Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա և համակարգչային տոմոգրաֆիա (ՊԷՏ-ԿՏ)

| Ախտորոշում


Mobirise Website Builder

Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի հետազոտությունը հայտնի է որպես ՊԷՏ սկան: ՊԷՏ սկանավորումը հետազոտության տեսակ է, որը կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման ժամանակ: Դա կարելի է անել համակարգչային տոմոգրաֆիայի հետ միասին: Այսպիսով, բժիշկներն այն անվանում են ՊԷՏ-ԿՏ (PET-CT) սկան: Բայց դուք կարող եք լսել նաև ՊԷՏ-սկան տարբերակը: Քաղցկեղի որոշ տեսակների համար ՊԷՏ-ԿՏ սկանավորումը միջոց է քաղցկեղի հայտնաբերման և դրա փուլը հասկանալու համար: Փուլը քաղցկեղի տեղակայումն ու տարածվածությունը նկարագրելու միջոց է։ Բժիշկները նաև տեղեկություններ են ստանում տվյալ փուլի մասին, եթե քաղցկեղն ազդում է ձեր օրգանիզմի գործառույթների վրա: Քաղցկեղի փուլն իմանալը օգնում է ձեզ և ձեր բժշկին ընտրել բուժման լավագույն տարբերակը: Այն նաև օգնում է ձեր բժշկին կանխատեսել լավանալու հնարավորությունը:

Ինչո՞վ է տարբերվում ՊԷՏ-ԿՏ սկանավորումը, ԿՏ սկանավորումից

Կոմպյուտերային տոմոգրաֆիան (ԿՏ) ցույց է տալիս ձեր ներքին օրգանների և հյուսվածքների շերտային պատկերներ: Իսկ ՊԷՏ սկանավորումը կարող է գտնել օրգանիզմում ոչ նորմալ ակտիվություն ցուցաբերող հատվածներ և այն կարող է լինել ավելի զգայուն, քան պատկերավորման այլ հետազոտությունները: Ինչպես նաև այն կարող է ավելի շուտ հայտնաբերել ձեր մարմնում տեղի ունեցող փոփոխությունները: Բժիշկներն օգտագործում են ՊԷՏ-ԿՏ սկանավորումը քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: 

Քաղցկեղի ձեր փուլի մասին տեղեկություն տալուց բացի, ՊԷՏ-ԿՏ սկանավորումը կարող է օգնել բժշկին.

    • Գտնել բիոպսիայի ճիշտ տեղը;

    • Իմանալ, արդյոք ձեր քաղցկեղի բուժումը արդյունավետ է;

    • Բուժումն ավարտելուց հետո ստուգել քաղցկեղի նոր աճի առկայությունը;

    • Պլանավորել ճառագայթային թերապիան:

Ինչպե՞ս է գործում PET-CT սկանավորումը

Նախքան ձեր ՊԷՏ-ԿՏ սկանավորումը, դուք կստանաք մի փոքր քանակությամբ ռադիոակտիվ շաքարի ներարկում, որը կոչվում է ֆլուորոդեզօքսիգլյուկոզա-18: Այս նյութը երբեմն անվանում են FGD-18, ռադիոակտիվ գլյուկոզա կամ կոնտրաստ: Ձեր մարմնի բջիջները կլանում են շաքարը: Այն հատվածները, որոնք ավելի շատ են էներգիա օգտագործում, ավելի շատ են կլանում գլյուկոզան: Քաղցկեղի բջիջները հակված են ավելի շատ էներգիա օգտագործել, քան առողջ բջիջները: ՊԷՏ սկանավորումը ցույց է տալիս, թե որտեղ է կուտակվում ռադիոակտիվ կոնտրաստը ձեր մարմնում: 

ԿՏ սկանավորումը ստանում է տարբեր անկյուններով ռենտգեն պատկերնե: Դուք կարող եք ռենտգեն հետազոտությունից առաջ կոնտրաստ ստանալ: Սա օգնում է ավելի մանրամասն տեսնել որոշ հատվածներ: Եվ Վերջապես, համակարգիչը համատեղում է ՊԷՏ և ԿՏ պատկերները: Ձեր բժիշկը ստանում է մանրամասն 3-D արդյունք, որը ցույց է տալիս ցանկացած ախտահարում, ներառյալ ուռուցքները:

Արդյո՞ք անվտանգ է ՊԷՏ-ԿՏ սկանավորումը

ՊԷՏ-ԿՏ սկանավորումը իրականում պարունակում է ճառագայթման ռիսկ: Սքանավորման այս տեսակն օգտագործում է որոշակի ճառագայթում ռենտգենյան ճառագայթներից, ՊԷՏ սկանում օգտագործվող կոնտրաստ նյութից կամ երկուսից էլ: Մարմնի ավելի փոքր տարածքի սկանավորումը ենթադրում է համապատասխանաբար ավելի քիչ ճառագայթում: Այդպես է նաև առանց կոնտրաստի ԿՏ հետազոտության դեպքում:

Այս հետազոտությունների առավելությունները սովորաբար ավելի մեծ են, քան ռիսկերը: Այս թեստերի ընթացքում դուք ենթարկվում եք փոքր քանակությամբ ճառագայթման: Ապացուցված չէ, որ ճառագայթման այս ցածր դոզան կարող է վնաս պատճառել։ Երեխաների կամ այն մարդկանց համար, ովքեր կարիք ունեն բազմաթիվ ՊԷՏ, ԿՏ և ռենտգեն հետազոտությունների, ապագայում կարող են ունենալ քաղցկեղի առաջացման փոքր հավանականություն:

Բժիշկները կարող են օգտագործել ավելի ցածր դոզաներով սկանավորում կամ սահմանափակել սկանավորման ենթակա հատվածները: Համոզվեք, որ ձեր բոլոր բժիշկները գիտեն, թե քանի սկանավորում եք անցել՝ ներառյալ քանակը և տեսակը: Այս տեղեկատվությունը կարող է օգնել նրանց որոշել, թե սկանավորման որ տեսակներն օգտագործեն ապագայում՝ ձեր ռիսկը նվազեցնելու համար: Եթե մտահոգված եք ձեզ վրա ճառագայթման ազդեցությամբ, խոսեք ձեր բժշկի հետ և հարցրեք, թե կարո՞ղ եք կատարել մեկ այլ տեսակի հետազոտություն, որի դեպքում ավելի քիչ ճառագայթում է օգտագործվում:

Ո՞վ է կատարելու իմ ՊԷՏ-ԿՏ սկանավորումը

Ձեր ՊԷՏ-ԿՏ սկանավորումը, կկատարի տեխնիկը, որը մասնագիտանում է այս տեսակի սկանավորումների մեջ։ Հետազոտության ավարտից հետո ձեր արդյունքները կնայի բժիշկը, որը մասնագիտացած է տվյալ հետազոտության արդյունքները գնահատելու մեջ: Այդ անձը միջուկային բժշկության մասնագետ է կամ ճառագայթաբան: 

ՊԷՏ-ԿՏ սկանավորումը կարող է կատարվել հիվանդանոցում կամ այն կենտրոնում, որտեղ պատկերավորող հետազոտություններ են կատարվում:

Ինչպե՞ս պատրաստվել ՊԷՏ-ԿՏ սկանավորմանը

Երբ պլանավորում եք ՊԷՏ-ԿՏ սկանավորում, անձնակազմը ձեզ կասի, թե ինչպես պատրաստվել: Ուշադիր հետևեք նրանց հրահանգներին՝ սկանավորման արդյունքների վրա չազդելու համար: Խոսեք անձնակազմի հետ հետևյալ թեմաների մասին և հարցեր տվեք ձեզ համար անհասկանալի կամ մտահոգող ցանկացած տեղեկատվության վերաբերյալ:

Ի՞նչ ուտել. Ձեզ կարող են ասել, որ հետազոտության նախորդ գիշերը, կեսգիշերից հետո խմեք միայն մաքուր հեղուկներ: Կախված, թե ձեր մարմնի որ հատվածն է սկանավորվելու, հնարավոր է, որ կարիք լինի  դադարեցնել ուտելը և խմելը սքանավորումից 4 ժամ առաջ։ Որոշ դեպքերում կարող եք նորմալ ուտել և խմել:

Ձեր դեղամիջոցները և առողջական պատմագիրը․ Հարցրեք`հետազոտության օրը պետք է ընդունե՞լ արդյոք ձեր սովորական դեղերը: Նաև տեղեկացրեք նրանց, եթե ունեք շաքարային դիաբետ կամ այլ ուղեկցող հիվանդություն: Մասնավորապես, շաքարային դիաբետը կարող է փոխել ձեր հետազոտության արդյունքները, և ռադիոակտիվ նյութը կարող է ազդել արյան շաքարի վրա: Կրծքով եք կերակրման կամ հղիության դեպքում տեղյակ պահեք այդ մասին անձնակազմին: Այս հետազոտությունները կարող են վտանգել երեխային:

Ալերգիա․ Տեղեկացրեք աշխատակազմին ձեր ունեցած ալերգիկ ռեակցիաների մասին որևէ դեղամիջոցից կամ սննդից, ներառյալ յոդից, որոնք դուք ունեցել եք նախկինում:

Ինչի՞ց խուսափել․ Հետազոտությունից 24 ժամ առաջ մի կատարեք ծանր ֆիզիկական  վարժություններ, ինչպիսիք են վազքը, ցատկը կամ ծանրություն բարձրացնելը: Վարժությունները կարող են բացասաբար ազդել հետազոտության ճշգրտության վրա:

Ի՞նչ հագնել. Հագեք ազատ, հարմարավետ հագուստ՝ առանց մետաղական ճարմանդների կամ կոճակների: Դուք պետք է հեռացնեք ցանկացած հագուստ, որը մետաղ է պարունակում, քանի որ մետաղը կարող է ազդել սկանավորման վրա: Սա ներառում է գոտիներ, ականջողներ, ճարմանդներով կամ շղթաներով վերնաշապիկներ, կրծկալներ և ակնոցներ: Ձեզանից կխնդրեն հեռացնել զարդերը, այնպես որ գուցե ցանկանաք այն թողնել տանը ձեր քննության օրը:

Ապահովագրություն, ծախսեր և համաձայնություն․ Եթե մտահոգված եք ձեր ՊԷՏ-ԿՏ սկանավորման արժեքով, պարզեք, թե որքան է փակելու ձեր ապահովագրությունը մինչ սկանավորումը։ Հարցրեք, թե որքան գումար պետք է վճարեք: Բժշկի գրասենյակ կամ հիվանդանոց հասնելուն պես անձնակազմը կարող է ձեզ խնդրել ստորագրել համաձայնագիր:՞ Այս ձևաթուղթը նշում է, որ դուք հասկանում եք սկանավորման առավելություններն ու ռիսկերը և համաձայն եք այն կատարել:

ՊԷՏ-ԿՏ սկանավորման ընթացքը

Աշխատակազմի անդամը կտեղադրի կաթետեր ձեր երակներից մեկի մեջ: Սա ասեղով բարակ խողովակ է: Երբ կաթետերը տեղում լինի, դուք կստանաք ռադիոակտիվ նյութ`սկանավորման համար: Դուք ռադիոակտիվ նյութից ոչինչ չեք զգա:

Նյութը ներարկելուց հետո դուք պետք է սահմանափակեք ձեր շարժումը և խուսափեք ակտիվությունից, բայց կարող եք հարմարավետ նստել աթոռին: Չափից շատ շարժվելը կարող է նյութը տեղափոխել այն հատվածներ, որոնք չեն ուսումնասիրվում: Սա բժիշկների համար դժվարացնում է սկանավորումը կարդալը։ Ռադիոակտիվ նյութը սկանավորման հատվածներ հասնելը տևում է 30-ից 90 րոպե:

Ձեզ կարող են նաև խնդրել խմել կոնտրաստային հեղուկ: Կարող եք նաև կոնտրաստային հեղուկը ստանալ ձեր ներերակային կաթետերով: Կոնտրաստն օգնում է պատկերներն ավելի պարզ դարձնել: Հետազոտության սկսվելուց անմիջապես առաջ ձեզ կխնդրեն գնալ զուգարան՝ միզապարկը դատարկելու համար: 

Այս հեղուկը կարող է ձեր կաթետերի հատվածում ջերմաստիճանի բարձրացում  կամ քոր առաջացնել: Ինչպես նաև Ձեր բերանում կարող եք զգալ մետաղական համ: Այս զգացողությունները պետք է անհետանան մի քանի րոպեից: Եթե ունեք ավելի լուրջ ռեակցիա, օրինակ՝ դժվարաշնչություն, իսկույն ասեք այդ մասին: 

Սկանավորումը սկսելու ժամանակ տեխնիկը կօգնի ձեզ հարմարավետ պառկել սեղանի վրա: Դուք, ամենայն հավանականությամբ, պառկելու եք մեջքի վրա, բայց կարող է անհրաժեշտ լինել կողքի կամ որովայնի վրա պառկել: Դա կախված է նրանից, թե ձեր մարմնի որ հատվածը պետք է սկանավորվի:

Երբեմն քաղցկեղի բուժման համար ճառագայթային թերապիա պլանավորելու համար օգտագործվում է ՊԷՏ-ԿՏ սկան: Այս դեպքում ձեր մարմնի դիրքը շատ կարևոր կլինի: Տեխնիկը ձեզ դիրքավորում է դիմակով կամ գիպսով: Այս ամենը օգնում է հետազոտության ընթացքում ձեր մարմինը շատ անշարժ պահել: 

ՊԷՏ-ԿՏ սարքը կարծես մեծ փքաբլիթ լինի: Երբ այն միանում է, սեղանը արագորեն սահում է կենտրոնի անցքի միջով: Սա օգնում է ցույց տալ, արդյոք ճիշտ դիրքում եք: Հետո սեղանը դանդաղ սահում է առաջ և հետ: Աշխատակազմի անդամը հետազոտությանը հետևում է հարևան սենյակից: Դուք կարող եք խոսել նրանց հետ, և նրանք կարող են խոսել ձեզ հետ։

Կզգա՞մ արդյոք հարմարավետություն հետազոտության ընթացքում

Աշխատակազմը ձեզ կօգնի  զգալ հնարավորինս հարմարավետ: ՊԷՏ-ԿՏ սկանավորումը ցավոտ րէ: Բայց որոշ դիրքեր կարող են անհարմար կամ հոգնեցուցիչ լինել: Ամբողջ զննման ընթացքում հարկավոր է անշարժ պառկել: Կարող է նաև անհրաժեշտ լինել ձեռքերը պահել գլխավերևում: Աշխատակազմի անդամը կարող է խնդրել, որ երբեմն պահեք շնչառությունը: Շնչառական շարժումները կարող են լղոզված պատկերներ առաջացնել: Հետազոտության ընթացքում աշխատակազմի անդամը կարող է նաև բարձրացնել, իջեցնել կամ թեքել սեղանը: Այդ կերպ ստանում են պատկերներ տարբեր անկյուններից: Խնդրեք նրանց ասել ձեզ, թե երբ է սեղանը շարժվելու: 

Հնարավոր է սարքից լսեք որոշ ձայներ: Որոշ սարքեր ավելի աղմկոտ են, քան մյուսները: 

Ձեզ նշանակված հանդիպումը կտևի 1-ից 3 ժամ: Երբ ռադիոակտիվ նյութը ներերակային կաթետերի միջոցով հասնում է տվյալ հատված, սկանավորումն ինքնին սովորաբար տևում է ընդամենը 30 րոպե: Եթե սարքը սկանավորում է մեծ հատված, հետազոտությունը կարող է ավելի երկար տևել: Անձնակազմի անդամը կարող է ձեզ ասել, թե որքան ժամանակ կպահանջվի: Սկանավորումն ավարտելուց հետո ձեզ հարկավոր է մնալ սեղանի վրա, մինչ բժիշկը կնայի նկարները՝ ստուգելու համար, արդյոք պատկերները լղազված չեն: Եթե դրանք պարզ չեն, ձեզ կարող է անհրաժեշտ լինել մեկ այլ սկանավորում:

ՊԷՏ-ԿՏ հետազոտությունից հետո

Դուք կարող եք նորմալ ակտիվություն ցուցաբերել սկանավորումից հետո: Սա ներառում է մեքենա վարելը: Անձնակազմը ձեզ կասի, որ մի քանի բաժակ ջուր խմեք: Սա օգնում է ռադիոակտիվ նյութը և կոնտրաստը ձեր օրգանիզմից դուրս հանելուն:

Հարցեր բուժանձնակազմին ուղղելու համար

ՊԷՏ-ԿՏ սկանավորումից առաջ կարող եք բուժանձնակազմին ուղղել հետևյալ հարցերը․

    • Որտե՞ղ եմ կատարելու ՊԷՏ-ԿՏ հետազոտություն:

    • Որքա՞ն ժամանակ դա կպահանջի։

    • Որո՞նք են առավելություններն ու ռիսկերը:

    • Կոնտրաստավորման կարիք կլինի՞ արդյոք ԿՏ-ի համար: Ինչպե՞ս եմ այն ստանալու: Ինչ տեղի կունենա, եթե ես ալերգիա ունեմ կոնտրաստից:

    • Ի՞նչ կարող եմ ուտել կամ խմել նախքան սկանավորումը: Ի՞նչ կասեք իմ սովորական դեղամիջոցների ընդունման մասին: Ինչի՞ց պետք է խուսափեմ:

    • Ե՞րբ եմ իմանալու հետազոտության արդյունքները:

    • Ո՞վ կտեղեկացնի ինձ արդյունքների մասին և ինչպե՞ս:

    • Կարիք կունենա՞մ արդյոք այլ հետազոտություների։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Վարդուհի Հայրապետյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։