| Հոգեսոցիալական աջակցություն
Միգուցե հարցնեք ինքներդ Ձեզ, թե ինչու պիտի երեխային պատմեք քաղցկեղի մասին: Շատ ծնողներ ցանկանում են պաշտպանել իրենց զավակին՝ չտալով որևէ տեղեկատվություն, որ իրենց կարծիքով կարող է վախեցնել երեխաներին: Երեխայի համար աշխարհն ավելի վախենալու է, երբ նա չգիտի, թե ինչ է կատարվում իր հետ:
Երեխայի հետ քաղցկեղի և բուժման մասին խոսելու առավելություններն են՝
- Երեխան կարող է վստահություն ձեռք բերել ծնողի և խնամք իրականացնող թիմի նկատմամբ,
- Երեխան կիմանա՝ ինչ սպասելիքներ ունենա,
- Երեխաները տեղեկատվության բացը համալրում են իրենց երևակայության շնորհիվ: Ազնիվ տեղեկատվությունը օգնում է ճշգրտել քաղցկեղի և դրա բուժման մասին սխալ գաղափարները,
- Եթե երեխան գիտակցում է որոշ բաներ անելու կարևորությունը (օրինակ՝ դեղեր ընդունել, հիվանդանոց հաճախել և այլն), նա կարող է լինել ավելի համագործակցող բուժման ընթացքում:
- Իրենց հիվանդության մասին իմանալը և հասկանալը հնարավորություն է տալիս երեխաներին ունենալ վերահսկողության զգացողություն այն ժամանակ, երբ իրենց զգում են վերահսկողությունից դուրս:
Երեխայի հետ քաղցկեղի և բուժման մասին խոսելիս ծնողները պետք է հաշվի առնեն իրենց երեխայի տարիքը և զարգացման առանձնահատկությունները:
Որպեսզի օգնեք Ձեր երեխային հասկանալ քաղցկեղը, նախ խոսեք նրա մասին, թե ինչպես են առողջ օրգանիզմները գործում: Մեր մարմինը կառուցված է բջիջներից: Բջիջները շատ փոքր են, սակայն դրանք կարելի է տեսնել մանրադիտակով: Մարմնի բոլոր մասերը բաղկացած են բջիջներից (ոսկրերը, արյունը, սիրտը, մաշկը և այլն): Առողջ մարմիններում բջիջները միասին աշխատում են, որպեսզի օգնեն մեզ ունենալ այն տեսքը, որ ունենք և զգանք մեզ այնպես, ինչպես՝ զգում ենք: Քաղցկեղի բջիջները դուրս են գալիս վերահսկողությունից, դուրս են մղում առողջ բջիջներին, կուտակվում են և գոյացնում ուռուցք:
Կարող եք օգտագործել գունազարդ գրքեր, ուսուցանող տիկնիկներ և այլ նյութեր, որպեսզի օգնեք, որ Ձեր երեխան հասկանա: Հիշեք, որ երեխան որևէ բան սովորում է՝ այն մի քանի անգամ տեսնելով, անելով, լսելով: Հնարավոր է՝ կարիք լինի մի քանի անգամ պատմել քաղցկեղի մասին:
Քաղցկեղի մասին երեխայի հետ խոսելիս հարցրեք, թե ինչն է իր կարծիքով դրա առաջացման պատճառ հանդիսանում: Դուք հնարավորություն կունենաք ճշգրտելու այն հնարավոր միֆերը, որոնց հավատում է Ձեր երեխան: Քաղցկեղի մասին խոսելիս խուսափեք օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են «վատ բջիջներ», «լավ բջիջներ», որպեսզի Ձեր երեխան չմտածի, որ նա վատ բջիջներ ունի, որովհետև ինքը վատն է կամ սխալ բաներ է արել: Փոխարենը, օգտագործեք «հիվանդ բջիջներ», «առողջ բջիջներ» բառերը:
Ձեր երեխայի հետ քաղցկեղի մասին խոսելուց հետո խոսեք բուժման մասին: Ավելի մանրամասն բացատրեք բուժման այն տեսակը, որը պիտի ստանա Ձեր երեխան: Բացատրեք նրան, որ քաղցկեղի տարբեր տեսակներ ունեցող երեխաները կարող են ստանալ իրենից տարբեր բուժում կամ նույն բուժման տարբեր չափաբաժիններ: Օրինակ՝ քիմիաթերապիայի մասին երեխային կարող եք պատմել հետևյալ կերպ.
