Ինչպես հաղթահարել բացասական հույզերը

| Հոգեսոցիալական աջակցություն


Mobirise Website Builder

Դուք կարող եք ունենալ զգացողություն, որ երեխայի մոտ քաղցկեղի ախտորոշումից սկսված Ձեր կյանքը այլևս նույնը չէ: Քաղցկեղի ախտորոշումը իսկապես փոփոխություններ է բերում Ձեր և ամբողջ ընտանիքի կյանքում: Յուրաքանչյուր ընտանիք տարբեր է և  ունի սթրեսային իրավիճակները հաղթահարելու իր ուրույն ուղիները: Երբեմն ընտանիքները ունենում են վախի, բարկության, դեպրեսիայի և մեղքի զգացումներ: Բոլոր այս զգացումները համամարդկային  են: Դուք մենակ չեք: Ընտանիքի, ընկերների, բուժում իրականացնող թիմի որևէ անդամի, կամ քաղցկեղ ունեցող այլ երեխայի ծնողի հետ խոսելը կարող է օգտակար լինել Ձեզ համար:

Դուք և Ձեր երեխան կարող եք ունենալ տարբեր հույզեր:

Ախտորոշման փուլը, թերևս,  ամենադժվարներից մեկն է: Անորոշության վախը և այն, թե ինչ նշանակություն է երեխան տալիս իր հիվանդությանը, կարող է սթրեսածին  լինել: Սա կարող է  Ձեր երեխայի համար լինել հիվանդանոց գնալու առաջին փորձը: Երեխան կարող է ունենալ դժվարություններ՝ նոր և երբեմն վախեցնող միջավայրին հարմարվելու հետ կապված:

Դուք նույնպես կարող եք վախեր ունենալ՝ կապված բուժման, ֆինանսական միջոցների հետ, կամ նրա հետ, թե ինչպես եք օգնելու Ձեր երեխային հաղթահարել քաղցկեղը: Կարող է օգտակար լինել այս վախերի մասին խոսելը և դրանք բարձրաձայնելը: Բուժում իրականացնող թիմը Ձեր կողքին է, որպեսզի լսի և աջակցի Ձեզ:

Երբեմն Դուք կարող եք ուժեղ բարկություն զգալ ստեղծված իրավիճակի պատճառով: Որոշ ընտանիքներ բարկանում  են Աստծո կամ ճակատագրի վրա՝ իրենց «ընտրելու» պատճառով: Այլոք բարկանում են բուժում իրականացնող թիմի վրա, որովհետև նրանք երբեմն չեն կարողանում գտնել պատասխաններ, թե ինչ է կատարվում իրենց երեխայի հետ: Դուք նույնիսկ կարող եք զայրանալ Ձեր երեխայի վրա, որովհետև նա հիվանդացել է և Ձեր կյանքը տակնուվրա է արել: Բարկություն զգալը բնականոն է: Ինչևէ, հարկավոր է գտնել բարկությունը արտահայտելու առողջ տարբերակներ: Օրինակ՝ որոշ ծնողներ գտնում են, որ քայլելը կամ վստահելի ընկերոջ հետ խոսելը կարող է  թեթևացնել լարվածությունը: Շատ ծնողներ օգտակար են համարում հոգեբանի, սոցիալական աշխատողի, քահանայի հետ զրուցելը:

Հաճախ ծնողները մեղավոր են զգում, որ չգիտեին իրենց երեխայի հիվանդության մասին: Շատ ծնողներ ուզում են հասկանալ՝ արդյոք իրենք են պատասխանատու երեխայի հիվանդության առաջացման համար: Քույրերը և եղբայրները կարող են իրենց մեղավոր զգալ այն պատճառով, որ առողջ են և կարող են անհանգստանալ, որ իրենց արարքներից կամ մտքերից է առաջացել քաղցկեղը: Օրինակ՝ քույրը կամ եղբայրը կարող են մտածել. «Երբ որ մենք կռվում էինք, ես ուզում էի, որ նա մահանար և հիմա նա քաղցկեղ ունի»: Ընտանիքում յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իրենք ոչինչ չեն արել քաղցկեղ առաջացնելու համար և չէին կարող ոչինչ անել այն կանխարգելելու համար:

Տխուր զգալը նույնպես բնականոն հակազդում է քաղցկեղի ախտորոշմանը և բուժման անհրաժեշտությանը: Հիվանդությունը կարող է բերել ընտանեկան կյանքի ամենօրյա ընթացքի փոփոխությունների և սոցիալական մեկուսացման զգացողության: Այսպիսի փոփոխությունները և կորուստները կարող են բերել վշտի հակազդումների: Դուք կարող եք նկատել վշտի այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են լացի նոպաները, ախորժակի անկումը կամ հարկադրված ուտելը, հետաքրքրությունների պակասը, էներգիայի անկումը, կենտրոնացման դժվարությունները, խնդիրների հաղթահարման դժվարությունը, ինչպես նաև՝ մարմնական ախտանշաններ, ինչպիսիք են կրծքավանդակի ճնշվածությունը կամ գլխացավը:

Շատ ծնողներ ընտանիքի, ընկերների, բուժող թիմի անդամների աջակցության շնորհիվ կարողանում են հաղթահարել այս հույզերը: Կարևոր է շրջապատում ունենալ այնպիսի մարդկանց, ում հետ կարելի է կիսել այս հույզերը:

Նյութի աղբյուրը Երեխաների Ուռուցքաբանության Խմբի /ԱՄՆ/ Ընտանիքի համար

նախատեսված ուղեցույցի հայերեն թարգմանված տարբերակն է։ Թարգմանվել է ՝ Ալիսա Քամալյանի կողմից։



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։