Գլխի և պարանոցի քաղցկեղ

Գլխի և պարանոցի քաղցկեղ

Քաղցկեղը սկսվում է, երբ առողջ բջիջները փոփոխվում են և սկսվում է նրանց անվերահսկելի աճը: Ձևավորվում է որոշակի զանգված, որը կոչվում է ուռուցք, որը կարող է լինել չարորակ կամ բարորակ: Չարորակ ուռուցքն աճելով տարածվում է այլ օրգաններ, իսկ բարորակի դեպքում նման տարածում չի դիտվում:

Գլխի և պարանոցի քաղցկեղների մեծամասնությունը տափակ բջջային կար-ցինոմաներ են: Եթե քաղցկեղը սահմանափակված է մաշկի տափակ բջիջների շերտում, ապա այն կոչվում է քաղցկեղ տեղում (carcinoma in situ): Իսկ եթե քաղցկեղը տարածվել է ավելի խորը շերտեր, ապա այն կոչվում է ներաճող տափակ բջջային քաղցկեղ:

Առավել հաճախ հանդիպում են գլխի և պարանոցի քաղցկեղի հետևյալ տեսակները.

1.Կոկորդի քաղցկեղ

2.Քթի խոռոչի և հարքթային ծոցերի քաղցկեղ

3.Քիթըմպանային քաղցկեղ

4.Բերանի խոռոչի քաղցկեղ

5.Թքագեղձերի քաղցկեղ

 

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

 

Թարգմանվել և ադապտացվել է Ալլա Համբարձումյանի կողմից:

 Տարբեր գործոններ կարող են նպաստել քաղցկեղի տարբեր տեսակների զարգաց-մանը: Չնայած դեռ չկա ապացուցված միջոց, որը կարող է լիովին կանխել հիվանդության զարգացումը, բայց վնասակար սովորություններից հրաժարվելը, ինչպես նաև կենսակերպի փոփոխությունն էականորեն նվազեցնում են հիվանդության զարգացման  հավանականությունը:

   Անհրաժեշտ է.

1.Դադարեցնել ծխախոտի օգտագործումը

2.Սահմանափակել ալկոհոլը

3.Օգտագործել արևապաշտպան քսուքներ

4.Պահպանել հիգիենայի կանոնները

Մշակվում են թեստեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել քաղցկեղով հիվանդներին մինչև հիվանդության հիմնական նշանների և գանգատների ի հայտ գալը:

  Սկրինինգ հետազոտությունների նպատակներն են.

1.Նվազեցնել մահացությունը քաղցկեղից:

2.Նվազեցնել քաղցկեղի զարգացումը:

Մարդիկ, ովքեր հաճախ են խմում ալկոհոլ, մշտապես օգտագործում են ծխախոտ,  պետք է տարեկան ամենաքիչը մեկ անգամ ենթարկվեն սկրինինգ հետազոտության: Ռեգուլյար ստոմատոլգիական հետազոտությունները ևս կարևոր նշանակություն ունեն:

  ԱՄՆ-ում գլխի և պարանոցի քաղցկեղները կազմում են բոլոր քաղցկեղների մոտ

3%-ը: Առավել հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ: Ապրելիությունը շատ տարբեր է այս քաղցկեղների դեպքում և կախված է մի շարք գործոններից:

 

 

Ցանկացած գործոն, որը կարող է բերել քաղցկեղի զարգացման, համարվում է ռիսկի գործոն: Ռիսկի գործոնները կարող են ուղղակիորեն բերել քաղցկեղի զարգացմանը,  ինչպես նաև կարող են ստեղծել պայմաններ հետագայում քաղցկեղի զարգացման համար: Շատերը, ունենալով զանազան ռիսկի գործոններ, երբեք չեն տառապում քաղցկեղով, մինչդեռ որոշների մոտ էլ կարող է զարգանալ քաղցկեղ առանց հայտնի ռիսկի գործոնների:

 Առավել տարածված ռիսկի գործոններ են համարվում ծխախոտը և ալկոհոլը: Գլխի և պարանոցի քաղցկեղների 85%-ը կապված են ծխախոտի հետ: Պասիվ ծխողները ևս ռիսկի խմբում են: Ալկոհոլի հաճախակի օգտագործումը մեծացնում է բերանի, ըմ- պանի, կոկորդի, կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

1.Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը, որը կարող է բերել շրթունքի քաղցկեղի, ինչպես նաև գլխի և պարանոցի մաշկի քաղցկեղի զարգացմանը:

2.Մարդու պապիլոմա վիրուս (HPV):

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս վիրուսով վարակումը դառնում է ռիսկի գործոն գլխի և պարանոցի քաղցկեղների որոշ տեսակների զարգացման համար: Վիրուսի փոխանցումը մարդուց մարդու իրականանում է սեռական ճանա- պարհով: Մարդու պապիլոմա վիրուսի վակցինան պաշտպանում է վիրուսի որոշ տեսակներից:

3.Էպշտեյն-Բարի վիրուս (EBV):

   Այս վիրուսը, որն առավել հայտնի է որպես մոնոնուկլեոզ հիվանդությունն առա- ջացնող վիրուս, նպաստում է քթըմպանի քաղցկեղի զարգացմանը:

4.Սեռը: Տղամարդկանց մոտ 2-3 անգամ ավելի հաճախ է զարգանում քաղցկեղ, քան կանանց մոտ: Բայց վերջին տասնամյակներում նկատվում է նաև կանանց մոտ հի-վանդացության  աճ:

5.Տարիքը: Ռիսկի գոտում են հատկապես 40 տարեկանից մեծ մարդիկ:

6.Ռասա: Սևամորթների շրջանում գլխի և պարանոցի քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպում:

7.Բերանի խոռոչի հիգիենային չհետևելը:

8.Շրջապատող միջավայրի վնասակար, ինչպես նաև պրոֆեսիոնալ գործոնները: Ասբեստը, փայտի փոշին, տարբեր ներկանյութերը մեծացնում են քաղցկեղի զարգաց- ման ռիսկը:

9.Մարիխուանայի օգտագործումը:

10.Վատ սնուցումը: Հատկապես  վիտամին A-ի և վիտամին B-ի քիչ քանակությամբ սնունդը կարող է հրահրել քաղցկեղի զարգացումը:

11.Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը և լարինգոտրախեալ ռեֆլյուքս հիվանդությունը:

12.Թույլ  իմուն համակարգը:

Գլխի և պարանոցի քաղցկեղով տառապող մարդիկ հաճախ նշում են հետևյալ ախտանիշները.

1.Այտուցի, ցավի զգացողություն

2.Ուռուցքանման գոյացության առկայություն գլխի կամ պարանոցի շրջանում, որը շոշափելիս կարող է լինել ցավոտ կամ անցավ

3.Կոկորդում մշտական ցավ

4.Բերանից տհաճ հոտի առկայություն

5.Կարող է նկատվել ձայնի փոփոխություն, ավելի խռպոտ է դառնում

6.Քթի խոռոչի նեղացում կամ մշտական անանցանելիություն

7.Քթից հաճախակի արյունահոսություններ

8.Շնչառության դժվարեցում

9.Երկտեսություն

10.Թմրածության և թուլության զգացողություն

11.Ցավ ականջի, ծնոտների շրջանում

12.Թքի մեջ արյան առկայություն

13.Ատամների կորուստ

14.Հոգնածություն

Եթե առկա են նշված ախտանիշներից առնվազն երկուսը, ապա պետք է դիմել բժշկի:

Հիվանդության վաղ հայտնաբերումը նպաստում է բուժման արդյունավետությանը:

Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնց միջոցով ախտորոշվում է քաղցկեղը: Մինչ համապատասխան ախտորոշմանն ուղարկելը պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները.

1.տարիքը

2.կասկածվող քաղցկեղի տեսակը

3.ախտանշանները

4.նախկինում արվաժ հետազոտությունների արդյունքները

Օգտագործվում են ախտորոշման հետևյալ տեսակները.

Ֆիզիկալ հետազոտություն,որի ընթացքում բժիշկը կարող է հայտնաբերել ուռուց-քանման գոյացություն գլխի կամ պարանոցի շրջանում: Ստուգվում են նաև քթի խոռոչը, բերանի խոռոչը, լեզուն:

Էնդոսկոպիկ հետազոտություն: Հետազոտությունն իրականացվում է ճկուն խողովակով, որը կոչվում է էնդոսկոպ, որը հնարավորություն է տալիս ավելի մանրամասնորեն հետազոտել համապատասխան օրգանը (քթի խոռոչ, ըմպան, կերակրափող, կոկորդ):

Բիոպսիա: Կատարվում է հյուսվածքի որոշակի մասի հեռացում հետագա հետազոտ- ման նպատակով: Բիոպսիայի տարածված տեսակ է բարակ ասեղային բիոպսիան: Այն մինիմալ ինվազիվ ախտորոշիչ գործողություն է, որի նպատակն է ուռուցքային գոյացությունից կամ լիմֆատիկ հանգույցից բջջային մատերիալի ստացումը: Բջիջները ենթարկվում են բջջաբանական հետազոտության:

Ռենտգեն հետազոտություն: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել  ուռուցքը և որոշել դրա տեղակայումը, ինչպես նաև ռեգիոնար և հեռավոր մետաստազները:

Կարող է իրականացվել նաև կոնտրաստային ռենտգեն հետազոտություն: Հիվանդը խմում է բարիում պարունակող հեղուկ, որը վիզուալիզացնում է կերակրափողը և հեշտացնում է նորագոյացության հայտնաբերումը:

Ուլտրաձայնային հետազոտություն: Հետազոտության ժամանակ ստանում են օրգանի երկչափ կամ եռաչափ պատկերը. որոշում են նրա ծավալը, չափսերը, կառուցվածքը, հարաբերությունը շրջակա հյուսվածքների հետ:

Համակարգչային շերտագրություն: Այն հետազոտության ռենտգենյան եղանակ է, որի դեպքում կատարվում է հետազոտվող օբյեկտի և շրջակա անատոմիական կառուցվածքների պատկերի եռաչափ (3D) ռեկոնստրուկցիա: Դա հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել ախտահարման ծավալը: Երբեմն կիրառվում է կոնտրաստային հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ որոշել ուռուցքի տարածվածությունը: Կոնտրաստը տրվում է ներերակային կամ էլ խմելու ձևով:

Մագնիսառեզոնանսային շերտագրություն: Այս դեպքում օգտագործվում են մագնիսական դաշտերը, այլ ոչ թե  ռենտգեն ճառագայթները: Այս մեթոդն առավել ինֆորմատիվ է փափուկ հյուսվածքների հետազոտման համար (նշիկներ, լեզու):

Երբեմն կիրառվում է կոնտրաստային հետազոտությունը:

Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա (PET):

Համարվում է ռադիոնուկլիդային հետազոտությունների առավել բարդ տարբերակը: Տարբեր կենսաբանական գործոններ, որոնք մասնակցում են հետազոտվող օբ-յեկտների բջիջների նյութափոխանակությանը, նշակրում են կարճատև ապրող պրեպարատներով (նուկլիդներով), որոնք արձակում են պոզիտրոններ: Նման  ռադիոֆարմպրեպարատի ներմուծումից հետո հատուկ սարքերի միջոցով վերլուծում են նրա տարածական և ժամանակային տեղաբաշխումը:

 

Ուռուցքների բուժման կազմակերպման նպատակով առաջարկվել է չարորակ ուռուցքների միջազգային  TNM դասակարգումը: Այս դասակարգման մեջ  T-ն առաջնային ուռուցքն է (Tumor), N-ը՝ռեգիոնար ավշային հանգույցները (Nodulus),

 M-ը՝ հեռավոր մետաստազները (Metastasis):

Արդյունքները խմբավորվում են և որոշվում է քաղցկեղի փուլը և պլանավորվում է բուժումը:

Բուժման նպատակով ձևավորվում է մուլտիդիսցիպլինար թիմ, որի մեջ ընդգրկվում են տարբեր մասնագետներ (ուռուցքաբան, ռադիոլոգ, վիրաբույժ, պլաստիկ վիրաբուլժ, դիմածնոտային վիրաբույժ, օտորինոլարինգոլոգ, ստոմատոլոգ, թերապևտ, հոգեբան, հոգեբույժ ):

 Գլխի և պարանոցի քաղցկեղի շատ տեսակներ կարող են բուժվել, հատկապես եթե դրանք հայտնաբերվում են վաղ փուլերում:

  Գլխի և պարանոցի ուռուցքների բուժման նպատակը ոչ միայն քաղցկեղի վերացումն է, այլ նաև հարակից օրգանների ադեկվատ ֆիզիոլոգիական ֆունկցիաների պահպանումը:

  Վաղ փուլերում կատարվում է  վիրահատական կամ ճառագայթային բուժում:

Ուշ փուլերում կատարվում է վիրահատական, ճառագայթային և դեղորայքային բուժումների համակցում:

Ճառագայթային բուժումը և քիմիոթերապիան կարող են կատարվել որպես նախավիրահատական և հետվիրահատական  բուժումներ, ինչպես նաև որպես պալիատիվ բուժումներ:

Վիրահատության նպատակն ուռուցքի և որոշակի առողջ հյուսվածքի հեռացումն է: Տարբերում ենք հետևյալ վիրաբուժական մեթոդները.

1.Վիրահատություն լազերային տեխնոլոգիայի օգնությամբ: Այս մեթոդն օգտագործ-վում է հատկապես վաղ փուլում գտնվող ուռուցքների դեպքում, հատկապես եթե այն տեղակայված է կոկորդում:

2.Էքսցիզիոն վիրահատություն: Հեռացվում է ուռուցքը հարակից առողջ հյուսվածքի հետ:

3.Լիմֆատիկ հանգույցների հեռացում: Եթե կասկածվում է ուռուցքի տարածում, ապա պետք է հեռացվեն ռեգիոնար ավշային հանգույցները:

4.Ռեկոնստրուկտիվ վիրահատություն: Եթե վիրահատությունը պահանջում է մեծ մակերեսով հյուսվածքի հեռացում (ծնոտ, մաշկ, լեզու, ըմպան), ապա ռեկոնստրիկտիվ վիրահատության անհրաժեշտություն է առաջանում:

   Կախված քաղցկեղի տեղակայումից, տեսակից, փուլից, կարող է կարիք լինել մի քանի վիրահատությունների իրականացման:

Գլխի և պարանոցի քաղցկեղի վիրահատություններից հետո ամենահաճախ դիտվող կողմնակի երևույթներից են ձայնի ժամանակավոր կամ մշտական կորուստը, խոսքի խանգարումները, լսողության կորուստը: Երբեմն կարող են լինել դժվարություններ ծամելիս, ուտելու ժամանակ: Պոտենցիալ կողմնակի էֆֆեկտ է բերանի, կոկորդի շրջանի այտուցը, որը կարող է շնչառության դժվարեցում առաջացնել: Եթե այտուցն ավելի է հարաճում, ապա կարող է կարիք լինել տրախեոստոմիա (շնչափողի հատում) կատարել:

Ճառագայթային բուժումն իոնիզացնող ճառագայթների կիրառումն է ուռուցքային բջիջների ոչնչացման նպատակով: Այն կարող է հանդիսանալ բուժման հիմնական կամ միակ եղանակը գլխի և պարանոցի քաղցկեղների դեպքում: Ճառագայթային բուժում կարող է իրականացվել նաև վիրահատությունից հետո: Ներկայումս լայնորեն կիրառվում է հեռահար կամ արտաքին փնջով ճառագայթային բուժումը:  Այս դեպքում ճառագայթման աղբյուրը գտնվում է օրգանիզմից որոշ հեռավորության վրա: Հեռահար ճառագայթային բուժման տարբերակ է պրոտոնային բուժումը: Սակայն գլխի և պարանոցի քաղցկեղների դեպքում պրոտոնային թերապիան բուժման ստանդարտ տարբերակ չէ:

Եթե ճառագայթման աղբյուրն անմիջական հպման մեջ է գտնվում օրգանիզմի հյուսվածքների հետ, ապա դա կոչվում է բրախիթերապիա:

Ճառագայթային բուժումից առաջ գլխի և պարանոցի ցանկացած տեսակի քաղցկեղով պացիենտները պետք է ենթարկվեն նաև ստոմատոլոգի հետազոտության:

Ճառագայթային թերապիայի դեպքում կարող է նկատվել մաշկի կարմրում և գրգռում, այտուցվածություն, բերանի չորություն, պղտոր թքարտադրություն վնասված թքագեղձերից, ոսկրացավեր, սրտխառնոց, հոգնածություն, բերանի խոռոչի խոցեր: Այս կողմնակի էֆֆեկտների մեծամասնությունն անհետանում են բուժումն ավարտելիս: Ճառագայթային թերապիայի հետևանքով կարող է զարգանալ  նաև հիպոթիրեոզ (վահանագեղձի թերֆունկցիա), որի հետևանքով հիվանդները հոգնածություն և աշխատունակության կորուստ են զգում: Այս դեպքում նշանակվում է հորմոնային թերապիա: Ճառագայթային բուժման ենթարկվող յուրաքանչյուր պացիենտ պետք է պարբերաբար հետազոտի վահանագեղձը:

  Քիմիոթերապիայի դեպքում օգտագործվում են պրեպարատներ, որոնք քայքայում են քաղցկեղային բջիջները՝ խանգարելով նրանց աճն ու բաժանումը: Քիմիոթերապևտիկ բուժման առավելությունը նրա համակարգային ազդեցությունն է: Պրեպարատները տրվում են ներերակային կամ բերանային ճանապարհներով: Քիմիոթերապիայի դեպքում կարող է կիրառվել ինչպես մեկ պրեպարատ, այնպես էլ՝ մի քանի պրեպարատների համակցություն:

 Քիմիոթերապիայի կողմնակի էֆֆեկտները կախված են դեղաչափից, անհատական առանձնահատկություններից: Դրանցից են հոգնածությունը, սրտխառնոցը, մազա- թափությունը, գլխապտույտը, ախորժակի կորուստը: Բուժման ավարտից հետո այս երևույթները սովորաբար անհետանում են:

 Թիրախային բուժման դեղամիջոցներն ընտրողաբար ազդում են առանցքային սպիտակուցների և գեների վրա, որոնք պայմանավորում են բջիջներում ուռուցքային պրոցեսների ընթացքը և ինտենսիվությունը, կարևոր դեր են խաղում ուռուցքային բջիջների գոյատևման, աճի և տարածման պրոցեսներում:

 Գլխի և պարանոցի քաղցկեղների որոշ տեսակների դեպքում թիրախ է հան-դիսանում աճի էպիթելային գործոնի ընկալիչը: Հայտնաբերվել են դեղամիջոցներ,  որոնք պաշարում են այս ընկալիչը՝ դանդաղեցնելով կամ կանգնեցնելով գլխի և պարանոցի որոշ տեսակների քաղցկեղների աճը:

 Տարածուն քաղցկեղով անբուժելի հիվանդների մոտ անց է կացվում պալիատիվ կամ ամոքիչ բուժում: Այս դեպքում բուժման նպատակը հիվանդին անհանգստացնող ախտանիշների հանումը և հիվանդի կյանքի որակի բարելավումն է: Պալիատիվ բուժումն իր մեջ ներառում է դեղամիջոցներ, սննդային փոփոխություններ, ռելաք- սային միջոցառումներ:

Եթե քաղցկեղը տարածվել է այլ օրգաններ, ապա այն կոչվում է մետաստատիկ քաղցկեղ: Այս ախտորոշմամբ հիվանդները պետք է հետազոտվեն փորձառու  բժիշկների  կողմից, որպեսզի որոշվի բուժման ճիշտ սխեման:

Ռեմիսիա է համարվում, երբ քաղցկեղը և նրա նշանները չեն հայտնաբերվում: Ռեմիսիան կարող է լինել ժամանակավոր կամ մշտական: Չնայած շատ ռեմիսիաներ մշտական են, այնուամենայնիվ շատ կարևոր է հսկողության սահմանումը:

 Եթե քաղցկեղը կրկնվում է, ապա այն կոչվում է ռեցիդիվ քաղցկեղ: Այն կարող է կրկնվել ինչպես նույն տեղում (լոկալ ռեցիդիվ), այնպես էլ հարակից տեղերում  (ռեգիոնար ռեցիդիվ): Այս դեպքում կրկին կազմվում է բուժման սխեմա և սկսվում է նոր բուժումը: Այն կարող է ներառել վիրաբուժական միջամտություն, քիմիոթերապիա, թիրախային բուժում, ճառագայթային բուժում:

 Քաղցկեղի բուժումը ոչ միշտ է հնարավոր: Եթե այն հնարավոր չէ բուժել և վերահսկել, ապա կկոչվի տարածուն կամ տերմինալ քաղցկեղ: Այս պացիենտները կարիք ունեն պալիատիվ խնամքի, որը բավականին կլավացնի նրանց կյանքի որակը:

Ապրելիությունը շատ տարբեր կարող է լինել, քանի որ կախված է քաղցկեղի տեսակից, զարգացման փուլից, անհատական առանձնահատկություններից:

Հատկապես գլխի կամ պարանոցի քաղցկեղը հաղթահարած անձիք պետք է անցնեն առողջ կենսակերպի (հրաժարվել ծխախոտից, ալկոհոլից, առողջ սննդի օգտագործում): Ֆիզիկական ակտիվությունը կօգնի պահպանել օրգանիզմի ուժն ու էներգիան:

 Շատ կարևոր է պացիենտի տեղեկացվածությունը: Ախտորոշումից հետո պետք է տրվեն հարցեր, որոնց միջոցով պացիենտը պետք է իմանա, թե ինչ տեսակի քաղցկեղ է իր մոտ, դրա տեղակայումը, զարգացման էտապը, արդյոք այն կապված է վիրուսի հետ և այլն:


© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։