Քաղցկեղի վիրահատական բուժում

| Բուժման մեթոդներ


Mobirise Website Builder

Քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակ օնկովիրաբույժը հեռացնում է ուռուցքը և շրջակա հյուսվածքները։ Սա քաղցկեղի բուժման ամենահին մոտեցումն է, և այժմ էլ էֆեկտիվ է հանդիսանում մի շարք տեսակների դեպքում։

Վիրահատություն կարող է կիրառվել՝

• Ախտորոշման նպատակով;

• Ուռուցքի ամբողջական կամ մասնակի հեռացման համար;

• Քաղցկեղի տեղակայումը պարզելու նպատակով;

• Քաղցկեղի տարածվածությունն ու օրգան-համակարգերի ընդգրկվածությունը պարզելու նպատակով;

• Օրգանների տեսքը կամ ֆունկցիան վերականգնելու համար;

• Կողմնակի ազդեցությունների վերացման համար։

Վիրահատության տեսակից և ծավալից է կախված, թե վիրահատությունից հետո ինչքան ժամանակ պացիենտը կմնա հիվանդանոցում։ Որոշ թեթև միջամտությունների դեպքում հիվանդանոցում մնալու կարիք չի լինում։

Վիրահատությունների տեսակները

Ախտորոշիչ․ Քաղցկեղի տեսակների ճնշող մեծամասնության համար վերջնական ախտորոշման մեթոդ է հանդիսանում բիոպսիան։ Վիրահատական բիոպսիայի ժամանակ վիրաբույժը մարմնի վրա կտրվածք է անում և հեռացնում կասկածելի հյուսվածքն ամբողջապես կամ դրա մի հատվածը։ Կան վիրահատական բիոպսիաների 2 հիմնական տեսակներ՝

• Ինցիզիոն բիոպսիա՝ հեռացվում է կասկածելի հյուսվածքի մի մաս՝ հետազոտելու նպատակով;

• Էքսցիզիոն բիոպսա՝ հեռացվում է կասկածելի հյուսվածքն ամբողջապես (օր․՝ խալը)։

Բիոպսիայից հետո ախտաբանը հեռացված հյուսվածքն ուսումնասիրում է մանրադիտակի տակ։ Ախտաբանը մասնագետ է, ով հետազոտում է բջիջները, հյուսվածքներն ու օրգանները՝ հիմքում ընկած հիվանդությունը պարզելու համար։ Նա իր եզրակացությունը տալիս է ուռուցքաբանին, ով դնում է վերջնական ախտորոշումը։

Դասակարգման համար․ Կատարվում է վիրահատություն ուռուցքի չափը և տարածվածությունը որոշելու համար։ Սովորաբար հեռացվում են նաև ուռուցքին մոտ գտնվող ավշային հանգույցները՝ ախտաբանական պրոցեսում դրանց ընդգրկվածությունը պարզելու համար։ Ավշային հանգույցները փոքրիկ լոբաձև օրգաններ են, որոնք օգնում են ինֆեկցիաների դեմ պայքարում։

Բժիշկն օգտագործում է վիրահատության ու մյուս հետազոտությունների արդյունքները բուժման տարբերակն ընտրելու համար։ Այս հետազոտությունները կարող են օգնել նաև առողջացման հավանականության կանխատեսման համար։ Քաղցկեղի ստադիան կարող է ընդգրկված լինել նաև ախտաբանական եզրակացության մեջ։

Ուռուցքի բուժական կամ առաջնային հեռացում․ Առավել հաճախ վիրահատությունն օգտագործվում է ուռուցքի և շրջակա հյուսվածքների հեռացման համար։ Ուռուցքը շրջապատող հատվածը կոչվում է եզր։  Ուռուցքի հեռացումը կարող է լինել բուժման տարբերակ ինչպես առանձին, այնպես էլ համակցված քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հետ։

Ստանդարտ վիրահատության ժամանակ վիրաբույժն իրականացնում է մաշկի, մկանների և երբեմն ոսկրերի մեծ կտրվածքներ։ Երբեմն հնարավոր է լինում օրգտագործել ավելի քիչ տրավմատիկ վիրահատական հնարքներ, որոնց դեպքում հետվիրահատական շրջանն ավելի թեթև է անցնում։ 

Ծավալը փոքրացնելու նպատակով․ Երբեմն ուռուցքի ամբողջական հեռացումն անհնարին է։ Այս դեպքում վիրահատական ճանապարհով հեռացվում է հնարավորինս մեծ ուռուցքային հյուսվածք։ Ուռուցքի մնացածը մասը փոքրացնելու համար կիրառվում է քիմիաթերապիա կամ ճառագայթային թերապիա։ Բուժման այդ տարբերակները կարող են նաև կիրառվել վիրահատությունից առաջ ուռուցքի չափերը փոքրացնելու և այն վիրահատելի դարձնելու համար։

Պալիատիվ․ Պալիատիվ վիրահատությունը կիրառվում է քաղցկեղի առաջացրած ախտանիշների վերացման համար։ Այն իրականացվում է օրգանիզմում տարածված քաղցկեղ ունեցող մարդկանց կյանքի որակի բարելավման նպատակով։ Օրինակ, վիրահատությունը կարող է կիրառվել՝

• Ցավի վերացման և ֆունկցիայի վերականգման համար, երբ ուռուցքն առաջացնում է հետևյալ խնդիրները՝

  • Ճնշում է նյարդը կամ ողնուղեղը;
  • Խցանում է աղու լուսանցքը;
  • Ճնշում կամ խցանում է մարմնի այլ հատվածներ։

• Արյունահոսությունը դադարեցնելու համար։ Քաղցկեղի որոշ տեսակների ժամանակ հաճախ են առաջանում արյունահոսություններ՝

  • Ուժեղ արյունամատակարարում ունեցող օրգանների քաղցկեղների դեպքում, օրինակ՝ արգանդի;
  • Հեշտ վնասվող օրգանների քաղցկեղների դեպքում, օրինակ մարսողական ուղու օրգանների՝ սննդի կամ նյութափոխանակության արգասիքների անցման ժամանակ։

• Արյունահոսությունը կարող է լինել նաև բուժման նպատակով կիրառվող դեղերի կողմնակի ազդեցություն։ Երբ կարիք է լինում վիրահատական ճանապարհով արյունահոսության դադարեցման, ամենահաճախ կիրառվող տեխնիկան արյունահոսող անոթի կապումն է։ 

• Քաղցկեղի հետևանքով ուտելու դժվարությունների առաջացման դեպքում անմիջապես որովայնի պատից ստամոքսի կամ աղիքի մեջ տեղադրվում է սնուցման խողովակ։ 

• Ոսկրային կոտրվածքները կանխելու համար։ Քաղցկեղի կամ դրա բուժման հետևանքով ոսկրերի կառուցվածքը կարող է նոսրանալ ու հեշտությամբ կոտրվել և դժվարությամբ լավանալ։ Կանխարգելելու համար կարող են տեղադրվել մետաղյա ձողեր։

Ռեկոնստրուկտիվ․ Ուռուցքի հիմնական հեռացման վիրահատությունից հետո, որոշ մարդիկ դիմում են օրգանիզմի արտաքին տեսքի կամ օրգանի ֆունկցիայի վերականգնման վիրահատության։ Սա նաև կոչվում է ռեկոնստրուկտիվ կամ պլաստիկ վիրահատություն։ Այն կարող է կատարվել ուռուցքի հեռացման հետ միաժամանակ, կամ պացիենտի վերականգնումից կամ այլ բուժումներ ստանալուց հետո։ Վառ օրինակ է հանդիսանում մաստէկտոմիայից հետո կրծքագեղձի ռեկոնստրուկտիվ վիրահատությունը։

Կանխարգելիչ․ Վիրահատություն նաև կատարվում է քաղցկեղ ունենալու ռիսկն իջեցնելու նպատակով։ Օրինակ, բժիշկները հաճախ առաջարկում են հաստ աղու նախաքաղցկեղային պոլիպների հեռացումը հաստ աղու քաղցկեղի առաջացման ռիսկն իջեցնելու համար։ Ինչպես նաև, կրծքագեղձի կամ ձվարանների քաղցկեղի ծանր ընտանեկան անամնեզ կամ  այդ հիվանդությունների հայտնի BRCA1 և BRCA2 մուտացիաների առկայության դեպքում կանայք հաճախ որոշում են դիմել մաստէկտոմիայի  (կրծքագեղձի հեռացում) կամ օօֆորէկտոմիայի (ձվարանների հեռացում)։ 

Մինիմալ ինվազիվ վիրահատությունների տեսակները

Ինչպես վերևում նշվեց, հաճախ վիրաբույժները կատարում են մեծ կտրվածքներ, սակայն որոշ դեպքերում հնարավոր է կատարել միջամտությունը ավելի փոքր կտրվածքների միջոցով, ինչը կրճատում է հետվիրահատական վերականգնողական շրջանը։ Մինիմալ ինվազիվ միջամտությունների տեսակներ են՝

Լապարասկոպիկ վիրաբուժություն․ Վիրահատությունն իրականացվում է մաշկի վրա կատարված փոքր կտրվածքներով և բարակ խողովակաձև գործիքներով, որոնց մեջ կան ծայրին լույս և տեսախցիկ կրողներ։ Լապարասկոպիա տերմինը վերաբերվում է որովայնի խոռոչի մինիմալ ինվազիվ վիրահատություններին։ Մեդիաստինոսկոպիան և թորակոսկոպիան նույն տեխնիկայով իրականացվող վիրահատություններ են կրծքավանդակի խոռոչում։ Լապարասկոպիկ վիրահատությունը կարող է իրականացվել նաև ռոբոտների միջոցով։ Այս միջամտությունը կարող է կիրառվել երիկամների, շագանակագեղձի, արգանդի և ձվարանների համար։

Լազերային վիրաբուժություն․ Վիրաբույժն օգտագործում է բարձր ինտենսիվությամբ լույսի նեղ ճառագայթ ուռուցքային հյուսվածքի հեռացման համար։

Կրիովիրաբուժություն․ Ախտաբանական բջիջները ոչնչացնելու համար օգտագործվում է հեղուկ ազոտ։

Մոհսի միկրոգրաֆիկ վիրահատություն․ Կոչվում է նաև մանրադիտակով հսկվող վիրահատություն։ Մաշկաբանը քերում է քաղցկեղային հյուսվաքը մաշկից և ուսումնասիրում է մանրադիտակով։ Դա կատարվում է շերտ առ շերտ, մինչև մանրադիտակով միայն առողջ բջիջներ տեսնելը։

Էնդոսկոպիա․ Օրգանիզմի խոռոչներ են մտցվում բարակ, ճկուն, ծայրին լույս և տեսախցիկ ունեցող խողովակներ, որոնք կոչվում են էնդոսկոպներ։ Դրանք մտցվում են օրգանիզմ բերանի խոռոչով, ուղիղ աղիքով, հեշտոցով՝ ներքին օրգանները հետազոտելու համար։ Այս միջամտության ժամանակ բժիշկը կարող է հեռացնել կասկածելի հյուսվածքներ՝ հետագա հետազոտման համար։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։