27/07/2022 12:30

Քաղցկեղի ախտորոշումը համակարգչային շերտագրության միջոցով

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ԿՏ բաժանմունքի վարիչ 

բժիշկ-ճառագայթաբան 

Դավթյան Լևոնը պատասխանել է կոմպյուտերային տոմոգրաֆիայի (համակարգչային շերտագրության) միջոցով քաղցկեղի ախտորոշման մասին cancer.am-ի հարցերին:

 

1. ԿՏ–ն որպես ախտորոշման մեթոդ ի՞նչ է իրենից ներկայացնում։

 

Կոմպյուտերային տոմոգրաֆիան (ԿՏ) այժմ բավականին լայն տարածում ունեցող ոչ ինվազիվ  և բարձր ինֆորմատիվությամբ ախտորոշման մեթոդ է,որի ժամանակ օգտագործվում են ռենտեգնյան ճառագայթներ։

Հետազոտության արդյունքում ստացվում են շերտավոր նկարներ: Հետազոտությունն առավել ինֆորմատիվ դարձնելու համար հիմնականում հարկ է լինում օգտագործել ներերակային կոնտրաստային նյութ (յոդ պարունակող)։

 

2. Ի՞նչ ենք ստուգում և ի՞նչ  կարող ենք հայտնաբերվել 

ԿՏ–ով,որ կասկածենք քաղցկեղ։

 

Կոմպյուտերային  տոմոգրաֆիայի միջոցով  կարելի է հետազոտել մարմնի բոլոր  հատվածները՝գլուխը,պարանոցը,

կրծքավանդակը,որովայնը,

կոնքը,վերջույթները։ Քաղցկեղը  կարող է հանդիպել մարմնի ցանկացած հատվածում  և երբեմն հայտնաբերվում է պատահական։

Քաղցկեղին  բնորոշ նշանները բազմաթիվ են: Հիմնականում քաղցկեղն իրենցից ներկայացնում է տձև, ոչ հստակ եզրերով փափուկ հյուսվածքային գոյացություն։

Հետազոտության ընթացքում հայտնաբերված պաթոլոգիկ փոփոխությունը անհրաժեշտ մանրամասն նկարագրել (տեղակայում, ձև,  չափ,  դեպի հարակից  օրգաններ տարածվածություն և  այլն)։  

 

3. Քաղցկեղի ախտորոշման  մեջ  ԿՏ–ի  առավելությունները ՈՒՁՀ–ի  նկատմամբ։

 

Համակարգչային  շետագրությունը գրեթե բոլոր  դեպքերում առավել ինֆորմտատիվ

է, քան ՈՒՁՀ–ն։ Համակարգչային շերտագրությունը հնարավորություն  է տալիս ճշգրիտ գնահատել ուռուցքի տարածվածությունը, ինվազիան  դեպի հարակից օրգաններ, հայտնաբերել հեռակա երկրորդային ախտահարումները։

ՈՒՁՀ–ն տարբերություն ԿՏ–ի ունի մինիմալ ինֆորմատիվություն այնպիսի ուռուցքների հայտնաբերման  մեջ,ինչպիսիք են ստամոքս – աղիքային ուղու, ոսկրերի, թոքերի ախտահարումները։ Կարևոր է նաև այն փաստը, որ  ՈՒՁՀ-ն սուբյեկտիվ մեթոդ է և համարվում է բժիշկ–կախյալ հետազոտություն:

 

4. Տարբերությունը ԿՏ–ի ու ՊԷՏ–ԿՏ-ի միջև։

ՊԷՏ–ԿՏ-ն (Պոզիտրիոն Էմիսիոն տոմոգրաֆիա)

 

ԿՏ–համակցված հետազոտության մեթոդ է,որի ժամանակ կիրառվում են ռադիոակտիվ պրեպարատներ,որոնք ներմուծվում  են ներերակային ճանապարհով։ ԿՏ–ի զուգակցումը հետազոտության հետ թույլ  է տալիս հստակեցնել ուռուցքի տեղակայումը: Այս հետազոտության հիմքում ընկած  է այն  փաստը,որ քաղցկեղածին բջիջները ակտիվորեն կուտակում  են ներարկված նյութը։ Արդյունքում հնարավոր  է լինում գնահատել ախտահարման բնույթը՝ կախված  նյութի կուտակման ակտիվությունից։ Հետազոտությունը թույլ է տալիս առավել վաղ և ստույգ հայտնաբերել ուռուցքային ախտահարումը, հստակեցնել հիվանդությանը  փուլը, կասկածելի դեպքերում տարբերակել չարորակ ախտահարումը  բարորակ փոփոխությունից։ ՊԷՏ-ԿՏ–ն գերադասելի է նաև այն դեպքերում, երբ ԿՏ-հետազոտության ժամանակ հնարավոր  չի լինում ճշգրիտ գնահատել բուժման արդյունավետությունը  և կասկածելի ռեցիդիվի (կրկնություն) առկայությունը:

 

5. Արդյո՞ք ԿՏ–ն կիրառվում է միայն  սկզբնական  շրջանում, թե ընթացիկ ստուգումների համար  նույնպես։

 

ԿՏ–հետազոտության դերը չի սահմանափակվում միայն առաջնային ուռուցքի և նրա երկրորդային ախտահարումների հայտնաբերմամբ։ Ըստ բժշկական ուղեցույցների՝ 

ԿՏ-հետազոտությունը կիրառվում է նաև բուժման ընթացքում, նշանակված բուժումից հետո, գնահատելու համար բուժման արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում փոխելու բուժման տակտիկան։Նույնսիկ լրիվ առողջացումից հետո, ըստ սահմանված ուղեցույցների, երբեմն անհրաժեշտ  է լինում կատարել 

ԿՏ–հետազոտություն որոշ ժամանակ անց հիվանդության ռեցիդիվը (կրկնություն) բացառելու նպատակով։ Չնայած  նրան, որ 

ԿՏ–հետազոտության ժամանակ օգտագործվում են իոնիզացնող ճառագայթներ, այն բավականին լայն կիրառում ունի դինամիկ հսկողությունների ժամանակ, քանի որ ԿՏ-հետազոտությունը հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակահատվածում հետազոտել մարմնի միանգամից մի քանի հատվածներ:

 

6. Հնարավո՞ր է արդյոք քաղցկեղը հաստատել ԿՏ–ի միջոցով։

 

ԿՏ-հետազոտությամբ,իհարկե,

հնարավոր է հայտնաբերել քաղցկեղը,սակայն քաղցկեղի վերջնական ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում հյուսվածաբանական հետազոտությունը։