| Վերարտադրողական Ֆունկցիա
Մինչև բուժում սկսելը խորհրդակցեք Ձեր բուժանձնակազմի հետ: Հարցրեք, թե ինչպես կարող է ազդել բուժումը Ձեր պտղաբերության վրա: Հարցրեք նաև պտղաբերության պահպանման տարբերակների մասին:
Ինչպես է հակաքաղցկեղային բուժումն ազդում պտղաբերության վրա
Քաղցկեղից կամ հակաքաղցկեղային բուժումից պտղաբերության խնդիրներն առաջանում են երկու հիմնական եղանակով․
• Ներզատական գեղձերի կամ այդ համակարգին առընչվող օրգանների վնասման միջոցով: Սա ներառում է՝ ամորձիները, վահանագեղձը և մակերիկամները, որոնք արտադրում են սեռական հասունացումը և պտղաբերությունը վերահսկող հորմոններ;
• Ներզատական համակարգը կարգավորող ուղեղի որոշակի հատվածների փոփոխության հետևանքով:
Պտղաբերության խնդիրները կարող են լինել հետևյալ գործոնների հետևանք՝
• Սերմնաբջիջների վնասման;
• Սերմնաբջիջների արտադրման նվազեցման;
• Սերմնահեղուկի արտադրման նվազեցման կամ բացակայության: Սերմնահեղուկն արտադրվում է շագանակագեղձում: Այն պարունակում է սերմնաբջիջներ սեռական հարաբերության ժամանակ:
Պտղաբերության վրա ազդող հակաքաղցկեղային բուժում
Հայտնի է, որ քաղցկեղի բուժման հետևյալ տեսակները հավանական կողմնակի ազդետություն են ունենում պտղաբերության վրա:
Քիմիաթերապիա․ Որոշ դեղորայքի՝ հատկապես ալկիլացնող պրեպարատների, օգտագործումը կարող է առաջացնել պտղաբերության խնդիրներ․
• Busulfan (Busulfex, Myleran)
• Carmustine (BiCNU)
• Chlorambucil (Leukeran)
• Cisplatin (Platinol)
• Cyclophosphamide (Neosar)
• Lomustine (CeeNU)
• Mechlorethamine (Mustargen)
• Melphalan(Alkeran)
• Procarbazine (Matulane)
Ճառագայթային թերապիա․ Ճառագայթային թերապիան կարող է սպանել սերմնաբջիջները, կամ դրանք արտադրող ցողունային բջիջները։
Ճառագայթային թերապիայի հետևյալ տեսակները կարող են ազդել պտղաբերության վրա․
• Ոսկրածուծի փոխպատվաստման համար կատարվող ճառագայթային թերապիան;
• Որովայնի խոռոչի, ողնաշարի ստորին հատվածի, կոնքի, ամորձինների շրջանում կատարվող ճառագայթային թերապիան;
• Մակուղեղի շրջանում կատարվող ճառագայթային թերապիան։
Վիրահատական միջամտություն․ Հետևյալ օրգանների վիրահատական հեռացումը կարող է ազդել պտղաբերության վրա․
• Շագանակագեղձի;
• Միզապարկի;
• Մեկ կամ երկու ամորձինների։
Կոնքի խոռոչի ավշային հանգույցների հեռացումը նույնպես կարող է ազդել պտղաբերության վրա:
Հակաքաղցկեղային բուժման ազդցության տեսակները պտղաբերության վրա
Որոշ տղամարդկանց դեպքում քաղցկեղի բուժումը հանգեցնում է անպտղության: Մյուսների համար, այն դադարեցնում կամ դանդաղեցնում է սերմնահեղուկի արտադրությունը մի քանի տարով: Այնուհետև, այն կարող է վերականգնվել, սակայն, այնուամենայնիվ, այն չի կարող լինել նույնը, ինչ նախքան բուժում սկսելն էր:
Գործոններ, որոնք կապված են պտղաբերության խնդիրների առաջացման բարձր ռիսկի հետ․
• Ճառագայթային թերապիայի կամ քիմիաթերապիայի բարձր չափաբաժին ընդունելը;
• Արդեն իսկ գոյություն ունեցող անպտղության խնդիրները;
• 40-անց տարիքը (չնայած քաղցկեղի հետևանքով առաջացած անպտղությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում)։
Նախքան սեռական հասունացումը հակաքաղցկեղային բուժում ստացող տղա երեխաների մոտ սերմնահեղուկը ավելի քիչ է վնասվում: Այնուամենայնիվ, խիստ բուժումները ապագայում կարող են առաջացնել անպտղություն: Այդպիսի բուժումը ներառում է ոսկրածուծի փոխպատվաստման համար ստացած քիմիաթերապիան:
Չնայած նրան, որ քաղցկեղի բուժումը ավելի քիչ հավանական է դարձնում տղամարդու հայրանալը, այնուամենայնիվ, հղիություն կարող է առաջանալ: Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս սպասել վեց ամիս նախքան հայրանալու փորձ կատարելը: Դա բավարար ժամանակ կտա սերմնահեղուկի վերականգնման համար: Հարցրեք Ձեր բժշկին, թե որն է Ձեզ համար լավագույն ժամանակահատվածը:
Ինչպես պայքարել անպտղության խնդիրների դեմ
Վերարտադրողական Էնդոկրինոլոգը բժիշկ է, ով աշխատում է պտղաբերության խնդիրներ ունեցող անձանց հետ։ Կան նաև ռեպրոդուկտոլոգներ, ովքեր մասնագիտացած են հակաքաղցկեղային բուժումների հետևանքով առաջացած վերարտադրողական խնդիրների մեջ։
Պտղաբերության պահպանման տարբերակներ
Կլինիկական Ուռուցքաբանության Ամերիկյան Միությունը (ASCO) առաջարկում է քաղցկեղով հիվանդ բոլոր կանանց քննարկել իրենց բժիշկների հետ անպտղության ռիսկը և պտղաբերության պահպանման տարբերակները որքան հնարավոր է շուտ, մինչև հակաքաղցկեղային բուժումն սկսելը: Եթե Դուք հետաքրքրված եք պտղաբերության պահպանման հարցով, ապա պետք է դիմել վերարտադրողական հարցերով զբաղվող մասնագետին, անգամ եթե Դուք համոզված չեք՝ ուզու՞մ եք ապագայում երեխաներ ունենալ, թե՝ ոչ:
Պտղաբերությունը պահպանելու տարբերակները կախված են որոշ գործոններից.
• Տարիքից;
• Հարաբերությունների կարգավիճակից (զուգընկերուհի, ով կարող է ձվաբջիջ տրամադրել);
• Ֆիզիկական և սեռական հասունությունից;
• Որոշակի միջամտությունների հետ կապված Ձեր անձնական զգացողություններից:
Պտղաբերությունը պահպանելու համար ASCO-ի հանձնարարականները ներառում են.
Սերմնահեղուկի պահեստավորում․ Այս գործնթացը ներառում է սերմնահեղուկի սառեցում և պահեստավորում: Սա անելու լավագույն ժամանակը նախքան բուժում սկսելն է, քանի որ բուժում սկսելուց հետո սերմնահեղուկի գենետիկ վնասման մեծ հավանականություն կա: Տղամարդիկ ավելի ուշ կարող են օգտագործել սերմնահեղուկը արտաարգանդային կամ ներարգանդային բեղմնավորման համար:
Արտաարգանդային բեղմնավորման դեպքում բուժաշխատողը կնոջից վերցնում է ձվաբջիջ: Պահեստավորված սերմնահեղուկը լաբորատորիայում ենթարկվում է բեղմնավորման: Այնուհետև, սաղմը տեղադրվում է կնոջ մարմնի մեջ զարգանալու համար:
Սերմնահեղուկի պահեստավորումը տարբերակ է սեռահասուն տղամարդկանց համար: Տղամարդը կարող է հայր դառնալ նույնիսկ քիչ սերմնահեղուկով: Սա հնարավոր է սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման միջոցով, որի դեպքում արտաարգանդային բեղմնավորման ընթացքում սերմնաբջիջը անմիջապես ներարկվում է մի ձվաբջջի մեջ։
Ամորձու հյուսվածքի սառեցում․ Գիտնականները դեռ ուսումնասիրում են այս գործնթացը, որը կատարվում է մինչև քաղցկեղի բուժումը սկսելը: Սա նախատեսված է այն տղաների համար, ովքեր դեռ չեն հասել սեռահասունացման: Այս միջամտության ժամանակ հեռացնում, սառեցնում և պահեստավորում են ամորձու հյուսվածքը: Այն պարունակում է ցողունային բջիջներ, որոնք հետագայում կարող են դառնալ սերմնաբջիջ։ Գիտնականներն ուսումնասիրում են, թե ինչպես կարելի է վերականգնել ամորձու հալեցված հյուսվածքի սերմնաբջիջ արտադրելու ֆունկցիան։
Հորմոնալ թերապիա․ Հորմոնալ թերապիան արդյունավետ չէ տղամարդկանց պտղաբերության պահպանման հարցում:
Պտղաբերության պահպանումը ճառագայթային թերապիայի ընթացքում
Պտղաբերության պահպանման շատ մեթոդներ պետք է կատարվեն նախքան բուժում սկսելը: Այնուամենայնիվ, եթե Դուք ստանում եք ճառագայթային թերապիա Ձեր բուժանձնակազմը կարող է պաշտպանել Ձեր ամորձիները ճառագայթումից: Նպատակը սերմնաբջիջների վնասումը կանխելն է: Դա հնարավոր է, եթե ուռուցքը գտնվում է կոնքի խոռոչի մեկ այլ հատվածում:
Պտղաբերության պահպանման տարբերակների գնահատում
Պտղաբերությունը պահպանող վերոնշյալ մեթոդները բոլորին չէ, որ համապատասխանում են: Հարկավոր է հաշվի առնել հետևյալ գործոնները.
• Ապահովագրական ընկերությունը, հնարավոր է՝ չկարողանա վճարել պտղաբերությունը պահպանող միջամտությունների ծախսերը;
• Տարբեր մեթոդների արդյունավետության աստիճանը տարբեր է;
• Դրանք կարող են կանանց համար նոր սթրեսի պատճառ դառնալ, արդեն իսկ առկա սթրեսային իրավիճակում:
Դուք կարող եք խորհրդակցել նախքան որոշում կայացնելը
Հարցեր, որոնք տրվում են բուժանձնակազմին
Նախքան բուժումը սկսելը նախապատրաստեք հետևյալ հարցերը․
• Որքա՞ն է ինձ մոտ անպտղության առաջացման ռիսկը բուժման յուրաքանչյուր տարբերակի դեպքում;
• Կա՞ արդյոք ավելի քիչ ռիսկեր պարունակող այլ արդյունավետ բուժում;
• Պտղաբերության պահպանման ի՞նչ տարբերակներ կան ինձ համար;
• Արդյոք այս տարբերակներից որևէ մեկը կհետաձգի՞ իմ բուժումը։ Եթե այո, ապա ինպչե՞ս կանդրադառնա դա իմ ապաքինման վրա;
• Արդյո՞ք պտղաբերության պահպանման մեթոդները ավելի անարդյունավետ կդարձնեն իմ քաղցկեղի բուժումը;
• Արդյո՞ք պտղաբերության պահպանման տարբերակները մեծացնում են քաղցկեղի ախտադարձի հավանականությունը;
• Պե՞տք է արդյոք խորհրդակցել պտղաբերության խնդիրներով զբաղվող մասնագետի հետ մինչև բուժումը սկսելը;
• Ինձ համար հասանելի ի՞նչ կլինիկական փորձարկումներ կան;
• Որտե՞ղ կարող եմ գտնել աջակցություն անպտղության խնդիրները հաղթահարելու համար;
• Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ քաղցկեղի բուժումից հետո երեխա ունենալու իմ ունակության մասին:
Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:
Թարգմանվել և ադապտացվել է Լիլիթ Սահակյանի կողմից: