
Բերանի խոռոչի խնամքը հակաուռուցքային բուժումից առաջ, բուժման ընթացքում և բուժումից հետո
Հակաուռուցքային բուժում ստացող պացիենտների բերանի խոռոչը կարող է տարբեր փոփոխությունների ենթարկվել։ Այս ինֆորմացիան կօգնի կանխարգելել հակաուռուցքային բուժման հնարավոր կողմնակի էֆեկտները կամ նվազագույնի հասցնել բերանի խոռոչի փոփոխությունները։
Սննդի ընտրություն
Բալանսավորված սնունդը չափազանց կարևոր է ինֆեկցիայի դեմ պայքարելու համար։ Այն նույնպես նպաստում է լորձաթաղանթի ամբողջականությունը պահպանելուն և կանխարգելում է առկա լնդաբորբի սրացումը։ Սակայն, որոշ սննդատեսակներ կարող են վնասել լորձաթաղանթը, հետևաբար շատ կոշտ և դժվար մանրեցվող սնունդից պետք է ժամանակավորապես հրաժարվել։ Շատ աղի, թթու և կծու սննունդը նույնպես կարող է վնասել լորձաթաղանթը։
Ատամների մաքրում
Կախված բերանի խոռոչի վիճակից ատամները պետք է խոզանակել փափուկ խոզանակով օրը 2-4 անգամ, նախընտրելի է սնունդ ընդունելուց հետո և քնելուց առաջ։ Անհրաժեշտ է համոզված լինել, որ ատամի բոլոր մակերեսները, անգամ դժվար հասանելի հատվածները մանրամասնորեն մաքրված են։ Եթե այդ պրոցեսը ցավոտ է, խոզանակը կարելի է ժամանակավորապես փոխարինել հատուկ սպունգով՝ հաշվի առնելով, որ այն ամբողջովին չի կարող փոխարինել խոզանակին։
Խոզանակն անհրաժեշտ է փոխել 1-2 ամիսը մեկ անգամ (կամ ավելի հաճախ)։
Էմալը պաշտպանելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել ոչ աբրազիվ ֆտոր պարունակող ատամնամածուկ (1000-1500 ppm):
Միջատամնային տարածությունները անհրաժեշտ է մաքրել ատամնաթելի օգնությամբ, սակայն այդ գործողությունը խորհուրդ չի տրվում այն պացիենտներին, որոնց լորձաթաղանթը համեմատաբար ավելի խոցելի է (տրոմբոցիտոպենիայի դեպքում)։
Պրոթեզներ
Մասնակի և ամբողջական պրոթեզներ կրող պացիենտները պիտի համոզված լինեն, որ պրոթեզները հարմարավետ են և չեն վնասում լորձաթաղանթը։ Պրոթեզները պետք է լվանալ յուրաքանչյուր սննդի ընդունումից հետո և խոզանակել առնվազն օրը 2 անգամ։ Քիմիաթերապիայի ընթացքում պրոթեզները պետք է կրել հնարավորինս քիչ և կարճատև։
Ողողման հեղուկներ
Բերանի խոռոչի ողողման հեղուկները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, օրինակ՝ հիգիենայի, ինֆեկցիայի կանխարգելման, բերանի խոռոչի խոնավեցման կամ ցավի նվազեցման նպատակով։ Նվազագույնը անհրաժեշտ է ողողել բերանի խոռոչը գոլ ջրով, կամ 0.9% NaCl-ի կամ Na2CO3 լուծույթով օրը 3-4 անգամ խոնավեցնելու նպատակով։
Խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլ պարունակող ողողման հեղուկներ։
Շրթունքների և բերանի խոռոչի չորություն
Շրթունքները խոնավեցնելու նպատակով խորհուրդ է տրվում շրթունքների քսուկի կամ վազելինի օգտագործումը։
Բերանի խոռոչի չորությունը կանխելու համար անհրաժեշտ է պարբերաբար ողողել վերը նշված հեղուկներով, կամ օգտագործել բերանի խոռոչի սփռեյ (նույն հեղուկներով)։
Կարելի է օգտագործել թքի փոխարինողներ (վաճառվում են դեղատներում)։
Շաքար չպարունակող մաստակի օգտագործումը նույնպես կարող է օգտակար լինել։
Նախքան քիմիաթերապիան
• Անհրաժեշտ է այցելել ստոմատոլոգի՝ ինֆեկցիայի հնարավոր օջախները հայտնաբերելու և բուժելու նպատակով
• Ատամներ հեռացումն անհրաժեշտ է կազմակերպել քիմիաթերապիան սկսելուց առնվազն մեկ շաբաթ առաջ
• Ցանկալի է բուժել բոլոր կարիեսները և դրա բարդությունները
• Ցանկալի է հեռացնել ատամնաքարերը և ատամնափառը, կատարել էմալի հղկում
• Անհրաժեշտության դեպքում էմալը հագեցնել ֆտորով
Քիմիաթերապիայի ընթացքում
• Օգտագործել փափուկ խոզանակ
• Չօգտագործել ատամնաթել, եթե լինդը արնահոսում է
• Պրոթեզները կրել միայն սնունդ ընդունելիս
• Ողողել բերանի խոռոչը գոլ ջրով, թույլ աղային (0.9% NaCl) լուծույթով կամ կերակրի սոդայի (Na2Co3) թույլ լուծույթով (1 բաժակ գոլ ջրի մեջ լուծել 1 թափակ թեյի գդալ աղ կամ սոդա)
• Խուսափել ալկոհոլ պարունակող հեղուկներով ողողելուց
• Ցավի պարագայում ուտելուց առաջ վնասված հատվածին քսել ցավազրկող գել (Viscous Xylocaine)՝ ցավային դիսկոմֆորտը կանխելու համար
• Կարելի է օգտագործել ցավազրկող դեղահաբեր ուտելուց 30 րոպե առաջ, օրինակ՝ Tylenol։ Կարևոր է խուսափել ասպիրին պարունակող կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքից (Advil, Motrin), որոնք կարող են ազդեցություն ունենալ արյան մակարդելիության վրա: Ցանկալի է հաշվի առնել, որ ցանկացած դեղորայք ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ
• Չծխել և չօգտագործել ալկոհոլային խմիչքներ
• Խուսափել կոշտ, դժվար մանրեցվող և շատ համեմված սննդից
• Օրական խմել առնվազն 2լ հեղուկ
• Սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը, քանի որ դրանք կարող են նպաստել բերանի խոռոչի չորությանը
• Օգտագործել թքի արհեստական փոխարինողներ կամ շաքար չպարունակող մաստակներ բերանի խոռոչի չորության կանխարգելման նպատակով
Քիմիաթերապիայից հետո
Բերանի խոռոչի խնամքն անհրաժեշտ է նույնությամբ շարունակել հակաուռուցքային բուժումն ավարտելուց հետո։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ որոշ ժամանակ թքարտադրությունը կարող է լինել անբավարար, ինչը կարող է նպաստել բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարմանը։
Անհրաժեշտ է․
• Այցելել ստոմատոլոգի առնվազն տարին 2-3 անգամ պրոֆեսիոնալ մաքրում կատարելու նպատակով
• Օգտագործել ֆտոր պարունակող ատամնամածուկ
• Ընդունել բալանսավորված սնունդ
• Բերանի խոռոչի չորության պարագայում հետևել վերը նշված խորհուրդներին (ողողում, մաստակ, արհեստական թուք)
Անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե՝
• Եթե բերանի խոռոչի ցավը խանգարում է սնունդ ընդունելու կամ հեղուկ խմելու պրոցեսին
• Եթե ունեք արնահոսություն բերանի խոռոչից
• Եթե կլման ակտը դժվարացած է
• Եթե մարմնի ջերմաստիճանը նորմայից բարձր է
Նյութը պատրաստվել է Մարինե Մկրտչյանի կողմից՝ օգտվելով հետևյալ աղբյուրներից՝
Էլ․ հասցե: [email protected]