Երբ արյան ընդհանուր քննությամբ հայտնաբերվում է ցիտոպենիա, Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ոսկրածուծի հետազոտություն: Ոսկրածուծի հետազոտությունը կարող է հայտնաբերել ոսկրածուծի բջիջների շեղումներ, օրինակ դիսպլաստիկ բջիջներ և թույլ կտա գնահատել քրոմոսոմները' ցիտոգենետիկա: Այս թեստերը լրացուցիչ ինֆորմացիա կտան ախտորոշումը հաստատելու համար: Ոսկրածուծի հետազոտությունն ունի երկու մաս' ասպիրացիա և բիոպսիա: Այս երկու հետազոտություններն իրականացվում են միաժամանակ:
Ոսկրածուծի ասպիրացիա
Ոսկրածուծի ասպիրատը ոսկրածուծի հեղուկ մասի նմուշն է, որի միջոցով գնահատվում է արյունաստեղծ բջիջների ձևը, անհաս բջիջների՝ բլաստների քանակը ոսկրածուծում, ինչպես նաև հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես են հասունանում՝ դիֆերենցվում արյան բջիջները: Ասպիրատը թույլ է տալիս նաև իրականացնել ցիտոգենետիկ հետազոտություն:
Ոսկրածուծի բիոպսիա
Ոսկրածուծի բիոպսիայի ժամանակ հեռացվում է ոսկրի փոքրիկ կտոր ոսկրածուծի սպունգանման հատվածից, այն սովորաբար ունի 1.5 - 2սմ երկարություն: Այն ինֆորմացիա է տալիս ոսկրածուծի բջջայնության մասին՝ հիպերցելյուլյար՝ բջջայնությունը բարձրացած է, հիպոցելյուլյար՝ բջջայնությունն իջած է: Այն նաև ինֆորմացիա է տալիս երկաթի պաշարների, ոսրածուծի պնդացման՝ ֆիբրոզի մասին, ինչպես նաև այլ՝ ոչ նորմալ բջիջների առկայության մասին:
Ոսկրածուծի նմուշների մշակումը
Ոսկրածուծի ասպիրացիայի և բիոպսիայի նմուշներն ուղարկվում են հեմատոպաթոլոգի մոտ' բժիշկ, ով մասնագիտացված է արյան և ոսկրածուծի հետազոտման նմուշները գնահատելու մեջ: Հետազոտությունը սովորաբար պահանջում է 3 - 4 օր: Ցիտոգենետիկ և այլ հատուկ հետազոտությունները կարող են պահանջել մինչև երկու շաբաթ:
Ոսկրածուծը և վերջինիս բիոպսիայի պրոցեդուրան
Ոսկրածուծի հետազոտությունը կարող է իրականացվել բժշկի սենյակում, այն տևում է մոտ 20 րոպե: Բիոպսիան իրականացվում է տեղային ցավազրկումով կամ, որոշ դեպքերում, մեղմ ընդհանուր անզգայացումով:
- Հիվանդը տեղադրվում է կողքի կամ որովայնի վրա: Կարևոր է որ մինչև պրոցեդուրան դատարկեք Ձեր միզապարկը: Նաև կարևոր է շարունակել դանդաղ շնչել պրոցեդուրայի ժամանակ՝ որպեսզի թուլանան:
- Պրոցեդուրան իրականացնող բժիշկը կպատրաստի ստերիլ դաշտ՝ մաքրելով հետին զստային փշի շրջանը, այն ոսկրային արտափքում է ազդրի հետին վերին մասում՝ մոտավորապես այնտեղ, որտեղ Ձեր ջինսե տաբատի գրպաններն են գտնվում:
- Այդ հատվածի մաշկը կանզգայացվի օգտագործելով լիդոկայինի որևէ տեսակ: Դուք կարող եք զգալ ասեղի ծակոցը և լիդոկայինի ներարկումը:
- Ապա երկրորդ ասեղի միջոցով թմրեցվում է ոսկրի մակերեսը' պերիօստեում - այստեղ են տեղակայված են նյարդային վերջույթները: Դուք կարող եք զգալ կարճատև ծակոց' նման ատամնաբուժական միջամտության ժամանակ լնդի ծակոցին:
- Մաշկը և ոսկրն անզգայացնելուց հետո մաշկի վրա կատարվում է փոքրիկ կտրվածք՝ ոսկրածուծի բիոպսիայի ասեղը մտցնելու համար: Ներկայումս ոսկրածուծի տարբեր տեսակի ասեղներ գոյություն ունեն: Մեծ մասը թույլ է տալիս ոսկրածուծի ասպիրացիան և բիոպսիան իրականացնել միաժամանակ:
- Մեծ չափսերի ասեղը թույլ է տալիս թափանցել ոսկրի պինդ շերտով՝ կորտիկալ ոսկր: Դուք կարող եք զգալ ճնշում: Որոշ հիվանդներ ունեն շատ պինդ ոսկր, որը պահանջում է առավել մեծ ճնշում ոսկրի մեջ թափանցելու համար: Եթե դուք զգաք սուր ցավ կամ դեպի ոտքը ճառագայթող ցավ, տեղյակ պահեք Ձեր բժշկին:
- Երբ ասեղը հասնում է սպունգանման ոսկրին, ասեղի ներքին մասը հեռացվում է և վերցվում է ասպիրատը: Դուք կարող եք ունենալ շատ կարճատև ճնշման զգացում ոսկրածուծի առաջին մասը քաշելիս: Այն կօգնի Ձեզ խորը շնչել , երբ ասպիրատը վերցվում է: Վերցվող նմուշների քանակը որոշվում է բժշկի կողմից՝ կախված անհրաժեշտ թեստերի քանակից:
- Այնուհետև նույն ասեղն օգտագործվում է բիոպսիայի համար: Արդեն սնամեջ ասեղը տեղաշարժվում է դեպի ոսկրածուծ: Ձեր բժիշկը ասեղը կշարժի պտուտակաձև և կհեռացնի ոսկրի կտորը: Դուք կզգաք կարճատև ճնշում և որոշ ցնցում: Ոսկրի հեռացումը նման է կարճատև խայթոցի:
- Պրոցեդուրայից հետո Ձեր բժիշկը կդնի ճնշող վիրակապ բիոպսիայի մասում' արյունահոսությունը կանխելու համար:
- Դուք չպետք է ցնցուղ ընդունեք քսանչորս ժամվա ընթացքում, իսկ լողը, լոգանք ընդունելն արգելվում են 48-72 ժամ:
- Որոշ հիվանդների մոտ կարող է զարգանալ կապտուկ կամ ուռածություն մաշկի տակ, հատկապես այն հիվանդներ մոտ ում թրոմբոցիտները ցածր են, կամ հիվանդներ ովքեր ընդունում են ասպիրին կամ արյունը նոսրացնող այլ դեղամիջոցներ: Եթե Դուք ընդունում եք ասպիրին կամ արյունը նոսրացնող այլ դեղամիջոցներ համոզված եղեք, որ այդ մասին տեղեկացրել եք Ձեր բժշկին:
- Դուք կարող եք ունենալ դիսկոմֆորտի զգացում ոսկրածուծի բիոպսիայի շրջանում 2-3 օր:
- Ապահովության համար նպատակահարմար է, որ հիվանդին տուն ուղեկցի ընտանիքի որևէ անդամ, ընկեր կամ խնամող: Հիվանդն ավտոմեքենա չպետք է վարի։