Ոսկրածուծի տրանսպլանտացիա

| Բուժման մեթոդներ


Mobirise Website Builder

Ի՞նչ է ոսկրածուծի տրանսպլանտացիան

Ոսկրածուծի տրանսպլանտացիան, որը հայտնի է նաև որպես ցողունային բջիջների տրանսպլանտացիա, քաղցկեղի որոշ տեսակների, օրինակ՝ լեյկեմիայի, միելոմային հիվանդության, լիմֆոմայի որոշ տեսակների բուժման տարբերակ է։ Բժիշկներն այս մեթոդն օգտագործում են նաև արյան որոշ այլ հիվանդությունների բուժման համար։

Նախկինում առավել կիրառելի էր ոսկրածուծի փոխպատվաստում անվանումը, քանի որ ցողունային բջիջները վերցվում էին անմիջապես ոսկրածուծից։ Այժմ ցողունային բջիջները վերցվում են արյունից, այդ պատճառով կիրառվում է ցողունային բջիջների փոխպատվաստում տերմինը։

Ոսկրածուծի տրանսպլանտ

Տարբերում են տրանսպլանտացիայի երկու տեսակ՝ աուտոտրանսպլանտացիա և ալլոգեն տրանսպլանտացիա: Աուտոտրանսպլանտացիայի ժամանակ ցողունային բջիջները անջատվում են հիվանդից և ներարկվում նույն հիվանդին: Ալլոգեն տրանսպլանտացիայի ժամանակ ցողունային բջիջներն անջատվում են այլ անհատից, ով գենետիկորեն առավելագույնս համապատասխանում է հիվանդին: Դա սովորաբար եղբայրը կամ քույրը կարող են լինել, բայց հնարավոր է նաև ոչ-հարազատ կամավոր դոնորի ցողունային բջիջների կիրառումը: 

Դոնորի ցողունային բջիջները սովորաբար անջատվում են դոնորի ծայրամասային արյունից, մինչ այդ դոնորը ստանում է դեղորայք, որը խթանում է ցողունային բջիջների աճը: Վերջիններս կոչվում են մոբիլիզացված ծայրամասային ցողունային բջիջներ: Հազվադեպ, բջիջները հավաքվում են դոնորի ոսկրածուծից, որոնք կոչվում են ոսկրածուծի ցողունային բջիջներ:

Ձեզ համապատասխան դոնոր գտնելու համար պետք է կատարվի HLA տիպավորում: Սա սովորական հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս գտնել Ձեզ համապատասխան դոնոր: HLA անտիգենները սպիտակուցներ են, որոնք առկա են Ձեր մարմնի համարյա բոլոր բջիջների վրա: Ձեր իմունային համակարգը օգտագործում է այս մարկերները ճանաչելու, թե որ բջիջներն են պատկանում Ձեր մարմնին և որոնք չեն պատկանում: Այս HLA / Մարդու Լեյկոցիտար Անտիգեն/ համակարգի միջոցով ընտրվում է Ձեզ համապատասխան դոնոր:

Արդյո՞ք ես ոսկրածուծի տրանսպլանտացիայի թեկնածու եմ

Կան մի քանի գործոններ որոնք որոշում են, թե արդյո՞ք Դուք ոսկրածուծի տրանսպլանտացիայի թեկնածու եք: Հիմնական չափորոշիչներն են'

• Տարիքը՝ մինչև 65 տ. /որոշ բացառություններ կարող են լինել որոշ կենտրոններում/;

• HLA համապատասխան դոնոր;

• Սրտի, թոքերի, լյարդի և երիկամների նորմալ ֆունկցիա;

• Ֆիզիկապես ակտիվ վիճակ և հնարավորություն' ինքնուրույն կատարել ամենօրյա գործողություններ:

Ոսկրածուծի տրանսպլանտացիայի ընթացքը

Արյան կամ ոսկրածուծի տրանսպլանտացիան բարդ, բազմափուլային պրոցես է: Ձեր և խնամողի համար շատ կարևոր է տեղյակ լինել այդ պրոցեսի բոլոր փուլերի մասին: Դա կօգնի Ձեզ պլանավորել Ձեր ժամանակը, ռեսուրսները, և պահերը, երբ օգնության կարիք հնարավոր է ունենաք:

    1. Նախատրանսպլանտացիոն բուժում - Ամենալավ տարբերակը միշտ այն է, երբ մինչ տրանսպլանտացիան, Ձեր հիվանդությունը ենթարկվում է լավ կոնտրոլի: Դրա համար անհրաժեշտ կլինեն հիվանդությունը փոխակերպող դեղեր:

    2. Տրանսպլանտի գնահատում - /Տես Ոսկրածուծի տրանսպլանտի գնահատումը/:

    3. Դոնորի որոնում - Տրանսպլանտի գնահատման ժամանակ, Ձեզ կհարցնեն հնարավոր քույր-եղբայր դոնորների վերաբերյալ, և եթե չունեք Ձեզ համապատասխանող քույր կամ եղբայր, ապա կսկվի համապատասխան դոնորի որոնման պրոցեսը, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս, իսկ երբեմն դոնոր կարող է չգտնվել: Լավագույն դոնորը համապատասխան կլինի Ձեր ԴՆԹ-ի բոլոր մարկերներին: Որոշ դեպքերում, նաև կօգտագործվեն այնպիս դոնորներ, որոնք համապատասխանում են ոչ ամբողջությամբ, բայց մեծամասնությամբ: Այսպիսի տրանսպլանտը /անհամապատասխան/ պարունակում է մեծ ռիսկեր:

    4. Մինչ ընդունվելը՝ համաձայնագրի ստորագրում - Դոնոր գտնելուց հետո, Ձեզ և խնամողին կհրավիրեն հիվանդանոց, և Ձեզ հետ մանրամասն կքննարկվի տրանսպլանտացիայի ռիսկերը, օգուտները և հնարավոր բարդությունները: Այս զրույցը կտևի մոտ 1 ժամ: Եթե Դուք դեմ չեք լինի և կուզեք ենթարկվել տրանսպլանտացիայի, ապա պետք է ստորագրեք համաձայնագիրը և ընդունվեք հիվանդանոց:

    5. Նախապատրաստող ռեժիմ - Մինչ տրանսպլանտացիան Դուք կարիք կունենաք բարձր դոզաներով քիմիաթերապիայի, որպեսզի վերացվեն հիվանդության մնացորդային բջիջները: Սա տեղ կազատի Ձեր դոնորի նոր բջիջների համար, որոնք կփոխարինեն Ձեր ոսկրածուծի բջիջներին: Այս ռեժիմը պահանջում է հոսպիտալացում տրանսպլանտ կենտրոնում՝ մինչև մի քանի շաբաթ:

    6. Ցողունային բջիջների ներարկում - Ցողունային բջիջների ներարկման օրը սովորաբար կոչվում է «Օր 0»: Ցողունային բջիջները ներարկվում են կենտրոնական երակային հոսքով: Ներարկումը կարող է տևել մինչև մեկ ժամ՝ կախված ցողունային բջիջների սառեցված փաթեթների քանակից: Բացի այդ կարող է անհրաժեշտ լինել հեղուկների ներարկում ամբողջ օրվա ընթացքում:

    7. Սերտաճումը - Արյան բջիջների վերականգնումը առաջին նշանն է, որ ներարկված ցողունային բջիջները արդեն «տեղավորվել են» Ձեր ոսկրածուծում և սկսել են արտադրել արյան բջիջներ: Սերտաճումը հաստատվում է, երբ նեյտրոֆիլների բացարձակ քանակը > 500 բջիջ/դլ՝ երեք հաջորդական օրերի ընթացքում, կամ > 1000 է մեկ օրվա մեջ, և թրոմբոցիտների քանակը պահպանվում է 20.000-ից ավել՝ առանց տրանսֆուզիայի, ամենաքիչը 7 օր:

    8. Տրանսպլանտացիայի կողմնակի էֆեկտների բուժումը - Ցողունային բջիջների ալլոտրանսպլանտացիան կարող է ուղեկցվել արտահայտված կողմնակի էֆեկտներով՝ ինչպես տրանսպլանտացիայի ընթացքում, այնպես էլ տրանսպլանտացիայից հետո: Այս կողմնակի արդյունքները կքննարկվեն Ձեր և խնամողի հետ՝ նախատրանսպլանտացիոն այցի ժամանակ:

Ոսկրածուծի տրանսպլանտի գնահատումը

Դուք կհրավիրվեք տրանսպլանտացիայի կենտրոն՝ պաշտոնական կոնսուլտացիայի և գնահատման համար: Այս պրոցեսը կարող է տևել մի քանի օր և ներառել մի քանի արյան թեստեր, ճառագայթային ախտորոշում, շնչառական թեստեր և ոսկրածուծի ասպիրացիա ու բիոպսիա: Դուք կհանդիպեք տրանսպլանտ թիմի անդամների հետ' բժիշկներ, բուժքույրեր, սոցիալական աշխատողներ և դիետոլոգներ: Այս հետազոտական այցն անհրաժեշտ է մեկ անգամ ևս համոզվելու համար, որ ոսկրածուծի տրանսպլանտացիան լավագույն բուժման միջոցն է Ձեզ համար:

Հարցեր տրանսպլանտացիան իրականացնող բժշկին ուղղելու համար

Կան որոշ հարցեր, որոնք Դուք և Ձեր խնամողը հնարավոր է ուզենաք տալ, երբ հանդիպեք տրանսպլանտ թիմին.

  1. Արդյո՞ք կենտրոնը հաստատված է իմ ապահովագրական ընկերության կողմից տրանսպլանտացիայի համար;
  2. Մինչև տրանսպլանտացիան ի՞նչ թեստերի կարիք կունենամ;
  3. Արդյո՞ք առկա է բնակության տեղի հնարավորություն տարածքում՝ հետ-տրանսպլանտացիոն խնամքի համար, և ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի ապրել մոտակայքում;
  4. Տրանսպլանտ թիմն ինչպի՞սի փորձ ունի Ձեր հիվանդությամբ պացիենտների բուժման բնագավառում;
  5. Արդյո՞ք առկա է կենտրոնի կողմից ֆինանսական օգնության հնարավորութուն՝ ապահովագրական ծածկույթից դուրս ծախսերի համար;
  6. Սովորաբար ինչպիսի՞ն է հիվանդանոցում մնալու տևողությունը տրանսպալնտացիայի ժամանակ։ Ինչքա՞ն հաճախ կարիք կունենամ այցելել կլինիկա՝ դուրս գրումից հետո;
  7. Արդյո՞ք տրանսպլանտ ծրագիրն ունի երկարաժամկետ հսկողության կոմպոնենտ՝ անհրաժեշտության դեպքում լուծելու համար տրանսպլանտացիայից ամիսներ և տարիներ հետո առաջացած բժշկական խնդիրները:
  8. Արդյո՞ք կլինիկան ունի հոգեբանական օգնության ծառայություն իմ, դոնորի, խնամողի և ընտանիքիս համար։ Ինչպիսի՞ն է կենտրոնում հաջողությամբ ավարտված ցողունային բջիջների տրանսպլանտացիաների հաճախականությունը;
  9. Ինչպիսի՞ պարտականություններ կամ սպասելիքներ կան խնամակալներից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։