27/03/2017 Հոգեսոցիալական ուռուցքաբանություն. որակյալ բուժման կարևոր նախապայաման
27/03/2017 19:38

27/03/2017 Հոգեսոցիալական ուռուցքաբանություն. որակյալ բուժման կարևոր նախապայաման

Քաղցկեղը առաջ է բերում ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև մի շարք հոգեսոցիալական խնդիրներ: Փոխվում է հիվանդի առօրյա կյանքի ընթացքը, ինքնաընկալումը, առաջ են գալիս մի շարք գոյաբանական հարցեր: Ընդ որում քաղցկեղի հոգեսոցիալական ազդեցությունը տարածվում է ոչ միայն հիվանդի, այլև իր մտերիմների վրա: Քաղցկեղով հիվանդների խնամքի միջազգային ստանդարտները արդեն վաղուց պարտադիր կերպով ներառում են հիվանդի և իր ընտանիքի հոգեսոցիալական աջակցությունը: Հայաստանում ևս արվում են առաջին քայլերը քաղցկեղով հիվանդների համար ամբողջական, բազմակողմանի խնամքի ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես 2016թ.-ի մարտ ամսից ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայում «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի  աջակցությամբ հիմնադրվեց հոգեսոցիալական ուռուցքաբանության առաջին ծառայությունը: Ծրագրի գլխավոր նպատակն է հոգեսոցիալական աջակցության միջոցով բարելավել քաղցկեղով հիվանդների և իրենց ընտանիքների ընդհանուր կյանքի որակը, թեթևացնել հիվանդության ընթացքը, նպաստել բուժման արդյունավետությանը: 

Ծառայության թիրախում են գտնվում թե՛ մեծահասակ, թե՛ երեխա հիվանդներն ու իրենց ընտանիքները: Ինչպես և բժշկական օգնությունը, այնպես էլ հոգեսոցիալականը սկսվում է նախևառաջ գնահատումից: Դուրս են բերվում հիվանդի և իր ընտանիքի կարիքները և դրանց հիման վրա կառուցվում է հիվանդի հետ աշխատանքի տեսլականը: Իրականացվում են անհատական խորհրդատվություններ, հոգեկրթական բնույթի խորհրդատվություններ (հաճախակի խնամողների հետ, ում կարևոր է հասկանալ հիվանդի հետ կատարվող օրինաչափությունները), արտ-թերապևտիկ և խաղաթերապիայի մեթոդները ներառվում են երեխաների հետ աշխատանքում: Իրականացվում են ժամանցային և մշակութային միջոցառումներ՝ բաժանմունքում դրական մթնոլորտի ապահովման նպատակով: Կատարվում են իրազեկման միջոցառումներ՝ լայն հանրությանը ուռուցքաբանության մեջ հոգեսոցիալական ասպեկտի բարձրաձայնման նպատակով: Հոգեսոցիալական ծառայությունը նաև ողջունում և ներգրավում է կամավորական ներուժը, որը երկկողմանի օգտակար է թե կամավորի, թե բաժանմունքի համար:

Ինչպես արդեն նշվեց, ուռուցքաբանության մեջ հոգեսոցիալական ծառայության գաղափարը նոր է զարգանում Հայաստանում, և այդ համատեքստում հատկապես կարևոր են դառնում մասնագետների լրացուցիչ կրթությունը և վերապատրաստումները: «Մուրացան» հիվանդանոցային համալիրում իրականացվող հոգեսոցիալական աջակցության ծրագրի իրականացումը տեղի է ունենում Հարվարդի Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի առաջատար մասնագետների՝ Հոգեսոցիալական ծառայության բաժանմունքի հոգեբան Բրայան Դելանիի և կլինիկական սոցիալական աշխատող Խորխե Ֆերնանդեզի համակարգման ներքո: Ծրագրի մեկնարկից ի վեր մեր մասնագետները անընդմեջ հնարավորություն են ունեցել խորհրդակցելու իրենց ընթացիկ գործունեության, ստանալ ուղորդումներ և աշխատանքային նյութեր: Կայացած հոգեսոցիալական ծառայության մոդելին ծանոթանալու և իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով 2016 թ.-ի հոկտեմբեր ամսին մեր մասնագետները մեկնեցին Բոստոն՝ Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտում կլինիկական պրակտիկա անցնելու նպատակով: 

3 շաբաթվա ինտենսիվ աշխատանքի ընթացքում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մասնագետները հնարավորություն ստացան ծանոթանալու Դանա-Ֆարբերի հոգեսոցիալական մուլտիդիսցիպլինար թիմի աշխատանքի գլխավոր սկզբունքներին, ներկա գտնվել թիմի ժողովներին, ծանոթանալ աշխատանքի մեթոդներին, ունենալ անհատական հանդիպումներ առաջատար մասնագետների հետ: Այցի ընթացքում մեր աշխատակիցները իրականացրեցին «Մուրացանի» Քիմիաթերապիայի կլինիկայում ներդրվող հոգեսոցիալական ծրագրի ներկայացում, որը մի կողմից նպատակ էր կրում ցույց տալ իրականացված աշխատանքը և դրա առանձնահատկությունները, մյուս կողմից՝ ստանալ խորհուրդներ աշխատանքի հետագա արդյունավետ զարգացման ուղղությամբ: Կարևորում ենք նշել այն մեծ հետաքրքրվածությունը, որով Դանա-Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի մասնագետները ընդունեցին այս ներկայացումը: Սա յուրահատուկ փորձ է, երբ միջազգային ստանդարտների հիման վրա կայացվում է հոգեսոցիալական ծառայություն՝ հաշվի առնելով տվյալ երկրի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները: 

Այս վերապատրաստումը օգնեց մեր մասնագետներին բարելավել հոգեսոցիալական ծառայությունը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ հիվանդների և իրենց ընտանիքների համար: Այսպիսով, մեր կլինիկայում տրամադրվում է ոչ միայն բժշկական, այլև հոգեսոցիալական բազմակողմանի խնամք: