Թիրախային բուժում

Թիրախային թերապիան քաղցկեղի բուժում է, որի դեպքում կիրառվում են դեղամիջոցներ քաղցկեղի բջիջների աճին և գոյատևմանը մասնակցող հատուկ գեների և սպիտակուցների թիրախավորման համար: Թիրախային թերապիան կարող է ազդել հյուսվածքային միջավայրի վրա, որն օգնում է քաղցկեղին աճել և գոյատևել, կամ այն ​​կարող է թիրախավորել քաղցկեղի աճի հետ կապված բջիջները, ինչպիսիք են արյունատար անոթների բջիջները: 

Բժիշկները հաճախ օգտագործում են թիրախային թերապիա՝ քիմիաթերապիայի և այլ բուժման հետ մեկտեղ: ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը (FDA) հաստատել է քաղցկեղի բազմաթիվ տեսակների թիրախային բուժումը: Հետազոտություններ են տարվում նաև թիրախային թերապիայի նոր բուժումներ գտնելու ուղղությամբ: 

Ինչպե՞ս է գործում թիրախային թերապիան

Կան բջիջների բազմաթիվ տեսակներ, որոնք կազմում են ձեր մարմնի յուրաքանչյուր հյուսվածքը: Օրինակ՝ կան արյան բջիջներ, ուղեղի բջիջներ և մաշկի բջիջներ: Յուրաքանչյուր տեսակ ունի իր աշխատանքը: Քաղցկեղն առաջանում է այն ժամանակ, երբ առողջ բջիջներում որոշակի գեներ փոխվում և ժամանակի ընթացքում դառնում են ոչ նորմալ: Այս փոփոխությունը կոչվում է գենետիկ մուտացիա:

Գեները բջիջներին տալիս են ինֆորմացիա, թե ինչպես կարելի է սպիտակուցներ պատրաստել, որպեսզի բջիջը աշխատի: Գեների մուտացիաների դեպքում այդ սպիտակուցները նույնպես փոխվում են: Սա կարող է ստիպել բջիջներին  բաժանվել և թույլ տալ, որ բջիջները սովորականից շատ ավելի երկար ապրեն: Երբ դա տեղի է ունենում, բջիջները դուրս են գալիս վերահսկողությունից և կազմում ուռուցք: 

Թիրախային բուժումներ մշակելու համար հետազոտողները նախ հայտնաբերում են գենետիկ փոփոխությունները, որոնք օգնում են ուռուցքին աճել և փոխվել: Այս թերապիայի հավանական թիրախը կլինի սպիտակուցը, որն առկա է քաղցկեղի բջիջներում, բայց ոչ առողջ բջիջներում: Դա կարող է առաջանալ մուտացիայի արդյունքում: Երբ հետազոտողները հայտնաբերում են մուտացիան, նրանք մշակում են բուժում, հատուկ այդ մուտացիան թիրախավորելու համար:

Թիրախային բուժումները  կարող են տարբեր ձևով ազդել իրենց թիրախավորած քաղցկեղային բջիջների վրա.

    •  Արգելափակել կամ անջատել այն ազդակները, որոնց շնորհիվ քաղցկեղային բջիջներն աճում և բաժանվում են;  

    •  Կանխել բջիջների նորմայից ավելի երկար ապրելը;

    •  Ոչնչացնել քաղցկեղի բջիջները։

Ձեր ուռուցքի լավագույն թիրախային բուժման ընտրության համար ձեր բժիշկը կարող է նշանակել հետազոտություններ՝ իմանալու ձեր ուռուցքին բնորոշ գեների, սպիտակուցների և այլ գործոնների մասին: Սա օգնում է գտնել ամենաարդյունավետ բուժումը: Այլ բուժումների նման, թիրախային թերապիան ևս կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ և լինել թանկարժեք, ուստի ձեր բժիշկը կփորձի ընտրել հնարավոր լավագույն բուժումը: 

Կա՞ն արդյոք թիրախային թերապիայի տարբեր տեսակներ

Գոյություն ունեն թիրախային թերապիայի մի քանի տեսակներ: Ամենատարածված տեսակներն են մոնոկլոնալ հակամարմինները կամ փոքր մոլեկուլային դեղամիջոցները: 

Մոնոկլոնալ հակամարմիններ․Մոնոկլոնալ հակամարմիններ կոչվող դեղերը արգելափակում են քաղցկեղի բջիջների արտաքին մակերեսին գտնվող հատուկ թիրախը: Թիրախը կարող է լինել նաև քաղցկեղի շուրջը: Մոնոկլոնալ հակամարմինները կարող են նաև թունավոր նյութերն ուղղել հենց քաղցկեղի բջիջների վրա: Օրինակ, դրանք կարող են օգնել քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան ավելի լավ հասնել քաղցկեղի բջիջներին: Մոնոկլոնալ հակամարմինները նաև իմունաթերապիայի տեսակ են:

Փոքր մոլեկուլային դեղեր․ Դեղամիջոցները, որոնք կոչվում են փոքր մոլեկուլային դեղեր, կարող են արգելափակել այն գործընթացը, որն օգնում է քաղցկեղի բջիջներին բազմանալ և տարածվել: Անգիոգենեզի ինհիբիտորները այս տեսակի թիրախային թերապիայի օրինակ են: Անգիոգենեզը գործընթաց է, որի արդյունքում ձևավորվում են արյան նոր անոթներ: Սննդանյութեր բերելու համար ուռուցքին անհրաժեշտ են արյան անոթներ: Սննդանյութերն օգնում են նրան աճել և տարածվել: Անգիոգենեզի ինհիբիտորները ընկճում են ուռուցքը՝ թույլ չտալով նոր արյան անոթներ առաջանալ շրջապատող հյուսվածքի մեջ: 

Թիրախային թերապիայի այլ տեսակները ներառում են այլ իմունապրեպարատներ, անգիոգենեզի ինհիբիտորներ և ապոպտոզի խթանիչներ (բջիջների մահը կամ ապոպտոզը հարուցող թերապիաներ): 

Թիրախային բուժման որոշ տեսակներ սպեցիֆիկ են քաղցկեղի մի տեսակի համար: Մյուսները հայտնի են որպես ուռուցքային-ագնոստիկ կամ տեղային-ագնոստիկ բուժումներ: Նրանք բուժում են ուռուցքները մարմնի ցանկացած մասում ՝ կենտրոնանալով ոչ թէ բջիջի տեսակի, այլ հատուկ գենետիկ փոփոխության վրա: 

Թիրախային թերապիայի օրինակներ

Թիրախային թերապիաները քաղցկեղի ուսումնասիրության արագ աճող ոլորտ են, և հետազոտողները կլինիկական փորձարկումների միջոցով ուսումնասիրում են բազմաթիվ նոր թիրախային թերապիաներ և դեղամիջոցներ: Ստորև բերված են թիրախային բուժման մի քանի օրինակներ, որոնք այժմ հասանելի են: 

Կրծքագեղձի քաղցկեղ. Կրծքագեղձի քաղցկեղի մոտ 20-25% դեպքերում չափիչ շատ է պարունակվում մարդու էպիդերմալ աճի գործոնի ընկալիչ 2 (HER2) կոչվող սպիտակուց: Այս սպիտակուցը նպաստում է ուռուցքային բջիջների աճին: Եթե ​​քաղցկեղը «HER2 դրական» է, ապա կան բազմաթիվ թիրախային թերապիայի տարբերակներ: 

Քրոնիկ միելոիդային լեյկոզ (CML)․ Քրոնիկ միելոիդային լեյկոզի գրեթե բոլոր դեպքերը պայմանավորված են BCR-ABL կոչվող գենի առաջացմամբ: Այս գենը հանգեցնում է ֆերմենտի արտադրությանը, որը կոչվում է BCR-ABL սպիտակուց: Այս սպիտակուցը հանգեցնում է նրան, որ նորմալ միելոիդ բջիջները սկսում են իրենց պահել քաղցկեղային բջիջների պես: Սա թիրախային թերապիայի միջոցով բուժվող առաջին մուտացիան և քաղցկեղն էր:

Կոլոռեկտալ քաղցկեղ. Կոլոռեկտալ քաղցկեղը հաճախ չափազանց շատ է առաջացնում սպիտակուցը, որը կոչվում է էպիդերմային աճի գործոնի ընկալիչ (EGFR): EGFR- ն արգելափակող դեղամիջոցները կարող են օգնել դադարեցնել կամ դանդաղեցնել քաղցկեղի աճը: Այս քաղցկեղները չունեն KRAS գենի մուտացիա: Մեկ այլ բուժման տարբերակ է անոթային էնդոթելի աճի գործոնը (VEGF) արգելափակող դեղամիջոցը: Այս սպիտակուցը (VEGF) օգնում է նոր արյունատար անոթներ ձևավորելուն: 

Թոքի քաղցկեղ. Դեղամիջոցները, որոնք արգելափակում են EGFR- ն, կարող են նաև դադարեցնել կամ դանդաղեցնել թոքերի քաղցկեղի աճը: Դա կարող է ավելի հավանական լինել, եթե EGFR- ն ունենա որոշակի մուտացիաներ: Կան նաև թոքերի քաղցկեղի դեմ դեղեր ՝ ALK և ROS գեների մուտացիաներով: Բժիշկները կարող են նաև օգտագործել անգիոգենեզի ինհիբիտորներ թոքերի որոշ քաղցկեղների համար: 

Լիմֆոմա. Լիմֆոմաների ժամանակ տեղի է ունենում B բջիջների գերարտադրություն, որոնք արյան սպիտակ բջիջների տեսակ են և պայքարում են վարակների դեմ: Թիրախավորված դեղամիջոցները, որոնք արգելափակում են ֆերմենտը, որը հանգեցնում է B բջիջների այդպիսի գերարտադրության, շատ արդյունավետ են եղել լիմֆոմաների և որոշ B- բջջային լեյկոզների բուժման համար:

Մելանոմա. Մելանոմաների մոտ կեսը ունի BRAF գենի մուտացիա:Հետազոտողները պարզել են BRAF գենի որոշակի մուտացիաների դեպքում թիրախային բուժում: Այսպիսով, կան բազմաթիվ  BRAF արգելակիչներ, որոնք հաստատված են ԱՄՆ Սննդի և Դեղորայքի վարչության կողմից: Բայց այդ դեղերը կարող են վնասակար լինել, եթե ձեր ուռուցքը չունի BRAF մուտացիա: 

Վերոնշյալ օրինակների ցանկը չի ներառում բոլոր թիրախային թերապիաները:

Կա՞ն արդյոք սահմանափակումներ թիրախային թերապիայի համար 

Ինչպես քաղցկեղի ցանկացած բուժման դեպքում, թիրախային թերապիան ևս չի կարող լավագույն բուժումը լինել քաղցկեղ ունեցող յուրաքանչյուր մարդու համար: Քաղցկեղի ձեր տեսակի համար հատուկ դեղամիջոց օգտագործելը կարող է պարզ թվալ, բայց թիրախային թերապիան բարդ է, և այն միշտ չէ, որ ազդում է: Կարևոր է իմանալ, որ. 

    • Թիրախային բուժումը չի գործի, եթե ուռուցքը չունի թիրախ: 

    • Թիրախ ունենալը չի ​նշանակում, որ ուռուցքը կպատասխանի դեղին:

    • Ժամանակի ընթացքում բուժման էֆեկտիվությունը կարող է կորել։

Օրինակ ՝ թիրախային թերապիան կարող է այնքան կարևոր չլինել քաղցկեղի աճի կանխման համար, ինչպես նախկինում էին կարծում, ուստի դեղամիջոցը այս դեպքում մեծ օգուտ չի կարող տալ: Կամ բջիջները կարող են դառնալ կայուն թիրախային թերապիայի նկատմամբ, իսկ այս դեպքում դեղը կարող է ազդել սկզբնական շրջանում, իսկ հետո կորցնել ազդեցությունը: 

Բացի այդ, թիրախային թերապիայի դեղերը կարող են լուրջ կողմնակի բարդություններ առաջացնել: Սովորաբար դրանք նույնը չեն, ինչ քիմիաթերապիայի ժամանակ: Օրինակ, թիրախային թերապիա ստացող մարդիկ հաճախ ունենում են մաշկի, մազերի, եղունգների կամ աչքերի հետ կապված խնդիրներ: Միշտ կարևոր է ձեր բժշկի հետ խոսել բուժման ծրագրի յուրաքանչյուր դեղամիջոցի համար հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին: 

Թիրախային թերապիան քաղցկեղի բուժման կարևոր տեսակ է: Բայց մինչ այժմ բժիշկները թիրախային թերապիայի միջոցով կարող են բուժել միայն քաղցկեղի որոշ տեսակներ: Քաղցկեղ ունեցող մարդկանց մեծ մասը նաև կարիք ունի վիրահատության, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի կամ հորմոնալ թերապիայի:

Հարցեր ձեր բուժանձնակազմին ուղղելու համար

Խոսեք ձեր բուժանձնակազմի հետ այն մասին, թե արդյոք թիրախային թերապիան կարող է կազմել ձեր բուժման ծրագրի մի մասը: Եթե ​​այո, ապա կարող եք ուղղել հետևյալ հարցերը.

    • Ի՞նչ տեսակի թիրախային թերապիա եք առաջարկում: Ինչո՞ւ։

    • Որո՞նք են այս բուժման նպատակները:

    • Արդյո՞ք թիրախային թերապիան կլինի իմ միակ բուժումը: Եթե ​​ոչ, ապա ո՞ր այլ տարբերակները կկազմեն իմ բուժման ծրագրի մի մասը: 

    • Ինչպե՞ս եմ ստանալու թիրախային թերապիայի բուժում և ի՞նչ հաճախականությամբ: 

    • Որո՞նք են թիրախային թերապիայի հնարավոր կարճաժամկետ և երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները: 

    • Ինչպե՞ս կազդի այս բուժումը իմ առօրյա կյանքի վրա: Կկարողանա՞մ արդյոք աշխատել, մարզվել և ցուցաբերել իմ առօրյա ակտիվությունը: 

    • Թիրախային թերապիայի ինձ հասանելի ի՞նչ կլինիկական փորձարկումներ կան: 

    • Ո՞ւմ պետք է դիմեմ հարցերով կամ խնդիրներով:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Վարդուհի Հայրապետյանի կողմից: