Կերակրափողի քաղցկեղ

Կերակրափողի քաղցկեղ

Կերակրապողի մասին

Կերակրափողը 25սմ երկարությամբ, մկանային խողովակ է, որը կոկորդը կապում է ստամոքսին: Այն մարդու ստամոքս-աղիքային համակարգի մաս է հանդիսանում: Երբ մարդը կուլ է տալիս, կերակրափողի պատերը կծկվում են, սնունդը դեպի ստամոքս մղելու համար:

Կերակրափողի քաղցկեղի մասին

Քաղցկեղը սկսվում է, երբ առողջ բջիջները փոխվում են և սկսում են անվերահսկելիորեն աճել` ձևավորելով ուռուցքային զանգված: Ուռուցքը կարող է լինել բարորակ կամ չարորակ։ Քաղցկեղը չարորակ ուռուցք է, ինչը նշանակում է, որ այն կարող է աճել և տարածվել մարմնի այլ մասեր: Բարորակ ուռուցքը կարող է աճել, բայց չի տարածվում: Կերակրափողի քաղցկեղը, սկսվում է կերակրափողի լուսանցքը ծածկող բջիջներից:

Կերակրափողի քաղցկեղը սովորաբար սկսվում է կերակրափողի պատի ներքին շերտում և աճում է դեպի դուրս: Կերակրափողի ամբողջ պատն ընդգրկելու դեպքում, այն կարող է անցնել ավշային հանգույցներ (փոքրիկ, լոբաձև օրգաններ, որոնք օգնում են պայքարել ինֆեկցիաների դեմ), ինչպես նաև կրծքավանդակի արյունատար անոթներ և այլ մոտակա օրգաններ: Կերակրափողի քաղցկեղը կարող է տարածվել նաև թոքեր, լյարդ, ստամոքս և այլ օրգաններ:

Կերակրափողի քաղցկեղի տեսակները

Տարբերում են կերակրափողի քաղցկեղի 2 հիմնական տեսակ․

    • Տափակաբջջային կարցինոմա. Այս տեսակը սկսվում է կերակրափողի վերին և միջին երրորդականը պատող տափակ էպիթելային հյուսվածքի բջիջներից։

    • Ադենոկարցինոմա. Այս տեսակը սկսվում է գեղձային էպիթելում, որը ծածկում է կերակրափողի ստորին երրորդականը՝ կերակրափողի և ստամոքսի միացման հատվածը:

Կերակրափողի քաղցկեղի հազվադեպ հանդիպող (1%-ից պակաս) տեսակներից են մանր բջջային նեյրոէդոկրին քաղցկեղները, լիմֆոմաները և սարկոման:

Վիճակագրություն

5-ամյա ապրելիության ցուցանիշը ցույց է տալիս, թե քաղցկեղի հայտնաբերումից հետո, մարդկանց քանի տոկոսն է ապրում առնվազն 5 տարի: Կերակրափողի քաղցկեղով հիվանդների 5 տարվա ապրելիությունը կազմում է 20%:

Այնուամենայնիվ, ապրելիության ցուցանիշները կախված են մի քանի գործոններից, ներառյալ քաղցկեղի ախտորոշման պահին դրա ստադիայից: Միայն կերակրափողում տեղակայված քաղցկեղ ունեցողների 5 տարվա ապրելիությունը կազմում է միայն 47% -ը: 5-ամյա ապրելիության ցուցանիշը շրջակա հյուսվածքներ կամ օրգանների և/կամ ռեգիոնալ ավշային հանգույցներ տարածված հիվանդության դեպքում կազմում է 25%: Եթե ​​այն տարածվել է հեռակա օրգաններ, ապրելիության ցուցանիշը կազմում է 5%: 

Կարևոր է հիշել, որ քաղցկեղով հիվանդների ապրելիության ցուցանիշների վիճակագրությունը հաշվարկ է: Հաշվարկները կատարվում են հիմնվելով ԱՄՆ-ում քաղցկեղի այս տեսակով հիվանդ մարդկանց քանակի վրա: Բացի այդ, փորձագետները յուրաքանչյուր 5 տարին մեկ հաշվարկում են ապրելիության վիճակագրությունը: Այսպիսով, հաշվարկը չի կարող ցույց տալ ավելի լավ ախտորոշման կամ բուժման արդյունքները 5 տարուց պակաս ժամկետում: Մարդիկ պետք է խոսեն իրենց բժշկի հետ, եթե  ունեն հարցեր այս տեղեկության վերաբերյալ: Իմացեք ավելին վիճակագրության մասին:

Ռիսկի գործոններ

Ռիսկի գործոն է հանդիսանում ցանկացած բան, որը մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած նրան, որ ռիսկի գործոնները հաճախ ազդում են քաղցկեղի զարգացման վրա, շատերը ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ: Անգամ մի քանի ռիսկի գործոններ ունեցող որոշ մարդկանց մոտ կարող է երբեք չառաջանալ քաղցկեղ։ Մինչդեռ, առանց ռիսկի որևէ գործոնի անձի մոտ այն կարող է առաջանալ։ Կարևոր է տեղյակ լինել Ձեր ունեցած ռիսկի գործոնների մասին և քննարկել դրանք Ձեր բուժ անձնակազմի հետ։ Դա կօգնի Ձեզ ընտրել Ձեր առողջության պահպանման համար առավել հարմար ապրելակերպ։

Հետևյալ գործոնները կարող են մեծացնել կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկերը.

    • Տարիք․ 45-ից 70-րդ տարիքի մարդկանց մոտ կերակրափողի քաղցկեղի հավանականությունը ամենաբարձրն է;

    • Սեռ. Տղամարդկանց մոտ կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը 3-ից 4 անգամ ավելի մեծ է կանանց համեմատ;

    • Ռասսա. Սևամորթների մոտ կերակրափողի տափակաբջջային քաղցկեղի առաջացման ռիսկը 2 անգամ մեծ է սպիտակամորթների համեմատ:

    • Ծխախոտ. Ծխախոտի ցանկացած տեսակի օգտագործումը՝ ներառյալ սովորական ծխախոտը, սիգարը, ծխամորճը, բարձրացնում է կերակրափողի քաղցկեղի ռիսկը (հատկապես տափակաբջջային տեսակի);

    • Ալկոհոլ. Ալկոհոլի մեծ քանակների երկարաժամկետ օգտագործումը մեծացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկը, հատկապես ծխախոտի հետ զուգացման դեպքում;

    • Բարրեթի կերակրափող. Սա կարող է զարգանալ քրոնիկական գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն կամ կերակրափողի բորբոքում՝ էզոֆագիտ ունեցող մարդկանց մոտ, նույնիսկ առանց քրոնիկական այրոցի նշանների: Կերակրափողի մակերեսային բջիջների վնասման հետևանքով տափակ էպիթելային հյուսվածքը փոխարինվում է գեղձայինով: Բարրետի կերակրափողով մարդկանց մոտ ավելի մեծ է ադենոկարցինոմայի զարգացման հավանականությունը, բայց կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը մնում է  շատ ցածր;

    • Սննդակարգ․ Սննդակարգում մրգերի,բանջարեղենի ,որոշ վիտամինների և հանքանյութերի պակասը կարող է մեծացնել կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկը:

    • Ճարպակալում․ Ավելորդ քաշն ու մարմնական ճարպը մեծացնում են կերակրափողի ադրենոկարցինոմայի առաջացման ռիսկը;

    • Նատրիումի հիդրօքսիդ. Երեխաները, ովքեր պատահականորեն կուլ են տվել նատրիումի հիդրօքսիդ, ունեն տափակաբջջային քաղցկեղի զարգացման մեծ ռիսկ: Նատրիումի հիդրօքսիդ կարելի է գտնել որոշ մաքրող ապրանքների մեջ, ինչպիսիք են խողովակ մաքրելու հեղուկները։

    • Ախալազիա․ Ախալազիան այն վիճակն է, երբ կերակրափողի ստորին մկանային օղը չի թուլանում սնունդը կուլ տալիս: Ախալազիան մեծացնում է տափակաբջջային քաղցկեղի զարգացման ռիսկը։

    • Մարդու պապիլոմավիրուս (ՄՊՎ)․ Գիտնականներն ուսումնասիրում են ՄՊՎ-ի դերը կերակրափողի քաղցկեղի զարգացման գործում, սակայն հստակ ապացույցներ չկան դրանց կապի մասին: ՄՊՎ-ի փոխանցման ամենատարածված եղանակը սեռական ճանապարհն է: Կան տարբեր  ՄՊՎ տեսակներ, որոնք կոչվում են շտամներ: Որոշ ՄՊՎ շտամներ ավելի մեծ կապ ունեն քաղցկեղի որոշ տեսակների հետ: ՄՊՎ-ից պաշտպանվելու համար կան պատվաստանյութեր։

Սքրինինգ

Սքրինինգն օգտագործվում է նախքան որևէ ախտանիշ կամ նշան ունենալը քաղցկեղ փնտրելու նպատակով։ Գիտնականները հայտնագործել են և շարունակում են հայտնագործել հետազոտություններ, որոնք կարող են օգտագործվել մարդու մոտ քաղցկեղի որոշակի տեսակների հայտնաբերման համար սքրինինգ անցկացնելու նպատակով: Քաղցկեղի սքրինինգի ընդհանուր նպատակներն են.

• Նվազեցնել քաղցկեղից մարդկանց մահացությունը;

• Նվազեցնել քաղցկեղով հիվանդացությունը։

ԱՄՆ-ում չեն օգտագործվում սքրինինգային հետազոտություններ կերակրափողի քաղցկեղի հայտնաբերման համար այն մարդկանց մոտ, ովքեր չունեն նախնական ախտանշաններ,: Բարրետի կերակրափողով հիվանդներին խորհուրդ է տրվում անցնել կանոնավոր էնդոսկոպիկ հետազոտություններ: Էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ օգտագործվում է ճկուն, լույսով խողովակ՝ կերակրափողը ներսից զննելու համար: Այս հետազոտության ընթացքում հնարավոր է կատարել բիոպսիա՝ վերցնելով հյուսվածքի փոքր կտոր՝ մանրադիտակի տակ հետազտելու նպատակով: Այս տեսակի սքրինինգը կարող է օգնել քաղցկեղի կամ  ժամանակի ընթացքում քաղցկեղի վերածվելու հավանականություն ունեցող փոփոխությունների վաղ հայտնաբերմանը։

Ախտանշաններ և նշաններ

Կերակրափողի քաղցկեղ ունեցող մարդիկ կարող են ունենալ ստորև նշված ախտանիշները կամ նշանները: Երբեմն, կերակրափողի քաղցկեղ ունեցող մարդիկ այս փոփոխություններից որևէ մեկը չեն ունենում: Կամ, ախտանիշի պատճառը կարող է լինել քաղցկեղից տարբեր մեկ այլ ախտաբանական վիճակ:

    • Դժվար կամ ցավոտ կլլում, մասնավորապես հաց, միս կամ հում բանջարեղեններ ուտելիս: Երբ ուռուցքը աճում է, այն կարող է արգելափակել ստամոքսի ուղին: Նույնիսկ հեղուկի  կլլումը կարող է ցավ առաջացնել;

    • Կրծքավանդակում ճնշման կամ այրոցի զգացում;

    • Մարսողության խանգարում և այրոց;

    • Փսխում;

    • Սննդից հաճախակի խեղդոցներ;

    • Անբացատրելի քաշի կորուստ;

    • Հազ կամ ձայնի խռպոտություն;

    • Ցավ կրծոսկրի հետևում կամ կոկորդում։

Եթե ​​Դուք մտահոգված եք որևէ փոփոխությունով, որ ունեցել եք, խոսե՛ք Ձեր բժշկի հետ: Ձեր բժիշկը կհարցնի, թե որքան ժամանակ և որքան հաճախ եք զգացել ախտանիշը: Սա կօգնի պարզել խնդրի պատճառը, որը կոչվում է ախտորոշում:

Եթե քաղցկեղը ախտորոշվում է, ախտանիշները մնում են քաղցկեղի վարման և բուժման կարևոր մասը: Սա կարող է նաև կոչվել ախտանշանների կառավարում, պալիատիվ խնամք կամ աջակցող խնամք: Խոսե՛ք Ձեր բուժանձնակազմի հետ Ձեզ մոտ դիտվող ախտանիշների մասին, ներառյալ ցանկացած նոր ախտանիշ կամ ախտանշանների փոփոխություններ:

Ախտորոշում

Բժիշկները օգտագործում են շատ հետազոտություններ քաղցկեղը գտնելու կամ ախտորոշելու համար: Նրանք նաև հետազոտություններ են անցկացնում պարզելու՝ արդյո՞ք քաղցկեղը տարածվել է առաջացման օջախից մարմնի այլ մասեր: Եթե դա տեղի է ունեցել, այն կոչում են մետաստազ: Օրինակ, պատկերավորող հետազոտությունները կարող են ցույց տալ քաղցկեղի տարածումը: Դրանք ցույց են տալիս մարմնի ներսի պատկերները: Բժիշկները կարող են նաև թեստեր կատարել բուժման ամենաարդյունավետ մոտեցումները պարզելու համար:

Քաղցկեղի տեսակների մեծամասնության դեպքում բժշկի համար ախտորոշման միակ վստահելի միջոցը բիոպսիան է։ Բիոպսիայի ժամանակ  բժիշկը լաբորատոր հետազոտության համար վերցնում է հյուսվածքի փոքր նմուշ: Եթե բիոպսիան հնարավոր չէ կատարել, բժիշկը կարող է առաջարկել ախտորոշմանն օգնող այլ հետազոտություններ։

Ստորև նշված ցանկում նկարագրվում են այս տեսակի քաղցկեղի ախտորոշման տարբերակները, բայց թվարկված ոչ բոլոր հետազոտություններն են կիրառելի յուրաքանչյուր մարդու համար: Ձեր բժիշկը պետք է հաշվի առնի հետևյալ գործոնները ախտորոշիչ հետազոտությունն ընտրելիս՝

• Քաղցկեղի հավանական տեսակը;

• Ձեր նշանները և ախտանիշները;

• Ձեր տարիքը և բժշկական վիճակը;

• Ավելի վաղ կատարված բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ֆիզիկալ զննումից բացի, հետևյալ հետազոտությունները կարող են օգտագործվել կերակրափողի քաղցկեղի ախտորոշման համար՝

    • Բարիումիային թեստ, որը նաև կոչվում է էզոֆագոգրամմա․ Հիվանդը կուլ է տալիս բարիում պարունակող հեղուկ, ապա կատարվում է ռենտգեն հետազոտություն։ Ռենտգենը մարմնի ներքին հատվածներից պատկեր ստանալու միջոց է: Բարիումը ծածկում է կերակրափողի մակերևույթը, դարձնելով ուռուցքը կամ այլ անսովոր փոփոխությունները ռենտգենով տեսանելի: Եթե ​​առկա է ոչ նորմալ թվացող հատված, Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ էնդոսկոպիա և բիոպսիա՝ դրա քաղցկեղային լինելու հավանականությունը պարզելու համար։

    • Վերին էնդոսկոպիա, որը նաև կոչվում է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա․ Վերին էնդոսկոպիան թույլ է տալիս բժշկին տեսնել կերակրափողի լուսանցքը: Լույս և տեսախցիկ ունեցող բարակ, ճկուն խողովակը, որը կոչվում է էնդոսկոպ, անցկացվում է ըմպանով դեպի կերակրափող: Սեդացիայի նպատակով հիվանդին տրվում է դեղորայք, որը նրան դարձնում է ավելի հանգիստ, թուլացած կամ քնկոտ։ Եթե ​​առկա է ոչ նորմալ տեսք ունեցող հատված, ապա կատարվում է բիոպսիա՝ քաղցկեղի հավանականությունը պարզելու համար։ Էնդոսկոպիայի ժամանակ հնարավոր է օգտագործել փչովի բալոն` կերակրափողը ձգելու համար, ինչը կարող է  նպաստել արգելափակված հատվածի ընդլայնմանը այնպես, որ սննդամթերքը կարողանա անցնել, մինչև բուժումը սկսելը:

    • Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն․ Այս պրոցեդուրան հաճախ կատարվում է վերին էնդոսկոպիայի հետ միաժամանակ: Ուլտրաձայնի ժամանակ ձայնային ալիքները ապահովում են կերակրափողի պատի, շրջակա ավշային հանգույցների և կառույցների պատկերների ստացումը: Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ էնդոսկոպը՝ կցված ձայնային ալիքներ արձակող ուլտրաձայնի հետ, բերանի միջով անցկացվում է կերակրափող: Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է պարզել կերակրափողի պատում ուռուցքի աճը, աճի խորությունը, հարակից ավշային հանգույցներ և այլ կառույցներ տարածվածությունը։ Ուլտրաձայնային հետազոտությունը կարող է օգտագործվել ավշային հանգույցներից հյուսվածքային նմուշներ վերցնելու համար:

    • Բրոնխոսկոպիա․ Վերին էնդոսկոպիայի նման, բժիշկն անցկացնում է բարակ, ճկուն, լույսով խողովակ բերանի կամ քթի մեջ, ապա շնչուղիներով դեպի թոքեր: Բրոնխոսկոպիա պետք է կատարվել, եթե հիվանդի ուռուցքը գտնվում է կերակրափողի վերին երկու երրորդականում՝ դեպի շնչուղիներ ուռուցքի ներաճը հայտնաբերելու համար: Շնչուղիների այդ հատվածը ներառում է շնչափողը և դեպի թոքեր շնչափողի ճյուղավորումները՝ բրոնխային ծառը։

    • Բիոպսիա․ Այլ հետազոտություններով կարելի է ենթադրել, որ առկա է քաղցկեղ, և միայն բիոպսիայի միջոցով կարելի է ստանալ հստակ ախտորոշում։ Բիոպսիան կասկածելի հատվածից, հետազոտելու նպատակով, հյուսվածքի փոքր կտոր վերցնելն է: Ախտաբանը ուսումնասիրում է նմուշը: Ախտաբանը բժիշկ է, որը մասնագիտանում է հիվանդության ախտորոշման համար լաբորատոր փորձարկումների և բջիջների, հյուսվածքների և օրգանների հետազոտության մեջ:

    • Ուռուցքի մոլեկուլային հետազոտություններ․ Ձեր բժիշկը կարող է առաջարկել լաբորատոր փորձարկումներ՝ ուռուցքների նմուշում տվյալ ուռուցքին բնորոշ որոշակի գեներ, սպիտակուցներ և այլ գործոններ հայտնաբերելու համար: Այս թեստերի արդյունքները կօգնեն պարզել Ձեր բուժման հնարավոր տարբերակները։

  • PD-L1 և միկրոսատելիտային անկայունության հետազոտություն (MSI). Այս հետազոտությունների արդյունքները կօգնեն բժշկին պարզել՝ արդյո՞ք իմունաթերապիան հանդիսանում է բուժման տարբերակ Ձեզ համար։ PD-1/PD-L1 ազդանշանային ուղին կոչվում է իմուն ստուգման կետ։ Այդ ստուգման կետերը կարևոր դեր ունեն քաղցկեղի աճը կառավարելու գործում։ Քաղցկեղի շատ տեսակներ օգտագործում են այս ուղիները իմուն-համակարգից խուսափելու համար։ Իմուն համակարգը, քաղցկեղին ի պատասխան, արգելափակում է այս ազդանշանային ուղիները հատուկ հակամարմիններով, որոնք կոչվում են իմուն ստուգման կետերի ինհիբիտորներ։ Այս ուղիները թիրախավորող դեղերը կարող են լինել արդյունավետ կերակրափողի  MSI-H քաղցկեղների դեպքում։ PD-L1 և MSI  հետազոտությունները հատկապես կիրառելի են կերակրափողի 4-րդ ստադիայի քաղցկեղի դեպքում։
  • HER2 թեստավորում․ Մարդու Էպիդերմալ աճի ընկալիչ 2-ը (HER2) բջիջների մակերևույթում հայտնաբերվող մասնագիտացված սպիտակուց է: Այն առավել հաճախ կապվում է կրծքագեղձի քաղցկեղի հետ: Սակայն բժիշկները գտնում են, որ HER2-ը կարևոր է նաև քաղցկեղի այլ տեսակների դեպքում: HER2- ի ոչ նորմալ բարձր մակարդակի դեպքում, այն կարող է խթանել քաղցկեղի աճը և տարածումը: Այս տեսակի քաղցկեղները կոչվում են HER2-դրական: HER2 դրական քաղցկեղների դեպքում թիրախային թերապիայի որոշ տեսակներ արդյունավետ են բուժման համար։

     • Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)․ Համակարգչային տոմոգրաֆիայով ստեղծվում է մարմնի ներքին օրգանների եռաչափ պատկերը՝ օգտագործելով տարբեր անկյուններից կիրառվող ռենտգենյան ճառագայթներ։ Այնուհետև համակարգիչը միավորում է այդ պատկերները` թույլ տալով տեսնել ցանկացած ոչ նորմալ հատված կամ ուռուցք։ ՀՏ- ն կարող է  նաև օգտագործվել ուռուցքի չափերի որոշման համար: Սովորաբար,  ավելի ճշգրիտ արդյունք ունենալու համար, սկանավորումից առաջ տրվում է կոնտրաստ կոչվող հատուկ ներկանյութ : Այն ներարկվում է հիվանդի երակի մեջ։

     • Մագնիսառեզոնանսային պատկերավորում (ՄՌՊ)․ ՄՌՊ-ն ռենտգենյան ճառագայթների փոխարեն օգտագործում է մագնիսական դաշտը՝ մարմնի մանրամասն պատկերներ ստանալու համար: ՄՌՊ կարող է նաև օգտագործվել ուռուցքի չափերի որոշման համար: Սովորաբար, հիվանդի երակից ներարկվում է կոնտրաստ նյութ՝ ավելի հստակ պատկեր ստեղծելու համար:

     • Պոզիտրոն էմիսսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ)․ ՊԷՏ սկանավորումը սովորաբար համակցված է ՀՏ-ի հետ, որը կոչվում է ՊԷՏ-ՀՏ սկանավորում: Այնուամենայնիվ, Դուք կարող եք լսել, որ Ձեր բժիշկը այն անվանում է ուղղակի ՊԷՏ-սկանավորում: ՊԷՏ սկանը մարմնի ներքին օրգանների և հյուսվածքների պատկերներ ստանալու միջոց է: Հիվանդին ներարկվում է ռադիոակտիվ շաքարային նյութի մի փոքր քանակություն: Նյութը կլանվում է առավելագույն էներգիա օգտագործող բջիջների կողմից: Քանի որ քաղցկեղը հակված է էներգիայի ակտիվ օգտագործման, այն կլանում է ավելի շատ ռադիոակտիվ նյութ: Սկաները, այնուհետև, հայտնաբերում է այս նյութը մարմնի պատկերներ ստանալու համար:

Ախտորոշիչ հետազոտություններից հետո Ձեր բժիշկը Ձեզ հետ կվերանայի բոլոր արդյունքները: Եթե ​​ախտորոշումը քաղցկեղ է, այդ արդյունքները կօգնեն բժշկին նկարագրել քաղցկեղի ստադիան։

Դասակարգում

Դասակարգումը քաղցկեղի տեղակայման, տարածման և մարմնի այլ մասերի ներգրավման նկարագրման եղանակ է: Բժիշկները ախտորոշիչ հետազոտություներ են օգտագործում քաղցկեղի դասակարգման համար, ուստի այն չի կարող ամբողջական լինել քանի դեռ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները չեն անցկացվել: Քաղցկեղի ստադիան իմանալը բժշկին օգնում է որոշել բուժման լավագույն տարբերակը և կանխատեսել հիվանդի առողջացման հնարավորությունը: Քաղցկեղի տարբեր տեսակների համար կան դասակարգման տարբեր եղանակներ։

TNM դասակարգման համակարգ

Դասակարգման համար օգտագործվող եղանակներից մեկը TNM համակարգն է: Բժիշկները օգտագործում են ախտորոշիչ հետազոտություների արդյունքները հետևյալ հարցերին պատասխանելու համար.

Tumor (T, ուռուցք). Որքա՞ն խորն է առաջնային ուռուցքը ներաճել կերակրափողի պատի և շրջակա հյուսվածքների մեջ;

Node (N, հանգույց). Տարածվե՞լ է արդյոք ուռուցքն ավշային հանգույցներ: Եթե այո, ապա որտե՞ղ և ինչքա՞ն:

Metastasis (M, մետաստազ)․Տարածվե՞լ է արդյոք քաղցկեղը մարմնի այլ մասեր։ Եթե այո, ապա որտե՞ղ և ինչքա՞ն:

Արդյունքները համակցվում են՝ յուրաքանչյուր մարդու համար քաղցկեղի փուլը (ստադիան) որոշելու նպատակով: Կան 5 փուլեր՝ փուլ 0 (զրո) և փուլեր I-IV (1-ից 4): Փուլը ապահովում է քաղցկեղի ընդհանուր նկարագիրը, ուստի բժիշկները կարող են միասին որոշել բուժման լավագույն տարբերակը։

Բժիշկները քաղցկեղը բնութագրում են նաև դրա չարորակության աստիճանով (G), որը բնութագրում է, թե ինչքա՞ն են նման քաղցկեղի բջիջները առողջ բջիջներին՝ մանրադիտակի տակ դիտելիս։ Բժիշկը համեմատում է քաղցկեղային հյուսվածքը առողջ հյուսվածքի հետ։ Առողջ հյուսվածքը սովորաբար պարունակում է միասին խմբավորված տարբեր տեսակի բջիջներ։ Եթե քաղցկեղային հյուսվածքը նման է առողջին և պարունակում է տարբեր բջիջների խմբավորումներ, այն կոչվում է «տարբերակված» կամ «ցածր աստիճանի (չարորակության) քաղցկեղ»։ Եթե քաղցկեղային հյուսվածքը շատ է տարբերվում նորմալ հյուսվածքից, այն կոչվում է «քիչ տարբերակված» կամ «բարձր աստիճանի (չարորակության) քաղցկեղ»։ ։

Քաղցկեղի փուլային խմբավորում

Բժիշկները որոշում են քաղցկեղի ստադիան համադրելով TNM դասակարգումը: Կերակրափողի քաղցկեղի 2 ամենատարածված տեսակների՝ տափակաբջջային քաղցկեղի և ադենոկարցինոմայի համար կան առանձին փուլավորման համակարգեր։

Կերակրափողի տափակաբջջային քաղցկեղի փուլի որոշում

Տափակաբջջային  քաղցկեղի փուլավորումը բացի TNM դասակարգումից, կախված է նաև կերակրափողի վերին, միջին կամ ստորին հատվածներում ուռուցքի տեղակայումից, ինչպես նաև, ուռուցքային բջիջների տարբերակման աստիճանից (G):

0 ստադիա. Քաղցկեղը հայտնաբերվում է կերակրափողի լորձաթաղանթի միայն մակերեսային շերտում:

IA ստադիա․ Քաղցկեղը հայտնաբերվում է վերի շերտերում։

IB ստադիա․ Համապատասխանում է նշված վիճակներից մեկին․

• Քաղցկեղը գտնվում է կերակրափողի մակերեսային շերտերում, սակայն ուռուցքային բջիջները քիչ են տարբերակված:

• Ուռուցքը գտնվում է կերակրափողի 3-րդ շերտում, բայց չի տարածվել ավշային հանգույցներ կամ մարմնի այլ մասեր:

IIA ստադիա․ Այս պայմաններից որևէ մեկը․

• Ուռուցքը գտնվում է կերակրափողի երրորդ շերտում, քաղցկեղային բջիջները տարածվել են մկանային շերտի մեջ։

• Ուռուցքը գտնվում է կերակրափողի վերին կամ միջին հատվածների արտաքին շերտում:

• Ուռուցքը գտնվում է կերակրափողի ստորին հատվածի արտաքին շերտում։

IIB ստադիա․ Այս պայմաններից որևէ մեկը․

• Ուռուցքը գտնվում է կերակրափողի վերին կամ միջին հատվածների արտաքին շերտում ։ Քաղցկեղային բջիջները քիչ են տարբերակված։

• Ուռուցքը գտնվում է կերակրափողի ցանկացած հատվածի արտաքին շերտում։

• Ուռուցքը գտնվում է կերկրափողի ցանկացած հատվածում, և քաղցկեղային բջիջները տարածվել են լորձաթաղանթի մեջ և ստորադիր շերտեր։ Ախտաբանական պրոցեսում ընդգրկված են ուռուցքին մոտ գտնվող 1 կամ 2 ավշային հանգույցներ։

IIIA ստադիա․ Այս պայմաններից որևէ մեկը.

• Ուռուցքը գտնվում է կերկրափողի ցանկացած հատվածում, և քաղցկեղային բջիջները տարածվել են լորձաթաղանթի մեջ և ստորադիր շերտեր։ Ախտաբանական պրոցեսում ընդգրկված են ուռուցքին մոտ գտնվող 3-ից 6 ավշային հանգույցներ։

• Ուռուցքը գտնվում է կերակրափողի ցանկացած հատվածում և ներաճել է 3-րդ շերտի մեջ։ Քաղցկեղային բջիջները տարածվել են 1 կամ 2 ավշային հանգույցների վրա։

• Քաղցկեղը տարածվել է կերակրափողից դուրս` մոտակա հյուսվածքներ, բայց ոչ  ավշային հանգույցներ կամ մարմնի այլ մասեր։

IIIB ստադիա. Այս պայմաններից որևէ մեկը․

• Ուռուցքը գտնվում է կերակրափողի ցանկացած հատվածում և ներաճել է 3-րդ շերտի մեջ։ Քաղցկեղային բջիջները տարածվել են 3-ից 6 ավշային հանգույցների վրա։

• Ուռուցքը գտնվում է կերակրափողի ցանկացած հատվածում և ներաճել է արտաքին շերտի մեջ։ Քաղցկեղային բջիջները տարածվել են 1-2 կամ 3-ից 6 ավշային հանգույցների վրա։

• Քաղցկեղը տարածվել է կերակրափողից դուրս` մոտակա հյուսվածքներ, և 1-2 ավշային հանգույցների վրա։

IVA ստադիա. Այս պայմաններից որևէ մեկը․

• Ուռուցքը գտնվում է կերակրափողի ցանկացած հատվածում և ներաճել է արտաքին շերտի մեջ։ Քաղցկեղային բջիջները տարածվել են 3-ից 6 ավշային հանգույցների վրա։

• Քաղցկեղը տարածվել է 7 և ավել ավշային հանգույցների վրա։

IVB ստադիա. Քաղցկեղը տարածվել է մարմնի այլ մասեր։

Կերակրափողի ադենոկարցինոմայի դասակարգում

Ադենոկարցինոմայի համար ևս բժիշկները օգտագործում են TNM դասակարգումը, ինչպես նաև կարգի (G) որոշումը:

0 ստադիա․ Քաղցկեղը հայտնաբերվում է կերակրափողի լորձաթաղանթի միայն մակերեսային շերտում:

IA ստադիա․ Քաղցկեղային բջիջները տարածվել են կերակրափողի լորձաթաղանթի մակերեսային և խորանիստ շերտեր։

IB ստադիա․ Առկա է պայմաններից որևէ մեկը․

• Քաղցկեղային բջիջները տարածվել են լորձաթաղանթի խորանիստ շերտեր։ Ուռուցքային բջիջներն ունեն միջին տարբերակման աստիճան։

• Քաղցկեղը ներաճել է ենթալորձային շերտ։

IC ստադիա․ Առկա է պայմաններից մեկը․

• Քաղցկեղային բջիջները տարածվել են լորձաթաղանթի խորանիստ շերտեր կամ ենթալորձային շերտ։ Ուռուցքային բջիջներն ունեն ցածր տարբերակման աստիճան։

• Ուռուցքը ներաճել է կերակրափողի երրորդ շերտ։ Քաղցկեղային բջիջները բարձր կամ միջին տարբերակվածության են։

IIA ստադիա. Ուռուցքը ներաճել է կերակրափողի երրորդ շերտ։ Քաղցկեղային բջիջների  տարբերակվածության աստիճանը հնարավոր չէ որոշել, կամ ցածր տարբերակման են։

IIB ստադիա․ Առկա է պայմաններից որևէ մեկը․

• Քաղցկեղը գտնվում է կերակրափողի արտաքին շերտում:

• Քաղցկեղը կերակրափողի ներքին շերտում է և տարածվել է 1 կամ 2 ավշային հանգույցների վրա:

IIIA ստադիա: Առկա է պայմաններից որևէ մեկը.

• Քաղցկեղը գտնվում է կերակրափողի ներքին շերտերում և տարածվում է ուռուցքին մոտ գտնվող 3-ից 6 ավշային հանգույցներ; 

• Քաղցկեղը գտնվում է կերակրափողի երրորդ շերտում և տարածվում է 1 կամ 2 ավշային հանգույցներ:

IIIB ստադիա. Առկա է պայմաններից որևէ մեկը․

• Քաղցկեղը գտնվում է կերակրափողի երրորդ շերտում և 3-ից 6 ավշային հանգույցներում;

• Քաղցկեղը գտնվում է կերակրափողի արտաքին շերտում և տարածվել է 1-2 կամ 3-ից 6 ավշային հանգույցներում;

• Ուռուցքը տարածվել է կերակրափողի մոտակա հյուսվածքներ և ավշային հանգույցներ կամ ներգրավված չեն, կամ ներգրավված են 1-2-ը։ 

IVA ստադիա․ Առկա է պայմաններից որևէ մեկը․

• Ուռուցքը տարածվել է կերակրափողի մոտակա հյուսվածքներ և ավշային հանգույցներ կամ ներգրավված չեն, կամ ներգրավված են մինչև 3-6-ը;

• Ուռուցքը տարածվել է 7 կամ ավելի ավշային հանգույցներ

IV ստադիա. Քաղցկեղը տարածվել է մարմնի այլ հատվածներ (ցանկացած T, ցանկացած N, M1, ցանկացած G):

Կրկնություն. Կրկնվող քաղցկեղը այն քաղցկեղն է, որը վերադառնում է բուժումից հետո։ Այն կարող է կրկին առաջանալ կերակրափողում կամ մարմնի այլ մասում: Եթե քաղցկեղը կրկնվում է, սկսվում է հետազոտությունների մեկ այլ փուլ՝ կրկնության աստիճանի մասին ինֆորմացիա ստանալու համար: Այս հետազոտությունները հաճախ նման են նախնական ախտորոշման ժամանակ կատարվածներին:

Շարունակելի

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Ալեքսանդր Թաքվորյանի կողմից: