Օգտակար Նվերների Մտքեր Տոներին Ընդառաջ
13/12/2019 16:17

Օգտակար Նվերների Մտքեր Տոներին Ընդառաջ

Հարազատի մոտ քաղցկեղ ախտորոշման դեպքում բոլորը ցանկանում են որևէ կերպ աջակցել նրան, սակայն շատերը չեն կարողանում գտնել ճիշտ մեթոդներ։ Ամանորն ու Սուրբ Ծնունդը հիանալի առիթ են քաղցկեղ ունեցող Ձեր հարազատին անակնկալներ մատուցելու և Ձեր հոգատարությունը ցուցաբերելու համար։ Ցանկացած նվեր ընտրելիս՝ անպայման հաշվի առեք Ձեր ընկերոջ, սիրելիի կամ հարազատի հետաքրքրություններն ու ճաշակը։ Մոտ ընկերները կարող են մատուցել զվարճալի և հումորային անակնկալներ։ Մինչդեռ գործընկերները կամ հարևանները, սովորաբար, նախընտրում են ավելի դասական նվերներ։ Փորձեք մտածել հետաքրքիր և միևնույն ժամանակ օգտակար տարբերակներ։ Ստորև ներկայացնում ենք որոշ մտքեր, որոնք կարող են Ձեզ օգնել այդ հարցում․

Տաք ծածկոց․ Որակյալ գործվածքից պատրաստված տաք ծածկոցը կարող է հարմարավետություն և ջերմություն հաղորդել ոչ միայն տանը, այլ նաև հիվանդանոցում անցկացվող օրերին։ Միշտ հաճելի է ծածկվել յուրահատուկ մեկի կողմից նվիրված փափուկ ծածկոցով։

Բարձեր․ Այստեղ ընտրությունը մեծ է. 

      1․ Կարող եք նվիրել զվարճալի, գունեղ նկարներով բարձեր, որոնք նա կօգտագործի ինչպես տանը, այնպես էլ հիվանդանոցում։ 

      2. Քաղցկեղի դեղորայքային բուժում ստացող շատ պացիենտներ ունենում են կրծքավանդակի վերին հատվածում, մաշկի տակ տեղադրված պորտոկաթ։ Դեղատներում կամ ինտերնետ-խանութներում կարող եք գտնել հատուկ պորտ-բարձիկներ, որոնք նախատեսված են պորտոկաթի հատվածը, օրինակ, ավտոմեքենայի ամրագոտու սեղմող ազդեցությունից պաշտպանելու համար։

      3. Կրծքագեղձի վիրահատություն տարած մարդկանց կարող եք նվիրել փոքր բարձիկներ, որոնք բազկի տակ տեղադրելիս կմեղմացնեն կրծքագեղձի վրա գործադրվող ճնշումը։

Մետաքսե դիմակ աչքերի համար․ Այս ոչ թանկարժեք նվերը կարող է կարևոր նշանակություն ունենալ քնի որակը բարելավվելու համար։ Մետաքսե դիմակներն ավելի հարմարավետ են երկարատև կրելու համար։ Այլ կտորները կարող են քրտնեցնել կամ ծակծկել և դիսկոմֆորտի պատճառ հանդիսանալ։

Տնային կամ գիշերային հագուստ․ Սիրելի ֆիլմի, գրքի թեմայով կամ նկարչի գործերով տաքուկ տնային հագուստը կամ գիշերազգեստը նույնպես կարող են լրացուցիչ հարմարավետություն ստեղծել բուժման ընթացքում։ Այսպիսի նվեր գնելիս հաշվի առեք որոշակի յուրահատկություններ։ Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող անձը կարող է դժվարանալ ձեռքերը վեր պարզել։ Այս դեպքում ընտրեք կոճակներ ունեցող շապիկ։

Գլխարկ, ձեռնոցներ, գուլպաներ․ Քիմիապրեպարատների մի մասն առաջացնում է մազաթափություն։ Կան որոշ դեղեր էլ, որոնք, հանդիսանալով ծայրամասային նեյրոպաթիաների պատճառ, զգայունություն են առաջացնում ցածր ջերմաստիճանի նկատմամբ։ Դրանք կարող են նաև դրսևորվել ձեռքերի և ոտքերի ծակծկոցներով և թմրածությամբ։ Տաք գլխարկը, ձեռնոցները կամ գուլպաները օգտակար նվերներ կլինեն հատկապես տարվա այս եղանակին։

Անձնական ջրի շիշ․ Քիմիաթերապիայի ընթացքում կարևոր է պացիենտի բավարար քանակությամբ հեղուկների ընդունումը։ Հեղուկները անհրաժեշտ ջերմաստիճանի պահող որակյալ ջրի շիշը կարող է հիանալի նվեր լինել Ձեր կողմից։

Ականջակալներ․ Որակյալ և գեղեցիկ ականջակալները հնարավորություն կընձեռնեն Ձեր հարազատին լսել սիրելի երաժշտությունը կամ դիտել ֆիլմեր առանց շեղվելու կամ ուրիշներին խանգարելու՝ հատկապես հիվանդասենյակը այլ պացիենտների հետ կիսելիս։

Գրքեր․ Կարող եք նվիրել ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքեր, որոնք կհետաքրքրեն Ձեր հարազատին։ Կան նաև մեծահասակների պատկերազարդ հատուկ գունավորման գրքեր, որոնք կարող են փրկել ձանձրույթից երկարատև բժշկական միջամտությունների ժամանակ։

Նվերների արկղ․ Գնեք միջին չափի արկղ, որտեղ կարող եք դասավորել Ձեր հարազատին հաճելի տարբեր փոքր նվերներ, օրինակ՝ սիրելի կոնֆետներ, մուրաբա, նոթատետր, գեղեցիկ գրիչ, համատեղ նկարներ։ Կարող եք ավելացնել նաև այնպիսի իրեր, որոնք օգտակար կլինեն քիմիաթերապիայի ընթացքում՝ գլխաշոր, խաչբառ, օգտակար մրգեր, անանուխի համով մաստակ (սրտխառնոցը մեղմելու համար)։

Տեսահոլովակ․ Առանձնացրեք ընկերական, ընտանեկան տեսաձայնագրություններից տարբեր հատվածներ և ավելացնելով Ձեր մաղթանքները պատրաստեք տեսահոլովակ, որը կուղեկցվի Ձեր հարազատի սիրելի երաժշտությամբ։

Եվ վերջում, ցանկացած նվերի դեպքում անկեղծ մաղթանքներով տոնական բացիկը կլինի հաճելի լրացում։

Նյութը պատրաստեց Մարինե Ռուշանյանը