| Ախտորոշում
Քաղցկեղի դասակարգումն օգնում է նկարագրել դրա տեղակայումը, պարզել տարածվածությունը և այլ օրգանների ընդգրկվածությունը ախտահարման պրոցեսում։ Բժիշկներն օգտագործում են ախտորոշման տարբեր մեթոդներ՝ քաղցկեղի փուլը (ստադիան) որոշելու համար։ Քաղցկեղի փուլի իմացությունն օգնում է բժշկին հետևյալ հարցերում․
• Բուժման պլանավորում՝ ներառյալ վիրահատության տեսակի որոշում, քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի անհրաժեշտության որոշում;
• Բուժումից հետո քաղցկեղի հնարավոր ախտադարձի հավանականության գնահատում;
• Առողջացման հավանականության գնահատում;
• Ախտորոշման մասին ամբողջ բուժանձնակազմի համար ընդհանուր և հասկանալի լեզվով խոսելու հնարավորություն;
• Բուժման էֆեկտիվության գնահատում;
• Նույն ախտորոշմամբ մարդկանց մեծ խմբերի մոտ նոր բուժումների էֆեկտիվության համեմատություն։
TNM դասակարգման համակարգ
Քաղցկեղի շատ տեսակների համար բժիշկներն օգտագործում են Քաղցկեղի Ամերիկյան Հանձնախմբի կողմից սահմանված TNM դասակարգման համակարգը։ Ախտորոշիչ հետազոտությունների, պատկերավորող միջոցների, ուռուցքի հեռացման կամ նմուշի վերցման նպատակով իրականացված վիրահատությունների հիման վրա բժիշկները պատասխանում են հետևյալ հարցերին․
• Ի՞նչ չափեր ունի առաջնային ուռուցքը։ Որտե՞ղ է այն տեղակայված։ (Ուռուցք – Tumor, T)
• Տարածվե՞լ է արդյոք ուռուցքն ավշային հանգույցներ։ Եթե այո, ապա որտե՞ղ և որքա՞ն։ (Հանգույց – Node, N)
• Տարածվե՞լ է արդյոք քաղցկեղն օրգանիզմի այլ հատվածներ։ Եթե այո, ապա որտե՞ղ և որքա՞ն։ (Մետաստազ – Metastasis, M)
• Կա՞ն արդյոք բիոմարկերներ կամ օնկոմարկերներ, որոնք մեծացնում կամ փոքրացնում են ուռուցքի տարածման հավանականությունը։
Դասակարգումը կարող է լինել «կլինիկական» կամ «ախտաբանական»։ Կլինիկական դասակարգումը հիմնված է վիրահատությունից առաջ կատարված հետազոտությունների վրա՝ ֆիզիկական զննման, պատկերավորող միջոցների։ Ախտաբանական դասակարգումը հիմնված է այն ամենի վրա, ինչը ի հայտ է գալիս վիրահատության ժամանակ։ Կլինիկական փուլը նշվում է TNM դասակարգումից առաջ լատիներեն փոքրատառ «c» տառով։ Ախտաբանական (պաթոլոգիական) փուլը նշանակվում է «p» տառով։ Ընդհանուր առմամբ, ախտաբանական փուլը ավելի շատ տեղեկություն կարող է հաղորդել պացիենտի հիվանդության կանխատեսման մասին։
Դասակարգում անհրաժեշտ է կատարել նաև վիրահատությունից առաջ հիվանդի ստացած բուժումներից՝ քիմիաթերապիայից, ճառագայթային թերապիայից, հորմոնային թերապիայից, իմունաթերապիայից հետո։ Դա կոչվում է հետբուժական դասակարգում։ Այսպիսի դասակարգում հնարավոր է իրականացնել քաղցկեղի այն դեպքերի ժամանակ, երբ բուժումը վիրահատությունից առաջ փոքրացնում է ուռուցքի չափերը՝ այն դարձնելով վիրահատելի։ Հետբուժական դասակարգման ժամանակ TNM-ից առաջ նշվում է «y» տառը։
TNM դասակարգման նկարագրություն
Ստորև նշված է TNM դասակարգման ընդհանուր դրույթները։ Այնուամենայնիվ, քաղցկեղի յուրաքանչյուր տեսակի համար յուրաքանչյուր կարգ ունի իրեն յուրահատուկ բնորոշում։
• Tumor (T). “T” տառը և կողքին գրված թիվը (0-ից 4) նկարագրում են ուռուցքի չափն ու տեղակայումը, ներառյալ այն, թե որքա՞ն է ուռուցքը ներաճել շրջակա հյուսվածքներ։ Ուռուցքի չափերը որոշվում են սանտիմետրերով։ Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում “a”, “b” կամ “m” (multiple - բազմաթիվ) տառերն ավելացվում են “T” տառի կողքին, առավել մանրամասն նկարագրության համար։
• Node (N). “N” տառը և կողքին գրված թիվը (0-ից 3) նկարագրում են ավշային հանգույցները։ Այս փոքրիկ, լոբաձև օրգաններն օգնում են ինֆեկցիաների դեմ պայքարում։ Ուռուցքին մոտ գտնվող ավշային հանգույցները կոչվում են ռեգիոնալ ավշային հանգույցներ։ Մարմնի այլ հատվածներում գտնվող ավշային հանգույցները կոչվում են հեռակա ավշային հանգույցներ։ Առավել հաճախ՝ որքան շատ են ուռուցքային պրոցեսով ավշային հանգույցները, այնքան մեծ է նշված թիվը։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում “N” կարգի համար որոշիչ է լինում քաղցկեղով ավշային հանգույցների տեղակայումը։
• Metastasis (M). “M” տառը ցույց է տալիս այլ օրգաններ քաղցկեղի տարածվածությունը՝ հեռակա մետաստազները։ Եթե քաղցկեղը տարածված չէ, այն նշվում է M0։ Տարածված լինելու դեպքում նշվում է M1:
Դասկարգման մեջ ներառված այլ գործոններ
TNM համակարգից բացի, քաղցկեղի դասակարգման մեջ ներառվում են նաև այլ գործոններ՝ քաղցկեղի տեսակից կախված։
• Աստիճան (Grade). Աստիճանը բնութագրում է, թե ինչքա՞ն են նման քաղցկեղի բջիջները առողջ բջիջներին՝ մանրադիտակի տակ դիտելիս։ Այն նշվում է լատիներեն “G” տառով և կողքին գրված 0-ից 4 թվերով։ Բժիշկը համեմատում է քաղցկեղային հյուսվածքը առողջ հյուսվածքի հետ։ Առողջ հյուսվածքը սովորաբար պարունակում է միասին խմբավորված տարբեր տեսակի բջիջներ։ Եթե քաղցկեղային հոյւսվածքը նման է առողջին և պարունակում է տարբեր բջիջների խմբավորումներ, այն կոչվում է «տարբերակված» կամ «ցածր աստիճանի (չարորակության) քաղցկեղ»։ Եթե քաղցկեղային հյուսվածքը շատ է տարբերվում նորմալ հյուսվածքից, այն կոչվում է «քիչ տարբերակված» կամ «բարձր աստիճանի (չարորակության) քաղցկեղ»։ Քաղցկեղի չարորակության աստիճանը կարող է օգնել բժշկին կանխատեսել քաղցկեղի տարածման արագությունը։ Որքան ցածր է այն, այնքան ավելի բարենպաստ է կանխատեսումը։ Քաղցկեղի տարբեր տեսակներ քաղցկեղի աստիճանի նշման տարբեր եղանակներ ունեն։
• Ուռուցքային մարկերներ կամ բիոմարկերներ․ Ուռուցքային մարկերները կամ բիոմարկերները միացություններ են, որոնք քաղցկեղ ունեցող որոշ մարդկանց հյուսվածքներում, մեզի կամ արյան մեջ, կամ քաղցկեղային բջիջների մակերեսին հայտնաբերվում են նորմայից բարձր քանակությամբ։ Քաղցկեղի շատ տեսակների դեպքում ուռուցքային մարկերները կարող են ցույց տալ քաղցկեղի տարածման հավանականությունը և օգնել որոշել բուժման լավագույն տարբերակները։ Որոշ դեպքերում էլ ուռուցքային մարկերները կարող են ավելի օգտակար լինել բուժման պլանի ընտրության հարցում, քան քաղցկեղի ստադիան։
• Քաղցկեղի գենետիկան․ Գիտնականները քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման մեջ ընդգրկված շատ գեների հայտնաբերման ձևեր են գտել։ Այս գեների մասին տեղեկությունները կարող են օգնել գնահատել քաղցկեղի տարածման հավանականությունը և որոշել բուժման լավագույն տարբերակը։ Այն կարող է օգնել բժիշկներին թիրախավորել յուրաքանչյուր քաղցկեղի բուժում։
Քաղցկեղի ստադիաներ
Յուրաքանչյուր մարդու քաղցկեղի ստադիան որոշելու համար բժիշկները միավորում են TNM դասակարգման արդյունքները և քաղցկեղին յուրահատուկ այլ գործոններ։ Քաղցկեղի տեսակների մեծամասնությունն ունի 4 ստադիա (I-IV): Որոշ տեսակներ ունեն նաև 0 ստադիա։
• 0 ստադիա․ Նկարագրում է in situ քաղցկեղը, որը նշանակում է «քաղցկեղ տեղում»։ Այս ստադիայում քաղցկեղը տեղակայված է այնտեղ, որտեղ սկիզբ է առել, և չի տարածվում մոտակա հյուսվածքներ։ Այս ստադիայում քաղցկեղը հաճախ բուժման մեծ հավանականություն ունի, ինչը սովորաբար իրականացվում է վիրահատական ճանապարհով ուռուցքը հեռացնելով։
• I ստադիա․ Այս ստադիան սովորաբար նկարագրում է փոքր քաղցկեղ կամ ուռուցք, որը խորը չի ներաճել մոտակա հյուսվածքների մեջ։ Այն նաև չի տարածվում ավշային հանգույցներ կամ մարմնի այլ մասեր։ Սովորաբար կոչվում է վաղ փուլի քաղցկեղ։
• II և III ստադիաներ․ Ընդհանուր առմամբ, այս 2 ստադիաները բնութագրում են ավելի մեծ ուռուցքներ, որոնք ավելի խորն են ներաճում մոտակա հյուսվածքներ։ Դրանք կարող են նաև տարածված լինել ավշային հանգույցներ, բայց ոչ մարմնի այլ մասեր։
• IV ստադիա․ Այս ստադիայում քաղցկեղը տարածված է մարմնի այլ մասեր և օրգաններ։ Այն նաև կոչվում է մետաստատիկ քաղցկեղ։
Վերադասակարգում
Քաղցկեղի ստադիան ժամանակի ընթացքում չի փոխվում։ Քաղցկեղի ախտադարձի կամ մարմնի այլ մասեր տարածման դեպքում՝ ուռուցքի չափերի և տարածման մասին վերջին տվյալներն ավելացվում են նախնական ստադիային։
Երբեմն բժիշկը կարող է վերանայել հիվանդության դասակարգումը՝ բուժման արդյունավետությունը գնահատելու կամ բուժումից հետո ախտադարձի դեպքում՝ քաղցկեղի մասին տեղեկություններ իմանալու համար։ Այս դեպքում նույնպես օգտագործվում են վերոնշյալ համակարգերն ու չափորոշիչները։ Հնարավոր են հիվանդության առաջին անգամ ախտորոշման ժամանակ օգտագործված որոշ հետազոտությունների կրկնություններ, ինչից հետո, բժիշկը կնշի քաղցկեղի նոր ստադիան։ Առաջնային ախտորոշումից նոր դասակարգման տարբերությունը նշելու համար բժիշկը կարող է օգտագործել լատիներեն փոքրատառ “r” տառը։ Այնուամենայնիվ, դա հազվադեպ է հանդիպում։
Դասակարգման այլ համակարգեր
TNM համակարգը սովորաբար օգտագործվում է սոլիդ ուռուցքների դեպքում (կրծքագեղձի, հաստ աղու, թոքի)։ Քաղցկեղների այլ տեսակները դասակարգելու համար՝ բժիշկներն օգտագործում են այլ համակարգեր․
• Կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներ (ԿՆՀ, ուղեղի ուռուցքներ)․ Քանի որ ուղեղի չարորակ ուռուցքները սովորաբար չեն տարածվում գլխուղեղից և ողնուղեղից դուրս, օգտագործվում է TNM համակարգի միայն T բաղադրիչը։ Ներկայումս չկա ԿՆՀ ուռուցքների դասակարգման համար ստեղծված հատուկ համակարգ։
• Մանկական քաղցկեղներ․ Քաղցկեղի Ամերիկյան Հանձնախումբը չի ընդգրկում մանկական քաղցկեղները դասակարգման մեջ։ Դրանք դասակարգելու համար բժիշկներն օգտվում են այլ՝ հաճախ տվյալ տեսակի համար յուրահատուկ, համակարգերից։
• Արյան քաղցկեղներ․ TNM-ը չի բնորոշում լեյկեմիաները, լիմֆոմաները կամ միելոմային հիվանդությունը, քանի որ դրանք սոլիդ ուռուցքներ չեն։ Արյան քաղցկեղի յուրաքանչյուր տեսակ ունի իրեն հատուկ դասակարգման համակարգ։
Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:
Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: