Երբ բժիշկն ասում է «քաղցկեղ»

| Ախտորոշում


Mobirise Website Builder

Կա մի իրավիճակ, որից մարդիկ հաճախ վախենում են․ բժշկի սենյակում նստած` լսել «քաղցկեղ» բառը։ Քաղցկեղով ախտորոշված մարդիկ ասում են, որ իրենց ցնցել է այդ լուրը, և իրենք ի վիճակի չեն եղել վերլուծել դրանից հետո ասվածը։ Սկզբնական շոկային վիճակից հետո, կարևոր է ուսումնասիրել, թե ինչ է հետևելու դրան։ Հաշվի առեք Ձեր ախտորոշման, բուժման և այդ ամենը հաղթահարելու եղանակներն ուսումնասիրելու համար նախատեսված հետևյալ քայլերը։

Ուսումնասիրեք Ձեր ախտորոշումը

Քաղցկեղը 100-ից ավել հիվանդությունների խումբ է։ Կարևոր է հասկանալ Ձեզ մոտ ախտորոշված քաղցկեղի կամ քաղցկեղ-կապակցված սինդրոմի յուրահատուկ տեսակը։ Դա ներառում է ախտորոշման գործընթացի համար անհրաժեշտ հետազոտությունների և բուժման տարբերակների իմացությունը։ Ակտիվ եղեք Ձեր բուժման գործընթացում հարցեր տալով և հասանելի աղբյուրներից օգտվելով։ Դա կօգնի Ձեզ կայացնել միայն տեղեկացված որոշումներ։

Բժշկի մոտ Ձեր առաջին այցից հետո, Ձեզ կտանջեն ստացած հսկայական ինֆորմացիան վերլուծելու փորձերը։ Անծանոթ բժշկական տերմինները Ձեզ կշփոթեցնեն։ Խնդրեք Ձեր բժշկին բացատրել ցանկացած բժշկական տերմին, որը Դուք չեք հասկացել։ Մի վախեցեք հարցեր տալուց։

Ձեր այցերին Ձեզ հետ բերեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին, ով կօգնի Ձեզ լսելու և նշումներ կատարելու հարցում։ Կամ ձայնագրեք խոսակցությունը՝ հետագայում անհրաժեշտության դեպքում լսելու համար։

Որոշ պացիենտներ ցանկանում են ստանալ մանրամասն տեղեկատվություն, մինչդեռ մյուսները նախընտրում են հնարավորինս քիչ բան իմանալ հիվանդության մասին։ Ասեք Ձեր բուժանձնակազմին Ձեր ախտորոշման, բուժման և լավանալու շանսերի մասին իմանալու Ձեր նախընտրությունները։ Հարցրեք, կա՞ն արդյոք տեղեկատվական կենտրոններ կամ պացիենտների կրթության համար նախատեսված այլ աղբյուրներ այնտեղ, որտեղ Դուք բուժվելու եք։

Գտեք համապատասխան մասնագետ

Քաղցկեղ ախտորոշումը ստանալուց հետո, Դուք պետք է գտնեք ուռուցքաբան։ Ուռուցքաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է քաղցկեղներ բուժելու մեջ։ Խնդրեք Ձեր պոլիկլինիկայի բժշկին, ընտանիքի անդամներին կամ ընկերներին կատարել համապատասխան հղումներ։ Կամ փնտրեք համացանցում՝ Ձեր տարածաշրջանում ուռուցքաբան գտնելու համար։

Նկատի ունեցեք երկրորդ կարծիք իմանալու կարևորությունը։ Դա ներառում է մեկ այլ բժշկի դիմելը՝ ախտորոշման մասին հավելյալ ինֆորմացիա իմանալու, ախտորոշման հաստատման, կամ բուժման մեկ այլ մոտեցման համար։ Երկրորդ կարծիք իմանալը կարող է բարձրացնել Ձեր ինքնավստահությունը` ՁԵր խնամքի մասին որոշումներ կայացնելիս։ Շատ բժիշկներ խրախուսում են իրենց պացիենտներին երկրորդ կարծիք լսել։

Հարցրեք Ձեր բժշկին, թե ինչ հասանելի կլինիկական փորձարկումներ կան Ձեր բուժման համար։ Կլինիկական փորձարկումը հետազոտական ուսումնասիրություն է նոր բուժման ապահովության, էֆեկտիվության և ստանդարտ բուժման հանդեպ ունեցած առավելություններն ուսումնասիրելու համար։

Ինքնակազմակերպվեք

Դուք Ձեր ամբողջ ուսումնասիրությունները, նշումները, հետազոտությունների արդյունքները, ձայնագրությունները և ֆինանասական ծախսերը համակարգելու կարիք կունենաք։ Կազմակերպվածությունը կօգնի Ձեզ Ձեր բուժանձնակազմի հետ անցկացրած ժամանակից վերցնել հնարավորինս շատ արժեքավոր ինֆորմացիա և տեղեկացված որոշումներ կայացնել։

Գտեք աջակցություն` այդ ամենը հաղթահարելու համար

Դուք մենակ չեք Ձեր ախտորոշումն ու բուժումը հաղթահարելու հարցում։ Ստացեք աջակցություն Ձեր ընտանիքից, ընկերներից և հասարակական աղբյուրներից՝ էմոցիոնալ, գործնական և ֆինանսական խնդիրները հաղթահարելու համար։

Հոգեհուզական աջակցություն․ Դուք խառը էմոցիաներ կունենաք Ձեր ախտորոշման և բուժման ընթացքում։ Ձեր բուժանձնակազմի հետ խոսելուց բացի, քննարկեք Ձեր մտահոգությունները ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Հաշվի առեք աջակցող խմբերին միանալու հնարավորությունը՝ նման խնդիրների հետ կապված ուրիշների փորձին ծանոթանալու համար։

Ձեր էմոցիաների մասին հոգեբանների հետ խոսելը կարող է օգտակար լինել։ Քաղցկեղ ախտորոշումն ունեցող մարդկանց համար նորմալ է անհանգստանալն ու հուսահատվելը։ Բայց քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը նորմայից բարձր է։ Եթե զգում եք, որ կորցրել եք Ձեր առօրյա գործունեության հանդեպ հետաքրքրությունը կամ դժվարանում եք կենտրոնանալ, քնել կամ ուտել, խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ և խնդրեք հոգեբանական օգնություն։

Էմոցիաներն արտահայտելու և սթրեսը հաղթահարելու այլ միջոցներ են՝

• Նոթատետրում գրառումներ կատարելը;

• Նկարելը;

• Աղոթելը կամ մեդիտացիա անելը;

• Կարդալը։

Գործնական աջակցություն․ Ձեր ախտորոշումն ընդունելուց հետո, Դուք կսկսեք մտածել, թե ինչպես եք կազմակերպելու առօրյա պարտականությունները, ներառյալ աշխատանքն ու ծնողական պարտավորությունները։ Դա այն ժամանակն է, երբ պետք է օգնություն խնդրեք և ստանաք ուրիշներից։

Ֆինանսական օգնություն․ Քաղցկեղի բուժումը կարող է թանկարժեք բեռ լինել որոշ մարդկանց համար։ Ախտորոշումից հետո, առանց կաշկանդվելու խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ բուժման արժեքների մասին։ Սպասվող ծախսերի մասին իմանալը կօգնի Ձեզ ճիշտ կառավարել քաղցկեղի ֆինանսական ազդեցությունները։

Եվ վերջապես, չնայած նրան, որ քաղցկեղը լուրջ հիվանդություն է, Դուք ունեք բազմաթիվ պատճառներ հույսով լի մնալու համար։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հիմնաքարային հաջողություններ են գրանցվել քաղցկեղի բուժման և խնամքի բնագավառում։ Դրանք ներառում են մետաստատիկ քաղցկեղի բուժման ու կողմնակի ազդեցությունների աջակցող թերապիայի բնագավառում գրանցված առաջընթացը։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։