք։ Քաղցկեղը, ցանկացած այլ մեծ փորձության նման, փոխում է կյանքի հանդեպ պատկերացումները։ Դուք կտեսնեք, որ Ձեր առաջնահերթությունները և նպատակները փոխվել են։ Դուք այլևս քաղցկեղ չունեք, բայց այն վերապրած լինելու փաստը միշտ կմնա Ձեր կյանքի մի մասը։  Ուրախությանը, թեթևությանն ու հուզմունքին զուգահեռ Դուք կարող եք ունենալ նաև  շատ այլ տարբեր զգացողություններ․

• Կարող եք լինել նյարդային կապված դպրոց վերադառնալու հետ;

• Անհարմար զգալ արտաքին տեսքից, տարբեր սպիների, դեռ լիովին չվերականգնված մազերի պատճառով;

• Հուսահատվել նախկինում Ձեր կատարած որոշ գործողությունների սահմանափակության պատճառով;

• Տխրել կամ միայնակ զգալ, բժիշկներին, բուժքույրերին, հիվանդանոցում ձեռք բերած ընկերներին կամ աջակից խմբերին կարոտելու պատճառով;

• Մեղավոր զգալ, քանի որ Դուք վերականգնվել եք, իսկ Ձեր ընկերները դեռ բուժման մեջ են;

• Ունենալ անորոշության զգացում ապագայի վերաբերյալ;

• Վախենալ, քաղցկեղի հնարավոր ախտադարձից։

Այդ փոփոխությունների հաղթահարումը

Որոշ դեռահասներ քաղցկեղի բուժումից հետո նորմալ կյանք վերադառնալու հետ կապված փոփոխությունները հաղթահարելու համար օգնության կարիք են ունենում։ Ահա որոշ խորհուրդներ, որ կարող են օգնել դեռահասներին․

• Կիսեք Ձեր հույզերը ծնողի, ընկերոջ և խորհրդատուի հետ;

• Կապ պահեք քաղցկեղով հիվանդ մյուս դեռահասների, առցանց աջակից խմբերի հետ;

• Փորձեք միանալ քաղցկեղը հաղթահարած դեռահասների խմբերին և մնացեք այն խմբերում, որոնք հավանում եք;

• Շարունակեք գրել օրագրում, իսկ եթե չունեք, սկսեք գրառումներ կատարել;

• Փորձեք զբաղվել Ձեզ հաճելի բաներով՝ լսեք երաժշտություն, դիտեք սիրած ֆիլմերը, ժամանակ անցկացրեք ընտանիքի և ընկերների հետ։

Հետևեք Ձեր առողջությանը

Բժշկական պատմության մասին փաստաթղթերը կարևոր են Ձեր հետագա վարման համար։ Ահա որոշ տեղեկություններ առողջության երկարատև պահպանման մասին․ 

Երկարատև հսկողություն․ Երկարատև հսկողությունը բուժումից հետո սկրինինգային հետազոտությունների և բժշկի կողմից ստուգումների կանոնավոր անցկացումն է։ Հավանաբար Ձեր ուռուցքաբանի կողմից կանոնավոր (հնարավոր է ամսական)  ստուգումների կարիք կունենաք՝ համոզվելու, որ քաղցկեղի ախտադարձ չկա, և հսկելու, թե ինչպես է օրգանիզմը վերականգնվում բուժումից հետո։ Ձեզ բուժող ուռուցքաբանը կարող է տրամադրել երկարաժամկետ հսկողության հանձնարարականներ, ներառյալ այն, թե ինչ հաճախականությամբ պետք է դիմել բժշկի, և թե ինչ հետազտությունների կարիք կարող է լինել։

Հեռակա կողմնակի ազդեցությունների վերահսկում. Հսկողության սահմանման կարևոր պատճսռ է հանդիսանում բուժման հեռակա կողմնակի ազդեցությունների (ուշ ազդեցությունների) և այլ բարդությունների հայտնաբերումը։ Մինչև բուժումն սկսելը քննարկեք բժշկի հետ, թե ինչպիսի ուշ կողմնակի ազդեցություններ կարող են դիտվել, և ինչպես նվազեցնել դրանց ռիսկերը։ Մանկական ուռուցքաբանության խումբն ունի ուղեցույցներ, որոնք օգնում են բժիշկներին և հիվանդներին շուտ հայտնաբերել ուշ կողմնակի երևույթները։

Բժշկական փաստաթղթեր․ Կանոնավոր ստուգումների ընթացքում շատ կարևոր է ունենալ Ձեր բժշկական փաստաթղթերի կրկնօրինակները։ Խնդրեք բժշկին տրամադրել այդ փաստաթղթերը։ Հնարավոր է, որ Ձեզ մոտ կկուտակվեն բազմաթիվ բժշկական փաստաթղթեր տարբեր բժիշկներից։ Բժշկական փաստաթղթեր ունենալը շատ կարևոր է ուսումնական հաստատություն ընդունվելիս, բնակավայրը կամ բժշկին փոխելիս։ Եթե ունեք լրացուցիչ հետազոտություններ, ընդունել եք նոր դեղորայք կամ ունեցել եք առողջական խնդիրներ, ապա այդ մասին ինֆորմացիան պետք է կցվի Ձեր բժշկական փաստաթղթերին։ Շատ կարևոր է պահել փաստաթղթերն ապահով վայրում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարտին  Հարությունյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։