Կոլոռեկտալ քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ հաստ կամ ուղիղ աղիքի պատի առողջ բջիջները վերափոխվում են և սկսում են աճել առանց վերահսկողության` առաջացնելով ուռուցք կոչվող մի զանգված: Ուռուցքը կարող է լինել քաղցկեղային կամ բարորակ: Քաղցկեղային ուռուցքը չարորակ է, ինչը նշանակում է, որ այն կարող է աճել և տարածվել (սերմնացրվել) դեպի մարմնի այլ հատվածներ: Ի տարբերություն սրան` բարորակ ուռուցքը կարող է դրսևորել տեղային աճ, բայց չի տարածվում (սերմնացրվում): Այս փոփոխությունները սովորաբար տևում են տարիներ: Դրանց պատճառ կարող են դառնալ և գենետիկ, և միջավայրի գործոնները: Ամեն դեպքում, երբ անձնավորությունն ունի ոչ տարածված ժառանգական համախտանիշ, փոփոխությունները կարող են ի հայտ գալ սկսած ամիսներից մինչև տարիների ընթացքում:
Հաստ և ուղիղ աղիների անատոմիան
Հաստ աղին մեծ դեր է խաղում օրգանիզմի մարսողության արգասիքների վերամշակման հարցում: Այն ունի մոտ 2մ երկարություն և կազմված է 5 հիմնական հատվածներից.
1.Վերել հաստ աղի. տեղակայված է մարմնի աջ կողմում: Նրա սկզբնական հատվածը, որի մեջ բացվում է բարակ աղին կոչվում է կույր աղի,
2.Միջաձիգ աղի. գտնվում է որովայնի վերին հատվածում,
3.Վայրէջ հաստ աղի. տեղակայված է որովայնի ձախ կողմում,
4.Սիգմայաձև աղի
5.Ուղիղ աղի. կազմում է հաստ աղու վերջին 15սմ-անոց հատվածը և ավարտվում է հետանցքով:
• Ո՞րտեղ է կոնկրետ տեղակայված քաղցկեղը:
• Ի՞նչ է ձեզ այս պահին հայտնի իմ քաղցկեղի վերաբերյալ:
• Եթե ինձ մոտ ուղիղ աղու քաղցկեղ է, պետք է արդյոք ստանամ ճառագայթային բուժում և քիմիաթերապիա մինչև վիրահատությունը:
• Ի՞նչ այլ թեստեր պետք է արվեն մինչև վիրահատությունը:
• Կարող ե՞ք նկարագրել այն վիրահատությունը, որին ես պետք է ենթարկվեմ:
• Ի՞նչն եք պատրաստվում հեռացնել վիրահատության ընթացքում (հաստ աղին, ուղիղ աղին, ավշային հանգույցները):
• Արդյոք բիոպսիան վիրահատության մի մասն է:
• Վիրահատությունից որքա՞ն ժամանակ անց հայտնի կլինեն բոլոր թեստերի արդյունքները և հստակ ախտորոշումը:
• Ի՞նչ եք դուք կարծում, կունենամ ես արդյոք ժամանակավոր կամ մշտական կոլոստոմայի կարիք:
• Իմ պարագայում սա ստանդա՞րտ վիրահատության միջոցն է:
• Քանի՞ անգամ եք դուք իրականացրել այս տիպի վիրահատություններ հաջողությամբ:
• Ինչպե՞ս պետք է պատրաստվեմ վիրահատությանը և հիվանդանոցում մնալուն: Ինչքան ժամանակ պետք է մնամ հիվանդանոցում:
• Ինչպե՞ս է հետվիրահատական շրջանում մեղմացվելու իմ ցավը:
• Վիրահատության այս տեսակը ի՞նչ այլ կողմնակի էֆեկտներ կարող է ունենալ:
Կոլոռեկտալ քաղցկեղը կարող է ի հայտ գալ հաստ կամ ուղիղ աղիներում: Հաստ աղում սկիզբ առնող քաղցկեղը կոչվում է հաստ աղու քաղցկեղ, իսկ ուղիղ աղու սկիզբ առնողը՝ ուղիղ աղու քաղցկեղ:
Հաստ և ուղիղ աղու քաղցկեղների մեծ մասը պատկանում են ադենոկարցինոմա կոչվող ուռուցքի տարատեսակին, որն առաջանում է աղու լուսանցքը պատող էպիթելային բջիջներից: Այս բաժինը հիմնականում նվիրված է ադենոկարցինոմային: Հաստ կամ ուղիղ աղիների առավել հազվադեպ հանդիպող քաղցկեղներին են պատկանում կարցինոիդ ուռուցքը, գաստրոինտեստինալ ստրոմալ ուռուցքը (ԳԻՍՈւ), մանրբջջային կարցինոման և լիմֆոման:
Կոլոռեկտալ քաղցկեղն առավել հաճախ սկիզբ է առնում պոլիպներից, որոնք իրենցից ներկայացնում են ոչ քաղցկեղային աճի օջախներ և կարող են ի հայտ գալ հաստ կամ ուղիղ աղու լորձաթաղանթի վրա: Դրանք մարդու տարիքի հետ միասին գնալով ավելի հաճախ են հանդիպում: Եթե այս պոլիպները ժամանակի ընթացքում չհայտնաբերվեն և չհեռացվեն, նրանք կարող են վերածվել կյանքին սպառնացող պոտենցիալ վիճակի՝ քաղցկեղի: Այդ պատճառով նախաքաղցկեղային պոլիպների ճանաչումը և հեռացումը կարևոր դեր ունի կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման հարցում:
Գոյություն ունեն պոլիպների մի քանի ենթատեսակներ: Դրանցից որոշները՝ օրինակ հիպերպլաստիկ պոլիպները, բարորակ են և չեն ենթարկվում քաղցկեղային կազմափոխման: Մյուսները՝ օրինակ ադենոմատոզ պոլիպները կամ այլ կերպ ադենոմաները, քաղցկեղավտանգ են: Այս գոյացություններն առավել հաճախ կարող են հայտնաբերվել կոլոնոսկոպիայի միջոցով, քանզի հանդիսանում են դեպի աղու լուսանցք ներհրվող զանգվածներ և կարող են հայտնաբերվել բժշկի կողմից հետազոտության ընթացքում: Սակայն հաստ աղու պոլիպների մոտ 10% տափակ են և այդ պատճառով նրանց շատ դժվար է հայտնաբերել կոլոնոսկոպիայի ընթացքում, առանց համապատասխան կոնտրաստավորող նյութի օգտագործման: Անկախ իրենց չափսից՝ այս տափակ պոիպները ունեն քաղցկեղի վերածվելու մեծ ռիսկ:
ԱՄՆ-ում կոլոռեկտալ քաղցկեղը ըստ հանդիպման հաճախականության հանդիսանում է 3-րդ ամենատարածված քաղցկեղը մեծահասակների մոտ, չհաշված մաշկի քաղցկեղը:
Հայաստանի Հանրապետությունում այն նույնպես բավականին տարածված է: 2015թ. ՀՀ-ում գրանցվել է առաջնակի հայտնաբերված կոլոռեկտալ քաղցկեղի 270 դեպք կանանց, և 264 դեպք տղամարդկանց շրջանում:
Կոլոռեկտալ քաղցկեղը հաճախակի ախտորոշվում է մեծահասակների շրջանում՝ միջինը 72 տարեկան հասակում:
Վաղ հայտնաբերման դեպքում այն հաճախ ենթարկվում է լիարժեք բուժման:
Այս կամ այն ուռուցքի բուժման հավանականությունը գնահատելու համար հաճախ կիրառվում է 5-ամյա ապրելիության ցուցանիշը, որն արտացոլում է մարդկանց այն տոկոսը, ովքեր ապրում են նվազագույնը 5 տարի քաղցկեղի հայտնաբերումից հետո: 5-ամյա ապրելիությունը կոլոռեկտալ քաղցկեղի համար կազմում է մոտ 64%՝ այսինքն կոլոռեկտալ քաղցկեղով մարդկանց 64%-ը ախտորոշումից հետո ապրում է առնվազն 5 տարի: Ամեն դեպքում ապրելիության ցուցանիշները կոլոռեկտալ քաղցկեղի ժամանակ կարող են տատանվել կախված տարբեր գործոններից. առաջին հերթին՝ քաղցկեղի փուլից:
Համապատասխանաբար` 1.տեղային ոչ տարածված կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում 5-ամյա ապրելիությունը կազմում է մոտ 90%, մարդկանց 39%-ը տոկոսն ախտորոշվում է հենց այս վաղ փուլում 2.եթե քաղցկեղը տարածվել է դեպի շրջակա հյուսվածքներ և մոտակա ավշային հանգույցներ՝ 71%, իսկ 3.մարմնի հեռակա հատվածներում ուռուցքի տարածման (մետաստազավորման) դեպքում՝ ընդամենը 14%:
Ամեն դեպքում այն հիվանդները, որոնք ունեն ընդամենը մեկ կամ մի քանի եզակի ուռուցքային օջախներ հաստ աղուց դուրս (հիմնականում թոքերում կամ լյարդում), կարող են ենթարկվել վիրահատական բուժման: Այս եզակի օջախների վիրահատական հեռացումը կարող է բերել ուռուցքի վերացման, ինչը մեծապես բարելավում է 5-ամյա ապրելիությունը այսպիսի հիվանդների մոտ:
Այս ամենն իմանալու հետ մեկտեղ, անհրաժեշտ է հասկանալ, որ սրանք ընդամենը վիճակագրական տվյալներ են: Այնպես որ ձեր սեփական ռիսկը կարող է տարբերվել այս ցուցանիշներից: Բժիշկը չի կարող վստահորեն ասել, թե որքան ժամանակ կարող է ապրել կոլռեկտալ քաղցկեղով հիվանդ այս կամ այն անձնավորությունը: Բացի այդ այս ցուցանիշները վերահաշվարկվում են ամեն 5 տարին մեկ, և հետևաբար վերոնշյալ տվյալները կարող են չարտացոլել ախտորոշման կամ բուժման մեջ վերջին տարիներին ձեռք բերված նորագույն արդյունքները:
Ռիսկի գործոն ասելով ի նկատի ունենք ցանկացած բան, որ մեծացնում է անհատի մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Չնայած որ ռիսկի գործոնները հաճախ նպաստում են քաղցկեղի առաջացմանը, շատերն ուղղակիորեն չեն բերում քաղցկեղի առաջացման: Որոշ մարդիկ, ովքեր ունեն մի քանի ռիսկի գործոններ երբևէ չեն հիվանդանում քաղցկեղով , այն դեպքում, երբ մյուսները չունենալով որևիցե հայտնի ռիսկի գործոն՝ հիվանդանում են:
Ամեն դեպքում, այս ռիսկի գործոնների իմանալը և հայտնելը ձեր բուժող բժշկին կարող է օգնել բարելավել ձեր կենսակերպը:
Միջին ռիսկի խմբին պատկանող մարդկանց մոտ կյանքի ընթացքում կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կազմում է մոտ 5%: Հիմնականում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի մոտ 95%-ը սպորադիկ են, այսինքն գենետիկ փոփոխությունները, որոնք բերում են քաղցկեղի զարգացման, առաջանում են մարդու կյանքի ընթացքում և չեն փոխանցվում հետագա սերունդներին: Կոլոռեկտալ քաղցկեղի ժառանգական ձևերը ավելի հազվադեպ են (մոտ 5%), և ի հայտ են գալիս, երբ գենետիկ մուտացիաները կամ փոփոխությունները փոխանցվում են ընտանիքի ներսում ծնողներից երեխաներին:
Առավել հաճախ կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառը հայտնի չէ: Այնուամենայնիվ հետևյալ գործոնները կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններ.
Տարիքը. Կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը մեծանում է տարիքի հետ: Իհարկե այն կարող է առաջանալ նաև երիտասարդների և նույնիսկ պատանիների մոտ, բայց դեպքերի մեծ մասնի հայտ են գալիս 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Օրինակ ԱՄՆ-ում կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշման միջին տարոիքը 72 տարեկանն է:
Սեռը. Տղամարդկանց մոտ կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդանալու ոիսկը քիչ ավելի մեծ է, քան կանանց մոտ:
Կոլոռեկտալ քաղցկեղի ընտանեկան վերհուշ. կոլոռեկտալ քաղցկեղը կարող է ի հայտ գալ այն ընտանիքում, որտեղ առաջին կարգի հարազատները (ծնողներ, քույր, եղբայր, երեխաներ) կամ մի քանի երկրորդ, երրորդ կարգի հարազատներ (տատիկ, պապիկ, հորաքույր, մորաքույր, թոռնիկներ և այլն) ունեցել են կոլոռեկտալ քաղցկեղ: Սա հատկապես հնարավոր է, երբ կոլոռեկտալ քաղցկեղն ախտորոշվել է ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ 60 տարեկանից փոքր հասակում և հատկապես երիտասարդ տարիքում: Եթե անձնավորությունն ունի կոլոռեկտալ քաղցկեղի ընտանեկան պատմություն, նրա՝ այս հիվանդությամբ հիվանդանալու ռիսկը, մոտ կրկնակի անգամ գերազանցում է կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ստանդարտ ռիսկը:
Կոլոռեկտալ քաղցկեղի ընտանեկան պատմության առկայության դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է գենետիկ խորհրդատվություն, ապա անհրաժեշտության դեպքում՝ գենետիկ թեստավորում, որի միջոցով միայն հնարավոր կլինի որոշել՝ ունեք դուք արդյոք գենետիկ մուտացիա, թե ոչ:
Հազվադեպ ժառանգական իրավիճակներ. հազվադեպ հանդիպող ժառանգական համախտանիշներով ընտանիքի անդամները ունեն կոլռեկտալ քաղցկեղի, ինչպես նաև քաղցկեղի այլ տեսակների զարգացման զգալի բարձր ռիսկ: Սրանք ներառում են.
1. Ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզ (ԸԱՊ),
2. Ատենուցված(թուլացված) ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզ (ԹԸԱՊ),
3. Գարդների համախտանիշ,
4. Լինչի համախտանիշ, որն այլ կերպ կոչվում է ժառանգական ոչ ադենոմատոզ կոլոռեկտալ քաղցկեղ,
5. Յուվենիլ(երիտասարդների) պոլիպոզ համախտանիշ (ՅՊՀ),
6. Մուեյր-Տուրի համախտանիշ,
7. ՄԻՀ ասսոցացված պոլիպոզ (ՄԱՊ),
8. Պեյտց-Եգերսի համախտանիշ (ՊԵՀ),
9. Տուրկոյի համախտանիշ:
• Աղիների բորբոքային հիվանդություններ (ԱԲՀ). աղիների բորբոքային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, որոնցից են խոցայինն կոլիտը, Կրոնի հիվանդությունը, կարող է առաջանալ հաստ աղիքի խրոնիկական բորբոքում, ինչը մեծացնում է կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը: Աղիների բորբոքային հիվանդությունների մեջ չի մտնում գրգռված աղու համախտանիշը (սրա ժամանակ կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը չի մեծանում):
• Ադենոմատոզ պոլիպներ (ադենոմաներ). պոլիպները քաղցկեղ չեն, բայց նրանց որոշ տեսակներ, որոնք կոչվում են ադենոմաներ, կարող են վերածվել քաղցկեղի ժամանակի ընթացքում: Նրանց հաճախ կարելի է լիովին հեռացնել կոլոնոսկոպիայի ընթացքում (հատուկ գործիքային հետազոտություն): Դրանց հեռացումը կարող է կանխել կոլոռեկտալ քաղցկեղը: Մարդիկ, ովքեր ունեն ադենոմաներ, պատկանում են կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկի խմբին և պետք է անցնեն պարբերաբար պրոֆիլակտիկ հետազոտություններ:
• Նույն մարդու մոտ քաղցկեղի որոշ տեսակների առկայություն. մարդիկ, ովքեր ունեցել են կոլոռեկտալ քաղցկեղ կյանքի ընթացքում և կանայք, ում մոտ եղել է ձվարանի կամ արգանդի քաղցկեղ ունեն կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ավելի մեծ հավանականություն:
• Ռասան. Սպորադիկ (ոչ ժառանգական) կոլոռեկտալ քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է սևամորթների մոտ քան այլ էթնիկ խմբերի: Սրա պատճառը վերջնականապես հայտնի չէ, բայց քանի որ սևամորթների մոտ կոլռեկտալ քաղցկեղը կարող է առաջանալ ավելի երիտասարդ տարիքում, խորհուրդ է տրվում նրանց մոտ սկրինինգային հետազոտությունները սկսել ավելի վաղ հասակից՝ 45 տարեկանից:
• Ֆիզիկապես պասիվ ապրելակերպը և գիրությունը. ոչ ակտիվ կենսակերպ վարողները, ինչպես նաև ավելորդ քաշ ունեցող և գեր մարդիկ ունեն կոլռեկտալ քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ:
• Սնուցումը. ժամանակակից հետազոտությունները վկայում են, որ կարմիր մսի, ինչպես նաև տարատեսակ մշակումներ անցած մսի մեծ քանակությամբ օգտագործումը, բարձրացնում է կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը:
• Ծխելը. վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողների մոտ կոլոռեկտալ քաղցկեղից մահանալու ռիսկը ավելի մեծ է՝ համեմատած չծխողների հետ:
Տարբեր գործոններ կարող են բերել քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման: Հետազոտությունները այս ուղղությամբ շարունակվում են: Չնայած որ չկա որևէ ապացուցված ճանապարհ այս հիվանդությունը լիովին կանխարգելելու համար, հնարավոր է իջեցնել հիվանդանալու ռիսկը:
Հետևյալները կարող են իջեցնել կոլոռեկտալ քաղցկեղի հավանականությունը.
Ասպիրին և այլ ոչստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ). որոշ հետազոտություններ վկայում են, որ ասպիրինը և այլ ՈՍՀԲԴ-ները կարող են նվազեցնել հաստ աղու պոլիպների և կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը, նախկինում այս հիվանդությունները ունեցած մարդկանց մոտ: Այնուամենայնիվ ՈՍՀԲԴ-ների կանոնավոր օգտագործումը կարող է բերել լուրջ կողմնակի հետևանքների, որոնցից են ստամոքսային արյունահոսությունը և անոթների թրոմբների առաջացումը, ինչը կարող է հանգեցնել ինսուլտի կամ սրտամկանի ինֆարկտի: Ասպիրինի կամ այլ ոչստերոիդների կիրառումը չի փոխարինում կոլոռեկտալ քաղցկեղի կանոնավոր սկրինինգային հետազոտություններին: Մարդիկ պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ ասպիրինի կանոնավոր օգտագործման ռիսկերի և օգուտների վերաբերյալ:
Սննդակարգը և սննդային հավելումները. մրգերով ու բանջարեղենով հարուստ և քիչ կարմիր միս պարունակող սննդակարգը, կարող է օգնել իջեցնել կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը: Որոշ հետազոտություններում նաև նշվում է, որ մարդիկ, ովքեր օգտագործում են կալցիումի և վիտամին Դ-ի պրեպարատներ, ունեն կոլոռեկտալ քաղցկեղի ավելի ցածր ռիսկ:
Սկրինինգային հետազոտությունները օգտագործվում են քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման համար, մինչ հիվանդը կունենա որևիցե ախտանիշ կամ գանգատ: Գիտնականնների կողմից մշակվել և մշակվում են նորանոր մեթոդներ քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման համար: Սկրինինգային հետազոտությունների հիմնական նպատակն է.
Նվազեցնել տվյալ քաղցկեղի տեսակով մարդկանց հիվանդացությունը և մահացությունը:
Սկրինինգային տեղեկատվություն կոլոռեկտալ քաղցկեղի վերաբերյալ
Կոլոռեկտալ քաղցկեղը հաճախ կարող է կանխվել կանոնավոր սկրինինգային հետազոտությունների միջոցով, որոնց շնորհիվ կարելի է հայտնաբերել պոլիպները` մինչև նրանց վերածվելը քաղցկեղի:
Միջին ռիսկի խմբին պատկանող մարդկանց մոտ սկրինինգային հետազոտությունները պետք է սկսել 50 տարեկան հասակից: Սևամորթները ենթակա են սկրինինգային հետազոտության ավելի վաղ հասակից՝ 45 տարեկանից, քանզի նրանց մոտ կոլոռեկտալ քաղցկեղն ավելի հաճախ է ախտորոշվում վաղ հասակում:
Կոլոռեկտալ քաղցկեղի վաղաժամ ախտորոշման համար օգտագործվող հետազոտության մեթոդներն են.
• Կոլոնոսկոպիա. հատուկ ճկուն գործիքի միջոցով զննվում է ամբողջ հաստ աղին: Այս հետազտության ընթացքում բժիշկը կարող է հեռացնել պոլիպները կամ որևէ կասկածելի գոյացությունից վերցնել կտոր հետագա հյուսվածաբանական հետազոտության համար: Այս մեթոդով պոլիպների հեռացումը կարող է կանխել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը:
• Համակարգչային շերտագրությամբ կոլոնոգրաֆիա. Այլ կերպ կոչվում է վիրտուալ կոլոնոսկոպիա: Կարող է օգտագործվել որպես այլընտրանքային մեթոդ այն մարդկանց մոտ ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ենթարկվել կոլոնոսկոպիայի (ունեն կոլոնոսկոպիայի ժամանակ օգտագործվող անզգայացման դեղորայքի նկատմամբ հակացուցում կամ ունեն աղիքային անանցանելիություն, ինչը կանխում է ողջ աղիքի հետազոտումը):
• Սիգմոիդոսկոպիա. նման է կոլոնոսկոպիային, սակայն այս մեթոդով կարող են հետազոտվել միայն ուղիղ և սիգմայաձև աղին:
• Կղանքի թաքնված արյան թեստ (ԿԹԱԹ) և կղանքի իմունոքիմիական թեստ(ԿԻԹ). ԿԹԱԹ օգտագործվում է կղանքում արյուն հայտնաբերելու համար, ինչը շատ հաճախ լինում է հաստ աղու պոլիպների կամ քաղցկեղի ժամանակ: Սակայն կղանքի թաքնված արյան թեստը կարող դրական լինել նաև ստամոքսաղիքային տրակտի վերին հատվածներից արյունահոսության ժամանակ, ինչպես նաև սննդի որոշ տեսակների կիրառման դեպքում: Բացի այդ պոլիպները կամ քաղցկեղը անդադար չեն արյունահոսում, այնպես որ այս հետազոտությունը անհրաժեշտ է կատարել կղանքի մի քանի բաժինների վրա և անհրաժեշտ է կրկնել տարին մեկ: Գոյություն ունեն թեստի 2 հիմնական տարատեսակ՝ գվայակայով և իմունոքիմիական: Ամեն դեպքում այս հետազոտության մեթոդով կոլոռեկտալ քաղցկեղից մահացության իջեցման տոկոսը բավական ցածր է և կազմում է 30% ամենամյա հետազոտության դեպքում և 18%՝ եթե արվում է ավելի հազվադեպ:
• Կրկնակի կոնտրաստային բարիումային հոգնա (իրիգոսկոպիա). Այն հիվանդներին, ովքեր չեն կարող ենթարկվել կոլոնոսկոպիայի, կարող է արվել բարիում պարունակող կոնտրաստով հոգնա, որից հետո արվում են հաստ աղու բազմաթիվ ռենտգեն նկարներ: Այս հետազոտությունը իր ինֆորմատիվությամբ զիջում է կոլոնոսկոպիային, սիգմոիդոսկոպիային ինչպես նաև ԿՏ կոլոնոգրաֆիային:
• Կղանքի ԴՆԹ թեստավորում. այս թեստի միջոցով հետազոտվում են հիվանդի կղանքի ԴՆԹ-ի փոփոխությունները, որոնք կարող են ի հայտ գալ պոլիպների կամ քաղցկեղի ժամանակ: Ելնելով ստացված պատասխանից որոշվում է՝ պետք է արդյոք հիվանդին կոլոնոսկոպիկ հետազոտություն, թե՝ ոչ:
Կոլոռեկտալ քաղցկեղի սկրինինգային հետազոտության խորհուրդներ
Ամերիկյան գաստրոէնտերոլոգների ասոցիացիան, ամերիկյան գաստրոէնտորոլոգիայի կոլեգիան, ամերիկյան ստամոքսաղիքային էնդոսկոպիստների ասոցիացիան և ամերիկյան ռադիոլոգների կոլեգիան առաջարկում են կոլոռեկտալ քաղցկեղի սկրինինգի հետևյալ մոտեցումը
Սկսելով 50 տարեկան հասակից՝ միջին ռիսկի խմբին պատկանող տղամարդիկ և կանայք, պետք է հետևեն նշված թեստավորման սխեմաներից որևիցե մեկին.
Հաջորդիվ բերված թեստերը օգտագործվում են և պոլիպների, և քաղցկեղի հայտնաբերման համար.
• Ճկուն սիգմոիդոսկոպիա` 5 տարին մեկ,
• Կոլոնոսկոպիա` 10 տարին մեկ,
• Կրկնակի կոնտրաստով բարիումային հոգնա` 5 տարին մեկ,
• ՀՇ կոլոնոգրաֆիա` 5 տարին մեկ
Այս թեստերը գերազանցապես հայտնաբերում են քաղցկեղը
• ԿԹԱԹ գվայակայով` տարին մեկ,
• Իմունոքիմիական ԿԹԱԹ` տարին մեկ,
• Կղանքի ԴՆԹ թեստավորում` ըստ բժշկի խորհրդատվության
Այս սկրինինգային հետազոտությոան սխեմաները խորհուրդ են տրվում 50-ից 75 տարեկան միջակայքում ընկած մարդկանց: 76-ից 85 տարեկան հասակի մարդիկ պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ, որոշելու համար արդյոք վերոնշյալ հետազոտության մեթոդները ցուցված են իրենց, թե` ոչ: Ամեն դեպքում մարդիկ, ովքեր ժամանակին ունեցել են հաստ աղու պոլիպներ կամ քաղցկեղ, ունեն կոլոռեկտալ քաղցկեղի ավելի բարձր ռիսկ, և սկրինինգային հետազոտությունները կարող են խորհուրդ տրվել նրանց նաև ավելի մեծ հասակում:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բերված ախտանիշները հանդիպում են ոչ միայն կոլոռեկտալ քաղցկեղի, այլ նաև այնպիսի տարածված հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են թութքը, աղիների բորբոքային հիվանդությունները: Ամեն դեպքում՝ քաղցկեղի կասկածի դեպքում, այս ախտանիշները հիմնականում սկսվում են միանգամից, ծանր են, ավելի երկար են տևում և փոփոխվում են ժամանակի ընթացքում: Այս նշանների իմացությունը և զգոնությունը հաճախ հնարավոր է դարձնում հայտնաբերել քաղցկեղը ավլեի վաղ փուլերում, երբ այն ավելի մեծ հավանականությամբ կարող է ենթարկվել լիարժեք բուժման: Այնուամենայնիվ կոլոռեկտալ քաղցկեղով շատ հիվանդներ չեն ունենում որևիցե ախտանիշ մինչև հիվանդության ուշ փուլը: Այդ պատճառով անհրաժեշտ են կանոնավոր սկրինինգային հետազոտություններ:
Կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանիշները.
