Ի՞նչ է մետաստազը

| Քաղցկեղի մասին


Mobirise Website Builder

Ի՞ՆՉ Է ՄԵՏԱՍՏԱԶԸ

Մետաստազը բժշկական տերմին է, որը նկարագրում է քաղցկեղի տարածումը առաջացման վայրից՝ մարմնի տարբեր հատվածներ։ Եթե դա տեղի է ունենում, բժիշկները քաղցկեղը բնութագրում են որպես «մետաստազավորված»։ Մետաստազի այլ անվանումներն են՝ «մետաստատիկ քաղցկեղ» և «4-րդ աստիճանի քաղցկեղ»։ 

Ինչպե՞ս է զարգանում մետաստազը

Մետաստազներն առավել հաճախ առաջանում են, երբ քաղցկեղային բջիջները պոկվում են գլխավոր ուռուցքից և մուտք են գործում արյունատար կամ ավշային համակարգ։ Այս համակարգերով նյութերը շրջանառվում են ամբողջ օրգանիզմով։ Դա նշանակում է, որ քաղցկեղային բջիջները կարող են տեղափոխվել առաջնային ուռուցքից հեռու և ձևավորել նոր ուռուցքներ՝ տեղավորվելով մարմնի այլ հատվածներում։ Մետաստազներ կարող են առաջանալ նաև, երբ գլխավոր ուռուցքից առանձնանում են քաղցկեղային բջիջներ և ուղղակիորեն սերմնացրվում են այլ օրգաններում։ Սա առավել հաճախ տեղի է ունենում որովայնի խոռոչում։

Քաղցկեղի ցանկացած տեսակ կարող է մետաստազավորվել (տարածվել)։ Տեղի կունենա դա, թե ոչ, կախված է մի քանի գործոններից, որոնցից են՝

 -քաղցկեղի տեսակը;

 -ինչքանով է այն ագրեսիվ (արագ աճող);

 -ինչքան ժամանակ եք ունեցել այն, մինչև բուժումը սկսելը;

 -այլ գործոններ։

Որտե՞ղ են զարգանում մետաստազները

Առավել հաճախ մետաստազները հանդիպում են ոսկրերում, ուղեղում, ավշային հանգույցներում և թոքերում։ Քաղցկեղային բջիջները կարող են մետաստազավորվել նաև պլևրալ տարածությունում (թոքերը շրջապատող տարածություն) կամ որովայնի խոռոչում։ Սա կարող է առաջացնել նշված տարածություններում հավելյալ հեղուկի կուտակում: Որովայնի խոռոչում բազմաթիվ մանր մետաստազների առկայությունը կոչվում է պերիտոնեալ կարցինոմատոզ։ Առավել հազվադեպ քաղցկեցը կարող է տարածվել մաշկում, մկաններում կամ այլ օրգան-համակարգերում։

Որոշ քաղցկեղներ հակված են տարածվել մարմնի որոշակի հատվածներ։ Օրինակ՝

-Կրծքագեղձի քաղցկեղը հակված է տարածվել դեպի ոսկրեր, լյարդ, թոքեր, որովայնի պատ և ուղեղ։

-Թոքերի քաղցկեղը հակված է տարածվել դեպի ուղեղ, ոսկրեր, լյարդ և մակերիկամներ։

-Շագանակագեղձի քաղցկեղը հակված է տարածվել դեպի ոսկրեր։

-Խթաղու և ուղիղ աղիքի քաղցկեղները հակված են տարածվել դեպի լյարդ և թոքեր։

Արդյո՞ք մետաստազը նախկին քաղցկեղի նույն տիպին է պատկանում

Բժիշկները մետաստազը կոչում են այնպես ինչպես առաջնային ուռուցքը։ Այսպիսով կրծքագեղձի քաղցկեղը, որը տարածվել է լյարդում, օրինակ, համարվում է «մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ», ոչ թե լյարդի քաղցկեղ։ Սա պայմանավորված է նրանով, որ քաղցկեղը սկիզբ է առել կրծքագեղձի քաղցկեղային բջիջներից։ Այնուամենայնիվ, չնայած այս տարբեր տեղակայումներով ուռուցքները իրենցից ներկայացնում են կրծքագեղձի քաղցկեղ, բժիշկներն ուսումնասիրում են, թե ինչպես կարելի է տարբերակել մետաստազը առաջնային ուռուցքից մոլեկուլյար և գենետիկական մակարդակներով։ Դա կոչվում է հիվանդի ուռուցքային հետերոգենություն։

Ինչպե՞ս են բժիշկներն ախտորոշում մեստաստազը

Եթե Դուք արդեն ստանում եք բուժում ոչ մետաստազավորված քաղցկեղի համար, Դուք հավանաբար ունեք հսկողության պլան։ Դուք տեսնում եք Ձեր բժշկին կանոնավոր հետազոտություններ և թեստեր անցնելու համար։ Այդ հսկողության հետազոտությունների պատճառներից մեկը մետաստազների դեպքեր փնտրելն է։ 

Այլ դեպքերում, որոշ մարդիկ արդեն ունեն մետաստազներ քաղցկեղի ախտորոշումը ստանալու պահին, և դրանք հայտնաբերվում են նախնական աստիճանավորման գնահատման ժամանակ։

Քաղցկեղը կարող է ունենալ ախտանիշներ, ինչպիսիք են՝ ցավը կամ շնչարգելությունը, և կարող է չունենալ։ Երբեմն այս ախտանիշները ուղղորդում են բժշկին կատարել անհրաժեշտ հետազոտություններ՝ մետաստազների առկայությունը հայտնաբերելու համար։

Ինչպե՞ս են բժիշկները բուժում մետաստազը

Բուժումը կախված է՝

-Առաջնային քաղցկեղից և առաջացման վայրից;

-Տարածվածությունից և տեղակայումից;

-Ձեր տարիքից և առողջական վիճակից;

-Ձեր անհատական բուժման ընտրությունից։

Մետաստազի բուժումը հաճախ տարբերվում է առաջնային ուռուցքի բուժումից։ Առավել հաճախ, բժիշկները կարող են փորձել քիմիոթերապիայի մի տեսակ, այնուհետև այն փոխարինել մեկ այլ տեսակով, երբ առաջին բուժումը այլևս արդյունավետ չէ։ Մեկ այլ դեպքում` Դուք կարող եք ստանալ կոմբինացված բուժում, ինչպիսիք են՝ քիմիոթերապիան, ճառագայթային թերապիան և/կամ վիրահատակ բուժումը՝ մետաստազները հեռացնելու համար։

Բուժման ցուցումներ

Մետաստազների բուժման գլխավոր մեթոդներն են՝

-Բուժումներ, որոնք ազդում են Ձեր ամբողջ օրգանիզմի վրա – Բժիշկներն այն անվանում են համակարգային թերապիա։ Այն ներառում է քիմիոթերապիա և այլ դեղեր, ինչպիսիք են թիրախային թերապիան, հորմոնային թերապիան և կենսաբանական թերապիան։

-Բուժումներ քաղցկեղային հատվածի համար – Բժիշկներն այն անվանում են տեղային թերապիա։ Այն ներառում է վիրահատություն, ճառագայթային թերապիա և բուժման որոշ այլ եղանակներ։

Երբ Դուք ընտրում եք բուժում, խոսե՛ք բժշկի հետ, ով ունի մետաստազներ բուժելու փորձ։ Բժիշկները կարող են ունենալ տարբեր տարբերակներ լավագույն բուժման պլան կազմելու համար։ Սովորե՛ք ավելին՝ երկրորդ կարծիք լսելով։

Արդյո՞ք բուժումը առողջացնում է մետաստատիկ քաղցկեղը

Որոշ դեպքերում, մետաստատիկ քաղցկեղը կարող է առողջանալ, բայց առավել հաճախ` մետաստազի բուժումը առողջացնող չէ։ Բայց բժիշկները կարող են կիրառել բուժման մեթոդներ՝ սիմպտոմները պակասեցնելու և աճը դանդաղեցնելու համար։ Հնարավոր է ապրել շատ ամիսներ և նույնիսկ տարիներ քաղցկեղի որոշակի տեսակներով, անգամ մետաստատիկ հիվանդության զարգացումից հետո:

Բուժման արդյունավետությունը կախված է՝

-Քաղցկեղի տեսակից;

-Քաղցկեղի տարածման աստիճանից և տեղակայումից;

-Քաղցկեղի աճի արագությունից;

-Սպեցիֆիկ բուժումից;

-Բուժման հանդեպ պատասխանից։

Կարևոր է բժշկին բուժման նպատակների մասին հարցնելը։ Այդ նպատակները կարող են փոխվել՝ բուժման հանդեպ պատասխանից կախված։ Կարևոր է նաև իմանալ այն մասին, որ ցավը, սրտխառնոցը և մնացած կողմնակի ազդեցությունները կարող են հաղթահարվել Ձեզ խնամող թիմի օգնությամբ։ Սա կոչվում է պալիատիվ խնամք և պետք է կազմի բուժման պլանի մաս։

Կլինիկական փորձարկմամբ բուժում

Կլինիկական փորձարկումներն առաջարկում են բուժումներ, որոնք դեռևս հանրությանը հասանելի չեն։ Փորձարկումը կարող է լինել մետաստազի գլխավոր բուժում, կամ միայն տարբերակներից մեկը։ Մեծահասակների միայն 3-5%-ն է մասնակցում կլինիկական փորձարկումներին։ Փորձարկվող բուժումը կարող է օգնել, կամ ոչ։ Բայց անգամ, երբ  անօգուտ է, այն կարող է հետազոտողներին տալ ինֆորմացիա, որը օգտակար կլինի ապագա պացիենտների համար։ Եթե Ձեզ հետաքրքրում են կլինիկական փորձարկումները, խոսե՛ք Ձեր բժշկի և խնամող թիմի հետ։

Երբ Դուք ապրում եք մետաստատիկ քաղցկեղով

Երբ ապրում եք քաղցկեղով երկար ամիսներ կամ տարիներ, բժիշկները հաճախ այն բուժում են որպես քրոնիկ (երկարատև) հիվանդություն։ Դուք բուժման կարիք ունեք, այնպես ինչպես այլ քրոնիկ հիվանդություններ (շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն) ունեցող մարդիկ։ Կարևոր է հետևել բուժման պլանին, որպեսզի այն լինի առավել արդյունավետ։ Դուք ունեք նաև աջակցության կարիք քաղցկեղի հետևանքով դրսևորվող ֆիզիկական, էմոցիոնալ և մտավոր մարտահրավերները հաղթահարելու համար։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։