ՔԱՂՑԿԵՂԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՀԵՇՏ ՉԷ

| Հոգեսոցիալական աջակցություն


Mobirise Website Builder

Հաճախ մարդիկ փորձում են խուսափել այդ խոսակցություններից: Սակայն քաղցկեղի մասին խոսելը կարող է օգնել Ձեր մտերիմին գլուխ հանել այն խճճված հույզերից, որոնք նա ունի՝ կապված իր ախտորոշման հետ: 

ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ 

- Եթե Ձեր մտերիմի մոտ քաղցկեղ է  ախտորոշվել, կարող եք իրեն պարզապես հարցնել, արդյոք նա ուզում է քննարկել իրավիճակը կամ կիսվել մտքերով և հույզերով

- Պատրաստ եղեք, որ կարող եք ամենաբազմազան հակազդումների հետ բախվել: Մեկը կարող է ողջունել խոսելու Ձեր առաջարկը, մյուսը կփորձի  հնարավորինս խուսափել խոսակցությունից կամ նույնիսկ ջղայինանալ: Կարևոր է հիշել, որ այդ հակազդումները կարող են փոփոխվել: Եղեք համբերատար և ցույց տվեք Ձեր մտերիմին, որ երբ նա պատրաստ լինի խոսել, Դուք իր հետ կլինեք: 

- Եթե Ձեր մտերիմը ցանկանա կիսվել իր հույզերով, ուշադիր լսեք իրեն, և ձգտեք շատ չծանրաբեռնել իրեն Ձեր խորհուրդներով կամ հարցերով: 

- Թույլ տվեք Ձեր մտերիմին արտահայտել իր հույզերը: Տխրությունը, ջղայնությունը, շփոթվածությունը միանգամայն բնականոն են նման իրավիճակում: Մի վախեցեք դրանից և մի շտապեցրեք Ձեր մտերիմին: Թույլ տվեք արտահայտել բոլոր բացասական ապրում-ները: 

ԻՆՉ ԱՍԵԼ

Զգուշորեն ընտրեք Ձեր բառերը: Հիշեք, որ Ձեր մտերիմը դժվար փորձության միջով է անցնում: Զգուշորեն ընտրեք խոսքերը՝ արտահայտելու համար Ձեր աջակցությունը՝ չդառնալով արժեզրկող կամ խուսափող: Օրինակ՝ ավելի լավ է ասել «Ես չգիտեմ ինչ ասել», քան վախի պատճառով սկսել խուսափել այցելելուց կամ զանգելուց: 

Որոշ տարբերակներ ցույց տալու Ձեր աջակցությունը՝ 

- Ես ափսոսում եմ, որ դա քեզ հետ է կատարվում

- Եթե դու կարիք ունենաս խոսելու, ես այստեղ եմ

- Ինչ ես պատրաստվում անել և ինչպես ես կարող եմ օգնել քեզ

- Ես անհանգստանում եմ քեզ համար

- Ես մտածում եմ քո մասին

Իսկ այս արտահայտությունները հավանականությամբ անօգտակար կլինեն. 

- Ես հստակ պատկերացնում եմ, թե դու ինչ ես զգում

- Ես հստակ գիտեմ, թե դու ինչ պետք է անես

- Ես վստահ եմ, դու առողջանալու ես

- Մի անհանգստացիր

ԽՈՍՔԵՐԻՑ ԶԱՏ

Աջակցություն ցույց տվեք առանց խոսքերի: Ձեր դեմքի արտահայտությունը և մարմնի դիրքը նույնպես կարող են հաղորդել աջակցություն տրամադրելու Ձեր պատրաստակամությունը: Պահպանեք տեսողական կոնտակտը, ուշադիր լսեք և ձգտեք չշեղվել խոսակցությունից: Աջակցություն ցույց տալու նշանակալի ձև կարող է լինել պարզապես լռությունը՝ առանց խոսակցությունների մեջ այն քողարկելու ձգտման:

ՈՒՐԻՇ ԻՆՉ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԵԼ

- Քաղցկեղից բացի այլ թեմաներով խոսեք: Առօրյա թեմաներից խոսելը կօգնի Ձեր մտերիմին կապ պահել իր սովորական հետաքրքրությունների հետ և ընդմիջում վերցնել բարդ թեմաներից:

- Օգնեք Ձեր մտերիմին լինել ներգրավված: Օգնեք Ձեր մտերիմին հասկանալ, թե ինչպես նա կարող է շարունակել իր առօրյա ակտիվու-թյունը, նույնիսկ մասամբ: Դա կօգնի իրեն զգալ օգտակար և կյանքի ընթացքի մեջ ներգրավված

- Առաջարկեք կոնկրետ օգնություն: Օգնությունը կարող է շատ պարզ լինել՝ պատրաստել կերակուր, մնալ երեխայի հետ կամ միասին զբոսնել և այլն:

Օգտագործված գրականություն

1. Cancer.net

2. fightbladdercancer.co.uk/

3. REPSSI Psychosocial Wellbeing Series. Mainstreaming Psychosocial Care and Support through Child Participation

Նյութի աղբյուրը Երեխաների Ուռուցքաբանության Խմբի /ԱՄՆ/ Ընտանիքի համար

նախատեսված ուղեցույցի հայերեն թարգմանված տարբերակն է։ Թարգմանվել է՝  եՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ կողմից։



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։