• Աղիների գործունեության փոփոխություն, խանգարում,
• Լուծ, փորկապություն, աղիների ոչ լրիվ դատարկման զգացողություն,
• Ալ կարմիր կամ շատ մուգ՝ գորշ արյան առկայություն կղանքում,
• Կղանքի ձևի փոփոխություն՝ կարող է լինել ավելի բարակ քան նորմայում,
• Որովայնում դիսկոմֆորտ, ցավեր, մեթեորիզմ (գազերի առկայություն), վքնածություն, լցվածության զգացողություն, աղիքային խիթի պատկեր
• Առանց որևէ ակնհայտ պատճառի քաշի կորուստ,
• Մշտական թուլություն, հոգնածություն,
• Անբացատրելի երկաթդեֆիցիտային անեմիա (հեմոգլոբինի, էրիթրոցիտների թվի իջեցում արյան պատկերում):
Եթե վերոնշյալ ախտանիշները առկա են մի քանի շաբաթ կամ ժամանակի հետ հարաճում են, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և կարիքի առկայության դեպքում անցնել կոլոնոսկոպիկ հետազոտություն:
Քանզի կոլոռեկտալ քաղցկեղը կարող է ի հայտ գալ նաև սկրինինգային տարիքից երիտասարդ մարդկանց մոտ, ինչպես նաև 2 հաջորդական սկրինինգների միջև ընկած միջակայքում, ցանկացած մարդու մոտ, ցանկացած տարիքում վերոնշյալ ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Քաղցկեղի ախտորոշման դեպքում ախտանիշների թեթևացումը կազմում է բուժման կարևոր մաս: Այն կոչվում է պալիատիվ կամ օժանդակ խնամք: Ցանկացած նոր ախտանիշի առաջացման կամ հին ախտանիշների փոփոխման դեպքում անհրաժեշտ է տեղյակ պահել բուժող բժշկին:
Քաղցկեղի հայտնաբերման կամ ախտորոշման համար բժիշկներն օգտագործում են բազմաթիվ մեթոդներ: Բացի այդ արվում են տարատեսակ հետազոտություններ, որոշելու համար տարածվել է արդյոք քաղցկեղը մարմնի այլ հատվածներում, թե ոչ: Այդ տարածումը կոչվում է մետաստազավորում, որը կարող է հայտնաբերվել տարբեր պատկերման միջոցներով, որոնք ցույց են տալիս մարդու օրգանիզմի ներքին պատկերը: Բժիշկները նաև կարող են անել թեստեր, որոշելու համար, թե բուժման որ մեթոդը կլինի լավագույնը:
Քաղցկեղների մեծ մասի համար, ախտորոշման միակ հստակ մեթոդը հանդիսանում է բիոպսիան (տարբեր գործիքային մեթոդներով վերցվում են կասկածելի հյուսվածքի փոքրիկ կտորներ լաբորատոր պայմաններում հետազոտելու համար): Եթե տարբեր պատճառներով բիոպսիան անհնար է, բժիշկը կարող է առաջարկել հետազոտության այլ մեթոդներ ախտորոշման հաստատման համար:
Ֆիզիկալ հետազոտությունից բացի, հետևյալ մեթոդները կարող են օգտագործվել քաղցկեղի ախտորոշման համար:
• Կոլոնոսկոպիա. այս հետազոտությունը թույլ է տալիս բժշկին զննել ողջ հաստ աղին:
• Բիոպսիա. հյուսվածքի փոքրիկ մասի հեռացումն է մանրադիտակային հետազոտության համար: Տարբեր հետազոտության մեթոդներ կարող են կասկածել մարդու մոտ քաղցկեղ առկայությունը, բայց միայն բիոպսիան է վերջնականապես հաստատում ախտորոշումը: Բիոպսիայից հետո հյուսվածաբանը հետազոտում է վերցված կտորները: Բիոպսիան կարող է արվել կոլոնոսկոպիայի ընթացքում կամ վիրահատության ժամանակ: Երբեմն համակարգչային շերտագրությունը (ՀՇ) կամ ուլտրաձայնային հետազոտությունը կարող են օգտագործվել ասեղային բիոպսիա իրականացնելու համար, որի ժամանակ ՀՇ կամ ուլտրաձայնի հսկողության տակ ծակելով մաշկը՝ հատուկ ասեղով մուտք են գործում ուռուցքի մեջ և վերցնում հյուսվածքի կտոր:
• Ուռուցքի մոլեկուլյար թեստավորում. բժիշկը կարող է խորհուրդ տալ անել որոշ լաբորատոր թեստեր բիոպսիայով ստացված ուռուցքային հյուսվածքի վրա՝ որոշելու համար տարատեսակ գեները, սպիտակուցները կամ այլ յուրօրինակ գործոնները, որոնք բնորոշ են քաղցկեղի տվյալ տեսակին: Այս թեստի արդյունքները կօգնեն որոշել ՝ արդյոք անհրաժեշտ է բուժման մեջ ընդգրկել այսպես կոչված թիրախային բուժման մեթոդներ, թե՝ ոչ:
• Արյան հետազոտություն. Քանի որ կոլոռեկտալ քաղցկեղն հաճախ ուղեկցվում է աղիքային արյունահոսություններով, հիվանդները կարող են դառնալ անեմիկ (նրանց արյան իջնում է հեմոգլոբինի քանակը): Այդ իսկ պատճառով հիվանդները պետք է հանձնեն արյան ընդհանուր քննություն՝ արյան ձևավոր տարրերի և հեմոգլոբինի քանակը որոշելու համար:
Արյան անալիզի միջոցով որոշվում է նաև հատուկ սպիտակուց-օնկոմարկեր՝ կարցինոէմբրիոնալ անտիգենի(CEA) մակարդակը: Այս սպիտակուցի մակարդակի բարձրացումը կարող է վկայել կոլոռեկտալ քաղցկեղի մարմնի այլ հատվածներում տարածման մասին: Սակայն CEA կատարյալ թեստ չէ, քանզի նրա մակարդակը բարձրացած է լինում մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղի ընդամենը 60% դեպքերում: Բացի այդ CEA կարող է բարձրացած լինել նաև այլ բժշկական պատճառներով: Այդ պատճառով այս թեստը չի օգտագործվում որպես կոլոռեկտալ քաղցկեղի սկրինգային միջոց: Այն հիմնականում կիրառվում է կոլոռեկտալ քաղցկեղի կապակցությամբ բուժում ստացող մարդկանց մոտ բուժման էֆեկտիվությունը գնահատելու համար:
• Համկարգչային շերտագրություն(ՀՇ). ՀՇ ստեղծում է մարմնի ներսի եռաչափ պատկերը օգտագործելով ռենտգենյան ճառագայթներ՝ նետված տարբեր անկյուններից: Համակարգչի միջոցով ստացված ինֆորմացիան վերլուծվում է, և ստեղծվում է մարմնի պատկերը՝ շերտ առ շերտ: Այս մեթոդով կարող են հայտնաբերվել օրգանիզմի տարատեսակ անկանոնությունները և ուռուցքային գոյացությունները, ինչպես նաև որոշվեն այդ գոյացությունների չափսերը: Երբեմն ՀՇ հետ զուգահեռ կարող է օգտագործվել հատուկ կոնտրաստ նյութ, որը հիվանդը խմում է կամ այն ներմուծվում է ներերակային: Այս կոնտրաստավորող նյութի լավացնում է պատկերման հստակությունը: Կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների մոտ ՀՇ օգտագործվում է դեպի լյարդ, թոքեր և այլ օրգաններ գնահատելու համար: Այն հիմնականում կատարվում է մինչև վիրահատությունը:
• Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա(ՄՌՏ). ՄՌՏ պատկերման համար օգտագործում է ոչ թե ռենտգենյան ճառագայթներ այլ մագնիսական դաշտեր: Այս հետազոտության ժամանակ նույնպես կարող է կիրառվել հատուկ կոնտրաստավորող նյութ: ՄՌՏ լավագույն պատկերման միջոցն է հայտնաբերելու համար առաջնային ուռուցքի տեղակայումը:
• Գերձայնային հետազոտոթյուն. Գերձայնային հետազոտությունն օգտագործում է հատուկ ձայնային ալիքներ ներքին օրգանների պատկերը ստեղծելու համար: Ներուղիղաղիքային գերձայնային հետազոտությունը հաճախ կիրառվում է աղիքի պատում ուռուցքի տարածման խորությունը գնահատեկու նպատակով, ինչը կարևոր նշանակություն ունի բուժման տակտիկան մշակելու հարցում: Ինչպես նաև այն կիրառվում է լյարդի հետազոտության համար: Ամեն դեպքում այս մեթոդը զիջում է իր զգայունությամբ պատկերման այլ տեսակներին (ՀՇ, ՄՌՏ) ուռուցքի տարածումը դեպի մոտակա ավշային հանգույցներ կամ այլ օրգաններ գնահատելու հարցում:
• Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն. կիրառվում է ուռուցքի տարածումը դեպի թոքեր գնահատելու համար:
• Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ). ՊԷՏ հաճախ զուգակցվում է ՀՇ հետ (ՊԷՏ-ՀՇ): ՊԷՏ-ՀՇ նույնպես օգտագործվում է օրգանիզմի ներքին պատկերի ստեղծման համար: Այս հետազոտության ժամանակ քիչ քանակությամբ ռադիոակիվ շաքարային միացություն ներմուծվու է մարդու օրգանիզմ: Այս նյութը կլանվում է օրգանիզմի բջիջների՝ հատկապես ամենամեծ էներգետիկ ակտիվություն ունեցող բջիջների կողմից: Իսկ քանի որ քաղցկեղային բջիջներն ունեն շատ բարձր էներգետիկ ատիվություն, նրանք ինտենսիվ կլանում են ռադիոակտիվ նյութը: Հատուկ սարքի միջոցով այնուհետև գնահատվում է նյութի բաշխումը մարմնով մեկ և դրա միջոցով որոշվում է ուռուցքի տարածումը օրգանիզմում: Այս հետազոտության մեթոդը հազվադեպ է կիրառվում կոլոռեկտալ քաղցկեղի ժամանակ, բայց որոշ յուրահատուկ իրավիճակներում այն կարող է օգտակար լինել:
Վերոնշյալ թեստերից ոչ բոլորն են կիրառվում յուրաքանչյուր հիվանդի մոտ: Բժիշկը կարող է որոշել, թե նշված հետազոտության մեթոդներից, որն է առավել նպատակահարմար այս կամ այն հիվանդի մոտ ելնելով. կասկածվող ուռուցքի տեսակից, հիվանդի ախտանիշներից, հիվանդի տարիքից և բժշկական իրավիճակից, բժշկական և ընտանեկան պատմությունից, նախկին բժշկական հետազոտությունների արդյունքներից:
Այս բոլոր հետազոտություններից հետո դրվում է վերջնական ախտորոշումը: Քաղցկեղի հաստատման դեպքում իրականացվում է նաև նրա տարածման փուլի որոշում:
Ուռուցքի ստադիան որոշելու հիմնական մեթոդը TNM դասակարգումն է: Բժիշկները օգտագործում են հետազոտությունների արդյունքները պատասխանելու համար հետևյալ հարցերին.
