
Կաթետերների և պորտ համակարգերի դերը քաղցկեղի բուժման մեջ
Ի՞նչ են կաթետերները և պորտ համակարգերը
Կաթետերները երկար, նեղ, սնամեջ խողովակներ են պատրաստված փափուկ պլաստիկ նյութից, որոնք տեղադրվում են երակներում: Դրանք կիրառվում են արյան փոխներարկման, դեղամիջոցներ և այլ հեղուկներ ներարկելու համար: Կարող են օգտագործվել նաև արյան նմուշ վերցնելու համար: Դեղորայքը տրվում է կաթետերին միացված փոքրիկ սարքով: Հնարավոր է կաթետերի տեղադրումն ամբողջությամբ մաշկի տակ։ Այդ դեպքում այն միացվում է մետաղական և պլաստիկ սկավառակին, որը կոչվում է պորտ: Ամբողջական սարքը կոչվում է պորտ համակարգ (պորտոկաթ՝ port-o-cath)։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է տեղադրված մնալ տարիներ:
Կաթետերների ինչպիսի՞ տեսակներ կան
Ամենահաճախ կիրառվող տեսակը ծայրամասային երակային կաթետերն է: Այն կարճ կաթետեր է, որը դրվում է նախաբազկի կամ դաստակի երակներում: Այն կարելի է թողնել մինչև 3 օր: Ծայրամասից տեղադրվող կենտրոնական երակային կաթետերը դրվում է արմունկի մոտ՝ խոշոր երակում։ Կենտրոնական տեղադրման դեպքում կաթետերները դրվում են ենթանրակային կամ պարանոցի շրջանում գտնվող խոշոր երակներում: Խողովակն անցնում է մաշկի տակով, մինչև մարմնից դուրս գալու հատվածը (սովորաբար՝ կրծքավանդակի վերին հատված)։ Բժիշկը դեղորայքը ներմուծում է սարքի հենց այդ հատվածից։ Սարքը կարող է մնալ տեղում շաբաթներ կամ ամիսներ:
Որո՞նք են կաթետերի կամ պորտի առավելությունները
Կաթետերը և պորտը նվազեցնում են ասեղի ծակոցներով ներարկումներ կատարելու անհրաժեշտությունը։ Նրանք նաև թույլ են տալիս մեկից ավել դեղորայքի միաժամանակյա կիրառում։ Կաթետերները պակասեցնում են մաշկի և մկանների վնասման ռիսկը, որոնք կարող են լինել քիմիաթերապևտիկ որոշ դեղամիջոցների երակից դուրս լցվելու պարագայում, կանխում են արյունահոսական խնդիրներ ունեցող հիվանդների մոտ ավելորդ կապտուկների և արյունահոսությունների առաջացումը և թույլ են տալիս բուժում ստանալ նաև տանը:
Ինչպե՞ս պետք է վարվել կաթետերի կամ պորտի հետ
Կաթետերի կամ պորտի ճիշտ խնամքը կպակասեցնի կողմնակի երևույթների զարգացումը, ինչպիսիք են՝ ինֆեկցիաները, խցանումները կամ մակարդումները, և կաթետերի տեղաշարժը: Ծայրակալով կաթետերների դեպքում պետք է խնամել խողովակի մարմնից դուրս գալու հատվածի մաշկը։ Այդ կաթետերները պետք է լվացվեն ստերիլ հեղուկով ամեն օր՝ խցանումից խուսափելու համար: Պորտը պահանջում է ավելի քիչ խնամք, քանի որ այն ամբողջությամբ տեղադրված է մաշկի տակ: Ճշտե՛ք Ձեր բուժ անձնակազմից, թե ինչպիսի հատուկ ձևեր կան կաթետերի կամ պորտի խնամքի համար:
Կաթետերի կամ պորտի հետ կապված խնդիրների մասին վկայող ի՞նչ նշաններ կան
Անմիջապես կապ հաստատեք Ձեր բժշկի հետ կաթետերի կամ պորտի հարակից շրջանի կարմրելու, այտուցվելու, կապտելու, տաքանալու կամ ցավոտ դառնալու դեպքում: Ինչպես նաև, տեղադրման վայրից արյունահոսության, տենդի, դժվարաշնչության, գլխապտույտի, կաթետերի մարմնից դուրս գտնվող հատվածի երկարելու կամ խցանման կասկածի դեպքում:
Հարցեր բուժանձնակազմին տալու համար
Կանոնավոր հաղորդակցության ապահովումը կարևոր դեր ունի Ձեր առողջության մասին տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում: Տվե՛ք Ձեր բուժող անձնակազմին հետևյալ հարցերը՝
• Ինչո՞ւ եք առաջարկում կաթետերի կամ պորտի տեղադրում;
• Որո՞նք են կաթետերի կամ պորտի ռիսկերն ու առավելությունները;
• Կփակի՞ արդյոք իմ բժշկական ապահովագրությունը կաթետերի կամ պորտի տեղադրման հետ կապված ծախսերը;
• Լինելո՞ւ է արդյոք անզգայացում կաթետեր կամ պորտ տեղադրելիս; եթե այո, ապա ինչպիսի՞ անզգայացում է լինելու:
• Որքա՞ն կտևի միջամտությունը։ Որքա՞ն ժամանակ եմ անցկացնելու հիվանդանոցում:
• Որքա՞ն ժամանակ է կաթետերը կամ պորտը մնալու տեղում:
• Կա՞ արդյոք հատուկ խնամք կաթետերի կամ պորտի համար:
• Կարո՞ղ եմ ապրել կանոնավոր կյանքով՝ լողանալ, անել վարժություններ:
• Ինչպիսի՞ նշաններ կվկայեն կաթետերի կամ պորտի հետ կապված խնդիրների մասին:
• Ու՞մ դիմել կաթետերի կամ պորտի հետ կապված խնդրի դեպքում:
• Կա՞ն արդյոք այլ չճշտված հարցեր:
Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:
Թարգմանվել և ադապտացվել է Մարտին Հարությունյանի կողմից: