
Որքա՞ն են մնում քիմիապրեպարատներն օրգանիզմում
Քիմիաթերապիայի ազդեցությունը կարող է լինել երկարատև։ Դա կարևորագույն դեր ունի քաղցկեղի դեմ պայքարում։ Սակայն հարց է առաջանում՝ որքա՞ն են այս դեղամիջոցները մնում արյան շրջանառության մեջ։
Փաստացի, քիմիապրեպարատների մեծ մասը օրգանիզմում մնում են ընդամենը մի քանի ժամ կամ օր։ Դրանք քայքայվում են երիկամներում կամ լյարդում և օրտազատվում են մեզի, կղանքի կամ քրտինքի միջոցով։
Օրգանիզմից դեղերի դուրս բերման վրա կարող են ազդել մի շարք գործոններ։ Դա կարող է ներառել քիմիապրեպարատի տեսակը, օրգանիզմում այլ դեղանյութերի առկայությունը, տարիքը, երիկամների և լյարդի ֆունկցիոնալ վիճակը։ Այդ օրգանների աշխատանքի խափանումը կարող է դանդաղեցնել դեղի հեռացմանը գործընթացը։
Անհրաժեշտ է հիշել, որ անկախ քիմիաթերապևտիկ դեղորայքի նյութափոխանակությունից և արտազատումից դրանց ազդեցությունը և առաջացրած կողմնակի երևույթները կարող են լինել երկարատև՝ կախված քիմիաթերապիայի տեսակից։ Սովորաբար, այդ կողմնակի ազդեցությունները ներառում են՝
• Վարակներ;
• Անեմիա;
• Սրտխառնոց և փսխում;
• Բերանի խոռոչի և կլման ակտի խնդիրներ;
• Նյարդերի և մկանների հետ կապված խնդիրներ;
• Մաշկի և եղունգների հետ կապված խնդիրներ;
• Միզային համակարգի խնդիրներ;
• Տրամադրության փոփոխություններ;
• Սեռական ֆունկցիայի փոփոխություններ;
Ձեր բժիշկը կարող է Ձեզ տրամադրել տեղեկատվություն առավել հավանական կողմնակի ազդեցությունների և դրանց մոտավոր տևողության մասին։
Նյութը թարգմանվել է dana-farber.org կայքից։