• Ուռուցք (T). աճում է արդյոք ուռուցքն աղու պատի մեջ, և մինչև որ շերտերն է թափանցում:
• Ավշային հանգույցներ (N). Տարածվել է արդյոք ուռուցքը դեպի ավշային հանգույցներ, եթե այո, ապա դեպի որոնք և քանիսն են ախտահարված:
• Մետաստազներ (M). Մետաստազավորվել է արդյոք ուռուցքը դեպի մարմնի այլ հատվածներ, եթե այո՝ դեպի ուր և ինչքան:
Ստացված արդյունքները միավորվում են քաղցկեղի ստադիան որոշելու համար:
Գոյություն ունի ուռուցքի 5 ստադիա՝ 0-ից մինչև 4-րդ:
Առաջնային ուռուցք՝ T.
Օգտագործվում է նկարագրելու համար դեպի աղիքի պատ ուռուցքի ներաճի խորությունը:
Tx. առաջնային ուռուցքը չի կարող գնահատվել:
T0. հաստ աղում ուռուցք չի հայտնաբերվում:
Tis. քաղցկեղ տեղում(carcinoma in situ): Ուռուցքային բջիջներ հայտանբերվում են միայն աղիքի պատի մակերեսային շերտերում(լորձաթաղանթի էպիթելային և սեփական շերտերում):
T1. ուռուցքն աճում է դեպի ենթալորձային շերտ:
T2. ուռուցքն աճում է դեպի աղիքի պատի մկանային շերտ:
T3. ուռուցքը ներաճում է մկանային շերտի միջով դեպի ենթաշճային շերտ(աղիքի պատը շրջապատող հյուսվածքի շերտ):
T4a. ուռուցքը ներաճում է ընդերային որովայնամիզ՝ այսինքն այն անցնում է աղիքի պատի բոլոր շերտերի միջով:
T4b. ուռուցքը ներաճում է դեպի այլ օրգաններ կամ կառուցվածքներ:
Ռեգիոնար ավշային հանգույցներ` N.
Ավշային հանգույցները փոքրիկ լոբաձև օրգաններ են` տարածված ողջ մարմնով մեկ: Նրանք կազմում են օրգանիզմի իմուն համակարգի մաս և օգնում են պայքարել ինֆեկցիաների դեմ: Հաստ և ուղիղ աղիների մոտ տեղակայված ավշային հանգույցները կոչվում են ռեգիոնար ավշային հանգույցներ: Օրգանիզմի մյուս բոլոր ավշային հանգույցները հեռակա ավշային հանգույցներ են:
Nx. ռեգիոնար ավշային հանգույցները չեն կարող գնահատվել:
N0. ռեգիոնար ավշային հանգույցներում ուռուցքի տարածում չի հայտնաբերվել:
N1a. ուռուցքային բջիջներ հայտնաբերվում են միայն մեկ ավշային հանգույցում:
N1b. ուռուցքային բջիջներ հայտնաբերվում են 2-3 ավշային հանգույցներում:
N1c. առկա են ուռուցքայի բջիջներ կուտակումներ հաստ աղու շուրջ, որոնք իրենցից ավշային հանգույցներ չեն ներկայացնում:
N2a. ուռուցքային բջիջներ հայտնաբերվել են 4-6 ավշային հանգույցներում:
N2b. ուռուցքային բջիջներ հայտնաբերվում են 7 և ավելի ավշային հանգույցներում:
Հեռավոր մետաստազներ` M.
Հեռավոր մետաստազներն ուռուցքի տարածումն են դեպի այն օրգաններ, ինչպիսիք են օրինակ լյարդը, թոքերը և այլն:
Mx. հեռավոր մետաստազները չեն կարող գնահատվել:
M0. հեռավոր մետաստազները բացակայում են:
M1a. առկա է ուռուցքի տարածում դեպի մարմնի մեկ հեռավոր մաս:
M1b. ուռուցքը տարածվել է մարմնի մեկից ավելի հատվածներում:
Տարբերակման աստիճան՝ G.
Բացի TNM դասակարգումից, բժիշկները կիրառում են ուռուցքի տարբերակման սատիճանը՝ G, որոշելու համար ուռուցքային բջիջների նմանությունը օրգանիզմի առողջ բջիջներին:
Բժիշկը համեմատում է ուռուցքային հյուսվածքը առողջ հյուսվածքի հետ: Առողջ հյուսվածքը սովորաբար պարունակում է բջիջների բազմաթիվ տարատեսակներ միավորված խմբերում: Եթե ուռուցքը նման է առողջ հյուսվածքին և պարունակում է տարբեր բջիջների խմբեր, այն կոչվում է լավ տարբերակված: Իսկ եթե ուռուցքային հյուսվածքը շատ է տարբերվում առողջ հյուսվածքից, այն կոչվում է թույլ տարբերակված: Տարբերակման աստիճանից ելնելով կարելի է կանխագուշակել ուռուցքի տարածման արագությունը: Գործնակամնում, որքան ավելի տարբերակված է ուռուցքը, այնքան պրոգնոզն ավելի լավ է:
Gx. ուռուցքի տարբերակման աստիճանը չի կարող որոշվել:
G1. ուռուցքային բջիջներն ավելի նման են առողջ բջիջներին(ուռուցքը լավ տարբերակված է):
G2. ուռուցքային բջիջները որոշ չափով նման են առողջ բջիջներին(ուռուցքը չափավոր տարբերակաված է)
G3. ուռուցքային բջիջները շատ քիչ են նման առողջ բջիջներին(ուռուցքը կոչվում է վատ տարբերաված)
G4. ուռուցքային բջիջները հազիվ թե նման են կամ ընդհանրապես նման չեն առողջ բջիջներին(չտարբերաված ուռուցք):
Քաղցկեղի ստադիայի խմբավորում
TNM չափանիշներից ելնելով բժիշկը որոշում է քաղցկեղի ստադիան:
0 ստադիա: TisN0M0;
1 ստադիա: T1-2N0M0;
2A ստադիա: T3N0M0;
2B ստադիա: T4aN0M0:
2C ստադիա: T4bN0M0;
3A ստադիա: T1-2N1M0 կամ T1N2aM0:
3B ստադիա: T3-4aN1M0 կամ T2-3N2aM0 կամ T1-2N2bM0;
3C ստադիա: T4aN2aM0 կամ T3-4aN2bM0 կամ T4bN1-2M0:
4A ստադիա: Ցանկացած T, ցանկացած N, M1a;
4B ստադիա: Ցանկացած T, ցանկացած N, M1b:
Ախտադարձ կամ ռեցիդիվ. երբ քաղցկեղը կրկնվում է բուժման ավարտից հետո, սա կոչվում է ուռուցքի ախտադարձ կամ ռեցիդիվ: Ռեցիդիվի ժամանակ ուռուցքը կարող է հայտնաբերվել հաստ կամ ուղիղ աղիքում, կամ ցանկացած այլ օրգանում: Եթե քաղցկեղը կրկնվում է, անհրաժեշտ է անցկացնել տարատեսակ հետազոտություններ` ռեցիդիվի տարածվածության աստիճանը որոշելու համար: Հաճախ կարող են կիրառվել հետազոտությունների այն նույն մեթոդները, ինչ առաջնային ախտորոշման ժամանակ:
Քաղցկեղի բուժման ժամանակ տարբեր մասնագիտության բժիշկներ աշխատում են միասին՝ ստեղծելով հիվանդի բուժման համընդգրկուն մի ծրագիր, որն իր մեջ հաճախ ներառում է բուժման տարբեր տեսակներ ու մոտեցումներ: Սա կոչվում է մուլտիդիսցիպլինար թիմ: Կոլոռեկտալ քաղցկեղի ժամանակ այս թիմի մեջ հիմնականում ներառված են վիրաբույժը, քիմիաթերապևտը, ճառագայթային ուռուցքաբանը և գաստրոէնտերոլոգը: Այս թիմի մեջ կարող են ընդգրկվել նաև այլ մասնագետներ՝ բուժքույրեր, փսիխոսոցիալ աշխատողներ, դեղագետներ, դիետոլոգներ և այլն:
Կոլոռեկտալ քաղցկեղ ունեցող տվյալ հիվանդի բուժման ծրագիրը կազմելիս հաշվի են առնվում նաև հետևյալ գործոնները.
Կոլոռեկտալ քաղցկեղի բուժման համար կիրառվող հիմնական մեթոդներն են՝
• Իմ ախտորոշումից ելնելով, որո՞նք են իմ բուժման հնարավոր տարբերակները:
• Ի՞նչ բուժման ծրագիր դուք խորհուրդ կտաք, ինչ՞ու:
• Ո՞րն է բուժման յուրաքանչյուր տեսակի նպատակը. վերացնե՞լ քաղցկեղը, լավացնե՞լ իմ ինքնազգացողությունը:
• Ո՞րոնք են բուժման յուրաքանչյուր տեսակի ռիսկերը և հնարավոր կողմնակի էֆեկտները (կարճատև և երկարատև):
• Ո՞վքեր են լինելու իմ բուժական թիմի անդամները, ի՞նչ դեր ունի նրանցից յուրաքանչյուրը:
• Ո՞վ է ղեկավարելու իմ ընդհանուր բուժումը:
• Ի՞նչպես այս բուժումը կանդրադառնա իմ առօրյա կյանքի վրա: Կկարողանամ արդյոք աշխատել, վարժություններ անել և զբաղվել իմ առօրյա գործունեությամբ:
• Կանդրադառնա արդյոք այս բուժումը իմ սեռական կյանքի վրա, եթե այո՝ ինչպե՞ս և ինչքա՞ն ժամանակ:
• Կարող է արդյոք այս բուժումն անդրադառնալ իմ հղիանալու և երեխա ունենալու կարողության վրա: Անհրաժեշտ է արդյոք խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ:
• Ո՞վ կարող է ինձ օգնել բուժման ծախսերը հոգալու հետ կապված:
• Ի՞նչ օգնող և օժանդակող ծառայություններ կան իմ և իմ ընտանիքի համար:
• Ու՞մ պետք է դիմեմ հարցերի կամ խնդիրների դեպքում:
• Կ՞ա արդյոք որևիցե այլ բան, որ պետք է հարցնեմ:
Վիրահատությունը ուռուցքի հեռացումն է շրջակա առողջ հյուսվածքների հետ միասին: Սա կոլոռեկտալ քաղցկեղի ժամանակ ամենահաճախ կիրառվող բուժման մեթոդն է: Վիարահատության ժամանակ, բացի անմիջականորեն ախտահարված աղու հատվածից հեռացվում են նաև առողջ աղիքի մի որոշ հատված՝ շրջակա հյուսվածքով և ավշային հանգույցներով:
Բացի ստանդարտ վիրահատությունից, կոլոռեկտալ քաղցկեղի ժամանակ հնարավորության դեպքում կարող է կիրառվել նաև լապարոսկոպիկ մոտեցումը, որի ժամանակ ուռուցքի հեռացումը իրականացվում է որովայնի վրա միայն մի քանի փոքրիկ կտրվածքների միջոցով: Այս մեթոդը իր արդյունավետությամբ չի զիջում ստանդարտ վիրահատությանը: Այն ավելի քիչ տրավմատիկ է, և վիրահատությունից հետո հիվանդները սովորաբար ավելի արագ են ապաքինվում:
Երբեմն, հատկապես ուղիղ աղու քաղցկեղով հիվանդների մոտ, վիրահատությունը կարող է ավարտվել կոլոստոմայի տեղադրումով: Այս դեպքում հաստ աղու մոտակա հատվածը կարվում է որովայնի պատին, և մարդու օրգանիզմից կղանքի հեռացումը տեղի է ունենում այս նոր ստեղծված բացվածքի միջոցով: Կղանքը այնուհետև լցվում է հատուկ պարկի մեջ, որն ամրացվում է հիվանդի մարմնին: Կոլոստոման հաճախ կարող է լինել ժամանակավոր՝ վիրահատությունից որոշ ժամանակ անց, երբ ուղիղ աղին լավանում է, կոլոստոման վերացվում է՝ վերականգնելով աղիքի ամբողջականությունը: Սակայն որոշ դեպքերում այն կարող է լինել մշտական:
Կոլոռեկտալ քաղցկեղի ժամանակ կիրառվող այլ վիրահատական մեթոդներ են ռադիոհաճախական աբլացիան (ՌՀԱ) և կրիոաբլացիան: Այս մեթոդները կիրառում են ռադիոհաճախական ալիքներ կամ սառեցնող նյութեր ուռուցքը քայքայելու համար: Նրանք հաճախ կարող են օգտագործվել լյարդում կամ թոքերում առկա կոլոռեկտալ քաղցկեղի մետաստազները վերացնելու համար, հատկապես ստանդարտ վիրահատության անհնարինության կամ շատ տրավմատիկ լինելու դեպքում: Չնայած որ այս մեթոդները կարող են օգնել պահպանել լյարդի կամ թոքի հյուսվածքը, որը այլապես պետք է հեռացվեր ստանդարտ վիրահատության ժամանակ, սակայն այս պարագայում ուռուցքի քայքայումը կարող է լինել ոչ լիարժեք և օրգանիզմում թողնել քաղցկեղային հյուսվածքի մի մասը:
Վիրահատության կողմնակի էֆեկտները
Գործնականում վիրահատության հիմնական կողմնակի էֆեկտներն են համարվում ցավը և լարվածությունը հետվիրահատական վերքի շրջանում, ինչպես նաև աղիների գործունեության խանգարումները՝ լուծը կամ փորկապությունը: Շատ մարդիկ վիրահատությունից հետո բավական երկար ժամանակ ստիպված են լինում վերականգնել աղիների կանոնավոր գործունեությունը: Այն հիվանդները, ում տեղադրվել է կոլոստոմա, կարող են ունենալ նաև ստոմայի շուրջ մաշկի գրգռվածություն և բորբոքում: Դրա կանխարգելման համար անհարժեշտ է սովորել ինչպես ճիշտ խնամել ստոման և նրա շուրջն ընկած մաշկը:
Ճառագայթային բուժումը ենթադրում է բարձր էներգիայով օժտված ռադիոակտիվ ճառագայթների կիրառում ուռուցքային բջիջները քայքայելու համար:Այն հաճախ կիրառվում է ուղիղ աղիքի քաղցկեղի բուժման համար, քանզի ուղիղ աղու քաղցկեղը ունի տեղային կրկնության մեծ ռիսկ վիրահատական միջամտությունից հետո: Ճառագայթային բուժումն իրականացվում է ճառագայթային ուռուցքաբանի կողմից: Այն տրվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում և բաղկացած է մի քանի սեանսներից:
Արտաքին խրձով (փնջով) ճառագայթային թերապիա (ԱՓՃԹ). ԱՓՃԹ ժամանակ ճառագայթումը տրվում է հատուկ սարքով մարմնի այն հատվածի վրա, որտեղ տեղակայված է ուռուցքը: Այն հաճախ տրվում է շաբաթական 5 օր, մի քանի շաբաթվա ընթացքում:
Ստերեոտակտիկ ճառագայթային թերապիա(ՍՃԹ). Սա ԱՓՃԹ տարատեսակ է, որի ժամանակ միանգամից տրվում է ճառագայթման շատ մեծ դոզա մարմնի մի փոքրիկ հատվածի: ՍՃԹ օգտագործվում է կոլոռեկտալ քաղցկեղի լյարդում կամ թոքերում եղած մետաստատիկ օջախները վերացնելու համար՝ վիրահատական միջամտության փոխարեն:
Ճառագայթային թերապիայի այլ տեսակներ. Որոշ մարդկանց մոտ քաղցկեղի փոքր օջախները վերացնելու համար, որոնք չեն կարող հեռացվել վիրահատական միջամտությամբ, կարող են օգտագործվել ճառագայթային բուժման հատուկ տեխնիկաներ՝ ներվիրահատական ճառագայթային թերապիան և բրախիթերապիան:
Ներվիրահատական ճառագայթային թերապիա. այս մեթոդի ժամանակ տրվում է մեծ դոզայով միանվագ ճառագայթում վիրահատության ընթացքում:
Բրախիթերապիա. Բրախիթերապիան հատուկ ռադիոակտիվ "սերմերի" տեղադրումն է օրգանիզմի ներսում: Դրա օրինակ կարող է հանդիսանալ ՍԻՌ սֆերաների օգտագործումը, որոնք պարունակում են ռադիոակտիվ Իտրիում-90 իզոտոպը: Այս սֆերաները ներարկվում են լյարդի անոթների մեջ՝ կոլոռեկտալ քաղցկեղի լյարդային մետաստազները բուժելու համար, երբ վիրահատական միջամտությունը անհնար է: Այս մեթոդի էֆեկտիվության վերաբերյալ տվյալները դեռևս բավարար չեն: Սակայն որոշ հետազոտություններ վկայում են, որ այն կարող է դանդաղեցնել լյարդային մետաստազների աճը:
Ուղիղ աղու քաղցկեղի ժամանակ ճառագայթային բուժումը կարող է կիրառվել ինչպես վիրահատական միջամտությունից առաջ (նեոադյուվանտ թերապիա), որն օգնում է հնարավորինս փոքրացնել ուռուցքը և հեշտացնել նրա հեռացումը, այնպես էլ՝ հետո (ադյուվանտ թերապիա), որը կիրառվում է մնացորդային ուռուցքային բջիջները վերացնեու համար: Ճառագայթային բուժմանը զուգահեռ հաճախ տրվում է նաև դեղորայքային բուժում (քիմիաթերապիա) ճառագայթային թերապիայի էֆեկտիվությունը բարձրացնելու համար: Այս երկուսը միասին կոչվում են քիմիաճառագայթային բուժում: Քիմիաճառագայթային բուժումը ուղիղ աղու քաղցկեղի հաճախ օգտագործվում է վիրահատական միջամտությունից առաջ՝ կոլոստոմայից խուսափելու և ուռուցքի կրկնողության ռիսկը փոքրացնելու համար: Մի հետազոտություն հայտնաբերել է, որ մինչև վիրահատությունը տրված քիմիաճառագայթային բուժումն ավելի արդյունավետ է և առաջացնում է ավելի քիչ կողմնակի էֆեկտներ, քան եթե այն տրվի վիրահատությունից հետո: Հիմնական առավելություններն են. քաղցկեղի տեղային կրկնողության ավելի ցածր ռիսկը, մշտական կոլոստոմայի տեղադրման ավելի հազվադեպ անհրաժեշտությունը, ինչպես նաև ճառագայթային բուժումից հետո ուղիղ աղու սպիացման հետ կապված ավելի քիչ բարդությունները:
Ճառագայթային բուժման կողմնակի էֆեկտները
Ճառագայթային բուժման կողմնակի էֆեկտները կարող են ներառել՝ թուլություն, մաշկի գրգռվածություն, բորբոքում, ստամոքսի և աղիների գործունեության խանգարում: Կարող է դիտվել նաև արյունային կղանք՝ ուղիղ աղուց արյունահոսության կամ աղիքյին անանցանելիության պատճառով: Կողմնակի էֆեկտների մեծամասնությունը արագորեն անցնում են բուժման ավարտից որոշ ժամանակ հետո:
Բացի նշվածներց, կոնքի շրջանի ճառագայթային բուժումը կարող է հանգեցնել սեռական բնույթի խանգարումների ու անպտղության և կանանց, և տղամարդկանց մոտ: Այդ պատճառով՝ մինչ ճառագայթումը սկսելը անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ սեռական բնույթի և անպտղության հետ կապված հնարավոր կողմնակի էֆեկտների, և պտղաբերության պահպանման հնարավորությունների մասին:
Քիմիաթերապիան դեղորայքի օգտագործումն է ուռուցքային բջիջների քայքայման համար՝ նրանց աճի և բաժանման ընկճման ճանապարհով:
Համակարգային քիմիաթերապիայի ժամանակ քիմոթերապևտիկ դեղորայքը տրվում է ներերակային կամ խմելու ճանապարհով: Քիմիոթերապևտիկ ռեժիմները հաճախ բաղկացած են լինում մի քանի ցիկլերից, որոնք տրվում են որոշակի ժամանակի ընթացքում: Այդ ընթացքում հիվանդը կարող է ստանալ 1 դեղորայք կամ միառժամանակ մի քանի դեղերի զուգակցում:
Քիմիաթերապիան կարող է տրվել վիրահատությունից հետո՝ մնացորդային ուռուցքային բջիջները վերացնելու համար: Իսկ ուղիղ աղու քաղցկեղով հիվանդների մոտ այն կարող է տրվել նաև մինչև վիրահատությունը ճառագայթային բուժման հետ միասին՝ ուռուցքի չափսերի փոքրացման և կրկնության հավանականության իջեցման համար:
Կոլոռեկտալ քաղցկեղի քիմիաթերապիայի տեսակները
Կոլոռեկտալ քաղցկեղի ժամանակ կիրառվող հիմնական քիմիաթերապևտիկ դեղերն են հանդիսանում.
• Կապեցիտաբին (Քսելոդա)
• 5-Ֆտորուրացիլ (5-ՖՈւ)
• Իրինոտեկան
• Օքսալիպլատին
• Տրիֆլյուրիդին/տիպիրացիլ
Քիմիաթերապևտիկ հիմնական ռեժիմներն են հանդիսանում.
• 5-ՖՈւ,
• 5-ՖՈւ զուգակցված լեյկովորինի հետ (վիտամին, որ բարձրացնում է 5-ՖՈւ-ի ակտիվությունը),
• Կապեցիտաբին (5-ՖՈւ-ի խմելու տարատեսակ),
• 5-ՖՈւ, լեյկովորին և օքսալիպլատին (FOLFOX),
• 5-ՖՈւ, լեյկովորին և իրինոտեկան (FOLFIRI),
• Իրինոտեկան,
• Կապեցիտաբին՝ օքսալիպլատինի (XELOX) կամ իրինոտեկանի հետ (XELIRI) միասին:
• Վերոնշյալ սխեմաներից որևէ մեկը՝ համակցված թիրախային այս պրեպարատներից՝ բևացիզումաբ, ցիտուքսիմաբ, պանիտումումաբ մեկի հետ,
• FOLFIRI` թիրախային պրեպարատներ զիվ-աֆլիբերցեպտի կամ ռամուցիռումաբի հետ:
Քիմիաթերապիայի կողմնակի էֆեկտները
Քիմիաթերապիան կարող է առաջացնել այնպիսի կողմնակի էֆեկտներ ինչպիսիք են՝ սրտխառնոց, փսխում, լուծ, բերանի խոռոչի խոցոտում, նեյրոպաթիա (ձեռքերի, ոտքերի մատների թմրածության, ծակծկոցի զգացողություն): Բացի այդ կարող է դիտվել արտասովոր հոգնածություն, ինչպես նաև ինֆեկցիաների բարձր ռիսկ: Կոլոռեկտալ քաղցկեղի բուժման համար կիրառվող դեղորայքը հիմնականում մազաթափություն չի առաջացնում:
Եթե վերոնշյալ կողմնակի էֆեկտները լինում են շատ արտահայտված, քիմիաթերապևտիկ դեղերի դոզան կարող է պակասեցվել կամ քիմիաթերապիայի հերթական կուրսը կարող է հետաձգվել:
Թիրախային թերապիան բուժման հատուկ տեսակ է, որն ազդում է ուռուցքային գեների, սպիտակուցների կամ ուռուցքի աճը և կենսունակությունը ապահովող միջավայրի գործոնների վրա: Բուժման այս եղանակն ընկճում է ուռուցքի աճն ու տարածումը, բայց ի տարբերություն քիմիաթերապիայի գրեթե չի ազդում առողջ բջիջներ վրա:
Սակայն ոչ բոլոր ուռուցքներն ունեն միևնույն գենետիկ մուտացիաները, որոնց վրա ազդում են այս պրեպարատները: Այդ պատճառով յուրաքանչյուր հիվանդի բուժման լավագույն մեթոդը ընտրելու համար, երբեմն անհրաժեշտ է լինում անցկացնել տարատեսակ թեստեր` հայտնաբերելու համար տվյալ ուռուցքին բնորոշ գեները, սպիտակուցները և այլ առանձնահատկությունները:
Այժմ ընթանում են բազմաթիվ հետազոտություններ այս ոլորտում՝ ավելի սպեցիֆիկ մոլեկուլյար թիրախներ և բուժման մեթոդներ հայտնաբերելու համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ թիրախային թերապիան ունի նույն էֆեկտիվությունը ինչպես երիտասարդների, այնպես էլ՝ մեծահասակների համար: Իսկ սպասվող կողմնակի էֆեկտները երկու խմբերում էլ հիմնականում կառավարելի են:
Կոլոռեկտալ քաղցկեղի ժամանակ կարող են կիրառվել թիրախային թերապիայի հետևյալ տեսակները.
Հակաանգիոգենային բուժում. թերապիայի այս տեսակի հիմնական նպատակն է հանդիսանում ընկճել ուռուցքի անգիոգենեզը (անոթավորումը), և այդ եղանակով զրկել ուռուցքին իրեն անհրաժեշտ սննդարար նյութերի մատակարարումից՝ հանգեցնելով ուռուցքի "քաղցի": Անգիոգենեզն ընկճող թիրախային դեղորայքներ են.
Բևացիզումաբ(Ավաստին). երբ այս դեղորայքը տրվում է քիմիաթերապիայի հետ համակցված, այն երկարացնում է մետաստատիկ կամ ռեցիդիվող կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը:
Ռեգոռաֆենիբ. այս դեղորայքը օգտագործվում է մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղով այն հիվանդների մոտ, ովքեր արդեն ստացել են քիմիաթերապիայի և թիրախային թերապիայի այլ տեսակներ:
Զիվ-աֆլիբերցեպտ և ռամուցիռումաբ. այս դեղերից յուրաքանչյուրը կարող է կիրառվել մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների մոտ FOLFIRI քիմիաթերապևտիկ ռեժիմի հետ զուգակցված, որպես երկրորդ գծի բուժում(այսինքն առաջին քիմիաթերապայի ձախողումից հետո):
Թիրախային թերապիայի կողմնակի էֆեկտները
Թիրախային թերապիայի կողմնակի էֆեկտները կարող են ներառել դեմքի և իրանի վերին հատվածների ցանավորում, որը կարող է կանխվել կամ նվազեցվել տարատեսակ բուժական եղանակներով:
Էպիդերմալ աճի գործոնի ընկալիչների(ԷԱԳԸ) ինհիբիտորներ. Հետազոտությունները ցույց են տվել, որ էԱԳԸ ինհիբիտորները կարող են էֆեկտիվ լինել մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղի աճը դանդաղեցնելու կամ ընկճելու հարցում: Այս խմբին պատկանող դեղերն են.
