Նյութը պատրաստվել է Մանկական Ոսկրամկանային Համակարգի Ուռուցքների Մուլտիդիսցիպլինար Աշխատանքային Խմբի կողմից։
1. Ի՞նչ է օստեոսարմոնան:
Օստեոսարկոման ոսկրային ուռուցքի տարատեսակ է, որը՝
• երեխաների և դեռահասների շրջանում ամենահաճախն է հանդիպում,
• առավել հաճախ տեղակայվում է երկար խողովակավոր ոսկրերում (ազդրոսկր, սրունքի ոսկրեր, բազկոսկր),
• հազվադեպ կարող է տեղակայվել նաև տափակ ոսկրերում՝ կոնքոսկրերում կամ գանգի ոսկրերում,
• դեպքերի 15-20%-ը լինում է մետաստատիկ (երբ ուռուցքային բջիջները տարածվում են առաջնային օջախից դեպի հեռակա օրգաններ, առավել հաճախ դեպի թոքեր և այլ ոսկրեր)։ (ASCO, 2019)
• Օստեոսարկոմայի դեպքերը առավել հաճախ հանդիպում են դեռահասության տարիքում, <10 տարեկան դեռահասների/երիտասարդների շրջանում։ Այն խիստ հազվադեպ է հանդիպում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում։
• Օստեոսարկոման արական սեռի մոտ հանդիպում է առավել հաճախ։
• Աֆրոամերիկացի երեխաների մոտ օստեոսարկոմայով հիվանդանալու վտանգն առավել բարձր է։
• Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում 400 երեխայի և դեռահասների (20 տարեկանից փոքր) շրջանում ախտորոշվում է օստեոսարկոմա։
• Օստեոսարկոման հանդիսանում է դեռահասության տարիքում հանդիպող մանկական քաղցկեղի դեպքերի երրորդ ամենատարածված տեսակը, իր տեղը զիջելով միայն, լիմֆոմաներին և գլխուղեղի ուռուցքներին։
Օստեոսարկոմայի ախտանշանները կարող են դիտվել հիվանդության ախտորոշումից շաբաթներ կամ ամիսներ առաջ։ Հիվանդությունը կարող է ախտորոշվել ուշ, քանի որ առաջացած կլինիկական նշանները ընդհանուր են մի շարք հիվանդությունների համար։
Օստեոսարկոմայի կլինիկական նշաններն են՝
• Ուռուցքի տեղակայման հատվածում առաջացած ցավեր, որոնք կարող են լինել անցողիկ, սակայն հաճախ այն հարաժում է շաբաթների, ամիսների ընթացքում; ցավը ուժեղանում է գիշերը և վարժությունների ժամանակ,
• Շոշափվող գոյացություն, որը որոշ հիվանդների մոտ կարող է շոշափվել փափուկ և գոյացություն՝ տեղային ջերմության բարձրացումով, ոսկորի շրջանում,
• Ուռուցքի տեղակայման հատվածում առաջացած այտուցվածություն,
• Ուռուցքի տեղակայմամբ պայմանավորված շարժումների սահմանափակում,
• Ախտաբանական ոսկրային կոտրվածք (առավել հազվադեպ)
Օստեոսարկոման ախտարոշվում է մի շարք հետազոտություններով, ինչպիսիք են՝
• Ոսկրի ռենտգենաբանական քննություն և մագնիտառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) քննություն,
• Կրծքավանդակի համակարգչային շերտագրություն (ՀՇ),
• Ոսկրեի սցինտգրաֆիկ քննություն՝ հիվանդության տարածվածությունը գնահատելու նպատակով,
• Բիոպսիա՝ կենսազննում, երբ ուռուցքային օջախից վերցվում է նմուշ, որը հետագայում ենթարկվում է հյուսվածաբանական քննության ուռուցքի հյուսվածաբանական տեսակը որոշելու նպատակով։
Օստեոսարկոմայի բուժումը ներառում է վիրահատական և քիմիաթերապևտիկ բուժման զուգակցում։ Շատ կարևոր է, որ վիրահատական եղանակով ուռուցքային գոյացությունը ամբողջությամբ հեռացվի։ Ուռուցքային ամբողջ գոյացությունը հեռացվում է այնպես, որ առողջ հյուսվածքների մի փոքր հատված ևս հեռացվի, որպեսզի բացառվի ուռուցքի հնարավոր տարածումը դեպի առողջ հյուվածքներ։ Մինչև 1970-ական թվականներըը օստեոսարկոմա ախտորոշման դեպքում կատարվում էր ախտահարված վերջույթի անդամահատում՝ ամպուտացիա, սակայն ներկայումս լայնորեն կիրառվում են նաև վերջույթապահպան վիրահատական եղանակները։
Քիմիաթերապևտիկ բուժումը լայնորեն կիրառվում է օստեոսարկոմայի բուժման և հիվանդության հետագա հնարավոր ախտադարձը կանխելու նպատակով։ Քիմիաթերապևտիկ հզոր դեղամիջոցները ոչնացնում են քաղցկեղային բջիջները և արգելակում նրանց ակտիվ բաժանումը և բազմացումը։
• Քիմիաթերապևտիկ դեղամիջների մեծամասնությունը օրգանիզմ են ներմուծվում ներերակային ճանապարհով, այնպես որ դեղամիջոցը արյան հոսքով հասնի քաղցկեղային բջիջներին և վերացնի այդ բջիջները։
• Քիմիաթերապևտիկ որոշ դեղորայքներ նախատեսված են բերանացի ընդունման համար։
• Քիմիաթերապևտիկ բուժումից զատ իրականացվում է նաև սիմպտոմատիկ կամ ուղեկցող բուժում։
• Հետազոտությունները պարզել են, որ բացառապես վիրահատական բուժում ստացած հիվանդների 80%-ի շրջանում զարգացել է ուռուցքային հիվանդություն (առավել հաճախ թոքերի և ոսկրերի), ուստի խիստ կարևոր է քիմիաթերապիայի դերը հիվանդությունը բուժելու և հետագա կրկնողությունները կանխելու նպատակով։
• Այն դեպքում, երբ հիվանդությունը տեղայնացված է որոշակի հատվածում և չկա տարածում դեպի այլ օրգաններ, հիվանդության երկարատև ապրելության ցուցանիշը կազմում է 70-75%:
• Այն դեպքում, երբ հիվանդությունը տարածված է այլ օրգաններում՝ թոքերում կամ ոսկրերում, հիվանդության երկարատև ապրելության ցուցանիշը կազմում է ընդամենը 30%։