Քիմիաթերապիան (հաճախ անվանում են «քիմիա») դեղամիջոց է, որն օգնում է ազատվել արագ աճող բջիջներից: Քաղցկեղային բջիջները շատ արագ են բազմանում: Քիմիաթերապիայի շնորհիվ ազատվում են քաղցկեղային բջիջներից: Մեր մարմիններն էլ ունեն առողջ բջիջներ, որ արագ են բազմանում: Քիմիաթերապիան երբեմն վնասում է նաև առողջ բջիջներին, սակայն դրանք թերապիայի ավարտից հետո սովորաբար ապաքինվում են:
Երբ քիմիաթերապիան վնասում է առողջ բջիջները, երեխաների մոտ կարող են առաջանալ այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են մազաթափությունը, ստամոքսի խանգարումը, բերանային խոռոչի վերքերը, ջերմությունը, հոգնածությունը, վարակը: Ոչ բոլոր երեխաներն են ունենում բոլոր վերոնշյալ կողմնակի ազդեցությունները: Կողմնակի ազդեցությունը, որ Ձեր երեխան հնարավոր է ունենա, կախված է այն դեղամիջոցից, որ նա ստանում է: Այս տեղեկատվությունը ճշգրտեք Ձեր բուժող բժշկից:
Երեխայի հետ քաղցկեղի և բուժման մասին խոսելուց բացի շատ կարևոր է նաև խոսել հույզերի և զգացմունքների մասին: Քաղցկեղ ունեցող երեխաները կարող են ունենալ բարկության, մեղքի, տխրության, վախի զգացումներ, սակայն շատ դեպքերում կարող են նաև ուրախություն զգալ: Ասեք Ձեր երեխային, որ ցանկացած հույզ, որ նա ապրում է, նորմալ է:
Ազնիվ եղեք երեխայի հետ Ձեր հույզերի մասին խոսելիս կամ ցույց տալիս: Երեխաները կարող են զգալ, երբ ինչ-որ բան անհանգստացնում է Ձեզ: Ձեր հույզերը կամ զգացմունքները երեխայի հետ կիսելը հնարավորություն է տալիս նրան մտածել, որ անտրամադիր կամ ջղային լինելը նորմալ է:
Քաղցկեղը բազմաթիվ մարտահրավերներ և փոփոխություններ է բերում երեխաներին և ընտանիքներին: Որպես ծնող կամ խնամատար Դուք կարող եք հարցնել՝
- Ի՞նչ գիտի իմ երեխան քաղցկեղի մասին
- Ի՞նչպիսի հուզական արձագանք կտա բուժմանը
- Ի՞նչպես կարող եմ աջակցել իմ երեխային
Տարբեր տարիքի երեխաները տարբեր կերպ են հասկանում և հակազդում քաղցկեղին և դրա բուժմանը: Ձեր երեխայի անհատական առանձնահատկությունները, հաղթահարման ոճը, աջակցության համակարգը, բուժմանը պլանը,ինչպես նաև տարիքը և զարգացման մակարդակը ազդեցություն կունենան քաղցկեղի հաղթահարման վրա:
Երբ երեխաները առերեսվում են սթրեսի հետ, նրանց սովորական վարքը կարող է փոխվել: Հաճախ նրանք կարող են ծնողներից ավելի կախված դառնալ կամ իրենց տարիքից ավելի փոքր տարիքի վարք ցուցաբերել (խոսել մանկան նման, զայրույթի պոռթկումներ ունենալ և այլն):
Ձեր երեխան հնարավոր է՝ չիմանա, թե ինչպես կարգավորել այն բոլոր հուզական վիճակները, որոնք առաջացել են քաղցկեղի ախտորոշումից:
Դուք Ձեր երեխայի կյանքի շատ կարևոր մասն եք մի շարք պատճառներով: Դուք գիտեք, թե ինչ փորձառությունների միջով է նա անցել նախկինում, և թե ինչպես է նա կարգավորում սթրեսը: Դուք կարող եք օգնել խնամք իրականացնող խմբին ավելի լավ հասկանալ Ձեր երեխային:
Դուք և խնամք իրականացնող խումբը կարող եք աշխատել միասին՝ օգնելու Ձեր երեխային քաղցկեղի և բուժման հաղթահարման նոր ուղիներ գտնել:
Նյութի աղբյուրը Երեխաների Ուռուցքաբանության Խմբի /ԱՄՆ/ Ընտանիքի համար նախատեսված ուղեցույցի հայերեն թարգմանված տարբերակն է։ Թարգմանվել է՝ Ալիսա Քամալյանի կողմից։