Քաղցկեղի ազդեցությունը եղբայրների և քույրերի վրա

| Հոգեսոցիալական աջակցություն


Mobirise Website Builder

Քաղցկեղով հիվանդ երեխաների քույրերն ու եղբայրները կարող են ունենալ բազում  հույզեր և հակազդումներ: Հաճախ նրանք ունենում են կարիքներ՝ նման հիվանդ երեխայի կարիքներին: Նրանք կարող են լինել անտրամադիր, վախեցած և լի ապագայի նկատմամբ անորոշության զգացումով: Քույրերը և եղբայրները կարող են վախենալ քաղցկեղ բառից և անհանգստանալ մահվան մասին: Տարիքի հետ կապված՝ նրանք կարող են զգալ նաև փոփոխություններ ընտանեկան կյանքում:

Ձեր երեխաները կարող են միևնույն ժամանակ զգալ և՛ տխրություն ու անհանգստություն, և՛ բարկություն ու վրդովմունք իրենց եղբոր կամ քրոջ նկատմամբ: Մայրիկը և հայրիկը իրենց ողջ ժամանակը անցկացնում են հիվանդ երեխայի հետ կամ նրա համար: Ընկերները և ընտանիքը նվերներ և գումար են ուղարկում հիվանդ երեխայի համար: Ընտանիքի մյուս երեխաները, հատկապես կրտսերները, կարող են խանդի զգացում ունենալ: Քույրերը և եղբայրները կարող են նաև տխրել և հեշտությամբ լացել: Հաճախ քույրերը և եղբայրները իրենց խնդիրներն են ունենում, ինչպես, օրինակ, դեպրեսիա,քնելու դժվարություններ, մարմնական բողոքներ, խնդիրներ դպրոցում:

Ինչպես օգնել եղբայրներին և քույրերին

Հետևյալ խորհուրդները կարող են օգտակար լինել  քույր-եղբայրներին՝ իրենց սիբլինգի հիվանդության հետ հարաբերվելու ընթացքում աջակցելու համար:

Փորձեք ժամանակ անցկացնել Ձեր մյուս երեխաների հետ՝ անելով այն, ինչը հետաքրքիր է իրենց:

Հնարավորություն տվեք Ձեր մյուս երեխաներին զգալու, որ իրենք սիրված և կարևոր են Ձեզ համար

Բացատրեք ախտորոշումը, բուժումը, կողմնակի ազդեցությունները, որոնց միջոցով անցնում է իրենց քույրը կամ եղբայրը:Բացատրության բովանդակությունը կախված է երեխաների տարիքից և հասկանալու ունակությունից: Հավաստիացրեք նրանց, որ քաղցկեղը վարակիչ չէ, և, որ նրանք մեղավոր չեն, որ իրենց քույրը կամ եղբայրը քաղցկեղ ունի:

Ձեր մյուս երեխաների հետ այցելեք հիվանդանոց և հնարավորություն տվեք նրանց մասնակցելու իրենց քրոջ կամ եղբոր խնամքին և բուժմանը: Սա կարող է նվազեցնել իրենց վախը և մեծացնել իրենց եղբոր կամ քրոջ հետ մտերմության զգացումը:

Եթե հնարավոր է, ապա խնդրեք Ձեր մտերիմ ընկերոջը կամ բարեկամին մնալ երեխաների հետ տանը՝ նրանց այլ տեղ ուղարկելու փոխարեն:

Թույլ տվեք նրանց աջակցել Ձեզ տնային գործերում: Դրա շնորհիվ նրանք իրենց օգտակար կզգան, և դա կարող է նաև Ձեզ համար աջակցություն լինել:

Խոսեք Ձեր երեխաների ուսուցիչների հետ: Նրանք կարող են աջակցել Ձեր երեխաներին և Ձեզ տեղյակ պահել դպրոցին առնչվող խնդիրների մասին

Աջակցություն խնդրեք բուժում իրականացնող թիմի որևէ անդամից, օրինակ,  հոգեբանից կամ սոցիալական աշխատողից

Թարգմանվել է Ալիսա Քամալյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։