Ցիտուքսիմաբ(Էռբիտուքս). մկան բջիջներից ստացված հակամարմին է:
Պանիտումումաբ. ստացված է ամբողջովին մարդկային սպիտակուցներից և այդ պատճառով ավելի քիչ է առաջացնում ալերգիկ ռեակցիաներ:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղերը այնքան էլ էֆեկտիվ չեն այն ուռուցքների համար, որոնք ունեն սպեցիֆիկ մուտացիաներ կամ փոփոխություններ RAS կոչվող գենում: Այդ պատճառով մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղով այն հիվանդները, ում նախատեսվում է բուժում ցիտուքսիմաբով կամ պանիտումումաբով, պարտադիր պետք է անցնեն ուռուցքի RAS գենի թեստավորում՝ նրա մուտացիաները ժխտելու համար: Եթե հիվանդի ուռուցքը կրում է այդ գենի մուտացիաներ, ԷԱԳՌ ինհիբիտորներով բուժումը խորհուրդ չի տրվում: Այպիսով ցիտուքսիմաբը և պանիտումումաբը պետք է օգտագործվեն միայն այն մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների մոտ, ում ուռուցքը վայրի տիպի է, այսինքն RAS գենի մուտացիաներ չի կրում:
Հիվանդի ուռուցքում կարող է ստուգվել նաև այլ մոլեկուլյար մարկերներ, ինչպիսիք են BRAF, HER2 գերարտահայտումը, միկրոսատելիտային անկայունությունը: Այս մարկերները դեռևս չունեն հաստատված թիրախային թերապիայի տարբերակներ, սակայն կարող է լինել հնարավորություն մասնակցել կլինիկական փորձարկումներում, որոնք հետազոտում են այս մոլեկուլյար փոփոխությունները:
Քաղցկեղը, ինչպես և նրա բուժումը հաճախ հանգեցնում է կողմնակի էֆեկտների: Այդ պատճառող քաղցկեղի խնամքի և բուժման մեջ կարևոր տեղ է զբաղեցնում ոչ միայն քաղցկեղային բջիջների աճի ընկճումը և վերացումը, այլև հիվանդի մոտ առկա ախտանիշների, բուժման ընթացքում առաջացած կողմնակի էֆեկտների վերացումը: Այս մոտեցումը կոչվում է օժանդակ կամ պալիատիվ խնամք: Այն ուղղված է օգնել հիվանդին հաղթահարել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական և սոցիալական խնդիրները: Պալիատիվ խնամքն օգնում է թեթևացնել հիվանդության ախտանիշները, լավացնել կյանքի որակը, օժանդակել հիվանդներին և նրանց հարազատներին: Պալիատիվ խնամք կարող է ստանալ քաղցկեղով հիվանդ ցանկացած մարդ, բուժման ցանկացած փուլում: Սակայն լավագույն էֆեկտիվություն դիտվում է, երբ պալիատիվ խնամքը սկսվում է քաղցկեղի բուժմանը զուգահեռ: Այս դեպքում հիվանդներն ունենում են ավելի քիչ կողմնակի էֆեկտներ, ավելի հեշտ են տանում բուժումը և նրանց կյանքի որակը շատ չի տուժում:
Պալիատիվ խնամքի մեթոդները տարատեսակ են՝ իրենց մեջ ներառելով դեղորայքային բուժում, սնուցման փոփոխություններ, ռելաքսացիոն տեխնիկաներ, էմոցիոնալ օժանդակություն և այլն:
Կոլոռեկտալ քաղցկեղի 0, 1, 2, 3 ստադիաները գործնականում բուժելի են վիրահատության միջոցով: Ամեն դեպքում 3 ստադիայի հաստ աղու քաղցկեղով շատ հիվանդներ, ինչպես նաև 2 ստադիայով հիվանդներից ոմանք վիրահատական բուժումից հետո ունեն քմիաթերապևտիկ բուժման կարիք՝ քաղցկեղի վերացման հավանականությունը մեծացնելու համար: Իսկ ուղիղ աղու քաղցկեղի ժամանակ հաճախ ունենում են նաև քիմիաթերապիայի հետ զուգակցված ճառագայթային բուժման կարիք՝ վիրահատական միջամտությունից առաջ կամ հետո: 4 ստադիայի կոլոռեկտալ քաղցկեղը հաճախ հնարավոր չէ լիարժեք բուժել, սակայն հնարավոր է կանգնեցնել կամ դանդաղեցնել ուռուցքի աճը և թեթևացնել հիվանդության ախտանիշները: Բացի այդ կոլոռեկտալ քաղցկեղի ցանկացած ստադիայի ժամանակ բուժման հնարավոր տարբերակ է նաև կլինիկական փորձարկումներին մասնակցությունը:
0 ստադիա
Հիմանական բուժումը պոլիպի հեռացումն է կոլոնոսկոպիայի ընթացքում: Եթե պոլիպը հնարավոր է լիարժեք հեռացնել, լրացուցիչ որևիցե բուժման կարիք չկա:
1 ստադիա
Բուժումը սահմանափակվում է ուռուցքի վիրաբուժական հեռացմամբ մոտակա ավշային հանգույցների հետ միասին:
2 ստադիա
Հաստ աղու քաղցկեղի ժամանակ առաջնային բուժումը վիրահատությունն է: Սակայն որոշ հիվանդներ վիրահատությունից հետո կարող են ունենալ նաև ադյուվանտ քիմիաթերապիայի կարիք, ուռուցքի կրկնության հավանականությունը նվազեցնելու համար:
Ուղիղ աղու քաղցկեղի ժամանակ վիրահատությունից առաջ կամ հետո սովորաբար իրականացվում է քիմիաթերապիայի հետ զուգակցված ճառագայթային բուժում՝ վիրահատությունց հետո քիմիաթերապևտիկ բուժման շարունակումով:
3 ստադիա
Հաստ աղու քաղցկեղի դեպքում բուժումը բաղկացած է վիրահատական միջամտությունից և հետագա քիմիաթերապիայից:
Ուղիղ աղու քաղցկեղի ժամանակ վիրահատությունից առաջ կամ հետո սովորաբար իրականացվում է քիմիաթերապիայի հետ զուգակցված ճառագայթային բուժում՝ վիրահատությունց հետո քիմիաթերապևտիկ բուժման շարունակումով:
4 ստադիա(մետաստատիկ)
Եթե կոլոռեկտալ քաղցկեղը տարածվում է դեպի մարմնի այլ հատվածներ, այն կոչվում է մետաստատիկ քաղցկեղ: Այն կարող է տարածվել դեպի լյարդ, թոքեր, որովայնի խոռոչը պատող որովայնամիզ, ձվարաններ և այլն:
Այս ստադիայի կոլոռեկտալ քաղցկեղի ժամանակ բուժումը կարող է բաղկացած լինել վիրահատական, ճառագայթային և քիմիաթերապևտիկ բուժման զուգակցումներից, որոնք օգտագործվում են հիվանդության տարածումը դանդաղեցնելու և ուռուցքի չափսերը ժամանակավոր փոքրացնելու համար:
Այս ստադիայի ժամանակ հաստ աղու մի մասի հեռացումը՝ ուռուցքի հետ միասին, չի կարող բուժել քաղցկեղը: Սակայն վիրահատական միջամտությունը կարող է վերացնել ուռոցքով պայմանավորված աղիքային անանցանելիությունը, թեթևացնել կողմնակի էֆեկտները: Երբեմն, երբ հիվանդի մոտ առկա են եզակի մետաստազներ որևէ մեկ օրգանում, վիրահատությունը կարող է կիրառվել նաև դրանց հեռացման համար և որոշ դեպքերում կարող է բերել հիվանդի լիարժեք ապաքինման: Իսկ եթե լիարժեք ապաքինումը հնարավոր չէ, այն կարող է նպաստել մի քանի ամսով կամ նույնիսկ տարով հիվանդի կյանքի երկարացմանը: Սակայն այսպիսի մեծ վիրահատական միջամտությունը բավական տրավմատիկ է հիվանդների համար: Այդ պատճառով պետք է կազմակերպել մուլտիդիսցիպլինար քննարկումներ և մանրակրկիտ ձևով ընտրել այն հիվանդներին, ովքեր իսկապես կարող են օգուտ քաղել վիրահատությունից:
Եթե քաղցկեղը այլևս չի հայտնաբերվում օրգանիզմում, դա կոչվում է ռեմիսիա: Ռեմիսիան կարող է լինել ժամանակավոր կամ մշտական: Երբ քաղցկեղը կրկնվում է առաջնային բուժումից հետո, սա կոչվում է ռեցիդիվ: Այն կարող է կրկնվել նույն տեղում (տեղային ռեցիդիվ) կամ մարմնի այլ հատվածում (հեռավոր ռեցիդիվ):
Քաղցկեղի կրկնողության դեպքում, նորից արվում են բազմաթիվ հետազոտություններ ռեցիդիվի մասին հնարավոր լիարժեք տվյալներ ստանալու համար: Դրանցից հետո ընտրվում է բուժման տակտիկան, որն իր մեջ կարող է ներառել վերոնշյալ մեթոդները՝ վիրահատություն, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, տարբեր կոմբինացիաներով և հաջորդականությամբ: Այս փուլում բժիշկը կարող է առաջարկել մասնակցություն կլինիկական փորձարկումներում, որտեղ հետազոտվում են ռեցիդիվող քաղցկեղի բուժման նոր մեթոդներ:
Ռեցիդիվող քաղցկեղով հիվանդները հաճախ ունենում են արտահայտված էմոցիոնալ ապրումներ, հուսահատություն, վախ, հավատի կորուստ: Այս փուլում շատ կարևոր է հարազատների, բժիշկների և ողջ բժշկական թիմի օգնությունն ու օժանդակությունը:
Ցավոք սրտի կոլոռեկտալ քաղցկեղից լիարժեք առողջացում ոչ միշտ է հնարավոր: Եթե քաղցկեղը հնարավոր չէ բուժել կամ գոնե պահել հսկողության տակ՝ թույլ չտալով նրան ավելի տարածվել, այն կոչվում է տերմինալ քաղցկեղ:
Քաղցկեղի այս փուլում շատ կարևոր է հնարավորին չափով թեթևացնել հիվանդի հոգեբանական և ֆիզիկական տառապանքները (ազատել ցավից, ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ): Տերմինալ քաղցկեղով հիվանդները. ում սպասվող կյանքի տևողությունը փոքր է 6 ամսից, կարող է ցանկություն հայտնել և անհրաժեշտություն ունենան պալիատիվ խնամքը կազմակերպել հոսպիսի պայմաններում, որտեղ կյանքի ավարտին մոտ գտնվող հիվանդների համար ստեղծվում են կյանքի որակի ապահովման լավագույն պայմաններ:
Կոլոռեկտալ քաղցկեղի բուժման ավարտից հետո, հիվանդի խնամքը չի ավարտվում: Հիմնական բուժումն ավարտելուց հետո հիվանդը կարիք ունի երկարատև խնամքի և կանոնավոր բժշկական հետազոտությունների: Այդ հետազոտությունների և խնամքի նպատակն է հետևել հիվանդի ընդհանուր առողջական վիճակին, ինչպես նաև հնարավորինս չափով թեթևացնել կամ վերացնել քաղցկեղի բուժման ընթացքում առաջացած կողմնակի էֆեկտները, որոնցից որոշները կարող են պահպանվել բուժման ավարտից հետո երկար ժամանակ, իսկ որոշներն էլ կարող են առաջանալ բուժումն ավարտելուց հետո ամիսներ և նույնիսկ տարիներ անց (երկար տևող և ուշ կողմնակի էֆեկտներ):
Բացի այդ իրականացվում են կանոնավոր հետազոտություններ քաղցկեղի կրկնողությունը բացառելու կամ այն վաղ հայտնաբերելու համար: Քաղցկեղը կրկնողությունը կապված է բուժման ավարտից հետո օրգանիզմում մնացած քաղցկեղային բջիջների փոքր խմբերով, որոնք չեն հայտնաբերվել հետազոտության մեթոդներով, և որոնք ժամանակի ընթացքում շարունակում են աճել ու բազմանալ, հանգեցնելով քաղցկեղի կրկնողության: Այդ պատճառով անհրաժեշտ են կանոնավոր բժշկական այցեր և հետազոտություններ՝ քաղցկեղի ռեցիդիվը վաղ հայտնաբերելու ու համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: