
Արյան դոնորության խնդիրները համաճարակի ժամանակ
Համաճարակի ընթացքում արյան դոնորության առաջացած խնդիրների վերաբերյալ զրուցել ենք Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ արյունաբանության գծով խորհրդատու, բժիշկ Սամվել Դանիելյանի հետ:
Հարգելի պրն. Դանիելյան, ի՞նչ իրավիճակ է այսօր արյան դոնորության հետ կապված, արդյո՞ք ունենք խնդիրներ։
Կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խիստ նվազել է արյունատվությունների թիվը: Լիովին հասկանալի է, որ մարդիկ այս օրերին գտնվում են մեկուսացման մեջ, աշխատում են դուրս չգալ տներից, և, բնականաբար, խուսափում են այցելել բժշկական կենտրոններ՝ արյուն հանձնելու նպատակով: Նման խնդիր առաջացել է ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում: Ամերիկյան Կարմիր Խաչի տվյալներով, որն ապահովում է ԱՄՆ արյան ծավալների մոտ 40%, մարտ ամսին արյան դոնորներությունների քանակը նվազել է 200,000-ով:
Իհարկե, միաժամանակ նաև նվազել են վիրահատությունների քանակը՝ ի հաշիվ պլանային վիրահատությունների մեծամասնության դադարեցման, սակայն արյան բաղադրամասերի փոխներարկումներ անհրաժեշտ են լինում քաղցկեղի և արյան հիվանդությունների դեպքում, ինչպես նաև բազմաթիվ անհետաձգելի վիրահատական միջամտությունների դեպքում:
Իսկ ի՞նչ վիճակում են այսօր մեր արյան պաշարները։
Այս պահին, հիմնականում, Արյունաբանական կենտրոնում ապահովված ենք արյան պաշարներով, բայց պետք է մաքսիմալ անկեղծ և պարզ նշենք, որ այդ պաշարները անսպառ չեն, և եթե անընդհատ չլրացվեն, շատ շուտ կավարտվեն, և այդ ժամանակ մենք ռեալ խնդրի առաջ կկանգնենք: Չէ՞ որ արյունը անփոխարինելի միջոց է, և առանց արյան դոնորության մենք կկորցնենք բազմաթիվ կյանքեր: Այդ պատճառով, խնդրում եմ, պահպանելով համաճարակի հետ կապված Առողջապահության նախարարության ցուցումները, այցելել Արյունաբանական կենտրոն և կատարել դոնորություն: Չէ՞ որ ամեն հանձնած արյուն փրկում է կյանք:
Կա՞ն արդյոք միջոցառումներ, որոնք իրականացվում են համաճարակի հետ կապված արյան բանկում դոնորների անվտանգությունն ապահովելու համար։
Իհարկե, հետևելով միջազգային խորհրդատվություններին և պատկան մարմինների ցուցումներին, կազմակերպվել են հատուկ միջոցառումներ, որպեսզի հնարավորինս փորձենք ապահովել դոնորների, պացիենտների և բուժանձնակազմի անվտանգությունը, մասնավորապես՝ Արյունաբանական կենտրոն մուտք գործող բոլորի ջերմությունը չափվում է, տեղադրված են ձեռքերի մշակման հեղուկներ և բոլոր այցելուները մշակում են ձեռքերը, տարածքն ու շփման մակերեսներն անընդհատ մաքրվում են, դոնորության բազկաթոռներն իրարից հնարավորինս հեռու են գտնվում, իսկ բուժաշխատողները բժշկական դիմակներ են կրում:
Ինչպես ցանկացած երկրում, մեզ մոտ էլ, հնարավոր չէ 100 տոկոսով վերացնել ռիսկերը, բայց մեր անձնակազմն անում է ամեն ինչ՝ այդ ռիսկերը նվազեցնելու համար: