Սթրեսի հաղթահարում

| Հոգեսոցիալական աջակցություն


Mobirise Website Builder

Այնպիսի հիվանդությունը ինչպիսին քաղցկեղն է հաճախ հանդիսանում է մարդու կյանքի ամենասթրեսային փորձությունը։ Քաղցկեղի հաղթահարումը կարող է դառնալ առավել դժվար աշխատանքից, ընտանեկան կամ ֆինանսական խնդիրների առաջացրած սթրեսի հետևանքով։ Առօրյա սթրեսը իր հերթին դժվարացնում է քաղցկեղ ախտորոշման հաղթահարումը։

Սթրեսը քաղցկեղի առաջացման անմիջական գործոն չի հանդիսանում։ Սակայն խրոնիկական սթրեսը կարող է թուլացնել իմուն համակարգը՝ առողջական այլ խնդիրների պատճառ հանդիսանալով և ինքնազգացողությունը վատացնելով։

Սթրեսի նվազեցման միջոցներ

Սթրեսածինները սթրեսի առաջացման աղբյուրներն են։ Որոշ սթրեսածին գործոններ կանխատեսելի են, և այդպիսով հնարավոր է դրանցից խուսափել։ Դուք հաճախ կարող եք նվազեցնել Ձեր կյանքում սթրեսի չափաբաժինը փոքր փոփոխությունների միջոցով։ Ստորև նշված են որոշ հնարքներ սթրեսը նվազեցնելու համար․

    • Խուսափեք օրակարգային կոնֆլիկտներից․ Օգտագործեք օրվա պլանավորման նոթատետրեր, Ձեր հեռախոսը կամ առցանց օրացույցեր հանդիպումներն ու առօրյա գործունեությունը պլանավորելու համար։ Օրը պլանավորեք այնպես, որ մի գործողության ավարտի և մյուսի սկզբի միջև ունենաք բավարար ազատ ժամանակ։ Մի պլանավորեք չափից շատ գործեր միևնույն օրվա կամ շաբաթվա համար, հատկապես այնպիսիք, որոնց անհրաժեշտ է նախօրոք պատրաստվել։ Եթե գրաֆիկ կազմելը Ձեզ համար հոգնեցնող է, օգնություն խնդրեք վստահելի մեկից։

    • Իրազեկվեք Ձեր սահմանափակումների մասին․ Եթե չունեք ժամանակ, էներգիա կամ հետաքրքրություն, Ձեզ հանձնարարություններ տվող անձանց քաղաքավարի մերժելը նորմալ է։ Մի ունեցեք մեղքի զգացում «ոչ» ասելիս։ Քաղցկեղը կյանքը փոխող ախտորոշում է, և ամենակարևոր բաների վրա կենտրոնանալը լավ միտք է։ Աշխատավայրում ինքնակամ մի ներգրավվեք ծրագրերում, որոնք Ձեզ կծանրաբեռնեն։ Եթե Ձեզ համար դժվար է ասել «ոչ», հարցրեք, թե ինչ կարող եք անել դրա փոխարեն։ Կարող եք վերցնել հանձնարարության մի մասը կամ ավելի երկար ժամանակ խնդրել հանձնարարությունը կատարելու համար։

    • Օգնություն խնդրեք․ Կարող եք օգնություն խնդրել ընտանիքից, ընկերներից կամ աշխատակիցներից։ Հավանական է, որ շատերն իրենք կառաջարկեն իրենց օգնությունը, այնպես որ, նախօրոք մտածեք այն գործերի մասին, որտեղ օգնության կարիք կունենաք։ Օրինակ՝ ընտանիքի անդամները կամ ընկերները կարղ են օգնել գնումներ կատարելու, ուտելիք պատրաստելու, երեխային դպրոցից վերցնելու կամ ընտանի կենդանու խնամքի հարցերում։

    • Տարբերակեք Ձեր գործերը․ Կազմեք Ձեր առօրյա գործերի ցուցակ, օրինակ՝ աշխատանքային և տնային գործեր։ Գնահատեք այդ գործերը ըստ կարևորության։ Եթե չունեք ժամանակ կատարելու ամբողջը, ապա կենտրոնացեք այն գործերի վրա, որոնք գտնվում են Ձեր ցուցակի ամենավերևում։

    • Բաժանեք գործերը փոքր քայլերի․ Երբեմն մեծ գործերը կարող են ավարտին հասցվել փոքր քայլերով։ Դա կարող է հոգնեցուցիչ խնդիրները դարձնել ավելի հեշտ լուծելի։ Օրինակ՝  մի օր Ձեր ամբողջ տունը մաքրելուն տրամադրելու փոխարեն, մաքրեք 1 կամ 2 սենյակ օրական։

    • Կենտրոնացրեք Ձեր ջանքերը այն բաների վրա, որոնք կարող եք կառավարել․Սթրեսածին գործոնը կարող է լինել այնպիսի մի բան, որը Դուք չեք կարող փոխել կամ կառավարել, անգամ լավագույն պլանավորման դեպքում։ Ճանապարհային երթևեկությունը այդիպիսի օրինակ է։ Այն մարդիկ, ովքեր պահպանում են ճկունությունը կարողանում են պահել սթրեսը ավելի ցածր մակարդակի վրա։ Երբեմն խնդրի միակ մասը, որը Դուք կարող եք կառավարել, Ձեր արձագանքն է տվյալ խնդրին։ Եթե դա կօգնի, մտածեք այդ մասին որպես Ձեր էներգիան ավելի կարևոր բաների համար պահելու միջոց։

    • Գտեք ֆինանսական օգնություն․ Խոսեք Ձեր բուժանձնակազմի համապատասխան անդամների հետ ֆինանսական ծախսերի և բժշկական ապահովագրության մասին։ Մի սպասեք ֆինանսական աջակցություն գտնելու հարցում։ Ուշացրած վճարումներն ու պարտքերը կարող են շատ ճնշող լինել։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։